ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-267-18.05.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-267-18.05.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

08.06.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) նոր լրացվող 6.1-ին հոդվածի համարակալման մեջ առաջարկում ենք հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «(...): Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, (...):»

2.    Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 6.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները նշանակվում են եւ նշանակումը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից:»: Նշված դրույթի բովանդակությունը միայն վկայում է լիազոր մարմնի՝  առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակումը դադարեցնելու իրավասության առկայության մասին, սակայն առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակումը դադարեցնելու վերաբերյալ որեւէ կարգավորում չի նախատեսվում, մասնավորապես դադարեցման հիմքերը, ժամկետները եւ այլ ոչ ընթացակարգային հարցեր: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակումը դադարեցնելն իրենից ներկայացնում է որոշակի գործունեության (այդ թվում նաեւ տնտեսական գործունեության՝  հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ռեֆերենս լաբորատորիաները կարող են իրականացնել նաեւ ձեռնարկատիրական գործունեություն) սահմանափակում, նշված սահմանափակման հիմքերը եւ ծավալը պետք է հստակ սահմանվեն օրենքով:   Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք  առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակումը դադարեցնելու հիմքերը սահմանել Օրենքում:

3.    «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով՝ իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 6.1-ին հոդվածի 2-րդ մասում, որպես առողջապահության ոլորտում մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշի կրճատ տարբերակ, կիրառվել է «(այսուհետ՝ տվյալ հետազոտական ցուցանիշ)» եզրույթը, մինչդեռ Օրենքի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ հոդվածի 1-ին մասի 47-րդ կետում արդեն կիրառված է «հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշներով» եզրույթը: Ուստի, առաջարկում ենք վերոգրյալ եզրույթը կիրառել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 47-րդ կետում՝ Նախագծով նախատեսելով տերմինների նույն հերթականությունը: 

Բացի այդ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 6.1-ին հոդվածի 1-ին մասում, նույն հոդվածի վերնագրին համապատասխան, կիրառված է «Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիա» եզրույթը, իսկ 2-րդ մասում կիրառված է «Առողջապահության ոլորտում մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշով ռեֆերենս նշանակված լաբորատորիա»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն տերմինները՝ նույն հերթականությամբ: 

Միաժամանակ նշենք, որ  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 6.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կիրառված է «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» եզրույթը, իսկ 8-րդ մասում՝ «օրենսդրությամբ» եզրույթը: Առաջարկում ենք Նախագծով Օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ»:

4.    «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը՝ միայն համարակալված ենթակետերի:»: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ միաժամանակ ապահովելով հղման հստակությունն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 6.1-ին հոդվածի 4-րդ մասում կիրառված «սույն օրենքի 6.1 հոդվածի 7-րդ կետի պահանջները» ձեւակերպումը փոխարինել «սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները» ձեւակերպմամբ:

5.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում նոր լրացվող 6.1-ին հոդվածը վերաբերում է առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաներին, մինչդեռ նույն հոդվածում կիրառված «ռեֆերենս գործառույթներ», «ռեֆերենս հետազոտություններ» եզրույթներն անորոշ են եւ միանշանակ չեն ընկալվում: Բացի այդ որոշակի չէ նաեւ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 6.1-ին հոդվածի 6-րդ մասի ձեւակերպումն առ այն, որ ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրված եզրակացությունը վերջնական է եւ չի կարող վիճարկվել, մասնավորապես հասկանալի չէ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում եզրակացությունը վիճարկելու արգելքը, ո՞ր մարմնում, եւ ո՞րն է այդ արգելքի օբյեկտիվ հիմքը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, ինպես նաեւ առաջարկում ենք ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

07.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

07.06.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում (այսուհետ՝ Օրենք) հստակեցնել ռեֆերենս լաբորատորիաների շրջանակը՝ ավելացնելով համապատասխան հոդված՝ ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակների սահմանմամբ եւ դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանում է Կառավարությունը?», իսկ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 47-րդ կետի համաձայն՝ ռեֆերենս լաբորատորիան Կառավարության սահմանած կարգով ճանաչված լաբորատորիան է՝ հետազոտական մեկ կամ մի քանի ցուցանիշներով մասնագիտացված, որը չափումների առավելագույն ճշգրտություն ապահովելու համար ունի անհրաժեշտ կարողություն եւ կոմպետենտություն: Այս կապակցությամբ առաջարկվում է Օրենքով սահմանել ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը, այդ լաբորատորիաներին ներկայացվող պահանջները, նրանց լիազորությունները եւ իրավունքները:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն կցանկանայինք նշել, որ իրավունքերի ու լիազորությունների սահմանմանը զուգահեռ նպատակահարմար կլինի առաջարկվող նույն հոդվածի առանձին կետով սահմանել նաեւ այդ լաբորատորիաների պարտականությունները:

Նախագծի  վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն ցանկալի է այն լրամշակել ռեֆերենս լաբորատորիաների պարտականությունների առավել հստակ շարադրման առումով:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

23.05.2022թ. 




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում /այսուհետ՝ Օրենք/:

Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակը սահմանելու անհրաժեշտությամբ: 

Այսպիսով, Նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել լրացում՝ ավելացնելով նոր՝ 6.1-ին  «Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները» հոդվածը: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն  կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը՝

մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվելիք 6.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ լաբորատորիաների կոմպետենտության արտաքին գնահատման եւ լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատման կարգերը սահմանում է լիազոր մարմինը:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծով նախատեսել, թե ի՞նչ ժամկետում պետք է լիազոր մարմնի կողմից սահմանվեն վերը նշված կարգերը:

      Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011 513-360)

06.06.2022թ.