ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ   

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-289-03.06.2022-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2891 -03.06.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-289-03.06.2022-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-2891 -03.06.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

         Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

27.06.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ նաեւ` Օրենք) լրացվող նոր՝ 4.3-րդ գլխում առաջարկում ենք գլխի եւ հոդվածների համարներն ու վերնագրերը շարադրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 4.3-րդ գլխում ներառվող 15.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ակցիան իրականացվում է հետեւյալ եղանակներով.

1) զեղչ.

2) ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 4.3-րդ գլխում ներառվող 15.6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը ակցիա իրականացողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի արդյունքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ակցիայի արդյունքում դրանց ձեռք բերումը դառնում է այլ կերպ շահավետ:

2. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, ի թիվս այլնի, կարող են ներառել.

1) ակցիայի գնի դիմաց լրացուցիչ ապրանքի կամ ծառայության առաջարկ.

2) ակցիայի շրջանակում փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինը ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը:»:

Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի իրականացման եղանակներից մեկի, այն է` ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառման հասկացությունը չի համապատասխանում բովանդակությանը: Մասնավորապես՝ ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառման վերաբեյալ սահմանված կարգավորումներից բխում է, որ վերջինս կարող է ներառել, օրինակ՝ փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինը ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը: Ուստի, կարծում ենք՝ փաստացի տեղի է ունենում փաթեթում ներառված ապրանքների իրացում կամ ծառայությունների մատուցում սահմանված գների փոփոխությամբ, այն է՝ ավելի ցածր արժեքով: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել ակցիայի «ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված միջոցառում» իրականացման եղանակի հասկացության սահմանված անվանումը բովանդակությանը համապատասխանեցնելու նպատակով: 

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Զեղչն ապրանքի իրացմանը կամ ծառայության մատուցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է (…)»: Մեջբերվածի վերաբերյալ նշենք, որ «ապրանքի իրացմանը կամ ծառայության մատուցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում» ձեւակերպումից բխում է, որ որպես զեղչի ժամկետի հաշվարկման սկիզբ սահմանվում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման պահը: Մինչդեռ նշված ձեւակերպումը բավարար չափով հստակ չլինելու պատճառով անհնար է հասկանալը, թե կոնկրետ երբ է սկսվում ժամկետի հաշվարկը: Վերոգրյալի կապակցությամբ հարկ է անդրադառնալ նաեւ նույն հոդվածի՝ նմանատիպ բովանդակություն ունեցող 3-րդ մասին, այն է. «Ապրանքի կամ ծառայության գնի տոկոսային նվազեցումը կատարվում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնից»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով արդեն իսկ առկա է ժամկետի հաշվարկի ավելի հստակ տարբերակ, ինչպես նաեւ անհարկի կրկնություններից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.5-րդ հոդվածի 1-ին մասում «ապրանքի իրացմանը կամ ծառայության մատուցմանը» բառերը փոխարինել «զեղչի հրապարակման պահին» բառերով եւ նույն հոդվածի 3-րդ մասը հանել: 

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 4.3-րդ գլխում ներառվող 15.5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ապրանքի կամ ծառայության գնի տոկոսային նվազեցումը կատարվում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնից:»:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Գործնականում հանդիպող խնդիրներից են, ի թիվս այլնի.

1. Ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից 

(…)

Նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնելու օրենսդրական բարեփոխումների աշխատանքներ:»:

