ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-530-10.03.2023-ՊԻ-011/0), «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5301 -10.03.2023-ՊԻ-011/0) եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5302 -10.03.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-530-10.03.2023-ՊԻ-011/0), «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-5301 -10.03.2023-ՊԻ-011/0) եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

31.03.2023թ.








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  20-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ՝ «Հոդված 20. Պետական հրդեհային հսկողությունը եւ վերահսկողությունը

1. Պետական հրդեհային վերահսկողությունը եւ հսկողությունն իրականացնում է Տեսչական մարմինը՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական,  պահանջների կատարումն ապահովելու, դրանց խախտումների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ հետեւանքների վերացման նպատակով»: (ընդգծումները՝ պետաիրավական փորձաքննության բաժնի)

1) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում ստացվում է, որ տեսչական մարմինը հանդիսանում է հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, (…) դրանց խախտումների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ հետեւանքների վերացման նպատակով ոչ միայն վերահսկողություն իրականացնող մարմին այլեւ հսկողություն. մինչդեռ նշենք, որ Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ պարբերության բովանդակությունից բխում է, որ տեսչական մարմինը հանդիսանում է հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն  իրականացնող մարմին. Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է՝ «2. Հրեդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա համապատասխան տեսչական մարմինը»: «Տեսչական մարինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է՝ «տեսչական մարմին` սույն օրենքի համաձայն ստեղծվող վերահսկողություն  եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին.»: Նշված հոդվածների վերլուծությունից բխում է, որ  օրենսդրությամբ տեսչական մարմինները սահմանված են որպես վերահսկողություն իրականացնող մարմիններ, բացի այդ Օրենքի կարգավորումներից բխում է, որ պետական հրդեհային հսկողության իրականացումը վերապահված է պետական այլ մարմինների. օրինակ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված է՝ «Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ» կամ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» ենթակետով, որպես հրդեհային անվտանգության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորություն, սահմանված է  հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ պետական հրդեհային հսկողության եւ այլ հսկողական գործառույթների իրականացումը: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ, իրավական շփոթից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել Օրենքին եւ գործող օրենսդրությանը:

2) Հոդվածի նշված ձեւակերպումից բխում է, որ  տեսչական մարմինը հսկողություն եւ վերահսկողություն է իրականացնում • հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի խախտումների կանխման կամ բացահայտման (…) նպատակով, • պահանջների կատարումն ապահովելու նպատակով. նշված ձեւակերպումից հասկանալի չէ՝ ինչ պահանջների, ում կողմից սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով է տեսչական մարմինը հսկողությունի իրականացնում՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող պահանջների թե  հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի. իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք «, այդ թվում՝ նորմատիվատեխնիկական,» ձեւակերպումը ներառել չակերտների մեջ, այն է՝   «(այդ թվում ՝ նորմատիվատեխնիկական)»:

3) Նախագծով փոփոխվող եւ լրացվող հոդվածներում կիրառվում է «Տեսչական մարմին» ձեւակերպումը, մինչդեռ Օրենքում՝ «տեսչական մարմին» ձեւակերպումը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված է «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում եւ Օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: 

4) Միաժամանակ առաջարկում ենք նշված հոդվածի վերնագիրը գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից առաջարկում ենք հանել «հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի այդ թվում՝ նորմատիվատեխնիկական,  պահանջների կատարման եւ խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համապատասխան նպատակն արդեն իսկ սահմանված է 2-րդ կետը բովանդակող նոր խմբագրությամբ շարադրված 20-րդ հոդվածի 2-րդ մասում. մասնավորապես՝ Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 20-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ սահմանված է, որ տեսչական մարմինը լիազորված է իրականացնել նշված կետերով սահմանված գործառույթները հենց հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի այդ թվում՝ նորմատիվատեխնիկական,  պահանջների կատարման եւ խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի բովանդակությունից բխում է, որ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի այդ թվում՝ նորմատիվատեխնիկական,  պահանջների կատարման եւ խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով կարող է անցկացնել տարածքների, շենքերի եւ այլ օբյեկտների հետազոտություն:

«Տեսչական մարմինների մասին» օրենքի մի շարք հոդվածների վերլուծությունից բխում է, որ վերջինիս լիազորությունները եւ իրավասությունները պետք է հստակ սահմնամված լինեն կա՛մ «Տեսչական մարմինների մասին» օրենքով, կա՛մ համապատասխան օրենքով, մինչդեռ տեսչական մարմնի կողմից հետազոտություն իրականացնելու վերաբերյալ որեւէ իրավական ակտով հստակեցում նախատեսված չէ:

Նշենք, որ, թեեւ տարածքների, շենքերի եւ այլ օբյեկտների հետազոտության իրավասություն տեսչական մարմնին վերապահված է նաեւ Օրենքով, այնուամենայնիվ նշված իրավասության վերաբերյալ օրենսդրությամբ որեւէ հստակ կարգավորման բացակայությունն անորոշ է դարձնում տեսչական մարմնի համապատասխան լիազորությունը:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 20-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված է՝ «Տեսչական մարմինը (…) հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելից լիազորված է (…) հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել պատասխանատվության միջոցներ»: Նշենք, որ Վարչական իրավախախտուների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 187-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանվում հրդեհային անվտանգության կանոնները, այլ ոչ պահանջները, խախտելու եւ չկատարելու համար. հիմք ընդունելով վերոգրյալը եւ  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 20-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «պահանջների» բառը փոխարինել «կանոնների» բառով:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ ռեսուրսների սղությունը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

31.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

31.03.2022թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է  սահմանել եւ հստակեցնել Տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները, Տեսչական մարմնի լիազորությունները եւ իրականացվող վերահսկողության ընթացակարգերը, ինչպես նաեւ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի չկատարման պարագայում դրանից բխող գործողությունները:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրավական բացը լրացնելու եւ  մարդկանց անվտանգությանը սպառնացող խախտումների պարագայում վերահսկողության գործուն իրավական մեխանիզմներ ներդնելու կապակցությամբ:

Գործող իրավակարգավորումների համաձայն, տեսչական մարմնին վերահսկողության արդյունքներով հնարավորություն է ընձեռնված ընդունելու կարգադրագրեր եւ որոշումներ, որոնցով պետք է արգելվեն հրդեհային կամ տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների խախտումներով գործունեություն իրականացնող անձանց գործառույթները, մինչդեռ «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով առանձնացված չեն կոնկրետ վարչական ակտերին վերաբերող առանձնահատկությունները, նշված օրենքների հիման վրա ընդունվող վարչական ակտերի կատարումն ապահովելու ընթացակարգերը: Արդյունքում, պատշաճ մեխանիզմներ չկան հայտնաբերված խախտումների դեպքում տնտեսավարողներին հարկադրելու  դրանց վերացման մասով գործողություններ կատարելու կամ դադարեցնելու համար:

Ըստ այդմ, Նախագծերի փաթեթով հեղինակն առաջարկում է սահմանել եւ հստակեցնել՝

- տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները,

- տեսչական մարմնի լիազորությունները եւ իրականացվող վերահսկողության մի շարք ընթացակարգերը եւ լիազորությունները, ներառյալ՝ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի չկատարման պարագայում դրանից բխող գործողությունները:

- վարչական ակտերի հարկադիր կատարման փուլի առանձնահատկությունները:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ կլրացվեն առկա իրավական բացերն ու թերությունները եւ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կդառնան առավել արդյունավետ՝ բացահայտված ու չվերացված իրավախախտումներից խուսափելու եւ դրանով իսկ մարդկանց անվտանգության՝ կյանքի եւ առողջությանը սպառնացող վտանգները բացառելու նպատակով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.03.2023թ.