ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-334-11.07.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-334-11.07.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

01.08.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Միաժամանակ, հիմք ընդունելով օրենքի լրիվ անվանման հիշատակման մեջ ներառվող հաջորդական տվյալների ամբողջությունը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «N» նշանը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.1-ին մասի համաձայն՝ «5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած լինելու պայմանի համար կոնկրետ ժամկետի սահմանման հետեւանքով անձանց որոշակի շրջանակի համար նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման արտոնություն: Միեւնույն ժամանակ հասկանալի չէ՝ 2021 թվականի մայիսի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց վերաբերյալ նման արտոնության սահմանման բացակայությունը: Հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած լինելու պայմանի համար կոնկրետ ժամկետի սահմանման վերաբերյալ հիմնավորումը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.2-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվող նոր՝ 11.1-ին մասում կիրառվում է «սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին» ձեւակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» հասկացությունը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին» ձեւակերպումը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» հասկացությամբ՝ իր համապատասխան հոլովաձեւերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված պահանջից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.2-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկ ամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին եւ միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվող նոր՝ 11.1-ին մասի համաձայն՝ «Որպես օտարերկրյա քաղաքացի որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում»: 

Օրենքում լրացվող վերոնշյալ երկու դրույթների համադրությունից ակնհայտ է, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվող նոր՝ 11.1-ին մասում սահմանված իրավակարգավորումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի մասին նշման, անհիմն կրկնում է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող 5.2-րդ մասում սահմանված իրավակարգավորումը: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում անհիմն կրկնությունը բացառելու նպատակով Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 25-րդ հոդվածում լրացվող նոր՝ 11.1-ին մասի նախատեսման փոխարեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի մասին նշումը կատարել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5.2-րդ մասում: Սույն առաջարկը բխում է Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջի պահպանման անհրաժեշտությունից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»:

5. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.07.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

29.07.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել այն քաղաքացիներին, ովքեր որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել են: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                 Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

18.07.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքում: 

Նախագիծը ներկայացվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հուլիսի 27-ի N 02/10.20/25002-2021 հանձնարարականը, այն է՝ «...սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլեւս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:»: 

Նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հեռ. /011/513618  /ներք.1618/