ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-477-19.12.2022-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4771 -19.12.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-477-19.12.2022-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4771 -19.12.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

10.01.2023թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: (…):»:

Մեջբերված կարգավորման համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալու «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 3-րդ հոդվածի 1-ին կետով՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարվող փոփոխությանը, մասնավորապես՝ «արտադրական կանեփի բույսի» բառերը փոխարինվում են «արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի» բառերով: Հարկ է նկատել, որ Օրենքի՝ դրանում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբրեող 3-րդ հոդվածով սահմանվում են արտադրական կանեփի հասկացությունը՝ օրենքով նախատեսված նպատակների համար նախատեսված կանեփի մշակաբույս, որում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից, ինչպես նաեւ արտադրական կանեփի վերամշակման գործընթացի հասկացությունը՝ արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաեւ այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր:

Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում փոփոխություն կատարելիս կիրառել «արտադրական կանեփի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի» ձեւակերպումը:

Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«3) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի, արտադրական կանեփի չորացված զանգվածի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում»: Հարկ է նկատել, որ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառվող հասկացությունները սահմանված են Օրենքի 3-րդ հոդվածով: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք «արտադրական կանեփի չորացված զանգված» հասկացությունը եւս սահմանել Օրենքի 3-րդ հոդվածով:

Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում վերոնշյալ մասի կարգավորման մեջ կիրառվում է «թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր» հասկացությունը:

Հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հասկացությունը` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւս՝ հանցագործությունները նախատեսելիս կիրառվում է «թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր» հասկացությունը: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածի 7-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում «թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր» հասկացության կիրառումը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասում «թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր» հասկացության կիրառմանը:

Օրենքում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձեւակերպումը, Նախագծով՝ Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելիս կիրառվում են եւ՛ «Հայաստանի Հանրապետության կառավարություն», եւ՛ «Կառավարություն» ձեւակերպումները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք Նախագծով՝ Օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումներում պահպանել հասկացությունների միատեսակ կիրառման պահանջը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասում կիրառվում է «Լիազոր մարմին» ձեւակերպումը: Հարկ է նկատել, որ Օրենքում սահմանված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնի համար կրճատ տարբերակ: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասում «Լիազոր մարմին» ձեւակերպման կիրառումը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ մասում կիրառվող «Լիազոր մարմին» ձեւակերպմանը:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի՝ արտադրական կանեփի արտադրության եւ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման առանձնահատկություններին վերաբերող 45.6-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 11-13-րդ մասեր.

«11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կանեփի արտադրության գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքների հիմնական պահանջները, որոնց լրացուցիչ չափանիշները կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնի կողմից:

12. Լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից մեկ տարվա ընթացքում: Հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչեւ մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կառույցները կառուցելու համար:

13. Եթե մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ այդ տարածքները չեն համապատասխանում Կառավարության սահմանած պահանջներին, ապա լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում լիցենզավորող մարմնի կողմից՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով, անկախ տվյալ լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու հանգամանքից:»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավելեւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա անձին դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Ինչպես արդեն նշվել է սույն եզրակացությամբ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 

Հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 11-13-րդ մասերի համաձայն՝ համապատասխան լիցենզիա ստանալու համար պետք է բավարարված լինեն դրա տրամադրման համար նախատեսվող բոլոր պահանջները, այդ թվում՝ արտադրական կանեփի արտադրության գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքների հիմնական պահանջները: Միաժամանակ՝ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ մասով նախատեսվող կարգավորմամբ նախատեսվում է որոշակի բացառություն՝ «Հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչեւ մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կառույցները կառուցելու համար:»: Հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորումը ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որի արդյունքում հնարավոր կլիներ որոշակիացնելու, թե ինչ է ենթադրում տվյալ հայցման ներկայացումը լիցենզավորման գործընթացում, մասնավորապես հասկանալի չէ՝ արդյոք ենթադրվում է լիցենզիայի տրամադրում առանց որոշակի պահանջների բավարարման, ինչպես նաեւ ինչ գործունեության իրականացում է թույլատրվում տվյալ լիցենզիայի առկայության պարագայում, բացի այդ՝ արդյոք նշված իրավահարաբերությունների առկայությունը ենթադրում է գործողությունը կասեցված լիցենզիայի առկայություն: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ մասով նախատեսվող կարգավորմամբ նշում է կատարվում կառույցների վերաբերյալ, որոնց շրջանակը եւ դրանց վերաբերող փաստաթղթերի շրջանակը բացահայտված չեն լրացվող կարգավորմամբ: Սույն դիտարկումը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 13-րդ մասով նախատեսվող կարգավորմամբ նշվում է, որ լիցենզիա ստացած անձը պետք է մեկ տարվա ընթացքում ներկայացնի վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ որոշակիացնող կարգավորումները բացակայում են նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 13-րդ մասում: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 13-րդ մասով նախատեսվող կարգավորման մեջ կիրառվում է «այդ տարածքները» անորոշ ձեւակերպումը, որը նաեւ չի պարունակում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ  հոդվածի 4-րդ մասին համապատասխանող հղումներ:

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի՝ արտադրական կանեփի արտադրության եւ ներմուծման, արտահանման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման առանձնահատկություններին վերաբերող 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 11-13-րդ մասերով նախատեսվող կարգավորումները՝ դրանք իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու նպատակով:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 2-րդ մասով.

«2. Արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով եւ 2-րդ կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարվող փոփոխության եւ լրացման արդյուքնում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիան ներառում է նաեւ սույն օրենքի 45.3-րդ հոդվածով նախատեսված գործունեության ձեւերի հետ կապված այլ գործողությունների կատարում, այդ թվում՝

(...)

2) արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի, արտադրական կանեփի փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, տիրապետում, օգտագործում եւ տնօրինում:», սակայն, Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածը լրացվող նոր՝ 2-րդ մասում նշում է կատարվում միայն արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման վերաբերյալ պահանջների սահմանման մասին:

4. Նախագծով՝ Օրենքում լրացումներ կատարելիս լրացվող ձեւակերպումներում կետադրական նշանների առկայության դեպքում, առաջարկում ենք նշում կատարել նաեւ դրանց վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

5. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:

6. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքով նախատեսված փոփոխություններից բխող լիցենզավորման կարգում փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:»:

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...) 5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:(...)»:

Հիմք ընդունելով վերոնշյալն՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագծի 8-րդ հոդվածով պետք է հստակ նախատեսվեն Նախագծով՝ Օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում սահմանված կարգավորումներով նախատեսած ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընունման ժամկետները, ինչպես նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք  պահպանել դասական թվականի գրության ձեւը:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի ծավալը եւ փորձաքննության ենթարկելու համար նախատեսված ժամկետը՝ նշենք, որ բացակայել է Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա դիտողությունների եւ առաջարկությունների ամբողջական ներկայացման, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթի ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 79-րդ հոդվածի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

09.01.2023թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Օրենքի 45.9-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 9-րդ մաս, որի համաձայն՝ «9. Դիտարկման արդյունքները հիմք են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու համար:»:

Հարկ է նկատել, որ քննարկվող լրացումից բխում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտությունը:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

09.01.2023թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ այդ ուղղությամբ ծագող իրավահարաբերությունների կանոնակարգմանը: Փաթեթով առաջարկվում է հստակեցնել նշված գործունեության լիցենզավորման պահանջները, ինչպես նաեւ հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը եւ լիցենզավորված անձին տրվում է քվոտաները վերանայելու հնարավորություն:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

27.12.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է փոփոխություններ եւ լրացուներ կատարել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում», որի անհրաժեշտությունը պայմանավորված է արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմամբ:

 Գործող իրավակարգավորմամբ, արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առեւտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում պահանջվում է ներկայացնել բիզնես ծրագիր, մինչդեռ, ըստ Նախագծի հեղինակի, դրա վերաբերյալ որեւէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Ըստ էության, համաձայն գործող Օրենքի, պահանջվող անհրաժեշտ տվյալները հայտատուն կարող է ներկայանել կից տեղեկանքով, սակայն վերջինիս վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծքիներ: 

Ելնելով վերոգրյալից, հեղինակն առաջարկում է Օրենքով ամրագրել պետական մարմիններից հայտերի եւ կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու հնարավորությունը: Ներկայումս, Օրենքի համաձայն` քվոտաների խախտումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք: Նախագծով առաջարկվում է հանել քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը, եւ, լիցենզավորված անձին հնարավորություն տալ վերանայելու քվոտաները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, դրական նախադրյալներ կգեներացվեն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով եւ խուսափելով ավելորդ փաստաթղթեր պահանջելուց:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

26.12.2022թ.