ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-295-08.06.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-295-08.06.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

24.06.2022թ. 





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածում «2018թ.» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «2018 թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը՝ տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ:»:

Միաժամանակ՝ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված եզրակացության մեջ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

23.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի Հավելված 1-ի հոդված 1-ում «մտավոր գործունեության արդյունքներ» հասկացության մեջ, որպես մտավոր գործունեության արդյունք, դիտարվկել են «օգտակար մոդելներ» եւ «արդյունաբերական նմուշներ» եզրույթները: Մինչդեռ 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Արտոնագրերի մասին» օրենքը, որի ուժով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով օգտակար մոդելները եւ արդյունաբերական նմուշները չեն նախատեսվում  որպես մտավոր գործունեության արդյունք. համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որպես մտավոր գործունեության արդյունք, նախատեսված է արդյունաբերական դիզայնը: Ուստի առաջարկում ենք համաձայնագրով սահմանված հասկացությունները նախատեսելիս (կամ թարգմանություն իրականացնելիս) հաշվի առնել վերը նշված հասկացությունները:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

23.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է վավերացնել «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը` կից վերապահումով (այսուհետ՝ Համաձայնագիր): 

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին:

Համաձայնագրի նպատակն է  խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական եւ կազմակերպական հիմքեր սահմանելը, ինչպես նաեւ համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր եւ այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք Կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը:

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված եզրակացության համաձայն, Համաձայնագրում առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որոնց չափը հնարավոր չէ գնահատել: Միաժամանակ Համաձայնագրում առկա չեն պետական բյուջեի եկամուտների նվազեցում նախատեսող դրույթներ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

20.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2018թ. նոյեմբերի 2-ին ստորագրված՝ «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը՝ կից վերապահումով (այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրի  նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական եւ կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաեւ համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք Կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը:

Համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 34-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը մեծապես կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը տիեզերական ոլորտում:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության կողմից:

Համաձայնագիրը սահմանում է համագործակցության հետեւյալ շրջանակները՝

- Հիմնարար եւ կիրառական տիեզերական հետազոտություններ՝ ներառյալ տիեզերական միջավայրի հեռավոր զոնդավորում, աստղագիտական հետազոտություն,

- Երկրի հեռակա զոնդավորում,

- համակարգող-ժամանակային եւ տեղորոշիչ ապահովում,

- տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում,

- աստերոիդ-գիսաաստղային վտանգի կանխարգելում,

-տիեզերական գործունեության իրականացման ժամանակ շրջակա միջավայրի էկոլոգիական անվտանգության եւ պաշտպանության ապահովում,

-տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական ենթակառուցվածքի հետ կապված գիտատեխնիկական, փորձարարական-կառուցողական, փորձարարական-տեխնոլոգիական եւ այլ աշխատանքներ,

- փորձնական տիեզերական թռիչքներ,

- տիեզերական ծառայությունների մատակարարում եւ օգտագործում,

-տիեզերական ոլորտում Կողմերի ազգային նորմատիվ իրավական եւ տեխնիկական փաստաթղթերի փոխհամաձայնեցում:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                              ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)