Այսպես՝ վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ հասկանալի չէ՝ ինչպես է ընտրվել զեղչի հրապարկման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գինը որպես ապրանքի կամ ծառայության գնի տոկոսային նվազեցման հաշվարկման միավոր: Կարծում ենք՝ զեղչը պետք է հաշվարկվի այնպիսի տեւական ժամանակահատվածում ապրանքի եւ ծառայության մատուցման միջին գնից, որը կբացառի ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի արհեստական բարձրացման եւ արդեն իսկ բարձրացված գնից ակցիայի կիրառման հնարավորությունը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի համար սահմանված մեկամսյա ժամանակահատվածը՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ նշված նպատակի իրագործման ապահովման տեսանկյունից:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.5-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Ակցիա իրականացնողը զեղչ սահմանելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող եւ զեղչի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ եւ ընկալելի»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Ակցիա իրականացնողը ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում կիրառելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող տվյալ ակցիայի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ եւ ընկալելի»: Վերոգրյալ երկու դրույթների համեմատությունից հասկանալի է, որ դրանք նույնաբովանդակ դրույթներ են, որոնց միակ տարբերությունը կայանում է «որոշակի գործողությունների կատարում ենթադրող եւ զեղչի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ» եւ «որոշակի գործողությունների կատարում ենթադրող տվյալ ակցիայի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ» ձեւակերպումներում «եւ» շաղկապի առկայության կամ բացակայության մեջ, ինչի արդյունքում 1-ին ձեւակերպման մեջ ստացվում է երկու պայման, իսկ երկրորդի մեջ՝ մեկ: Կարծում ենք՝ անհրաժեշտ է սահմանել միատեսակ կարգավորում երկու դրույթների համար:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.7-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Վաճառողը կամ ծառայություն մատուցողը կարող է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ դադարեցնել ակցիայի իրականացումը»: Այս կապակցությամբ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 15.7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից բխում է, որ ակցիան պետք է իրականացվի հստակ ժամանակահատվածում՝ նախապես նշելով ակցիայի սկզբի եւ ավարտի մասին: Նույն հոդվածի 7-րդ մասը սահմանում է բացառություն, որի դեպքում ակցիան կարող է նշված ժամկետից շուտ դադարել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 15.7-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դրույթը նախ՝ հակասում է նույն հոդվածի դրույթների տրամաբանությանը, երկրորդ՝ չի բխում սպառողների շահերից, հետեւաբար առաջարկում ենք նշված դրույթը հանել:

7. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:

8. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքի կարգավորումները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո հայտարարվող ակցիաների նկատմամբ:»:

Վերոնշյալ կարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»

Նախագծով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք նախատեսում են պահանջներ, կիրառման պայմաններ, պարտականություններ: Մասնավորապես՝ Նախագծով, ի թիվս այլնի, սահմանված են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, ակցիա իրականացնողի համար որոշակի պարտականություններ: Ուստի, կարծում ենք՝ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը հիմնավոր ժամանակահատված չէ, որը կարող է բացառել հասցեատեր սուբյեկտների՝ ակցիա իրականացնողների կողմից իրենց վարքագիծը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հնարավորությունը: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ ողջամիտ ժամկետ սահմանելու նպատակով:

Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է անցումային դրույթ՝ Նախագծով սահմանված կարգավորումների գործողության տարածումը միայն Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո հայտարարվող ակցիաների նկատմամբ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագիծն ուժի մեջ մտնելու պահին գործող ակցիանների վերաբերյալ կարգավորումներ նախատեսող անցումային դրույթները բացակայում են: 

9. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը գրել «հարկային» բառից առաջ, ինչպես նաեւ «ՀՕ-165-Ն» հերթական համարը հանել՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված պահանջներին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

10. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

11. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «4-րդ հոդվածը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «4-րդ հոդվածի 1-ին մասը» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածը բաղկացած է 1-ին մասից, որը բաժանված է 72-րդ կետերի:

12. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամեկտը նախատեսված չէ:

Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»

Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ սահմանված կանոնի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնելու դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերի համար նախատեսել ուժի մեջ մտնելու միեւնույն ժամկետ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: 

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.06.2022թ.

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումների արդյունքում Օրենքում սահմանվում են նոր դրույթներ, որոնք սահմանում են ակցիաների եւ դրանց իրականացման կարգի վերաբերյալ կարգավորումներ, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջներ: Օրենքի 18-րդ հոդվածում սահմանված է Օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը, որի համաձայն՝ «Սույն օրենքի պահանջները խախտելու համար առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:»:  Վերոգրյալի կապակցությամբ նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 12-րդ գլխում նախատեսված են առեւտրի եւ ծառայությունների բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ կարգավորումներ, հետեւաբար, կարծում ենք՝ անհրաժեշտություն կառաջանա այդ գլխում լրացնել Նախագծով սահմանվող կարգավորումների խախտման համար պատասխանատվություն նախատեսող դրույթներ:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք՝ անհրաժեշտություն կառաջանա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի «է» ենթակետի «զեղչեր կամ ակցիաններ» բառերն փոխարինել «ակցիաներ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանված «ակցիա» հասկացությունն իր մեջ ներառում է զեղչը: 

