ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-347-27.07.2022-ՖՎ-011/0) եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-3471 -27.07.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ` Կ-347-27.07.2022-ՖՎ-011/0) եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-3471 -27.07.2022-ՖՎ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

16.08.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում լրացնել 14-րդ մաս, որի համաձայն՝ «14. Հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում, կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) նպատակով պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է կայունացման միջոցների ենթահաշիվ:»: Միաժամանակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող այլ մասերում (օրինակ՝ 15-րդ, 16-րդ) գործածված է «կայունացման հաշիվ» հասկացությունը՝ իր հոլովաձեւերով: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 14-րդ մասում «կայունացման միջոցների ենթահաշիվ» բառերից հետո փակագծերում սահմանել նաեւ «կայունացման հաշիվ» տարբերակը՝ եզրույթների մեկնաբանման հստակությունն ապահովելու նպատակով: 

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 15-րդ հոդվածում լրացվող 14-րդ եւ 15-րդ մասերը երկու կողմից ներառել չակերտներում: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 15-րդ հոդվածում լրացնել 15-րդ մաս, որի համաձայն՝ «15. Կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքում կիրառված է «ՀՆԱ» եզրույթի ամբողջական տարբերակը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի մեջբերված դրույթների պահանջները՝ առաջարկում ենք քննարկվող հապավումը փոխարինել եզրույթի ամբողջական տարբերակի հիշատակմամբ:

3. Նախագծի 3-րդ հոդվածի «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4. «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «5.1-րդ» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «5.1-ին» գրելաձեւով՝ հիմք ընդունելով դասական թվականների հիշատակման կանոնը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

16.08.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին  

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

16.08.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը եւ կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը: Մասնավորապես, «Գանձապետական համակարգի մասին» օրենքում որպես գանձապետական միասնական հաշվի՝ գանձապետարանի կողմից վարվող ենթահաշիվ, առաջարկվում է ավելացնել «կայունացման միջոցների ենթահաշիվ» հասկացությունը, իսկ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ կետում, որտեղ շարադրված է պետական լիազորված մարմնի անվամբ բացված արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվների նպատակը, առաջարկվում է ավելացնել «հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) համար» նպատակը: Այս օրենքում եւս առաջարկվում է նախատեսել կայունացման միջոցների ենթահաշիվ՝ որպես գանձապետական միասնական հաշվի ենթահաշիվ:

Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, եւ որը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում: 

Նախագծերի փաթեթը, ըստ էության, ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն դրանում, մեր կարծիքով, առկա է խմբագրական բնույթի մեկ թերություն: Մասնավորապես, Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի նոր՝ 14-րդ մասով նախատեսվում է, որ հարկաբյուջետային եւ կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու (այդ թվում՝ կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման) նպատակով պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացվում է «կայունացման միջոցների ենթահաշիվ», այն դեպքում, երբ առաջարկվող մյուս լրացումներում, նույն իմաստով, օգտագործվում է «կայունացման հաշիվ» հասկացությունը:

Այս կապակցությամբ առաջարկում ենք նույն իմաստով օգտագործել միեւնույն հասկացությունը (տվյալ դեպքում՝ «կայունացման միջոցների ենթահաշիվ» հասկացությունը, որն ավելի բնութագրական է տվյալ ենթահաշվի բովանդակության առումով), կամ էլ, եթե նպատակն ավելի կարճ հասկացության օգտագործումն է, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի նոր՝ 14-րդ մասի «կայունացման միջոցների ենթահաշիվ» բառերից հետո ավելացնել «(այսուհետ՝ կայունացման հաշիվ)» բառերը:

Նույն իմաստով առաջարկում ենք խմբագրել նաեւ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը օգտագործվող հասկացությունների մասով խմբագրման եւ լրամշակման կարիք ունի:
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.08.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում: 

Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ բացված կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացների իրավական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի նպատակն է՝ լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը: 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է նաեւ սահմանել կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում: 

Ըստ կից ներկայացված հիմնավորման՝ բազմաթիվ երկրների կառավարություններ ստեղծել են կայունացման հաշիվներ կամ կանխիկի բուֆերներ, որոնք իրենցից ներկայացնում են հարկաբյուջետային քաղաքականության մեխանիզմ՝ ուղղված տնտեսական լավ ժամանակաշրջանում միջոցները խնայելուն եւ տնտեսական անկման ժամանակաշրջանում այդ միջոցներն օգտագործելուն: Շատ դեպքերում դրանք հանդիսացել են հարկաբյուջետային խափանումները կարգավորելու լավագույն միջոց: Կայունացման հաշիվներ ստեղծվել են բազմաթիվ երկրներում: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների մեծ մասը՝ 35-ից 29 երկիր ստեղծել է կանխիկի բուֆեր, օրինակ՝ Ուրուգվայ, Գանա, Լեհաստան, Հունգարիա, Պորտուգալիա, Բրազիլիա, Դանիա եւ այլն:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական բյուջեի կատարման եւ կառավարության կանխիկ հոսքերի կառավարման ոլորտում ընդունված պրակտիկա է կանխիկի բուֆերի կամ կայունացման հաշվի առկայությունը, որը կարեւոր գործիք է նաեւ տնտեսական հնարավոր շոկերի եւ ցնցումների ազդեցությունը մեղմելու համար:

Կայունացման հաշվի կամ կանխիկի բուֆերի նպատակներն են.

- աջակցել մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային կայունության պահպանմանն ու տնտեսական շոկերին հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականությամբ արձագանքելուն,

- աջակցել կառավարության պարտքի կառավարման քաղաքականությանը, այդ թվում՝ մեղմել կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկը,

- ամրապնդել շուկայի վստահությունը կառավարության ֆինանսական կարողությունների նկատմամբ եւ առավել ճկուն դարձնել ֆինանսավորման աղբյուրների ընտրությունը,

- աջակցել կանխիկ հոսքերի կառավարման քաղաքականությանը,

- աջակցել պետական բյուջեի կատարմանը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կսահմանվեն հստակ ձեւակերպված ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը, կառավարության կողմից կմշակվեն համապատասխան մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու եւ հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/513618  /ներք.1618/