ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-361-23.08.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3611 -23.08.2022-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3612 -23.08.2022-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3613 -23.08.2022-ՊԻ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3614 -23.08.2022-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3615 -23.08.2022-ՊԻ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3616 -23.08.2022-ՊԻ-011/0) , «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3617 -23.08.2022-ՊԻ-011/0) , «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3618 -23.08.2022-ՊԻ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3619 -23.08.2022-ՊԻ-011/0), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36110 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36111 -23.08.2022-ՊԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36112 -23.08.2022-ՊԻ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36113 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36114 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36115 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36116 -23.08.2022-ՊԻ-011/0) եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-36117 -23.08.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-361-23.08.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3611 -23.08.2022-ՊԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3612 -23.08.2022-ՊԻ-011/0), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3613 -23.08.2022-ՊԻ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3614 -23.08.2022-ՊԻ-011/0), «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3615 -23.08.2022-ՊԻ-011/0), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3616 -23.08.2022-ՊԻ-011/0), «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3617 -23.08.2022-ՊԻ-011/0), «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3618 -23.08.2022-ՊԻ-011/0), «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-3619 -23.08.2022-ՊԻ-011/0), «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-36110 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-36111 -23.08.2022-ՊԻ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-36112 -23.08.2022-ՊԻ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-36113 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-36114 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-36115 -23.08.2022-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-36116 -23.08.2022-ՊԻ-011/0) եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-36117 -23.08.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

09.09.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսված է «Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝ «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ հայտարարագրման հետ կապված իրավակարգավորումների դեպքում՝ նաեւ օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց» բառերով:»:

Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ 

« Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են նաեւ պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրած հիմնադրամների, 50 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության եւ համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները:»,

2) լրացնել նոր 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրած հիմնադրամների, 50 եւ ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության եւ համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր:»:

Օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ վերջինիս գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաեւ հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման արդյունքում Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված անձանց շրջանակից զատ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 34-րդ հոդվածում լրացվող նոր մասերով սահմանված սուբյեկտների համար եւս հայտարարագրման հետ կապված հարաբերությունների գործնականում կիրառելիության դրույթ է նախատեսվում: Մինչդեռ՝ առաջարկում ենք հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի էությունը, ինչպես նաեւ դրանով կարգավորված հարցերի շրջանակը՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում եւ Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 34-րդ հոդվածում լրացումներ կատարելու փոխարեն՝ սուբյեկտների տվյալ շրջանակի համար հայտարարագրման պարտականություն սահմանել իրենց ոլորտային օրենքներում՝ նշում կատարելով, որ հայտարարգրման հետ կապված հարաբերությունների առնչությամբ գործելու են «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները:

2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:»: Եթե կարգավորման նպատակը դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, առանց որեւէ նախապայմանի, նվեր դիտարկելն է, առաջարկում ենք այդ եզրույթները գրել «ինչպես նաեւ»-ից առաջ:

3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ 

«Հոդված 30. Նվերների հաշվառումը եւ հանձնումը

1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր է իր կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այուհետ՝ Ռեեստր):

2. Քսան հազար Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ մեկ տարվա ընթացքում պարբերական (երեք եւ ավելի) բնույթ կրող դեպքերի:

3. Նվերների հաշվառման, հանձնման եւ գնահատման, Ռեեստրի վարման կարգերը, Ռեեստրում լրացման եւ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաեւ խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սույն մասով նախատեսված կարգերով կարող են սահմանվել առանձնահատկություններ՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված:»:

Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 29-րդ հոդվածի 6-11-րդ մասերով եւ 5-րդ հոդվածով նախատեսված՝ նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված կարգավորումները գործելու են սույն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:»: 

Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:»: 

Նախագծի մեջբերված կարգավորումներից հետեւում է, որ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 3-րդ մասը գործելու է հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը ուժի մեջ են մտնելու 1 տարի հետո: Այսպես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո ուժի մեջ է մտնելու միայն Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 30-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում կարգավորել գործող Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի գործողության հարցը:

Բացի այդ, առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված հղումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

4. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասի 1-ին կետում  կիրառված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:», ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «(…) Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

5. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսվում է Օրենքի 31-րդ հոդվածում՝ 

«3) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերել առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ):

Առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են պաշտոնը ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:»:

4) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները:»:

Անհասկանալի է՝ ինչու է Օրենքի 31-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ մասում գործածվում միայն բաժնեմասը եւ թվարկված չեն նաեւ բաժնետոմսը եւ փայը, ինչպես եւ կատարված է Օրենքի 31-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ մասում:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ մասում եւս կիրառել միեւնույն տերմինները: Բացի այդ, Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ եւ 11-րդ մասերի համարներն առաջարկում ենք ներառել չակերտներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»:

6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 33-րդ հոդվածի վերնագրի վերջում դրված  «.» կետադրական նշանն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»:

Դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող 169.31-ին հոդվածի վերնագրին:

7. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 33-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետի համաձայն փոխկապակված անձինք են դիտարկվում նաեւ՝ «2) պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական եւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, կնքահայրը, կնքամայրը, հոգեզավակը, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք.»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը):

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Օրենքի բավարար հստակությամբ ձեւակերպված լինելու պահանջն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է վերջինիս որոշակիության եւ կանխատեսելիության ապահովմանը: Այլ կերպ ասած, միայն տվյալ պահանջների պահպանման արդյունքում համապատասխան սուբյեկտը սահմանված նորմի հետ հնարավորություն կունենա համադրելու իր վարքագիծը:

Վերոշարադրյալի լույսի ներքո արձանագրենք, որ «ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք» ձեւակերպումը լայն է, ինչի արդյունքում առկա է գործնականում նորմի գնահատողական կիրառման ռիսկ: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Օրենքի մակարդակում սահմանել որոշակի չափորոշիչների կամ դեպքերի շրջանակ, որի պարագայում անձը կդիտարկվի ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձ:

8. «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)»  գրելաձեւը կիրառելի չէ: Նշվածով պայմանավորված՝ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 33-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետում գործածված «եւ (կամ)» գրելաձեւն առաջարկում ենք շտկել:

9. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «(...) Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (...)»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ընդգրկված այլ նախագծերի վերնագրերին, օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին:

10. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:»  Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Նախագծի 6-րդ հոդվածը բաժանված չէ մասերի, այլ՝ կետերի՝ առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված հղումը հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: 

11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաջորդականությունը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

12. «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրճատ տարբերակը այդ նախագծում այլեւս չի գործածվում:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ընդգրկված այլ նախագծերին, օրինակ՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

13. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից հետո առաջարկում ենք ներառել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը կամ այդ նախագծի 2-րդ հոդվածով համապատասխան օրենքին կատարվող հղումը հստակեցնել:

14. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացվող 10.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով այդ օրենքում լրացվող 21.1-ին հոդվածի համարին:

15. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 16-րդ ենթակետ:

Հարկ է նկատել, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-321-Ն օրենքի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր՝ 16-րդ կետ: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում, նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով՝ առաջարկում ենք վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 16-րդ ենթակետի համարակալումը:

16. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին՝ սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը:

Միաժամանակ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում առաջարկուն ենք պահպանել կետերի համարակալման հաջորդականությունը:

17. Նախագծերի փաթեթի ծավալի, ժամանակի սղության, ինչպես նաեւ անհետաձգելի համարվելու գործոններով պայմանավորված՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը: Ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

09.09.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

09.09.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ապահովել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների միասնականություն, նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում  սահմանել վարչական պատասխանատվություն, հստակեցնել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կատարելագործել շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, ընդլայնել փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ     Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

(հեռ.՝ 011 513-603) 

30.08.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» եւ մի շարք հարակից օրենքներում: 

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների շահերի բախման, անհամատեղելիության պահանջների եւ նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու հանգամանքով: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1. Նախատեսել հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, ինչպես նաեւ նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն. 

2. «Հանրային ծառայության մասին» օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 31-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները՝ 

-  վերախմբագրել «կրթական աշխատանք» եզրույթը.

-  արգելել հանրային պաշտոն զբաղեցնող անձին եւ հանրային ծառայողին փոխկապակցված անձի հետ կնքել առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագիր.

-  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հավատարմագրային կառավարման գործունեությունը առաջարկվում է դարձնել ծանուցվող գործունեություն.

-  առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետը, որն առեւտրային կազմակերպության մասնաբաժնի կառավարումը դուրս էր թողնում այդ օրենքի 3-րդ բաժնի կարգավորումներից.

-  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարման գրանցումը դարձնել պարտադիր.

-  խմբագրել ձեռնարկատիրական գործունեության հասկացությունը.

3.     Ընդլայնել շահերի բախման հասկացությունը՝ ներառելով պոտենցիալ շահերի բախման իրավիճակը.

4. Ընդլայնել փոխկապակցված անձանց շրջանակը.

5. Հստակեցնել շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքների շրջանակը, սահմանափակել անհարկի հայեցողական դրսեւորման հնարավորությունը, ինչպես նաեւ ներդնել կարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն կիրառել պատասխանատվության համապատասխան միջոցներ.

6. Ընդլայնել հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը՝ ներառելով պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրած հիմնադրամների, 50 եւ ավելի տոկոս ՀՀ եւ համայնքի մասնակցությամբ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարներին: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարել հարակից մի շարք օրենքներում՝ դրանցում առկա կարգավորումները համապատասխանեցնելով Օրենքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին: 

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի հանրային ծառայության համակարգում բարեվարքության, թափանցիկության ամրապնդումը եւ հանրային վստահության բարձրացումը: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/513618  /ներք.1618/