ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-357-22.08.2022-ՏՏԳՇ-011/0) , «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3571 -22.08.2022-ՏՏԳՇ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3572 -22.08.2022-ՏՏԳՇ-011/0)  եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3573 -22.08.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված       «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

12.09.2022թ.

 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված փոփոխության եւ լրացման արդյունքում ստացվում է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կարգավորումներից դուրս է մնում այն դրույթը, որ միայն խախտողի անձնական սեփականությունը կարող է բռնագրավվել, եւ լրացվում է դրույթ առ այն, որ բարեխիղճ երրորդ անձին պատկանող գույքը ենթակա չէ բռնագրավման: 

Օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն բռնագրավումը հանդիսանում է վարչական իրավախախտման համար կիրառվող վարչական տույժի տեսակ:

Օրենսգրքի 8-րդ, 23-րդ եւ 32-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ վարչական տույժերը  ներգործում են իրավախախտի վրա եւ տույժ նշանակվում է կատարված իրավախախտման համար, այսինքն վարչական պատասխանատվության ենթարկվում է այն անձը, ով կատարել է վարչական իրավախախտում, որի համար Օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Նախագծով նախատեսված կարգավորումների ուժով, օրինակ՝ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար, որպես պատասխանատվության ենթակա պատշաճ սուբյեկտ է դիտարկվում միայն իրավախախտում կատարած անձը, որի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ վարչական տույժերից մեկը՝ 

1. տուգանքի նշանակում (...) 

2. իրավախախտում կատարած անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավում,

3. երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավում:

Այսինքն՝ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվում անմիջականորեն իրավախախտում կատարած անձը (օրինակ՝ վաճառողը), որի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ լրացուցիչ վարչական տույժ՝ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բռնագրավումը: Ստացվում է երրորդ անձը, ում սեփականության իրավունքով պատկանող գույքը բռնագրավվում է, իրավախախտման սուբյեկտ չի հանդիսանում:

Այսինքն՝ ոչ բարեխիղճ երրորդ անձը, որն, իր իմացությամբ իր ապրանքը հանձնել է առանց թույլտվության բացօթյան առեւտուր իրականացնելու համար նախատեսված չէ որպես որեւէ վարչական իրավախախտման սուբյեկտ, բացակայում է արգելքը համապատասխան արարքի համար, քանզի նշված արարքի համար Օրենսգրքով պատասխանատվություն սահմանված չէ, մինչդեռ  վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը, որը հանդիսնում է սեփականությունից զրկել, որպես վարչական պատասխանատվության միջոց կարող է նշանակվել անմիջականորեն վարչական իրավախախտում կատարած ոչ բարեխիղճ երրորդ անձանց նկատմամբ, քանզի իրավական հարկադրանքը կիրառվում է կոնկրետ այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր խախտել են իրավունքի նորմերը եւ որոնց արարքի համար նախատեսված է հստակ վարչական պատասխանատվություն Օրենսգրքով: Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք Նախագծում յուրաքանչյուր կոնկրետ զանցանքի համար սահմանել վարչական պատասխանատվություն նաեւ հենց այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց իմացությամբ եւ կամքով սեփականության իրավունքով իրենց պատկանող ապրանքները հանձնել են ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր կամ առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելու համար: Նման կարգավորման արդյունքում անհրաժեշտություն չի առաջանա հանել նաեւ խախտողի անձնական սեփականություն համարվող ապրանքի վրա միայն բռնագրավում տարածելու իմպերատիվ պահանջը, ինչը սեփականության իրավունքի պաշտպանության օրենսդրորեն ամրագրված լրացուցիչ երաշխիք է:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 3-րդ եւ  18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան՝ առգրավված առարկան բռնագրավելու պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլեւս գոյություն չունի:»:

2.1. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը նոր խմբագրությամբ շարադրելիս «իրավախախտում հանդիսացող» բառերը փոխարինել «իրավախախտում կատարելու» բառերով հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքով, որպես վարչական տույժի տեսակ սահմանված է վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Օրենսգրքի 310-րդ հոդվածում կիրառված «վարչական իրավախախտում հանդիսացող գործիք» բառերին:

2.2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը նոր խմբագրությամբ շարադրելիս հղում կատարել Օրենսգրքի 162-րդ հոդվածին՝ առանց նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի վերաբերյալ նշում կատարելու: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ Օրենսգրքի 169-րդ հոդվածը բաղկացած է հենց նշված երկու մասերից, հետեւաբար հոդվածի մասերին առանձին հղում կատարելն ավելորդ է:

2.3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ Օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածով, 169.16-րդ հոդվածի 3-րդ եւ 18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում իրավախախտում կատարելու գործիք հանդիսացող առարկան առգրավելուց հետո համապատասխան իրավախախտումների կատարման դեպքում գանգատարկման (բողոքարկման) ժամկետի մասով հղում է կատարված օրենքով սահմանված ժամկետին: Մինչդեռ հասկանալի չէ, թե որ օրենքով պետք է սահմանվի իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք ներկայացնելու ժամկետը: Բացի այդ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ Օրենսգրքի 288-րդ հոդվածին կատարված հղումը հանելը, որով հստակ սահմանված է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման գանգատարկման կամ բողոք ներկայացնելու հստակ ժամկետը:

2.4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ կիրառված է «վարչական կամ դատական կարգով բողոք» եւ «բողոքի մերժում» եզրույթները: Մինչդեռ նշենք, որ Օրենսգրքում կիրառված է «բողոք կամ գանգատ» ձեւակերպումը, իսկ որպես վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ ընդունման ենթակա որոշում սահմանված է, ոչ թե բողոքը մերժելը, այլ գանգատը (բողոքը) առանց բավարարման թողնելը կամ որոշումը բեկանելը: Մասնավորապես Օրենագրքի 287-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը կամ բողոքը քննող մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը`1) որոշումը թողնում է անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման. 2) բեկանում է որոշումը եւ գործն ուղարկում նոր քննության. 3) բեկանում է որոշումը եւ կարճում գործը. (...):

2.5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ սահմանված բացառությունը այն դեպքերի մասով, երբ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլեւս գոյություն չունի բավարար չափով հստակ եւ որոշակի չէ: Մասնավորապես նոր խմբագրությամբ շարադրված պարբերությունը վերաբերում է վարչական իրավախախտում կատարելու գործիք հանդիսացող (...) առարկան առգրավվելուց հետո որոշակի ժամկետ անց համապատասխան առարկան բռնագրավելու նպատակով վարչական մարմնի կողմից դատարան դիմելու պահանջին: Նշված պահանջից հետո դատարան դիմելու պահին համապատասխան առարկայի՝ այլեւս գոյություն չունենալու մասով բացառության սահմանումը միանշանակ չի ընկալվում. այսպես՝ հասկանալի չէ, թե որ առարկաները կարող են այլեւս գոյություն չունենալ, ինչ հիմքով կամ պատճառով կարող են նշված ապրանքներն այլեւս գոյություն չունենալ, ում վրա է դրված համապատասխան առարկաները (օրինակ՝ շուտ փչացող) պատշաճ պահելու պարտականությունը:

Բացի այդ նշված բացառության սահմանման արդյունքում ստացվում է, որ վարչական իրավախախտում կատարելու գործիք հանդիսացող առարկան առգրավվելուց որոշակի ժամկետ անց վարչական մարմինը պետք է դիմի դատարան՝ առգրավված առարկան բռնագրավելու պահանջով եւ բացառություն է սահմանված այն ապրանքների համար, որոնք դատարան դիմելու պահին այլեւս գոյություն չունեն: Տվյալ պարագայում ստացվում է մի շարք դեպքերում, երբ առգրավված առարկաները այլեւս գոյություն չունեն (ինչպես վերը նշված է այս մասով որեւէ կարգավորում նախատեսված չէ) չի կարող բռնագրավվել դատական կարգով:

Որպես սեփականության իրավունքի սահմանափակման դեպք Քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ «Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 6) կատարվում է բռնագրավում (հոդված 288).»: Այսինքն սեփականատիրոջը պատկանող գույքը կարող է առգրավվել՝ այդ գույքի նկատմամբ բռնագրավում կատարելու դեպքում: Իսկ սեփականության իրավունքից զրկումը կարող է կատարվել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ օրենսդրական նորմերի հստակության  եւ որոշակիության ապահովման կարեւորությունը (ՍԴՈ–1176, 2 դեկտեմբերի, 2014 թ.)՝ առաջարկում ենք  Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը խմբագրել:

4. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում լրացնել նոր լիազորություն, այն է՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առեւտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առեւտրի իրականացման դեպքում առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման առարկաների առգրավման իրականացում: Նշված լրացմամբ համայնքի ղեկավարը կարող է առգրավում իրականացնել նաեւ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առեւտրի իրականացման դեպքում:  Մինչդեռ նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համայնքի ղեկավարի կողմից շրջածախ առեւտրի իրականացման համար թույլտվություն տալու վերաբերյալ որեւէ կարգավորում սահմանված չէ: Ինչի հետեւանքով Օրենսգրքում Երեւան համայնքի վարչական տարածքից դուրս այլ համայնքներում առանց թույլտվության շրջածախ առեւտրի իրականացման վերաբերյալ որեւէ կարգավորում նախատեսված չէ: Մանսավորապես Օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 18-րդ մասով առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առեւտրի իրականացման համար վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն Երեւան համայնքի վարչական տարածքում: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի պահանջները,  եւ իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները հստակեցնել՝ համապատասխանեցնելով գործող օրենսդրական կարգավորումներին:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 
 

