ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-272-25.05.2022-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-272-25.05.2022-ԱՀ-013/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

02.06.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք նախագծի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառը փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով:

2.  Առաջարկում ենք Նախագծում «ՀՀ» հապավումները նշել ամբողջական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

3.  Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր եզրույթներ, մասնավորապես՝ «Արցախի Հանրապետություն», «Արցախ», «Ադրբեջանի Հանրապետություն», «Ադրբեջան» եզրույթները: Ոստի առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

02.06.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

02.06.2022թ.

        



    Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ շարադրվում են այս հիմնարար դրույթներից բխող քաղաքական այլ տեսակետներ՝ հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները: 

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

27.05.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից մշակված հայտարարութան Նախագծով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»  Ազգային ժողովի հայտարարության Նախագիծը: 

Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները ենթարկվում են ռազմական, հոգեբանական, քարոզչական եւ այլ հարձակումների, ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, չեն վերադարձվել հայ ռազմագերիները, այլ պահվող անձինք: Չնայած  Թուրքիան հայտարարել է, որ կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, այնուամենայնիվ այն շաղկապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքի հետ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ
 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

02.06.2022թ.