ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-265-17.05.2022-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2651 -17.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-265-17.05.2022-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2651 -17.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

09.06.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսված է «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 63-րդ հոդվածը լրացնել 1.1-ին մասով, որի համաձայն՝ «Փոխադրողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օդանավակայանում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի անդամների պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի թույլտվության տրամադրումը: Փոխադրողը պատասխանատվություն է կրում նաեւ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում այն ուղեւորների պահպանության եւ խնամքի համար, որոնց մուտքի թույտվության տրամադրումը սահմանված կարգով մերժվել է  սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից՝ փաստաթղթերի ոչ պատշաճ կերպով ձեւակերպված լինելու կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:»:

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9-ը հավելվածով (այսուհետ՝ Հավելված) «ոչ պատշաճ փաստաթղթավորված անձ եզրույթը» բացահայտված է հետեւյալ կերպ՝ 

«Improperly documented person. A person who travels, or attempts to travel: 

(a) with an expired travel document or an invalid visa; 

(b) with a counterfeit, forged or altered travel document or visa; 

(c) with someone else’s travel document or visa; 

(d) without a travel document; or 

(e) without a visa, if required.»:

Մեջբերվածից բխում է, որ ոչ պատշաճ փաստաթղթավորված լինելն ըստ Հավելվածի դրույթի տրամաբանության՝ իր մեջ ներառում է նաեւ կեղծ փաստաթուղթ ներկայացնելը: Հետեւաբար՝ առաջարկում ենք «կեղծ փաստաթուղթ ներկայացնելու» դեպքը չառանձնացնել «ոչ պատշաճ կերպով ձեւակերպված լինելու» դեպքերի շրջանակից:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 63-րդ հոդվածը լրացնել 9-րդ մասով, որի համաձայն՝ «Փոխադրողի կողմից սույն օրենքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում Փոխադրողը կրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

Օրենքի 63-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Փոխադրողի պատասխանատվությանը, ինչպես նաեւ ըստ պայմանագրի` փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող օդային փոխադրմանը, համատեղ փոխադրմանը եւ այլ հատուկ խնդիրներին վերաբերող լրացուցիչ կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:»:

Օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության ավիացիոն օրենսդրության խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

Օրենքի մեջբերված նորմերից արդեն իսկ բխում է, որ փոխադրողի համար պատասխանատվությունը սահմանվում է օրենքով, վերջինս պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով: Ուստի, կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 63-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով, որի համաձայն՝ 

«Փոխադրողի կողմից «Ավիացիայի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի  չափով:»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 117-րդ հոդվածում լրացվող վարչական իրավախախտմամբ նախատեսվում է պատասխանատվություն սահմանել փոխադրողի կողմից համապատասխան պահանջը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար՝ առաջարկում ենք լրացվող նորմում տուգանքի միատեսակ չափ նշելու փոխարեն՝ նախատեսել նվազագույն եւ առավելագույն սահմանաչափեր, որպեսզի հնարավորություն լինի վարչական տույժի տեսակը կիրառել կատարված արարքին համաչափ կերպով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

03.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

03.06.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթն ուղղված է Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի պատասխանտվությանը վերաբերվող ստանդարտների պահանջների ամրագրմանը եւ հստակեցմանը, որի կապակցությամբ առաջարկվում է՝

1) սահմանել պատասխանատվության պահանջներ՝ փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման ու խնամքի համար, ինչպես նաեւ ապահովել ժամանած ուղեւորի պատշաճ խնամք փոխադրողի կողմից,

2) նշված պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում, որը կնպաստի ավիաընկերության կողմից ուղեւորների առջեւ միջազգային ստանդարտներով  սահմանված պատասպանատվության պատշաճ կատարմանը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

30.05.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Ավիացիայի մասին» օրենքում եւ լրացում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: 

Ըստ էության, ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ավիացիայի մասին» օրենքի /այսուհետ՝ Օրենք/ «Փոխադրողի պատասխանատվություն» 63-րդ հոդվածով ամբողջական սահմանված չեն փոխադրողի պատասխանատվության վերաբերյալ Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 Հավելվածից բխող պահանջները, մասնավորապես՝ փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղեւորին կեղծ ճանապարհորդական փաստաթղթերով, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման համար, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման եւ խնամքի համար, հետեւաբար, փոխադրողի պատասխանատվության ամբողջականացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Օրենքում առկա բացը լրացնել, ինչպես նաեւ որպես ԻԿԱՕ անդամ երկիր՝ կատարել Չիկագոյի կոնվենցիայով սահմանված եւ ՀՀ կողմից ընդունված ստանդարտների պահանջները:

Այսպիսով, հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի պատասխանատվությանը վերաբերվող ստանդարտների պահանջները՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

-   Օրենքում կատարել լրացումներ

-   Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել լրացում՝ սահմանելով տուգանքի նշանակում փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության եւ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտներով ուղեւորների պահպանության եւ խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները: 

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ
 

Հեռ. /011/51 36 18  /ներք./ 1618

03.06.2022թ.