ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-291-06.06.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-291-06.06.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

28.06.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի հոդվածներն առաջարկում ենք նշել «Հոդված» գրելաձեւով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «(…) Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը»:

2.Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

3.Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

4.Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «մասով» բառը փոխարինել «կետով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը եւ այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածը բաժանված է կետերի:

5.Նախագծի  3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 65-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասով սահմանված է ՝ «(...) Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ զինծառայողի (նախկին զինծառայողի) միջեւ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր կնքելու միջոցով»: 

1) Նշված կարգավորումից բխում է, որ վերը նշված դեպքերում նվիրատվության պայմանագիր է կնքվում զինծառայողի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի միջեւ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո»: Օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ «Պետությունը կարող է իր սեփականության ներքո գտնվող գույքը հանձնել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությանը` պետական գույքի մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով»: Օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաեւ դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում»: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի ընդհանուր կարգավորումից բխում է, որ, որպես պետական մարմին հանդես եկող պետական կառավարման մարմինները, նախարարություններն են, այլ ոչ թե նախարարը, ուստի առաջարկում ենք նախարարի փոխարեն նվիրատվության պայմանագրի կողմ սահմանել նախարարությանը:

2) Օրենսգրքի 598-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով սահմանված է «Արգելվում է (…) պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ, որպես նվիրատվության արգելք, սահմանված է ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ պետական մարմինների ծառայողներին կատարված նվիրատվությունը: Այսինքն՝ նշված երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում նվիրատվություն չի կարող կատարվել, այն է՝ 
 

  •  նվիրատվությունը կատարվում է պետական ծառայողի՝ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ 
  • նվիրատվություն իրականացնելիս նվիրառուն շարունակում է համարվել պետական ծառայող: 

Նախագծով նախատեսված կարգավորմամբ ստացվում է  պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու (20 տարի անց) դեպքում անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը նվիրատվությամբ փոխանցվում է զինվորական ծառայողին, մինչդեռ նման կարգավորումից հասկանալի չէ՝ համապատասխան զինծառայողն ազատվում է արդյոք  զինվորական ծառայությունից, թե կարող է նաեւ շարունակել ծառայությունը: Սույն հարցադրման կարեւորությունը կայանում է նրանում, որ  պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու եւ զինվորական ծառայությունը շարունակել նախընտրող զինծառայողին նվիրատվություն, ըստ էության, չի կարող կատարվել Օրենսգրքի 598-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված արգելքի ուժով: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծով նախատեսել համապատասխան կարգավորումներ:

6. Նախագծի  3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 65-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասի համաձայն՝ «(…) Սույն օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու, ինչպես նաեւ սույն օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված դեպքերում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված եւ հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը (…)»: Այսպես՝ նշված կարգավորումից բխում է, որ Նախագծով, որպես գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքեր, սահմանվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու եւ պայմանագրային զինծառայողի՝ այլ պետական մարմին տեղափոխվելու դեպքերը: Օրեսնգրքի 696-րդ հոդվածով հստակ սահմանված են գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը: Բացի այդ՝ Օրենսգրքի 697-րդ հոդվածով նախատեսվում է ցանկացած կողմի հայեցողությամբ պայմանագրից ցանկացած պահին հրաժարվելու հնարավորություն, ինչը նախատեսված է իմպերատիվ՝ առանց օրենսդրությամբ կամ պայմանագրով հնարավոր բացառություն նախատեսելու հնարավորության: Վերոգրյալի առնչությամբ նշենք նաեւ՝ Օրեսնգրքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է. «(…) Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին»: Հիմք ընդունելով Օրենսգրքի նշված դրույթներով նախատեսված կարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծով սահմանված դրույթները համապատասխանեցնել Օրեսնգրքի պահանջներին կամ բացառություններ նախատեսող հղումներ կատարել Օրենսգրքում:

7. Նախագծի  3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 65-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասով սահմանվում է. «Սույն մասով սահմանված բնակարանների ձեռք բերումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատրաստի բնակարանների գնման միջոցով:»: Այսպես՝ նշված դրույթով, պետության կողմից Նախագծով նախատեսված պայմաններին բավարարող զինծառայողների համար բնակարան ձեռք բերելու գործընթացը, նախատեսվում է կատարել՝ ըստ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության: «Գնումների մասին» օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածով սահմանված է՝ «Օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները»: Այսինքն՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որպես գնման առարկա, նախատեսված է գնվող ապրանքը, աշխատանքը եւ ծառայությունը, եւ տվյալ օրենքի կարգավորումներից հասկանալի չէ՝ արդյոք անշարժ գույքը՝ պատրաստի բնակարանը, ներառվում է գնման առարկայի մեջ, թե ոչ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ «ապրանք» եզրույթը տարբեր իմաստներով է կիրառվում եւ գույքի տարբեր շրջանակ է իր մեջ ներառում, եւ իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք  «Գնումների մասին» օրենքում նախատեսել կարգավորում առ այն, որ գնման առարկա է համարվում նաեւ անշարժ գույքը:

8. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա»: Նշված դրույթով հղում է կատարվում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետին, մինչդեռ նշված հոդվածով ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձանց հետ կնքվող պայմանագրի ժամկետ նախատեսված է տասը տարին: Հիմք ընդունելով այն հանգամանք, որ Նախագծի 4-րդ հոդվածով նպատակ է հետապնդվում Նախագծով նախատեսված կարգավորումների գործողությունը տարածել  20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների վրա՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում հղում կատարել  Նախագծին կամ հստակ նշել անձանց շրջանակը, ում վրա նախատեսվում է տարածել Նախագծով նախատեսված կարգավորումները: 

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով Նախագծով նախատեսված հնարավորությունից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի մեջ ընդգրկել ոչ միայն 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձանց, այլ նաեւ մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կամ այնտեղ սովորող զինծառայողներին՝ նախատեսելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետի փոփոխություն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծով նախատեսված կարգավորումներ հստակությունը, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

28.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է անհրաժեշտություն այլ օրենքներում փոփոխություն կամ լրացում կատարելու: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝  գույքի անհատույց օգտագործումը կարգավորող դրույթներում, առաջարկում ենք սահմանել բացառություն այլ օրենքներով նախատեսված դեպքերի համար, ինչը հնարավորություն կտա անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի լուծման հիմքերի մասով Օրենսգրքով նախատեսված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ նախատեսել Նախագծում:

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք անհրաժեշտ է լրացում կատարել նաեւ «Գնումների մասին» օրենքում՝ որպես գնման առարկա հանդիսացող ապրանքի մեջ ներառելով շարժական եւ անշարժ գույքը:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

28.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝ 

- ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, 

- ամրագրել ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, 

- անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաեւ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները (նախատեսվում է, որ բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը եւ պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ):

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.06.2022թ.
 




Սոցիալական փորձաքննության արդյունքները


Կառավարության կողմից ներկայացվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի Նախագիծը:

Վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ եւ որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի եւ ներկա դրությամբ արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության եւ սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության եւ ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Ելնելով վերոգրյալից՝ Նախագծով առաջարկվում է.

1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ կնքվում են 20 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով նախատեսում է տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառության ավարտից հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն:

2. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին (այսուհետ՝ Զինծառայող) անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրում: Ընդ որում, 

- պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով.

- կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, Զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սույն մասով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) Զինծառայողի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 65-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված ընտանիքի անդամներին:

Համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումը.

Առաջարկում ենք, որպեսզի Օրենքի 65-րդ հոդվածի նոր լրացվող 2.1 մասում «պաշտպանության նախարարի» արտահայտությունը փոխարինվի «պաշտպանության նախարարության» արտահայտությամբ /Նվիրատվության պայմանագրի կողմ կարող է հանդես գալ ՀՀ պաշտպանության նախարարությունը/: 


Եզրահանգում

Նախագիծը սոցիալական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն՝ կապված 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների բնակարանային ապահովման տեսանկյունից, եւ միաժամանակ Նախագծի ընդունումը կխթանի սպայական կազմի համալրմանը:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

27.06.2022թ.