ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-440-24.11.2022-ՏՀ-011/0), «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4401 -24.11.2022-ՏՀ-011/0) եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-4402 -24.11.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-440-24.11.2022-ՏՀ-011/0), «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-4401 -24.11.2022-ՏՀ-011/0) եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-4402 -24.11.2022-ՏՀ-011/0)  (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

08.12.2022թ.







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «19.14» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «19.14-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւի ապահովման նպատակով:

2. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացվող նոր՝ 19.14-րդ հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից անջատել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը:

3. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածների վերնագրերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (...)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածների վերնագրերին:

4. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասեր» բառն առաջարկում ենք փոխարինել «կետեր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

5. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Վիճակախաղերի մասին» օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 17-րդ կետում նշված «փոխանցված/օգտագործված» ձեւակերպումն առաջարկում ենք խմբագրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայերենում «/» կետադրական նշան գոյություն չունի:

6. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասում նշված «համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» ձեւակերպումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ «թ1» կետում եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասում լրացվող նոր՝ «է1» կետում առկա «Հայաստանի Հանրապետություն» բառերին, ինչպես նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ հոդվածի 2-րդ մասում առկա երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերին:

7. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք նշել, թե «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի որ դրույթներն են գործելու այդ նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջը, այն է. «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ (…) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից (…)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածին:

8. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հստակեցնել, թե «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 2-րդ հոդվածում կոնկրետ որտեղ են լրացվում նոր պարբերությունները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

9. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «հոդվածի առաջին պարբերությունը» բառերը փոխարինել «հոդվածը» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 4-րդ հոդվածը բաղկացած է միայն մեկ չհամարակալված պարբերությունից, հետեւաբար նոր խմբագրությամբ է շարադրվում հենց 4-րդ հոդվածը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթի փորձաքննության ենթարկելու ժամանակի սղության եւ ռեսուրսների բացակայության գործոնները՝ նշենք, որ Նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության իրավական տեխնիկայի տեսանկյունից եւ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

08.12.2022թ.  


                                                                    
                                                                                  ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

08.12.2022թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) պետական տուրքի գծով բեռը եւ կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաեւ խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ՝

- վիճակախաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) է համարվում իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով կազմակերպչին վճարված դրամային միջոցը (ներառյալ մասնակցի տոտալիզատորի հաշվից կազմակերպչին փոխանցված/օգտագործված դրամային միջոցները), որը ծառայում է որպես տոտալիզատորին (ինտերնետ տոտալիզատորին) մասնակցելու պայման, եւ որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության եւ շահումի վճարման մասին պայմանագիր (վիճակախաղի տոմս),

- ինտերնետ շահումով խաղերի մասով խաղադրույք (մասնակցության վճար) են համարվում դրամական միջոցները, որոնք խաղացողի հատուկ խաղային հաշվից փոխանցվում են կազմակերպչին (օգտագործվում են) եւ ծառայում են որպես ինտերնետ շահումով խաղերի մասնակցելու պայման՝ կազմակերպչի կողմից սահմանված կանոններին համապատասխան,

- ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 175 մլն դրամ,

- տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է 50 մլն դրամ:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Փաթեթի կազմում ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում հստակեցնել՝ արդյո՞ք խոսքը գնում է միանգամից 50 միլիարդ կամ 100 միլիարդ դրամի խաղադրույքի, թե՞ հանրագումարային 50 միլիարդ կամ 100 միլիարդ դրամի խաղադրույքի մասին: Այս առումով առաջարկում ենք 1-ին հոդվածի աղյուսակում (նշված երկու դեպքի համար) «յուրաքանչյուր» բառը փոխարինել «յուրաքանչյուր՝ մինչեւ» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ հստակեցման կարիք ունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

28.11.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները 

Կառավարության կողմից ներկայացվել են «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ):

Ներկայումս գործող օրենսդրությամբ ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) կազմակերպումը համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն. դրամի չափով պետական տուրք: Բացի այդ, ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի գործունեությունը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել են հարկվել շահութահարկով: Չնայած այն հանգամանքին, որ 2020 եւ 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հարկերը եւ տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի եւ ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ: Մյուս կողմից էլ, կատարված խաղադրույքների ծավալների աճը մտահոգիչ է, եւ անհրաժեշտ է տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի) պետական տուրքի գծով բեռը եւ կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաեւ խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել պետական տուրք՝

1. ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 175 մլն դրամ, 

2. տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ 50 մլն դրամ:

Նախագծերի փաթեթի ընդունումը կունենա դրական սոցիալական ազդեցություն՝ կատարվող խաղադրույքների ծավալների աճի զսպման առումով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

05.12.2022թ.