ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-519-27.02.2023-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-5191 -27.02.2023-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-519-27.02.2023-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-5191 -27.02.2023-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

14.03.2023թ.








Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասով նշված է. «Բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքների (…)»: Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերում (…)»: Վերը մեջբերված դրույթների կապակցությամբ նախ նշենք, որ Նախագծով Օրենքի 48-րդ հոդվածին կատարվող հղումը բավարար չափով հստակ չէ. հասկանալի չէ, թե Օրենքի 48-րդ հոդվածի կոնկրետ որ մասում նշված պայմանագրի մասին է խոսքը: Երկրորդ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված է. «Արգելվում է կատարել (…) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի»: Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված պահանջներին:

2. Նախագծի 6-րդ հոդվածը բաղկացած է միայն մեկ համարակալված մասից: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»՝ առաջարկում ենք վերացնել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի համարակալումը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 32-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի 1-ին կետին, որը տվյալ մասի միակ կետն է:

3. Նախագծի 9-րդ հոդվածում առաջարկում ենք «47.1» ձեւակերպումը փոխարինել «47.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւը պահպանելու նպատակով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 47.1-ին հոդվածում լրացվող նոր՝ 11-րդ մասում նշված «2.1» ձեւակերպմանը:

Միաժամանակ առաջարկում ենք վերացնել Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 47.1-ին հոդվածում լրացվող նոր մասերի համարակալման մեջ առկա վրիպակը, այն է՝ երկու 8-րդ մասերի առկայությունը:

4. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

5. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել «4-ի» թվից հետո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն (…)»:

6. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ մասով սահմանված է. 

«1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին եւ տարածվում է Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:»: Այսպես՝ նշված դրույթի համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից, որն էլ իր հերթին ընդունվում է նախագծի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Նշենք, որ սահմանված ժամկետով անհնար է առաջնորդվել, հետեւաբար առաջարկում ենք սահմանել ավելի հստակ ժամկետ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոնները՝ նշենք, որ Նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից եւ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

14.03.2023թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

14.03.2023թ.









Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կատարել այնպիսի փոփոխություններ եւ լրացումներ, որոնց նպատակն է՝

1) խթանել էլեկտրոնային վարույթների ծավալների աճը,

2) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության ոլորտում համալրել պահանջվող տեղեկատվությունը,

3) վերացնել 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը,

4) ապահովել իրական հնարավորություններ՝ ավտոմոբիլային ճանապարհների (ներառյալ տրանսպորտային հանգույցների) եւ դրանց օտարման շերտերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, այդ ուղղությամբ օբյեկտիվ, ամբողջական տեղեկատվական բազայի ստեղծման համար: Այդ նպատակով նախատեսվում է, որ ճանապարհային ցանցի նկատմամբ իրավունքների գրանցումը կարող է իրականացվել նաեւ անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ (ընդ որում՝ գրանցումն իրականացվում է անվճար):

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում  ներկայացնել երկու նկատառում՝ կապված Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ:

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվող նոր խմբագրությամբ տեքստում առկա է խմբագրական բնույթի այնպիսի թերություն, որն աղավաղում է տվյալ նորմի իմաստը եւ էական անորոշություն ստեղծում իրավունքի սուբյեկտի մասով: Մասնավորապես, նշված տեքստը շարադրվում է հետեւյալ կերպ.

«2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի եւ շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են, իսկ պետական գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը կարող են ներկայացնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները:», որից անհայտ է մնում, թե ովքե՞ր են պետական գրանցման համար ներկայացնում. «...գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի եւ շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները...»:

Այս կապակցությամբ, հաշվի առնելով նաեւ գործող օրենքի համապատասխան նորմի շարադրանքը, առաջարկում ենք «որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են» բառերից հետո ավելացնել «իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք» բառերը: 

2. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ. «Մինչեւ 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ եւ տնտեսական շինությունները, որպես ավարտված շինություն, գրանցվում է որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եւ ներկայացված չափագրման նյութերի փաթեթի հիման վրա:»:

Տվյալ առաջարկությունը, ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, բխում է այն հանգամանքից, որ. «Կադաստրի կոմիտեի տվյալների բազայում առկա են բազմաթիվ դեպքեր, երբ սեփականության իրավունք գրանցված է (նշված իրավունքները գրանցվել են մինչեւ 2006 թվականի հուլիսի 29-ը՝ ՀՀ կառավարության N 912-Ն որոշումն ուժի մեջ մտնելը) 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների նկատմամբ, որը հնարավորություն չի տալիս հստակ որոշելու դրանց հարկման բազան:»:

Այս առումով, կարծում ենք, առկա է մի քանի խնդիր: 

ա) Նախ, ստացվում է, որ. «բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը» ...  «գրանցվում է որակավորված անձի կողմից...» (եթե խոսքը տարբեր գրանցումների մասին է, ապա անհրաժեշտ է հստակ շեշտել այդ գրանցումների տեսակները),

բ) երկրորդ, հաշվի առնելով առաջարկվող տեքստի բավականին անորոշ ձեւակերպումը, ստացվում է, որ որակավորված անձի կողմից պետք է գրանցվեն նաեւ այն բոլոր անհատական բնակելի տները, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունները, որոնք կառուցվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքով եւ հաստատված նախագծով սահմանված պահանջների խախտմամբ, ինչն էլ, բնականաբար, անիմաստ է դարձնում հենց այդ փաստաթղթերի գոյությունը,

գ) ներկայացված հիմնավորումից անհայտ է մնում, թե կոնկրետ ի՞նչը «հնարավորություն չի տալիս հստակ որոշելու դրանց հարկման բազան», այն դեպքում, երբ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներում, նախատեսված են անավարտ կամ կիսակառույց շինությունների հետ կապված հարկման առանձնահատկություններ, մասնավորապես՝ Հարկային օրենսգրքի.

- 62-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերը, որոնք վերաբերում են այդ շինությունների հետ կապված ԱԱՀ-ի հարկման բազային,

- 109-րդ հոդվածը, որը վերաբերում է այդ շինությունների հետ կապված շահութահարկի հարկման բազային, 

- 113-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, որը վերաբերում է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումներին,

- 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը վերաբերում է վարձակալական վճարներին,

- 121-րդ հոդվածի 5-րդ մասը, որը վերաբերում է հարկման նպատակով ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններին,

- 145-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերաբերում է եկամտահարկի գծով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններին,

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին, որը վերաբերում է եկամտային հարկի գծով  հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներին,

- 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, ըստ որի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը եւ (կամ) դրանց բարելավումները, այդ թվում՝ Կառավարության սահմանած կարգով բնութագրվող` սույն մասում նշված համապատասխան անավարտ կիսակառույց շինությունները,

- 228-րդ հոդվածի 8-րդ կետը, որը վերաբերում է ինքնակամ կառույցների հարկմանը:

Այս կապակցոթյամբ, կարծում ենք, Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող դրույթը վերաիմաստավորման եւ հստակեցման կարիք է զգում: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը, մասնավորապես՝ դրա կազմում ընդգրկված՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ խմբագրական հստակեցումների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.03.2023թ.








Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում»:

Ներկայում՝ գործող իրավակարգավորմամբ, գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների), դրանց դադարեցման, տեղեկատվության տրամադրման, վարույթների հարուցման եւ ավարտման՝ ավարտական փաստաթղթերի տրամադրման երկու ռեժիմ է գործում՝ էլեկտրոնային եւ թղթային: Կադաստրի կոմիտեի մեծաքանակ գործառույթներն իրականացվում են թղթային արխիվների ծավալների մեծացմանը զուգահեռ: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքներ եւ սահմանափակումներ հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ՝ վերջիններիս պարագայում, կարծում ենք, մեծ է մարդկային գործոնը, որը երբեմն հանգեցնում է սխալի:

Ըստ այդմ, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման դեպքում, հեղինակն ակնկալում է, որ՝ 

- կխթանվի էլեկտրոնային վարույթների ծավալների աճը,

- քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության ոլորտում կհամալրվի պահանջվող տեղեկատվությունը,

- կվերացվի 50 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ եւ տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը:

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից դիտողություններ չկան, սակայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: 

Մասնավորապես, նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում՝ «Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի եւ շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են, իսկ պետական գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը կարող են ներկայացնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները:», կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել վերոհիշյալ տեքստում՝ «…ներկայացնում են» բառից հետո, ովքեր են պետական գրանցման համար դիմողները: 


Եզրահանգում

Ներկայացված առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում Նախագծերի փաթեթում ներառված  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  լրամշակման կարիք կունենա:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

6.03.2023թ.