ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-414-24.10.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) (փաստաթղթային կոդ՝ Պ-414-24.10.2022-ՖՎ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

14.11.2022թ.  






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում «Միության» բառն առաջարկում ենք փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված դիտարկման հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

11.11.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

11.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ կանխիկ վճարումներ՝ հաշվի առնելով նաեւ այն հանագամանքը, որ անկանխիկ գործառնությունների կարգավորման՝ Օրենքով սահմանված սահմանափակումները էական ազդեցություն չունեն ինչպես ՀՀ մանրածախ առեւտրաշրջանառության եւ դրամաշրջանառության, այնպես էլ համապատասխան պետական քաղաքականության տեսանկյունից՝ առաջացնելով անհարկի խոչընդոտներ զբոսաշրջության եւ առեւտրի բնագավառում:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

28.10.2022թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում  (այսուհետ՝ Օրենք)  կատարել լրացում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող մանրածախ առեւտրի ոլորտում առաջացած խոչընդոտների վերացմամբ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ՝ խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքով նախատեսված իրավակարգավորումների արդյունքում 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետություն այցելող եւ Հայաստանի Հանրապետությունից մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւրի խանութներում 300,000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:

Հաշվի առնելով այն հանագամանքը, որ Օրենքի ընդունումը առաջացրել է անհարկի խոչընդոտներ զբոսաշրջության եւ առեւտրի բնագավառում, Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է Օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                             Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

28.10.2022թ.