ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-528-09.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Թագուհի Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-528-09.03.2023-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

30.03.2023թ. 









Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս, առաջարկում ենք հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝  հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է` «3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը»:

2. Առաջարկում ենք Նախագծում պահպանել դասական թվականների գրության ձեւը, օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 5-րդ հոդվածի 2-րդ կետով, 4-րդ հոդվածով լրացվող համապատասխանաբար «23.1-րդ», «12.1-րդ» եւ «4.1-րդ» ձեւակերպումներն անհրաժեշտ է փոխարինել «23.1-ին», «12.1-ին» եւ «4.1-ին» ձեւակերպումներով:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ՝ «23.1) ներդրումների մասնակի վերադարձ (cashback)՝ ֆիլմարտադրողների կողմից ՀՀ ռեզիդենտ անձանցից, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձանցից, ձեռք բերված ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի հետ վերադարձ»: 

1) 23.1-ին կետով սահմանված հասկացության սահմանման մեջ նշված «ներդրումների մասնակի վերադարձ (cashback)`» ձեւակերպումն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):

2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ». հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 23.1-ին կետում կիրառված «ՀՀ» հապավումը շարադրել ամբողջական տարբերակով:

3) Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 23.1-ին կետի ձեւակերպումը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կամ մեկնաբանման կարիք ունի. մասնավորապես նշված ձեւակերպման արդյունքում ստացվում է, որ ներդրումների մասնակի վերադարձ է համարվում՝ • Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձանցից, • իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձանցից ձեռք բերված ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի հետ վերադարձ. նշված ձեւակերպումից բխում է, որ ներդրումների մասնակի վերադարձ է համարվում (…) իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձանցից ձեռք բերված ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի վերադարձը. նշված ձեւակերպումից հասկանալի չէ իրավաբանական անձի դեպքում վերջինիս իրական շահառուից ապրանքը ձեռք բերելու մասին նշելու անհրաժեշտությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ապահովել նշված դրույթի հիմնավորվածությունը. Սահմանադրական դատարանն իր՝  2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ 1176 որոշմամբ սահմանել է՝ «սահմանադրական դատարանը կարեւորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսեւորում եւ հայեցողության ընդլայնում»:

4) Նշված դրույթում, որպես ներդրումների մասնակի վերադարձ, սահմանվում է ձեռք բերված ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի հետ վերադարձը, մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 18-րդ հոդվածի 2-րդ մասով լիազորվում է ընդունել ոչ միայն ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների ցանկը, այլեւ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված աշխատանքների ցանկը. նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, թե որ դեպքում ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների աշխատանքների ծախսերը չեն հաշվարկվի ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսումներում. մինչդեռ  ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված աշխատանքների համար կատարված դրամական ծախսերի վերադարձ, որպես ներդրումների մասնակի վերադարձ, Նախագծով նախատեսված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանված իրավակարգավորումները համապատասխանեցնել միմյանց:

4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 1.1-ին կետով, որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ձեւ, կիրառվում է «դրամական միջոցների մասնակի վերադարձ» ձեւակերպումը, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով լրացվում է «ներդրումների մասնակի վերադարձ» հասկացությունը, եւ կարգավորումներ են նախատեսվում հենց ներդրումների մասնակի վերադարձի մասով.

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում կիրառվում է միայն «վերադարձը» ձեւակերպումը, Նախագծի 8-րդ հոդվածով  Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 21-րդ հոդվածի 1-ին մասում «մասնակի վերադարձ» ձեւակերպումը, մինչդեռ  Նախագծի 1-ին հոդվածով, որպես Օրենքում կիրառվող հասկացություն,  սահմանվում է «ներդրումների մասնակի վերադարձ» ձեւակերպումը:

Նախագծի 9-րդ հոդվածում կիրառվում է «լիազորված պետական կառավարման մարմին» ձեւակերպումը՝ մինչդեռ Օրենքում՝ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ «լիազորված պետական մարմին»:

Նախագծի որոշ հոդվածներում կիրառված է «վերադարձի ենթակա ծախսեր» ձեւակերպումը, որոշներում՝ «վերադարձի ենթակա ծախսումներ» ձեւկերպումը:

Նախագծի մի շարք հոդվածներում կիրառվում է «Ազգային մարմին» ձեւակերպումը, այլ հոդվածներում եւ Օրենքում՝ «ազգային մարմին»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված է «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: 

5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է կարգավորում առ այն, որ՝ լիազորված պետական մարմինը (…) որոշում է ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու եւ վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետգանձելու մասին: Որպես վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետգանձելու հիմք՝ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է  ազգային մարմնի մշտադիտարկման արդյունքում ոչ հավաստի կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելը կամ իրավական ակտերի խախտումը: Նախ նշենք, որ ազգային մարմինը մշտադիտարկում (մոնիտոթրինգ) կարող է իրականացնել բացառապես պետական բյուջեից եւ դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը ստուգելու նպատակով (հիմք՝ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ եւ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետ): Ընդ որում, պետական բյուջեի եւ դրամագլխի հաշվին ֆինանսավորման նպատակները հստակ սահմանված են Օրենքի 22-րդ եւ 23-րդ հոդվածներում, ինչի մշտադիտարկում իրականացնելը հնարավոր է. մինչդեռ ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու նպատակային օգտագործման վերաբերյալ որեւէ կարգավորում Նախագծով սահմանված չէ. մասնավորապես՝ ի՞նչ նպատակով է ներդրումների մասնակի վերադարձը տրվում, որի մշտադիտարկումը ազգային մարմինը հնարավորություն ունենա իրականացնելու: Նախագծով արդեն իսկ հատկացված ներդրումների վերադարձը հետգանձելու ընթացակարգի, կեղծ եւ ոչ հավաստի փաստաթղթերը բացահայտելու Նախագծով կարգավորված եղանակների, վաղեմության վերաբերյալ կարգավորումների բացակայությունը նշված դրույթը դարձնում են խնդրահարույց իրավական որոշակիության տեսանկյունից:

Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները եւ կարգավորումները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176 որոշում):

6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ըստ որի «լիազորված պետական մարմինը 9) հաստատում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունների ցանկն ու նվազագույն շահավետ գների հաշվարկման նորմատիվները». Նախագծով նախատեսված կարգավորումներով ազգային մարմինը, յուրաքանչյուր հայտի վերլուծության հիմն վրա, սահմանում է վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների ցանկը: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ լիազորված մարմնի կողմից մեկ ընդհանուր ենթաօրենսդրական ակտ սահմանելու փոխարեն նախատեսվում է ազգային մարմնի կողմից յուրաքանչյուր դեպքում անհատական ակտով առանձին ցանկի սահմանում, դրանով իսկ նախատեսելով ոչ միասնական մոտեցում, ինչը կածում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

Բացի այդ Նախագծի 9-րդ հոդվածով, որպես Օրենքի անցումային դրույթ, սահմանված է, որ մինչեւ ազգային մարմնի կազմավորումը ներդրումների մասնակի վերադարձի տրամադրման  (…) հետ կապված գործառույթները իրականացնում է լիազորված պետական կառավարման մարմինը. նշված դրույթից հասկանալի չէ, եթե ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունների ցանկն հանդիսանում է ներդրումների մասնակի վերադարձի հիմք, ինչպես է սահմանելու լիազորված պետական կառավարման մարմինը, եթե վերջինս լիազորված չէ ընդունելու համանման անհատական ակտ, իսկ իր կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտը ուժ կորցրած  է ճանաչվում Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով:

7. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝ «Ազգային մարմինը հանդիսանում է սույն օրենքով նախատեսված ֆիլմ հանձնակատարի գործառույթներ իրականացնող».

Նախ նշենք, որ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 10-րդ հոդվածը պետք է լրացվի ոչ թե կետով այլ մասով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջները:

Բացի այդ նշենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով սահմանված է՝ «ֆիլմ հանձնակատար՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես ֆիլմարտադրության համար բարենպաստ երկրի, գրավչությունը խթանելու եւ տարածելու, ինչպես նաեւ ֆիլմարտադրության տարբեր փուլերում ֆիլմարտադրողներին աջակցություն ցուցաբերելու գործառույթներ իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ. նույն Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ ֆիլմարտադրողը Օրենքով սահմանված մի շարք գործառույթների իրականացում կարող է պատվիրակել ֆիլմ հանձնակատարին:

Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական ֆինանսավորման նպատակով մրցույթներ (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպելու եւ անցկացնելու գործում։  2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցող եւ չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ, ինչպես նաեւ չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն՝ կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա»:

Նշված դրույթների համապարփակ վերլուծությունից բխում է, որ ֆիլմ հանձնակատար կարող է լինել ոչ միայն իրավաբանական անձը, այլեւ ֆիզիակական անձը, ընդ որում վերջինիս կարող է պատվիրակվել Օրենքով սահմանված մի շարք գործառույթների իրականացում, մինչդեռ Ազգային մարմինը, որն, ըստ Նախագծի, հանդիսանում է ֆիլմ հանձնակատարի գործառույթներ իրականացնող, Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որի գործառույթները եւ լիազորությունների շրջանակը հստակ սահմանված են Օրենքով. բացի այդ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքով բացահայտված չէ մի շարք գործառույթների պատվիրակում եզրույթը (մասնավորապես՝ որքանո՞վ է իմպերատիվ ազգային մարմնի համար ֆիլմարտադրողի պատվիրակած, վճարով է արդյո՞ք պատվիրակումն իրականացվում թե ոչ), առաջարկում ենք նշված կարգավորումը համադրել Օրենքով սահմանված կարգավորումների հետ:

8. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 6-րդ գլխի վերնագրում առաջարկում ենք «ՎԵՐԱԴԱՐՁԸ» բառը փոխարինել «ՎԵՐԱԴԱՐՁԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը, որի համաձայն «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը»:

9. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 18-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ «Ֆիլմարտադրության աշխատանքների ընթացքում կատարել է ապօրինի գործողություն կամ այնպիսի գործողություն, որը հասցրել է գույքայի մասնակի կամ լրիվ ոչնչացման». նշենք, որ նշված դրույթը որպես առանձին մաս իմաստ չի արտահայտում. մասնավորապես հասկանալի չէ՝ ում է վերաբերում, ինչ դեպքերին. հետեւաբար առաջարկում ենք համապատասխան 6-րդ մասը շարադրել Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 18-րդ հոդվածի 5-րդ մասում՝ որպես 3-րդ կետ:

10. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ 

«1. Ֆիլմարտադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի առնվազն քսան տոկոսը կարող է հետ վերադարձվել՝ եթե.

1) ֆիլմարտադրողը ներդրումները վերադարձնելու հայտով դիմել է Ազգային մարմին,

2) առկա են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերն հիմնավորող փաստաթղթերը,

3) ազգային մարմինը ներդրումների մասնակի վերադարձ տրամադրելու մասին իր դրական եզրակացությամբ դիմել է լիազոր պետական մարմին». 

Նշված դրույթի բովադակությունից բխում է, որ ներդրումներ մասնակի վերադարձ կարող է տրվել, եթե, ի թիվս այլնի, ազգային մարմինը իր դրական եզրակացությամբ դիմել է լիազոր մարմնին: Այսինքն՝ նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ լիազոր մարմինը ներդրումների մասնակի վերադարձի որոշում կարող է ընդունել բացառապես ազգային մարմնի՝ դրական եզրակացությամբ դիմելու դեպքում.

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 18-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված է՝ «7. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրվում, մերժվում, դարադեցվում եւ պետական բյուջե է վերադարձվում լիազորված պետական մարմնի որոշումով՝ ազգային մարմնի եզրակացության կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:  8.Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, (…) վերադարձը մերժելու, (…) ընթացակարգերը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով սահմանված Կառավարության որոշումով»: Նշված դրույթների համադրության արդյունքում հասկանալի չէ ազգային մարմնի նույնիսկ բացասական եզրակացության առկայության դեպքում վերջինս դիմում է արդյո՞ք լիազոր մարմնին, քանզի Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 18-րդ հոդվածի 7-րդ մասի բովանդակությունից բխում է ցանկացած եզրակացության դեպքում Ազգային մարմնի կողմից լիազոր մարմնին դիմելու իրավասություն. բացի այդ, եթե Օրենքով սահմանված հիմքերով Ազգային մարմինը տվել է դրական եզրակացություն ինչ այլ դեպքերում կարող է լիազոր մարմինը մերժել ներդրումների մասնակի վերադարձը՝ Կառավարության սահմանած համապատասխան կարգով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի տարբեր կարգավորումները համապատասխանեցնել միմյանց:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը համապատասխանությունը միմյանց, Օրենքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                  ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

