ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-523-01.03.2023-ՄԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-523-01.03.2023-ՄԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:









Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Միաժամանակ, հարկ է նկատել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պաշտոնը թափուր մնալու եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված Ազգային ժողովի նախագահի պաշտոնական հաղորդակցության հրապարակման ժամկետները կարող են չհամընկնել: 


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

17.03.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

17.03.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում (ըստ որի. «Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:») առաջարկվում է «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով: Տվյալ Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի.

«1. Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի`

1)     լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո` եռամսյա ժամկետում:...»:

Այսինքն, տվյալ Նախագծով առաջարկվում է իրար համապատասխանեցնել նույն պաշտոնատար անձի ընտրության համար երկու տարբեր օրենքներով սահմանված ժամկետները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

09.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք), այն է՝ Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում նշված՝ Պաշտպանի ընտրության անցկացման ժամկետը երկարաձգել՝  «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինելով «երեք ամսվա ընթացքում» բառերով: 

- Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով Պաշտպանի լիազորությունները դադարելու դեպքում, բացառությամբ ժամկետն ավարտվելու հիմքով Պաշտպանի լիազորությունների դադարման դեպքի, Պաշտպանի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

- Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուս անդամների, Կենտրոնական բանկի նախագահի, նրա տեղակալների եւ խորհրդի մյուս անդամների, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունն անցկացվում է համապատասխան պաշտոնատար անձի՝ 

1) լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, եւ ոչ ուշ, քան մեկ օր առաջ.

2) պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:»: 

- Եվ վերջապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասով, 197-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչեւ Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ:»:

Ստացվում է, որ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանի ընտրությունն անցկացվում է Պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ, ՀՀ Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տեղի է ունենում եռամսյա ժամկետում: 

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

հեռ. /011/513618, ներք. 1618

21.03.2023թ.