ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-390-04.10.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-390-04.10.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

25.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ Նախագծի 1-ին հոդվածում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 3.1-ին գլխում սահմանված իրավակարգավորումներում առկա են մի շարք հասկացություններ, որոնք, կարծում ենք՝ կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, ինչպես նաեւ ոչ միանշանակ ընկալման տեսանկյունից: Օրինակ՝

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 1-ին մասում կիրառվում է «տեսալսողական հեռարձակման հեռարձակողներ» հասկացությունը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշվում է «կազմակերպությունների տնտեսական վիճակի բարելավման հնարավորության» մասին, մինչդեռ հասկանալի չէ՝ ո՞ր կազմակերպությունների վերաբերյալ է նախատեսված հեռուստալսարանի չափումների նշված նպատակը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում որպես հեռուստալսարանի չափումների նպատակ սահմանված է «բարձրորակ մեդիա հաղորդումների եւ սպառողների լայն շրջանակի համար նախագծերի ստեղծումը եւ զարգացումը»: Հարկ ենք համարում նշել, որ հասկանալի չէ՝ «նախագիծ» եզրույթը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ, կամ Օրենքում նախատեսել կիրառվող հասկացությունների էությունը, հստակեցնել ոչ միանշանակ ընկալվող հասկացությունները՝ իրավական որոշակիության ապահովման, ինչպես նաեւ հասկացությունների միանշանակ ընկալման նպատակով:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի վերնագրում կիրառվում է «Հեռուստալսարանի վարկանիշային չափումներ» հասկացությունը, մինչդեռ՝ հարկ է նկատել, որ Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում են նաեւ «հեռուստալսարանի չափումներ» եւ «Հեռուստալսարանի չափումներ» ձեւակերպումները:

Նախագծի 14.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում կիրառվում է «հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով սփռում ունեցող հեռուստաընկերություններ» ձեւակերպումը, իսկ 6-րդ կետում՝ «հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով հեռարձակողներ» եզրույթը: Հարկ է նկատել, որ Օրենքում կիրառված է «հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսում գործող Հեռարձակող» եզրույթը:

 Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

5. Նախագծի ամբողջ տեքստում կիրառվում է «հեռարձակող» հասկացությունը՝ իր հոլովաձեւերով: Մինչդեռ՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված «տեսալսողական մեդիածառայություն մատուցող» երկար արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ՝ «այսուհետ՝ Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցող՝ Լսողական ծրագրեր հեռարձակող»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Հիմք ընդունելով վերոգրյալն, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն՝ առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում կիրառվող «հեռարձակող» հասկացությունը՝ իր հոլովաձեւերով, փոխարինել «Հեռարձակող» հասկացությամբ՝ համապատասխան հոլովաձեւերով, եզրույթի միատեսակ կիրառության ապահովման նպատակով:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կիրառվում է «մեդիա գովազդ» հասկացությունը: Հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում սահմանված է «տեսալսողական գովազդ» հասկացությունը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում կիրառվում է «մեդիա հաղորդում» հասկացությունը: Հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում սահմանված է «տեսալսողական հաղորդում» հասկացությունը:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կիրառվում է «տեսալսողական ոլորտ» հասկացությունը: Մինչդեռ Օրենքում կիրառված է «տեսալասողական մեդիայի ոլորտ» հասկացությունը:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կանոնը՝ առաջարկում ենք Նախագծում կիրառել Օրենքում սահմանված հասկացությունները, ինչը կապահովի նաեւ Օրենքի ամբողջ տեքստում հասկացությունների միատեսակ կիրառությունը: 

7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հեռուստալսարանի չափումներն իրականացնում են Հեռուստատեսային ինդուստրիալ կոմիտեի (այսուհետեւ՝ Ինդուստրիալ կոմիտե) ընտրած եւ վերահսկող առեւտրային կազմակերպությունները:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ հասկանալի չէ՝ «Ինդուստրիալ կոմիտեի վերահսկող առեւտրային կազմակերպություն» ձեւակերպումը: Առաջարկում ենք հստակեցնել քննարկվող դրույթը:

8. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները՝ ըստ չափումների ենթակա նպատակի, դրանց ընտրության ընթացակարգը, գործառույթները եւ կնքվող օրինակելի պայմանագիրը սահմանում է Ինդուստրիալ կոմիտեն:»:

Վերոնշյալ իրավակարգավորումը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ «կնքվող օրինակելի պայմանագիր» հասկացությունն ինչ է ենթադրում: Ուստի առաջարկում ենք հստակեցնել «կնքվող օրինակելի պայմանագիր» եզրույթը, որպեսզի Ինդուստրիալ կոմիտեն՝ որպես հասցեատեր սուբյեկտ, կարողանա դրսեւորել համապատասխան վարքագիծ:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում սահմանված չափում անցկացնող կազմակերպության պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ Ինդուստրիալ կոմիտեի վերահսկողության իրականացման հիմնական գործառույթին: 

9. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածում նախատեսվում է Ինդուստրիալ կոմիտեի ձեւավորման վերաբերյալ իրավակարգավորումներ:

Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում սահմանված է Օրենքի գործողության ոլորտը, որի համաձայն՝ «Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում՝

1) տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա.

2) օպերատորների վրա.

3) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների վրա.

4) կարգավորող պետական մարմնի վրա.

5) հանրային տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի վրա։»:

Հարկ է նկատել, որ Օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում թվարկված են այն  սուբյեկտները, որոնց վրա տարածվում է Օրենքի գործողությունը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք սուբյեկտների շարքում նշում կատարել նաեւ տեսալսողական մեդիայի ոլորտում նոր ստեղծվող ոչ առեւտրային ինքնակարգավորվող կազմակերպության՝ Ինդուստրիալ կոմիտեի մասին:

10. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում որպես Ինդուստրիալ կոմիտեի մասնակից թվարկվում են «գովազդ գործակալությունները»: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չէ «գովազդ գործակալություն» հասկացությունը: Հետեւաբար հասկանալի չէ՝ Ինդուստրիալ կոմիտեին պարտադիր անդամակցող «գովազդ գործակալություններ» հասկացության մեջ ներառվող սուբյեկտների շրջանակը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ինդուստրիալ կոմիտեն ձեւավորված է համարվում Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված անդամների համամասնության ապահովման դեպքում, կարծում ենք՝ Ինդուստրիալ կոմիտեի մասնակիցների շրջանակը պետք է լինի բավարար չափով հստակ եւ որոշակի, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 

11. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում որպես Ինդուստրիալ կոմիտեի մասնակից թվարկվում է «կարգավորող պետական մարմինը»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով եւ Ինդուստրիալ կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կազմակերպությունների իրականացրած հեռուստալսարանի չափումների արդյունքերը հիմք չեն հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Ինդուստրիալ կոմիտեին անդամակցող կազմակերպությունները իրենց անդամակցության ժամանակահատվածում օգտվել սույն օրենքի 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից։»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նախատեսվող իրավակարգավորումների համապարփակ վերլուծությունից բխում է, որ կարգավորող պետական մարմինն իր լիազորությունների իրականացման համար օգտվում է միայն Նախագծի 1-ին հոդվածով  Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից, ինչպես նաեւ հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար հիմք են հանդիասանում միայն Նախագծի 1-ին հոդվածով  Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումները։ Հարկ ենք համարում նշել, որ հեռուստալսարանի չափումները կարգավորող պետական մարմնի սեփական լիազորությունների իրականացման գործիքակազմերից են: Կարգավորող պետական մարմնի Օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար Օրենքում սահմանված է կարգավորող պետական մարմնի հասարակական կամ պայմանագրային հիմունքներով մասնագետների եւ փորձագետների ներգրավման հնարավորություն:  Մասնավորապես՝ Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է՝ «Կարգավորող պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների եւ փորձագետների:»:

Առաջարկում ենք Նախագծով Ինդուստրիալ Կոմիտեի համար նախատեսված լիազորությունները վերապահել կարգավորող պետական մարմնին՝ օրենսդրական մակարդակում նախատեսելով համապատասխան կառուցակարգեր: Սույն առաջարկը բխում է նաեւ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավադրույթից, այն է՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ Ինդուստրիալ կոմիտեի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության առանձնահատկությունները կարող են սահմանվել նաեւ կանոնադրությամբ: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել կարգավորող պետական մարմնի մասնակցությունը Ինդուստրիալ կոմիտեի կազմում:

12. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նույն անձը Ինդուստրիալ կոմիտեի մասնակից կողմերի կազմում կարող է անդամակցել միայն որպես մեկ կազմակերություն:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են Ինդուստրիալ կոմիտեն ձեւավորող մասնակիցները: Մասնավորապես՝ Ինդուստրիալ կոմիտեի մասնակիցների շրջանակը ներառում է հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով սփռում ունեցող հեռուստաընկերություններ, գովազդատուներ, գովազդ գործակալություններ, կարգավորող պետական մարմին:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «տեսալսողական մեդիածառայություն մատուցող (այսուհետ՝ Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցող՝ Լսողական ծրագրեր հեռարձակող) Հայաստանի Հանրապետության հիմնադրած կազմակերպություն կամ կարգավորող պետական մարմնի հեղինակազորած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում եւ սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն եւ խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար.»:

«Գովազդի մասին» օրենքի 2-րդ հոդվածում սահմանված է «գովազդատու» հասկացությունը, որի համաձայն՝ «գովազդատու` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներկայացնում է գովազդային տեղեկություն գովազդի արտադրության, տեղաբաշխման եւ տարածման նպատակով:»:

Այսպես՝ Ինդուստրիալ կոմիտեի մասնակից կարող է լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիական անձինք: Ուստի հասկանալի չէ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված Ինդուստրիալ կողմիտեի մասնակից կողմերի կազմում նույն անձի միայն որպես մեկ կազմակերպություն անդամակցության պահանջը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված իրավակարգավորմամբ կիրառված «կազմակերպություն» եզրույթը:

13. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի համաձայն՝ «6. Հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով հեռարձակողները Ինդուստրիալ կոմիտեին անդամակցում են համապատասխան սփռման լիցենզիայի գործողության ժամկետով։

7. Հանրային հեռարձակողները եւ կարգավորող պետական մարմինը Ինդուստրիալ կոմիտեին անդամակցում են անժամկետ` օրենքի ուժով։»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերում սահմանված են հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով հեռարձակողների, ինչպես նաեւ հանրային հեռարձակողների եւ կարգավորող պետական մարմնի անդամակցության ժամկետները: Միեւնույն ժամանակ Ինդուստրիալ կոմիտեին գովազդատուների եւ գովազդ գործակալությունների անդամակցության ժամկետների վերաբերյալ դրույթներ Նախագծով սահմանված իրավակարգավորումներում նախատեսված չեն:

14. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Ինդուստրիալ կոմիտեին չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունը ժամանակվորապես դադարեցվում է, եթե չի պահպանվել սույն օրենքի 14.3-րդ հոդվածի 3-րդ մասի նախապայմանները: Այդ դեպքում սույն օրենքի 3.1-րդ գլխով սահմանված փոխկապակցված կարգավորումները կազմակերպվում են ազատորեն՝ ձեռնարկատիրական գործունեության սկզբունքներին համապատասխան։»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծով սահմանված իրավակարգավորումներում բացակայում է Ինդուստրիալ կոմիտեի գործունեության ժամանակավորապես դադարեցման ժամկետը, ինչպես նաեւ բացակայում են Ինդուստրիալ կոմիտեի գործունեության վերսկսման վերաբերյալ իրավակարգավորումները: Ուստի առաջարկում ենք վերանայել Ինդուստրիալ կոմիտեի գործունեության դադարեցման վերաբերյալ քննարկվող դրույթը:

15. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Ինդուստրիալ կոմիտեին անդամակցող կազմակերպությունները իրենց անդամակցության ժամանակահատվածում օգտվել սույն օրենքի 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից։»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված դրույթի ճիշտ շարադասությունը, որպեսզի իրավակարգավումը հստակեցվի:

Բացի այդ, վերոնշյալ իրավակարգավորումը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ քննարկվող դրույթում սահմանվում է Ինդուստրիալ կոմիտեին անդամակցող կազմակերպությունների կողմից հեռուստալսարանի չափումների տվյալններից եւ այլ սահմանված ծառայություններից օգտվելու իրավազորություն: Մինչդեռ հասկանալի չէ՝ «օգտվել» եզրույթը ենթադրում է իրավունք, թե պարտականություն:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 11-րդ մասում Ինդուստրիալ կոմիտեին անդամակցող կազմակերպությունների (կամ անձանց) կողմից հեռուստալսարանի չափումների տվյալններից եւ այլ սահմանված ծառայություններից չօգտվելու համար սահմանվում է պատասխանատվություն: Մասնավորապես՝ «Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում՝ տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում իրականացնել Ինդուստրիալ կոմիտեին:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված իրավակարգավորումն իրավական որոշակիության տեսանկյունից:

Նշենք նաեւ, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված իրավակարգավորմամբ  հեռուստալսարանի չափումների տվյալններից եւ այլ սահմանված ծառայություններից օգտվելու իրավասությունը նախատեսված է միայն Ինդուստրիալ կոմիտեին անդամակցող կազմակերպությունների համար: Մինչդեռ Ինդուստրիալ կոմիտեին կարող են անդամակցել նաեւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 11-րդ մասում սահմանված է ոչ միայն կազմակերպությունների, այլ նաեւ Ինդուստրիալ կոմիտեին անդամակցող անձանց պատասխատավության վերաբերյալ իրավակարգավորում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.3-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերում սահմանված իրավակարգավորումները համապատասխանեցնել միմյանց՝ Նախագծում ներքին հակասությունը բացառելու, ինչպես նաեւ սահմանված պատասխանատվության իրավական հիմքը նախատեսելու նպատակով:

16. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 3.1-ին գլուխը պարունակում է երկու 14.4-րդ հոդված: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:», առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 3.1-ին գլխում ներառված հոդվածների համարակալման հաջորդականությունը:

17. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 14.4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝

(…)

4) Հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձանց ընտրության ժամկետների որոշումը, գործունեության կասեցումը, դադարեցումը.»: 

Հիմք ընդունելով Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված իրավադրույթը, ըստ որի հեռուստալսարանի չափումներն իրականացնում են Ինդուստրիալ կոմիտեի ընտրած եւ վերահսկող առեւտրային կազմակերպությունները, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «անձանց» բառը փոխարինել «առեւտրային կազմակերպությունների» բառերով: 

18. Հարկ ենք համարում նշել, որ Օրենքում լրացվում է հեռուստալսարանի չափումների վերաբերյալ նոր՝ 3.1-ին գլուխ: Մինչդեռ Ինդուստրիալ կոմիտեի ընտրած կազմակերպուպությունների կողմից հեռուստալսարանի չափումների իրականացման գործընթացի վերաբերյալ համակարգային իրավադրույթներ Նախագծով սահմանված կարգավորումներում նախատեսված չեն: 

Հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջների, հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության ընթացակարգի, գործառույթների, ինչպես նաեւ Ինդուստրիալ կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերի սահմանումը Նախագծով նախատեսված իրավակարգավորումներում վերապահված է Ինդուստրիալ կոմիտեին: Հարկ ենք համարում նշել, որ քննարկվող հարցերի վերաբերյալ կարգավորումները գտնվում են Ինդուստրիալ կոմիտեի ներքին ակտերի իրավասաթյան շրջանակում: 

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հեռուստալսարանի չափումներն իրականացնում են Հեռուստատեսային ինդուստրիալ կոմիտեի (այսուհետեւ Ինդուստրիալ կոմիտե) ընտրած եւ վերահսկող առեւտրային կազմակերպությունները:»: Նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված է հետեւյալը՝ «Սույն հոդվածի 1-ին մասով եւ Ինդուստրիալ կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կազմակերպությունների իրականացրած հեռուստալսարանի չափումների արդյունքերը հիմք չեն հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար։»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 14.2-րդ հոդվածով նախատեսվում է հեռուստալսարանի չափումների իրականացումը միայն Ինդուստրիալ կոմիտեի ընտրած եւ վերահսկող առեւտրային կազամակերպությունների կողմից, ինչպես նաեւ հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար հիմք է նախատեսվում միայն Ինդուստրիալ կոմիտեի կողմից ընտրված եւ վերահսկող առեւտրային կազմակերպությունների իրականացրած հեռուստալսարանի չափումները:

Այսպես՝ Օրենքում նախատեսվում կոնկրետ գործունեության իրականացում, որի վերաբերյալ դրույթներն օրենսդրական կարգավորման շրջանակից դուրս են նախատեսվում: Հիմք ընդունելով վերոգրյալն, կարծում ենք Օրենքում նախատեսվող հեռուստալսարանի չափումների իրականացման իրավասության վերաբերյալ իրավակարգավումները, այդ թվում՝  հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության ընթացակարգը, գործառույթները, ինչպես նաեւ Ինդուստրիալ կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերն անհրաժեշտ է կարգավորել օրենսդրական մակարդակում:

19. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավակարգավորումը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

24.10.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

24.10.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարել այնպիսի փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում կհստակեցվեն այս ոլորտի գովազդային շուկայում գնագոյացման մեխանիզմները, հնարավորություն կստեղծվի առավել կանխատեսելի եւ թիրախային իրականացնել գովազդները, կբարձրանա գովազդատուների հետաքրքրվածության եւ վստահության մակարդակը, համապատասխան ֆինանսական հոսքերը կդառնան ավելի կանխատեսելի, կբաձրանա տեսալսողական ոլորտում հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափման գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը եւ այլն: 

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.10.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

 ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): 

Ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված չէ hեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրությունը, մեխանիզմ եւ գործիքակազմ: Ըստ էության, hեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության հարցը թողնվել է առաջարկի եւ պահանջարկի տիրույթում՝ հաշվի չառնելով hեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության ծառայությունների առանձնահատկությունները, նման ծառայությունների շուկայի վիճակագրության պատկերը:

Նախագծով առաջարկվում է սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել Հեռուստատեսային ինդուստրիալ կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) եւ չափելի դարձնել գովազդային շուկայի գնագոյացման սանդղակը: 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝ գովազդային շուկայում գնագոյացման մեխանիզմների հստակեցում, հաջողված եւ հեռուստալսարանի շրջանում բարձր վարկանիշ վայելող ծրագրերի որոշարկում, պահանջարկված ուղղվածությունների սահմանում, բարձրորոակ ծրագրերի նախագծում, բարձրորակ մեդիա հաղորդումների եւ սպառողների լայն շրջանակի համար նախագծերի ստեղծում, տեսալսողական ոլորտում հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափման գործընթացի նկատմամբ  վստահության բարձրացում:

Նախագծի կապակցությամբ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները/դիտարկումները.

1. Նախագծի ուսումնասիրությունից պարզ չէ, թե առավելագույնն ինչ ժամկետում է նախատեսվում Կոմիտեի ձեւավորումը, սահմանված չէ որեւիցե պատասխանատվություն որեւիցե մարմնի համար համապատասխան ժամկետում Կոմիտե չձեւավորվելու համար.

2. Նախագծի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք  «կնքվող օրինակելի պայմանագիրը» արտահայտությունը փոխարինել  «կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը» արտահայտությամբ.

3. Նախագծի 14.3-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «գովազդ» բառը փոխարինել «գովազդային» բառով.

4. Նախագծի 14.3-րդ հոդվածի 10-րդ մասը հստակեցման կարիք ունի՝ բառեր են բաց թողնված, բացի այդ «եւ այլ սահմանված ծառայություններից» արտահայտությունը բավականին ընդհանրական է, անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչ ծառայությունների մասին է խոսքը.

5. Նախագծի 14.3-րդ հոդվածի 11-րդ մասը վերանայման կարիք ունի՝

-  նախ նույն՝ 14.3 հոդվածի 10-րդ մասի վերաբերյալ վերոնշյալ դիտարկման մասով /այսինքն՝ կոնկրետ ի՞նչ ծառայությունների մասին է խոսքը գնում/,

-  արդյո՞ք հեռուստալսարանի չափումներ իրականացնողներ կազմակերպությունների բոլոր ծառայություններից պետք է օգտվի Կոմիտեին անդամակցող կազմակերպությունը, ի՞նչ ժամկետում եւ  պարբերականությամբ: 


Եզրահանգում

Նախագիծը որոշակի լրամշակման եւ հստակեցումների կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

24.10.2022թ.