12.09.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ 

Նախագծերի փաթեթին առնչվող  այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

12.09.2022թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել երկու նկատառում:

1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, ըստ որի. «Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 140-րդ հոդվածի 5-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 3-րդ եւ 18-րդ մասերով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո՝ երեսնօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան՝ առգրավված առարկան բռնագրավելու պահանջով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլեւս գոյություն չունի:»: Ընդ որում, մեր կողմից ընդգծված մասն առաջին անգամ է ամրագրվում օրենքով, եւ բացի այն, որ այդ մոտեցումը, մեր կարծիքով, բավականին խոցելի է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի տեսանկյունից (ըստ որի. «Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:»), որեւէ կերպ չի «բացվում» կամ մանրամասնեցվում, ինչն էլ առաջարկում ենք կատարել՝ տվյալ նորմի հետ կապված տարընթերցումներից եւ մեկնաբանության հնարավորությունից առավելագույնս խուսափելու նպատակով: 

Մասնավորապես, այս առումով, անհասկանալի է մնում, թե ի՞նչ է նշանակում «վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլեւս գոյություն չունի» արտահայտությունը: Ձեւական տրամաբանության տեսանկյունից ակնհայտ է, որ դատարան դիմելու պահին վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան կարող է գոյություն չունենալ՝ 

ա) պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով, օրինակ՝ շուտ փչացող մթերք լինելով այդ առարկան կարող է պիտանի չլինել օգտագործման կամ օգտահանման, ֆորս-մաժորային տարբեր հանգամանքների ի հայտ գալու արդյունքում տվյալ առարկան կարող է ոչնչանալ եւ այլն, կամ՝

բ)  պայմանավորված սուբյեկտիվ հանգամանքներով, օրինակ՝ տվյալ առարկաների յուրացման, գողության (այդ թվում՝ նաեւ առարկան առգրաված մարմինների կողմից պատշաճ պահպանության չապահովման արդյունքում), միտումնավոր այնպիսի գործողությունների կատարման, որի արդյուքնում անիմաստ կդառնա ետ պահանջել առգրավված առարկան եւ այլն:

 Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտ է նշված երկու դեպքերի համար առանձին-առանձին սահմանել այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն համապատասխան մարմինների կողմից, սակայն անպայման դատական որոշման առկայության դեպքում: Այսինքն, ելնելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման էությունից, կարծում ենք, բոլոր դեպքերում առգրավված առարկաների մասով պետք է կայացվի դատական ակտ, քանի որ ամեն դեպքում առգրավված առարկաների ոչնչացման կամ վնասման պարագայում դրանց սեփականատերերը կրելու են նյութական եւ ֆինանսական կորուստներ:

Բացի այդ, առաջարկում ենք սահմանել նաեւ այն դեպքերն ու պայմանները, որոնց ի հայտ գալու պարագայում համապատասխան մարմինները պարտավոր են լինելու վերադարձնել առգրավված գույքը կամ տալ համարժեք փոխհատուցում: Այս նորմերի սահմանման կարեւորությունը բխում է հենց առաջարկվող լրացման վերջին մասի, այն է՝  վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլեւս գոյություն չունենալու դեպքում դատարան չդիմելու հնարավորության ամրագրման հանգամանքից, քանի որ առգրավում իրականացրած մարմինները շատ ակնհայտ մոտիվացիա են ունենում «ապահովելու» առգրավված վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաների «գոյություն չունենալը»՝ դատական վարչարարությունից խուսափելու նպատակով:

2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ պարբերության նոր խմբագրության հետ կապված, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել (հղում տալ), թե դատավարական ո՞ր օրենսգրքով պետք է կատարվի վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող՝ առգրավված առարկաների դատական կարգով բռնագրավումը: Զուտ տրամաբանորեն ենթադրելի է, որ վարչական պատասխանատվության, այդ թվում, եւ առաջին հերթին՝ վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաների բռնագրավման հետ կապված գործերը պետք է քննվեն Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ի տարբերություն  Քրեական դատավարության օրենսգրքի, Վարչական դատավարության եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում «բռնագրավում» բառը (հասկացությունը) ընդհանրապես բացակայում է: 