30.03.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:  
  
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                         ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

30.03.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հավաստագիր տրամադրելու, մատակարարի միջնորդավորված ծառայություններից օգտվելու եւ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու հաշվարկային մոտեցումը: Այս կարգավորումն առաջարկվում է փոխարինել ներդրումների մասնակի վերադարձի (cashback) միջոցով պետության աջակցության ձեւով, ըստ որի՝ ֆիլմարտադրողի (ներդրողի) ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերը կարող են մասնակի հետ վերադարձվել այն ծախսերի 20%-ի հաշվարկով, որը նա կատարել է ՀՀ ռեզիդենտ անձանցից, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձանցից:

Առաջարկվում է նաեւ ամբողջությամբ խմբագրել օրենքի 18-րդ հոդվածը՝ սահմանելով ներդրումները մասնակի հետ վերադարձնելու դեպքերը, հետվերադարձի ենթակա ծախսերը հաշվարկելու կամ ծախսերում չներառելու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձ ստանալու հայտը մերժելու, փուլային վերադարձը դադարեցնելու, իսկ հատկացված միջոցները պետական բյուջե հետ գանձելու դեպքերը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Ինչպես արդեն նշվեց, օրենքով սահմանված հավաստագիր տրամադրելու, մատակարարի միջնորդավորված ծառայություններից օգտվելու եւ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու հաշվարկային մոտեցումն առաջարկվում է փոխարինել ներդրումների մասնակի վերադարձի (cashback) տեսքով պետության աջակցության ձեւով, որի հետ կապված Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «հավաստագիր», «մատակարար» եւ «նվազագույն շահավետ գին» հասկացությունները եւ դրանց փոխարեն սահմանել «ներդրումների մասնակի վերադարձ (cashback)» հասկացությունը, ըստ որի այն. «ֆիլմարտադրողների կողմից ՀՀ ռեզիդենտ անձանցից, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձանցից, ձեռք բերված ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի հետ վերադարձ»-ն է:

Այս կապակցությամբ, կարծում ենք, մի քանի խնդիր է առաջանում, մասնավորապես՝ 

ա)  «ներդրումների մասնակի վերադարձ (cashback)» հասկացության սահմանումն անխուսափելիորեն անհրաժեշտություն է առաջացնում նախ սահմանել «ներդրում» հասկացությունը, իսկ «ներդրում» հասկացությունը շատ համալիր եւ լայն բովանդակություն ունեցող հասկացություն է, այն չունի մեկ միասնական (ունիվերսալ) սահմանում եւ յուրաքանչյուր դեպքում, երբ որեւէ օրենքում օգտագործվում է այս հասկացությունը, որպես կանոն, սահմանվում է թե տվյալ օրենքի իմաստով ի՞նչ է հասկացվում «ներդրում» հասկացության տակ (ընդ որում, այս հասկացության բովանդակությունն այնքան բազմազան է, որ դրա տակ ենթադրվող նույն ծախսը, օրինակ, որեւէ ոլորտում կարող է եւ պետք է համարվի որպես ներդրում, իսկ մեկ այլ ոլորտում՝ կարող  է ներդրում չհանդիսանալ): Թեեւ Նախագծով առաջարկվող լրացումներով սահմանվում է, որ ներդրումների մասնակի վերադարձի յուրաքանչյուր դեպքի համար պետք է սահմանվեն այն ապրանքները եւ ծառայությունները, որոնց ձեռք բերման համար կատարված ծախսերը ենթակա են մասնակի փոխհատուցման, այդուհանդերձ, տվյալ մոտեցումը դժվար է արդյունավետ համարել, քանի որ անորոշ սահմանումների պարագայում պետական ցանկացած մարմնի հայեցողական լայն լիազորությունների տրամադրումը հղի է կոռուպցիոն ռիսկերով,

բ) անհրաժեշտ է հսատակեցնել «իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձ» հասկացությունը (ըստ երեւույթին՝ խոսքը պետք է գնա իրավաբանական անձի հիմնադիրների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին):