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

24.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Փաթեթն (այսուհետ՝ Փաթեթ) ուղղված է առեւտրի եւ ծառայությունների ոլորտում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից ակցիաների իրականացման եւ կազմակերպման գործընթացի կարգավորմանը եւ նպատակ ունի բարձրացնել դրանց հետ կապված սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության մակարդակը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Փաթեթի կազմում ընդգրկված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ Օրենքի  նոր՝ 15?4-րդ հոդվածում տրվում է «ակցիա» հասկացության սահմանումը եւ դրա տեսակները, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Սույն գլխում սահմանված կարգավորումները տարածվում են ցանկացած գործողության նկատմամբ, որը համապատասխանում է սույն օրենքի իմաստով ակցիայի բնորոշմանը, անկախ իրականացրած գործողության համար փաստացի կիրառվող անվանումից:»? Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակցիայի իրականացման տեսակները եւ հնարավոր դրսեւորումները բազամազան են (որոնցից շատերը՝ նաեւ մեկնաբանելի են կամ ունեն թաքնված բնույթ), այդուհանդերձ, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել, թե իրավասու ո՞ր մարմնի գործառույթների մեջ է մտնում դրանց որոշումը վիճելի հարցերի առաջացման դեպքում: Հակառակ դեպքում կարող են ծագել անորոշություններ՝ վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից այս կամ այն գործողությունն ակցիա դիտարկելու հետ կապված:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր 15.5-րդ հոդվածում.

ա) 1-ին մասով զեղչը սահմանվում է որպես ապրանքի իրացմանը կամ ծառայության մատուցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցում: Այս կապակցությամբ, առաջանում են որոշ խնդիրներ եւ հարցադրումներ, մասնավորապես՝

- ո՞ր մարմինն է վերահսկողություն իրականացնելու միջին գնի արժանահավատության նկատմամբ եւ ի՞նչ մեխանիզմներով: Խնդիրը հատկապես բարդ է առեւտրի այն օբյեկտներում վաճառվող ապրանքների մասով, որոնց տեսականին շատ բազմազան է ու տարատեսակ, ինչպես նաեւ սեզոնային բնույթ ունեցող ապրանքների մաով, որոնց գնային տատանումների միջակայքը բավականաչափ լայն է, իսկ վերահսկողությունը՝ բարդ (այս կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել նաեւ Օրենքի 17-րդ հոդվածը, որտեղ լրացվող նոր հոդվածների գծով հսկողության եւ վերահսկողության լիազորություններ սահմանված չեն),

- այս մասով սահմանվում է, որ. «Զեղչն ապրանքի իրացմանը կամ ծառայության մատուցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի  կարճաժամկետ նվազեցումն է, …», այսինքն՝ զեղչի կիրառման գնային ելակետային բազա է սահմանվում նախորդ ամսվա միջին գինը (ինչը, բնականաբար, իրենից պետք է ներկայացնի այդ ամսվա ընթացքում վաճառքի փաստացի գների միջին թվաբանական մեծությունը): Սրա նպատակը, իհարկե, այն երեւույթի կանխումն է, ըստ որի շատ տնտեսավարողներ ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում կատարում են ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացում, որին հաջորդում է ակցիայի կիրառումն արդեն իսկ բարձրացված գնից, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող մոտեցումը (որպես ելակետային բազա նախորդ ամսվա միջին գնի ընդունումը) նույնպես չի լուծում տվյալ խնդիրը: Մասնավորապես, այս դեպքում որեւէ կերպ հնարվոր չի լինի արգելել տնտեսավարողին նախորդ ամսվա ընթացքում մի քանի անգամ կտրուկ բարձրացնել ապրանքի գինը (թեկուզ միայն փաստաթղթերով)՝ հետագայում ակցիայի կիրառման նպատակով, ինչպես նաեւ գործնականում հնարավոր չի լինի վերահսկել այդ գործընթացը: Այս կապակցությամբ եւ նշված խնդրի լուծման նպատակով առաջարկում ենք որպես զեղչի կիրառման ելակետային բազա սահմանել նախորդ ամսվա ընթացքում ոչ թե փաստացի վաճառքի միջին գինը, այլ նախորդ ամսվա ընթացքում տվյալ ապրանքի փաստացի վաճառքի նվազագույն գինը (այս դեպքում գոնե կվերանա ապրանքների գների արհեստական բարձրացումների կատարման մոտիվացիան, իսկ զեղչն էլ կլինի իրական, այլ ոչ թե արհեստական մեծություն): Մյուս կողմից, այս մասով առաջարկվող մոտեցումը չի դիտարկում այն դեպքը, երբ նախորդ ամսվա ընթացքում զեղչման ենթակա ապրանքի փաստացի վաճառք ընդհանրապես տեղի չի ունեցել (ինչն էլ, բնականաբար, միջին փաստացի գնի որոշման հնարավորություն չի տալիս): Այս կապակցությամբ էլ առաջարկում ենք նման դեպքում որպես ելակետային բազա ընդունել տվյալ ապրանքի իրացման համար սահմանված գինը: 

Ամփոփելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր 15?5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Զեղչն ապրանքի իրացմանը կամ ծառայության մատուցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի փաստացի վաճառքի կամ ծառայության փաստացի մատուցման նվազագույն գնի (իսկ փաստացի վաճառքի բացակայության դեպքում՝ իրացնողի սահմանած գնի) կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի նշման մասին հրապարակային տեղեկացմամբ եւ ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչեւ զեղչի իրականացումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ այդ դեպքերի, երբ մինչեւ զեղչի իրականացումը սահմանված գնից տարբերվող այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով):»:

բ) Առաջարկում ենք հանել տվյալ հոդվածի 3-րդ մասը, որը կրկնում է 1-ին մասի դրույթը եւ իրավական որեւէ նոր ծանրաբեռնվածություն չի պարունակում:

գ) Նույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանվում է, որ զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տեւել ոչ ավել, քան մեկնարկի պահից երեք ամիս, իսկ այս ժամկետն էլ չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում սպառողի կողմից ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը: 

Այս առումով, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել եւ սահմանել նաեւ, որ այս ժամկետը չի կարող որեւէ կերպ սահմանափակել նաեւ սպառողների այլ, մասնավորապես՝ օրենքով սահմանված ժամկետներում ապրանքների վերադարձի եւ փոխանակման, երաշխիքային սպասարկման եւ մյուս իրավունքները (գործնականում նման սահմանափակումներ արդեն իսկ կիառվում են, թեեւ այդ իրավունքները սահմանված են օրենքով): Համանման դրույթ է նախատեսված նաեւ Օրենքի 15?6-րդ հոդվածի 6-րդ մասում, ուստի առաջարկվում է նույն լրացումը կատարել նաեւ այդ մասում:

3. Սույն Նախագծի ընդունման նպատակը, ըստ էության, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) համար իրավական հիմքերի ստեղծումն է՝ հասարակությանը մոլորության մեջ գցելու երեւույթի դեմ պայքարելու համար, սակայն որեւէ կերպ Նախագիծը հղում չի տալիս «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, իսկ «Առեւրտրի եւ ծառայությունների մասին» օրենքն էլ (մասնավորապես՝ դրա 17-րդ հոդվածը) համապատասխան լիազորություններ չի նախատեսում այս մարմնի համար: Հետեւաբար, ինչպես նաեւ հնարավոր տարընթերցումներից եւ անորոշություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք ոչ միայն Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել ՏՄՊՊՀ-ի վերահսկողություն իրականացնելու հետ կապված լիազորություններով, այլեւ հստակ սահմանել, որ Նախագծով լրացվող կարգավորումների խախտումներն առերեւույթ հանդիսանում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հասարակությանը մոլորության մեջ գցելու փաստացի հանգամանքներ եւ հիմք են հանդիսանում համապատասխան տնտեսավարողների մասով վարույթ սկսելու համար: 


Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված դիտողությունները հաշվի առնելու տեսանկյունից:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

15.06.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում: 

Մասնավորապես, հեղինակն առաջարկում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն Օրենքը լրացնել նոր՝ 4.3-րդ գլխով, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածը լրացնել նոր՝ 73-րդ կետով:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ կկարգավորվեն՝ 

- ակցիայի հասկացությունը եւ տեսակները,

- զեղչի հասկացությունը եւ կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը եւ այլն,

- ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները եւ կիրառման պայմանները, 

- ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրա դադարեցման պայմանները եւ այլն, 