Եզրահանգում

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, կարծում ենք, լրամշակման եւ որոշ մասով վերաիմաստավորման  կարիք ունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.09.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարել փոփոխություններ եւ լրացումներ, ինչպես նաեւ այդ կապակցությամբ «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ «Քաղաքացիական օրենսգրքում» կատարել լրացումներ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ (այսուհետ՝ Հիմնավորում) Նախագծերի փաթեթի նպատակն է կտրուկ նվազեցնել Օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված զանցակազմ պարունակող արարքները՝ ոչ սահմանված տեղերում առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը, ինչպես նաեւ պաշտպանել հանրային առողջությունը, ապահովել անձանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ պահպանել համայնքների քաղաքակիրթ արտաքին տեսքը։ 

Ըստ Հիմնավորման՝ «...համայնքներում եւ գլխավորապես Երեւան համայնքում, մշտապես իրականցվում է սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի բացօթյա առեւտուր դրա համար չնախատեսված վայրերում եւ օրենսդրությամբ ամրագրված պահանջների խախտմամբ։ Վերը նկարագրված առեւտրի իրականացման դեպքերը շարունակական բնույթ են կրում՝ չնայած տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տուգանքի ձեւով վարչական տույժի կիրառման բազմակի դեպքերի, եւ վերջինս արդյունավետ միջոց չի ծառայում համապատասխան զանցանքների կանխարգելման համար։ Գործնականում, դեպքերի բացարձակ մեծամասնությունում, տուգանքի տեսքով վարչական տույժի կիրառմանը հաջորդում է վարչական իրավախախտման դադարեցումը կարճատեւ ժամանակով, որից հետո ապօրինի առեւտրի իրականացումը շարունակվում է։

Գաղտնիք չէ, որ բացօթյա պայմաններում հատկապես սննդամթերքի, բայց նաեւ այլ՝ ոչ պարենային ապրանքների պահպանումը եւ վաճառքը առավել ռիսկային է դրանց միջոցով տարատեսակ հիվանդությունների փոխանցման տեսանկյունից։ 

Արգելված ապրանքների բացօթյա առեւտրի իրականացումը հաճախ զուգորդվում է մայթերի, հետիոտնային անցումների զավթմամբ, եւ, որպես հետեւանք, քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը խոչընդոտելով։ Վերջապես, անորակ, անհայտ ծագման ապրանքների վաճառքը տարրական սանիտարական նորմերի չպահպանման պայմաններում անհամատեղելի են քաղաքակիրթ համայնքների տեսքի հետ։...»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:

2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Բացօթյա առեւտուրը վտանգավոր է համաճարակաբանական առումով: Հիմնական սպառնացող վտանգը սննդային գործոնով պայմանավորված հիվանդություններն են՝ սննդային թունավորումները, աղիքային վարակիչ հիվանդությունները եւ այլն:

Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է դրական նշանակություն ունենալ բնակչության առողջության պահպանման, տարատեսակ հիվանդությունների փոխանցման կանխարգելման, համայնքների քաղաքակիրթ արտաքին տեսքի պահպանման առումով, մինչդեռ, հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեր կարծիքով, կունենա նաեւ հակառակ ազդեցություն սոցիալապես անապահով անձանց համար, քանի որ քաղաքացիների մի մասի համար փողոցում առեւտուրը, ըստ նրանց, լուծում է օրվա հացի խնդիրը:

Կարծում ենք խնդրի լուծման այլընտրանք է նաեւ այն, որ տրամադրվեն համապատասխան տարածքներ այն քաղաքացիներին, ովքեր զբաղվում են սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի բացօթյա առեւտրով՝ դրա համար չնախատեսված վայրերում: Այսինքն, բացօթյա առեւտրով զբաղվողների համար (ովքեր ստիպված են փողոցում զբաղվում առեւտրով) ստեղծել առեւտրի՝  սանիտարահամաճարակային անվտանգության կանոններին եւ հիգիենիկ նորմերին  համապատասխան, հարմարավետ պայմաններ (օրինակ՝ փոքր թաղամասային շուկաներ, փակ խանութատիպ տարածքներ), այլապես, մեր կարծիքով, Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներով խնդիրը ոչ թե կլուծվի, այլ ավելի կխորանա: 


Եզրահանգում

Բնակչության առողջության վրա ազդեցության տեսանկյունից Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է ունենալ դրական նշանակություն, մինչդեռ, սոցիալական վիճակի վրա ազդեցության տեսանկյունից կարող է խնդիր առաջացնել:

Կարծում ենք Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից  լրամշակման կարիք ունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                                                     Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

07.09.2022թ.