Մեր կարծիքով, այս խնդիրը կարելի է լուծել տվյալ հասկացության մեջ չօգտագործելով «ներդրում» բառը, մասնավորապես՝ «ներդրումների մասնակի վերադարձ (cashback)» հասկացության փոխարեն նույն բովանդակությամբ սահմանելով եւ օգտագործելով «ֆիլմարտադրության ծախսերի մասնակի վերադարձ (cashback)» հասկացությունը՝ զուգահեռաբար տվյալ օրենքով սահմանելով այն ծախսատեսակները, որոնք կարող են դիտարկվել որպես փոխհատուցման ենթակա ծախսեր:

2. Նախորդ կետում նշված կոռուպցիոն ռիսկերի առումով (կապված անորոշ սահմանումների պարագայում պետական ցանկացած մարմնի հայեցողական լայն լիազորությունների տրամադրման հետ), կարծում ենք, վերաիմաստավորման եւ հստակեցման կարիք ունի Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 18-րդ հոդվածի նոր շարադրանքի 5-րդ մասի 2-րդ կետը (իսկ 6-րդ մասն էլ անհրաժեշտ է ձեւակերպել որպես 5-րդ մասի 3-րդ կետ, որը, կարծում ենք, տեխնիկական սխալի հետեւանքով է նշվել որպես 6-րդ մաս): Մասնավորապես, նշված կետի համաձայն. «Ներդրումների մասնակի վերադարձը դադարեցվում, իսկ հատկացված միջոցները հետ է գանձվում պետական բյուջե, եթե ազգային մարմնի մշտադիտարկման կամ այլ հիմնավորված փաստերով բացահայտվում է, որ սույն հոդվածի առաջին մասով սահմանված վերադարձ ստացած (ստացող) ֆիլմարտադրողը.

1) ...

2) խախտվել է սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.»:

Կարծում ենք, ակնհայտ է, որ «սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների» խախտումները չափազանց լայն մեկնաբանություն ունեն եւ ցանկության դեպքում գրեթե միշտ հնարավոր կլինի «հայտնաբերել» օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի խախտումներ՝ դրանից բխող հետեւանքներով:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

17.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Պատգամավորների կողմից ներկայացվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Ներկայումս «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), որպես Հայաստանում ֆիլմարտադրությանը օժանդակող պետական աջակցություն, սահմանված է հավաստագիր տրամադրելու միջոցով ներդրողներին՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու իրավունքից օգտվելու հնարավորությունը: Այս մեխանիզմը կիրառվում է ֆիլմարտադրության նպատակով ներդրում կատարող անձի նախնական նախահաշվի հիման վրա՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայություններ մատուցող մատակարար հանդիսացող, ՀՀ պետական գրանցում ստացած տնտեսավարող սուբյեկտի միջոցով:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքով սահմանված հավաստագիր տրամադրելու, մատակարարի միջնորդավորված ծառայություններից օգտվելու եւ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու հաշվարկային մոտեցումը, եւ այն փոխարինել ներդրումների մասնակի վերադարձի (cashback) միջոցով պետության աջակցության ձեւով, ըստ որի՝ ֆիլմարտադրողի (ներդրողի) կողմից ՀՀ ռեզիդենտ անձանցից, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձանցից ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերման համար կատարված դրամական ծախսերը կարող են մասնակի հետ վերադարձվել՝ 20%-ի հաշվարկով: 

Առաջարկվում է նաեւ Օրենքի 18-րդ հոդվածը ամբողջությամբ խմբագրել՝ սահմանելով ներդրումները մասնակի հետ վերադարձնելու դեպքերը, հետվերադարձի ենթակա ծախսերը հաշվարկելու կամ ծախսերում չներառելու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձ ստանալու հայտը մերժելու, փուլային վերադարձը դադարեցնելու, իսկ հատկացված միջոցները պետական բյուջե հետ գանձելու դեպքերը:

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա Հայաստանում կինոարտադրության ոլորտում ներդրումների գրավչությունը, ինչն էլ կնպաստի կինոարդյունքի որակի բարձրացմանը եւ ոլորտի զարգացմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

28.03.2023թ.