- օրենքին հակասող ակցիա իրականացնելու համար նախատեսվող իրավական հետեւանքները,

- հարկային օրենսդրության իմաստով «զեղչի» բովանդակությունը:

Ըստ էության, առեւտրի եւ ծառայությունների իրականացման գործընթացում, սոցիալական մեծ դեր ունեն ակցիաները, զեղչերը եւ այլ մարկետինգային գործունեության միջոցառումները, որոնք սպառողներին (գնորդներին) հնարավորություն են ընձեռում ապրանքները ձեռք բերել կամ ծառայությունները ստանալ առավել գրավիչ եւ շահեկան պայմաններով:

Այնուամենայնիվ, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, ներկայումս ակցիա իրականացնողների գործողություններում նկատվում են խնդիրներ՝ պայմանավորված ակցիայի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայությամբ, որոնց պայմաններում վաճառողների եւ ծառայություններ մատուցողների կողմից իրականացվող մարկետինգային միջոցառումների ընթացքում հանդիպում են ենթադրյալ հասարակությանը մոլորեցման դրսեւորումներ, ինչով էլ պայմանավորված է սույն Նախագծերի փաթեթի ընդունումը:

Գործնականում հանդիպող խնդիրներից են, ի թիվս այլնի՝ 

1. ակցիայի իրականացմանը նախորդող ժամանակահատվածում ապրանքի իրացման գնի կամ ծառայության մատուցման գնի կտրուկ բարձրացումը, որին հաջորդում է ակցիայի կիրառումը արդեն իսկ բարձրացված գնից, 

2. ակցիայի պայմանների վերաբերյալ թերի, ոչ հավաստի տեղեկատվության հրապարակումը, 

3. ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը փաստացի ակցիայի բացակայության պայմաններում, 

4. ակցիայի իրականացման ժամանակային սահմանափակում չունենալը, որպիսի պայմաններում ակցիայի արդյունքում սահմանվող գինը դառնում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման փաստացի գին:

Նախագծերի փաթեթում ներառված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես,

1. Նախագծով առաջարկվող, Օրենքում լրացվող 4.3 գլխի 15.5 հոդվածի 4-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով  ակցիա իրականացնողը զեղչի մեկնարկի առաջին օրվանից ապահովում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի եւ զեղչի կիրառման արդյունքում առաջարկվող գնի միաժամանակյա տեսանելիությունը սպառողին:»  բովանդակության մեջ, կարծում ենք, նպատակահարմար է հստակեցնել, թե «ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գին»-ը ի՞նչ տրամաբանությամբ է կիրառվում՝ կոնկրետ տվյալ ծառայության վայրի միջին գնի, թե՞ շուկայի: 

2. Կարծում ենք, անորոշ է Օրենքում լրացվող 15.5 հոդվածի 6-րդ մասի  «Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տեւել ոչ ավել, քան մեկնարկի պահից երեք ամիս:» բովանդակությունը: Մասնավորապես, ինչո՞վ է պայմանավորված զեղչի յուրաքանչյուր դեպքի տեւողությունը մինչեւ 3 ամիս սահմանելը (կարծում ենք, երեք ամիս տեւողությունը բավականաչափ մեծ է, ինչից ելնելով առաջարկում ենք այն նվազեցնել մինչեւ մեկ ամիս): Նույնը վերաբերում է նաեւ 15.6 հոդվածի 5-րդ մասին:

3. Կարծում ենք, որոշակի անորոշություն կա նաեւ Օրենքում լրացվող 15.7 հոդվածի 4-րդ մասի բովանդակության մեջ՝ «Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոս նշվում է այն տոկոսը, որով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը:»՝ կապված «ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը» նախադասության բովանդակության հետ:

Անորոշությունը կայանում է «ակցիային մասնակցող» ապրանքների սահմանված չափաքանակի (առնվազն մեկ հինգերորդ) հետ: Առաջարկում ենք, նախատեսել նաեւ որոշակի մեխանիզմներ տվյալ չափաքանակի արժանահավատությունը պարզելու համար:


Եզրահանգում

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է սոցիալական առումով դրական ազդեցություն ունենալ՝ սույն եզրակացության մեջ ներկայացված առաջարկությունները հաշվի առնելու դեպքում:
 




ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

13.06.2022թ.