ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-389-04.10.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-389-04.10.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

25.10.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 3-րդ հոդվածով՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 44-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում է փոփոխություն եւ լրացում, ինչի արդյունքում Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Բացառությամբ սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանաված դեպքերի, անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների որոշումների (այսուհետ՝ հասցեավորման որոշումներ) հիման վրա անշարժ գույքի նոր հասցեներ տրամադրվելու կամ անշարժ գույքի հասցեների փոփոխության դեպքում գույքի իրավատիրոջ կամ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ իրականացվում է անշարժ գույքի հասցեի գրանցում:»:

Օրենքի 44-րդ հոդվածը վերաբերում է անշարժ գույքի հասցեների գրանցման առանձնահատկություններին, որով նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«2. Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումին կից ներկայացված հասցեավորման որոշման հիման վրա հասցեն գրանցվում է իրավունքի պետական գրանցման ընթացքում՝ դրա վարույթի իրականացման համար սահմանված ժամկետում:

3. Նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցումը կարող է իրականացվել նաեւ առանձին՝ առանց գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու:

4. Նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցումն իրականացվում է գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում՝ անշարժ գույքի միավորի հասցեի համար նախատեսված դաշտում նոր գրառում իրականացնելու կամ առկա գրառումը փոփոխելու միջոցով:

5. Անշարժ գույքի հասցեն համարվում է տրամադրված կամ փոփոխված` գրանցման մատյանում նոր կամ փոփոխված հասցեն գրանցելու պահից:

 (...)

8. Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցման հիմքով անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձանց դիմումով նրանց տրամադրվում է նոր գրանցման վկայական` հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով:»:

Այսպիսով՝ Օրենքի 44-րդ հոդվածում կարագավորովում են հասցեի գրանցման, դրա տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Նախագտծի 3-րդ հոդվածով՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության եւ լրացման արդյունքում Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող կարգավորումից միանշանակ չի ընկալվում, թե ինչին է վերաբերում Օրենքի 46-րդ հոդվածով սահմանաված դեպքերին կատարված հղումը, մասնավորապես՝ հասկանալի չէ, թե բացառությունը վերաբերում է միայն անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների որոշումների առկայության պահանջին, թե բացառությունը վերաբերում է Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթին ամբողջապես, ինչից բխում է նաեւ, որ 46-րդ հոդվածով նախատեսված դեպքերում կիրառելի չեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները:

Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով՝ Օրենքի համապատասխանաբար 44-րդ եւ 46-րդ հոդվածներում կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում նախատեսվող կարգավորումներում հստակեցնել անշարժ գույքի միավորման եւ բաժանման դեպքերում անշարժ գույքի հասցեների գրանցման առանձնահատկությունները: 

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-5-րդ մասերով՝ Օրենքի 46-րդ հոդվածի 2-4-րդ մասերում կատարվող լրացումների արդյունքում՝ Օրենքի 46-րդ հոդվածում «միավոր» եզրույթից առաջ կիրառվում է «անշարժ գույքի» հասկացությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 4-րդ հոդվածի 1-5-րդ մասերով կատարվող լրացումների արդյուքնում Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է մնում առանց «անշարժ գույքի» հասկացության նշման «միավոր» եզրույթը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով՝ Օրենքի 46-րդ հոդվածի 2-4-րդ մասերում լրացումներ կատարելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հդվածի պահանջը:

Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ «46-րդ հոդվածում(...) 3-րդ մասի 3-րդ կետում «բաժանվող» բառից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը, նույն կետում «հիման վրա» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի» բառերը»: Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «հիման վրա» բառերը կիրառվում են երկու անգամ, եւ առաջին «հիման վրա» բառերի կիրառումից հետո արդեն իսկ նշված է «գույքի» եզրույթը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.3-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«4.3. Սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերում իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերից ծագող եւ անշարժ գույքերի միավորման իրավունքի պետական գրանցման դիմումում պետք է նշվի այն անշարժ գույքի միավորի հասցեն կամ դրա ծածկագիրը, որի հետ միասին, որպես անշարժ գույքի մեկ միավոր, ներկայացվում է իրավունքի պետական գրանցման:»:

Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.3-րդ մասի ձեւակերպումը առաջարկում ենք հստակեցնել՝ հստակ նշելով նաեւ իրավունքի պետական գրանցման ներկայացվող օբյեկտի վերաբերյալ:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«4.4. Եթե սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում չի ներկայացվում միավորվող անշարժ գույքի միավորների հասցեավորման որոշում, ապա նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է սեփականության իրավունքով իրավատիրոջ անվամբ գրանցված անշարժ գույքի միավորի հասցեով, բացառությամբ, եթե միավորվող անշարժ գույքի միավորները Կառավարության կողմից սահմանված հասցեավորման կարգի պահանջներին համապատասխան արդեն իսկ գրանցված են առանձին հասցեներով:»:

Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.4-րդ մասի կարգավորման վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ հնարավոր է դեպք երբ չի ներկայացվում միավորվող անշարժ գույքի միավորների հասցեավորման որոշում, եւ այդ դեպքում նոր առաջացող հասցեավորման օբյեկտը գրանցվում է սեփականության իրավունքով իրավատիրոջ անվամբ գրանցված անշարժ գույքի միավորի հասցեով, միաժամանակ՝ նույն կարգավորմամբ նշում է կատարվում բացառության վերաբերյալ, սակայն, հարկ է նկատել, որ Նախագծով՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելիս միավորվող անշարժ գույքի միավորների հասցեավորման որոշում չպահանջելու կարգավորումների նախատեսմանը զուգահեռ՝ հստակ եւ որոշակի չի նախատեսվում կարգավորում, որը վերաբերում է այն դեպքերի շրջանակին, երբ նման որոշման ներկայացումը պարտադիր է:

Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.4-րդ մասը նախատեսելուն զուգահեռ հստակ կարգավորել անշարժ գույքի հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների որոշումների առկայության պահանջին վերաբերող իրավահարաբերությունները:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.6-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«4.6. Եթե ներկայացված իրավահաստատող փաստաթղթերով հնարավոր է հստակ ճշտել գրանցվող հողամասի բոլոր շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները, ապա սույն հոդվածի 4.1-ին մասերով սահմանված դեպքում հողամասի հատակագիծ չի պահանջվում:»:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 25-րդ հոդվածը վերաբերում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերին, որի 1-ին մասում նշում է կատարվում այն դեպքերի վերաբերյալ, երբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ գրանցվող հողամասի հատակագիծը: Նախագծի 2-րդ հոդվածով փոփոխություն է կատարվում Օրենքի 25-րդ հոդվածում, սակայն, Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Օրենքի 46-րդ հոդվածում լրացվող նոր՝ 4.6-րդ մասով նախատեսվող բացառության վերաբերյալ լրացում՝ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում Նախագծով չի կատարվում:

6. Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենքի՝ պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման վճարների մասով արտոնություններին վերաբերող 75-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 7-րդ մաս.

«7. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից` համընդհանուր ծանոթացման համար` կարող է տրամադրվել անվճար տեղեկատվություն: Համընդհանուր ծանոթացման համար անվճար տրամադրվող տեղեկատվության ցանկը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:»:

Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենքի 75-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

6.1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 74-րդ հոդվածով նախատեսվում են պետական գրանցման եւ տեղեկատվության ժամկետները, որի շրջանակում Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենքի 75-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասով նախատեսված՝ անվճար տեղեկատվության տրամադրման ժամկետների վերաբերյալ Նախագծով լրացում չի նախատեսվում:

6.2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 5-րդ հոդվածով՝ Օրենքի՝ պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրման վճարների մասով արտոնություններին վերաբերող 75-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը լիազորվում է ընդունելու ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտ, ինչպես նաեւ Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարելու Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաեւ անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման եւ վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով նախատեսել նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի, ընդունման նախատեսվող ժամկետները եւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսնակյունից:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

24.10.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

24.10.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունների հիմնական   նպատակներն են օրենքով սահմանված դեպքերում անշարժ գույքերի միավորման իրավունքների գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի որպես առանձին միավորի հասցեի որոշման պահանջի վերացում, միավորվող գույքի նկատմամբ` որպես առանձին անշարժ գույքի միավոր ձեռք բերողի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջի վերացում, ինչպես նաեւ  պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող օտարվող գույքի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավորի ձեռք բերողի անվամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման պահանջի վերացում: 

Նախագծի ընդունմամբ, համաձայն հիմնավորմանը կից եզրակացության, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

20.10.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություններ եւ լրացումներ:

Նախագծի ընդունման նպատակն է վերացնել անշարժ գույքերի միավորման որոշ դեպքերում իրավունքների պետական գրանցման համար ներկայացվող անշարժ գույքի հասցեի որոշման պահանջը: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է հետեւյալը՝

- գույքի նկատմամբ սեփականության իրավունքի իրավատերերը կարող են միավորել այդ գույքը օրենքով սահմանված կարգով իրենց անվամբ սեփականության իրավունքով գրանցված անշարժ գույքի միավորի հետ, առանց նախօրոք այդ գույքի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր իրենց անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, պահպանելով Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առանձնահատկությունը,

- հողամասերի ընդլայնման նպատակով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերում օտարվող եւ ընդլայնվող հողամասերը գրանցվում են որպես մեկ ընդհանուր անշարժ գույքի միավոր, առանց նախօրոք օտարվող հողամասի նկատմամբ` որպես անշարժ գույքի առանձին միավոր ձեռք բերողների անվամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման,

- անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից հանընդհանուր ծանոթացման համար անվճար տեղեկատվության տրամադրում եւ այլն:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դյուրինացման գործընթացի ապահովում: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ  չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝  Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

17.10.2022թ.