ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-404-11.10.2022-ԱռՀ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4041 -11.10.2022-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4042 -11.10.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-404-11.10.2022-ԱռՀ-011/0), «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-4041 -11.10.2022-ԱռՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-4042 -11.10.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

02.11.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Օրենք» կրճատ տարբերակին այլեւս հղում չի կատարվում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում կիրառված «(այսուհետ՝ Օրենք)» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված է. «71  մասը շարադրել նոր բովանդակությամբ հետեւյալ խմբագրությամբ»: Առաջարկում ենք մեջբերված ձեւակերպման մեջ «71» թիվը փոխարինել «7.1-ին» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ առաջարկում ենք «նոր բովանդակությամբ» բառերը հանել:

3. Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր եւ արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը»: Այս կապակցությամբ նշենք հետեւյալը.

3.1. «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասի համաձայն՝ «Դեղերի գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:» Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում հանվում է վերը նշված կարգավորումը, ըստ որի՝ դեղերի գովազդի հետ կապված հրաբերությունները կարգավորվում են նաեւ «Դեղերի մասին» օրենքով: Մինչդեռ նշված դրույթը հանելու անհրաժեշտությունը բացակայում է, քանզի «Դեղերի մասին» օրենքի 8-րդ գլուխը վերաբերում է հենց դեղերի գովազդին, ընդ որում՝ «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածով դեղերի գովազդի մասով սահմանված են առավել ընդարձակ եւ մանրամասն կարգավորումներ, քան «Գովազդի մասին» օրենքով: Բացի այդ՝ «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված է. «Դեղերի գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, եթե սույն օրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն»:  Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ «Գովազդի մասին» օրենքից «Դեղերի մասին» օրենքին հղում կատարող դրույթը հանելու անհրաժեշտությունը բացակայում է: 

3.2. Միաժամանակ նշենք, որ  Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրադրած 7.1-ին մասի 1-ին նախադասությունը կրկնում է  «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը»: Հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրադրելու նպատակահարմարությունը, եթե վերջինս անհիմն կրկնում է «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը: Նշենք նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 7.1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում գովազդի վրա նշվող տեղեկությունների ցանկից հանվում է դեղերի՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի գործողության ժամկետը, ինչը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի եւ չի համապատասխանում «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությամբ գովազդի վրա նշվող տեղեկությունների շրջանակին:

3.3. Քննարկվող նորմում «զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր եւ արտաքին գովազդային վահանակների միջոցներով» ձեւակերպումը կիրառելու արդյունքում ստացվում է, որ արտաքին գովազդը զանգվածային տեղեկատվության միջոց է: Նորմի միանշանակ ընկալումն ապահովելու նպատակով առաջարկում ենք նշված դրույթը ձեւակերպել հետեւյալ շարադասությամբ՝ «Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր միջոցներով եւ արտաքին գովազդային վահանակներով (կամ արտաքին գովազդային վահանակների միջոցով) գովազդելու դեպքում (...)»: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացմանը:

3.4. Քննարկվող նորմի երկրորդ նախադասությամբ սահմանված հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդի արգելքի  կապակցությամբ նշենք, որ նույնաբովանդակ դրույթ առկա է նաեւ «Դեղերի մասին» օրենքում, այսպես՝ «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ Հայաստանի Հանրապետությունում հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ դեղագրությունների պատրաստվող դեղի գովազդն արգելվում է»: Ընդ որում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատասխանատվություն հենց «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքները խախտելու համար. մասնավորապես՝ «Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող կամ հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ ըստ դեղագրությունների պատրաստվող դեղի կամ բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղի գովազդը՝ առաջացնում է տուգանք (...)»: Տվյալ պարագայում «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրադրած 7.1-ին մասի վերջին նախադասությունն անհիմն կրկնում է «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելքը, ընդ որում «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է դեղերի գովազդի արգելքի ավելի լայն շրջանակ, եւ Օրենսգքրով դեղերի գովազդի արգելքը չպահպանելու համար նախատեսված պատասխանատվությունը բխում է հենց «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգավորման պահանջից:

3.5. Քննարկվող նորմը փաստացի կարգավորում է միայն արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղեր գովազդելու հնարավորությունը: «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ տեխնիկական միջոցների ձեւով»: Դրանից բխում է, որ արտաքին գովազդն իրականացվում է ոչ միայն վահանակների միջոցով, այլեւ վերը նշված այլ տեխնիկական միջոցների ձեւով: Նախագծերի փաթեթին կից ներկայացված չէ որեւէ հիմնավորում դեղերը միայն արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու անհրաժեշտության վերաբերյալ:

3.6. Նախագծի 1-ին հոդվածով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 7.1-ին մասի վերջին նախադասությունն արգելք է սահմանում հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդի համար: Միաժամանակ «Գովազդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն արդեն իսկ արգելք է նախատեսում բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղերի գովազդի համար. մասնավորապես՝ «Արգելվում է այն դեղերի, (...) գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ սահմանված չէ, թե որոնք են բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղերը, հասկանալի չէ նաեւ՝ հսկվող դեղերը կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերը կարող են արդյոք կլանվել բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղերի ցանկում, որոնց գովազդի արգելք  «Գովազդի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված է: Սույն դիտարկման անհրաժեշտությունը բխում է օրենսդրական ակտերի հստակությունն ապահովելու եւ անհիմն կրկնությունները բացառելու հրամայականից:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք չակերտները հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Օրենսգրքի լրիվ անվանումը շարադրելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվող հերթականությունը, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

Միաժամանակ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «47.10.» ձեւակերպումը փոխարինել «47.10-րդ» ձեւակերպմամբ, իսկ «կամ դեղի արտաքին գովազդը՝» ձեւակերպումից բութ կետադրական նշանը հանել:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Գովազդի մասին», «Դեղերի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

02.11.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, կարող է լրացում կատարելու անհրաժեշտություն առաջանալ «Տեղական տուքերի եւ վճարների մասին» օրենքում: Այսպես՝ «Տեղական տուքերի եւ վճարների մասին» օրենք 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված են արտաքին գովազդի հետ կապված տեղական տուրքի դրույքաչափեր: Նշված կետում դեղերի արտաքին գովազդի վերաբերյալ որեւէ կարգավորում չսահմանելու արդյունքում դրանց համար տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվելու է «Տեղական տուքերի եւ վճարների մասին» օրենք 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «դ» ենթակետով նշված այլ արտաքին գովազդի համար սահմանված դրույքաչափով:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616)

02.11.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի 7.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի. «Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր եւ արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը»: Առաջարկվում է սրանից բխող փոփոխություններ կատարել նաեւ «Դեղերի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ արտաքին գովազդային վահանակների միջոցներով դեղերի գովազդման դեպքում հնարավոր է Նախագծով պահանջվող տեղեկատվությունը նշվի այնպիսի չափերով, որի պարագայում հնարավոր չլինի կարդալ այդ տեղեկատվությունը, որի արդյունքում էլ տվյալ մասով առաջարկվող փոփոխությունն իր նպատակին չի ծառայի: 

Այս կապակցությամբ առաջարկում ենք հատուկ տվյալ դեպքի համար լրացուցիչ սահմանել, որ արտաքին գովազդային վահանակների միջոցով գովազդելու դեպքում գովազդի վրա նշվող դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը պետք է զբաղեցնեն, օրինակ, գովազդային պաստառի մակերեսի առնվազն 20 տոկոսը կամ պետք է նշվեն այնպիսի տառաչափով, որ մատչելի լինի ընթերցման համար: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում, սակայն գործնական կիրառելիության ապահովման տեսանկյունից ունի որոշ խմբագրման կարիք:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.10.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» օրենքում, փոփոխություն եւ լրացում կատարել «Դեղերի մասին» օրենքում, ինչպես նաեւ փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է՝ հաշվի առնելով ներկայումս գործող օրենսդրությամբ արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդի արգելումը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտի ապահովմամբ եւ առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար հնարավորության ընձեռնմամբ:

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ գովազդը միայն իրազեկում չէ, այլ դրա նշանակումը, մատակարարումը, իրացումը, կիրառումը եւ սպառումը խթանելու նպատակով տեղեկատվության տարածում, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու հետաքրքրություն դրա նկատմամբ: Միաժամանակ, դեղերի արտաքին գովազդը չի կարող սպառնալիք հանդիսանալ բնակչության շրջանակներում, քանի որ դեղորայքի արտադրությունը եւ շրջանառությունը իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով, ուստի այստեղ լրացուցիչ ռիսկեր առկա չեն:

Այսպիսով նախատեսվում է՝

  • «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 71  մասը շարադրել նոր բովանդակությամբ հետեւյալ խմբագրությամբ.                                                                                                                                                                                                                               «Դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային, տպագիր եւ արտաքին գովազդային վահանակների միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվեն դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի    համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը».
  • «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում`վերջին նախադասությունը, այն է՝ «Հայաստանի Հանրապետությունում արգելվում է դեղերի արտաքին գովազդը» հանել, «տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ արտաքին գովազդային վահանակների» բառերով:
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.10 հոդվածի 1-ին մասի «կամ դեղի արտաքին գովազդը» բառերը հանել:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկում ենք, որպեսզի «Դեղերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով զանգվածային լրատվության միջոցներով դեղի գովազդին վերաբերող սահմանափակումները եւ արգելքները նախատեսվեն նաեւ գովազդային վահանակների միջոցով դեղի գովազդի  համար:


Եզրահանգում

Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը՝ կարծում ենք Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70),

26.10.2022թ.