ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-253-04.05.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի եւ Լիլիթ Կիրակոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-253-04.05.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

25.05.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ` Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի 1-ի հոդվածում նշված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին՝ պահպանելով սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման համար սահմանված հաջորդականությունը։ 

2.  Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածում արդեն իսկ նշված է, որ համապատասխան փոփոխությունը եւ լրացումը կատարվում է Օրենսգրքի 129.2-րդ հովածում, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նույն 129.2-րդ հոդվածին հղում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

3.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով լրացվող 4-րդ մասի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 129.2-րդ հոոդվածի մասերը համարակալված չեն։ Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից։

4.  Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացմամբ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու դեպքում, եթե վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց՝ տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը կատարած անձը ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից՝ 48 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում։ Մինչդեռ Օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված է՝ «Եթե սույն օրենսգրքի (…) 129.2-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումներ կատարած անձը չի վիճարկում իր կատարած իրավախախտման փաստը, ապա նա իրավունք ունի տուգանքը վճարելու տեղում, այդ թվում` անկանխիկ եղանակով»։ 

Նշված դրույթների համադրման արդյունքում ստացվում է՝ եթե Օրենսգրքի 129.2-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարած անձը չի վիճարկում իր կատարած իրավախախտման փաստը՝ կարող է տուգանքն ամբողջությամբ վճարել անմիջապես  իրախախտում կատարելու տեղում, իսկ եթե իրավախախտում կատարած անձը չի վիճարկում իր կատարած իրավախախտման փաստը եւ 48 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները՝ ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից։ 

Կարծում ենք՝ Նախագծով նախատեսված կարգավորման առկայության դեպքում իրավախախտում իրականացրած անձին նախընտրելի է 48 ժամվա ընթացքում վերացնել իրավախախտումը՝ վճարելով նախատեսված տուգանքի 25 տոկոսը, քան՝ վճարել տեղում տուգանքն ամբողջությամբ. ուստի, Նախագծով նախատեսված կարգավորման առկայության պարագայում Օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ 129.2-րդ հոդվածին հղում կատարելն այլեւս կդառնա իմաստազուրկ։

Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված լրացման պարագայում նախատեսել կարգավորում նաեւ առ այն, որ Օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավախախտումը հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին պարտավոր է իրազեկել իրավախախտման հատկանիշները 48 ժամվա ընթացքում վերացնելու դեպքում տուգանքի չափը նվազեցվելու հնարավորության մասին: 

5.  Անդրադառնալով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված՝վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կարգավորումների հետադարձ ուժի հարցին նշենք հետեւյալը՝ 

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված է՝ «Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաեւ այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա»։

Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:» Սահմանադրությամբ նախատեսված «այդ ակտերով» եզրույթը ներառում է նաեւ Օրենսգիրքը, որը հանդիսանում է վարչական պատասխանատվություն սահմանող իրավական ակտ, եւ որի 8-րդ հոդվածով՝ իմպերատիվ կերպով նախատեսված է պատասխանատվությունը մեղմացնող ակտերին հետադարձ ուժ տալու պահանջը։

Իրավական ակտը համարվում է պատասխանատվությունը մեղմացնող, եթե սանկցիայում նախատեսված պատասխանատվության տեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատասխանատվության տեսակով։ Ընդ որում, տուգանքների դեպքում պատասխանատվությունը մեղմացնող է դիտվում այն դրույթը, որով նախկինում գործող տուգանքը փոխարինվել է նվազ չափի տուգանքով (ՎԴ/3135/05/13)։ 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: 

Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր»: 

Այսպիսով՝ Օրենսգրքի 8-րդ հոդվածի ուժով այդ օրենսգրքի` պատասխանատվությունը մեղմացնող փոփոխություններն ունեն հետադարձ ուժ` անկախ օրենսգրքում փոփոխություն կատարած օրենքում այդ մասին հատուկ նշված լինելու կամ չլինելու հանգամանքից: Հետեւաբար՝ Նախագծով նախատեսված կարգավորումները եւս հետադարձ ուժ են ունենալու եւ տարածվելու են  նաեւ Նախագիծն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա (հիմք՝ ՎԴ/6495/05/14)։ Մինչդեռ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթի բովանդակությանը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել անցումային դրույթ՝անձի իրավական վիճակը բարելավող կարգավորումներին հետադարձ ուժ տալու վերաբերյալ (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի)։

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ ներկայացված դիտարկումների հիման վրա առաջարկում ենք նախատեսել կարգավորումներ Նախագծով անձի իրավական վիճակը բարելավող դրույթին հետադարձ ուժ տալու առնչությամբ:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

 25.05.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

 25.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի՝ 129.2-րդ հոդվածի՝

1) 129.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հիսունապատիկի չափով» բառերով,

2) 129.2-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:»:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ գործնականում կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունեցող իրավախախտին հնարավորություն է տրվում հարյուր հազար դրամ տուգանք վճարելու փոխարեն վճարել քսանհինգ հազար դրամ եւ տուգանքի նախատեսված գումարի մի մասն օգտագործել իրավախախտման վերացման համար, այսինքն՝ կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Արդյունքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում իրավախախտումը սեղմ ժամկետում վերացնելու համար՝ դրանով նաեւ էականորեն թեթեւացնելով  անձանց սոցիալական բեռը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

10.05.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ՝ Օրենք): 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքի 1292 հոդվածից  բխող վարչարարությունը ներկայումս հնարավոր չէ արդյունավետ իրականացնել: Այսպես օրինակ, ՀՀ-ում հաշվառված տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցներ շահագործվում են ՀՀ սահմաններից դուրս, եւ դրանց հիմնական մասը ՀՀ վերադառնալու հեռանկար չունի, բազմաթիվ տրանսպորտային միջոցների սեփականատերերի եւ հաշվառման տվյալներում առկա սեփականատերերի տվյալները նույնական չեն եւ այլն: Բացի նշվածից, Օրենքի 1292 հոդվածի 2-րդ մասում նախատեսված վարչական տույժը չի համապատասխանում իրավախախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին, այսինքն՝ անհամաչափ խիստ է եւ ծանր սոցիալական բեռ է այն սուբյեկտների համար, որոնց իրավախախտման կատարման նպաստող պայման է հանդիսացել հենց սոցիալական վիճակը: 

Փաստացի, ՀՀ կառավարությունը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որի համաձայն քաղաքացին ոչ թե կկրի էական ֆինանսական բարդություններ, այլ ստիպված կլինի իր վարքագիծը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: 

Նախագծով առաջարկվում է Օրենքի՝ 

1.   1292 հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հիսունապատիկի չափով» բառերով, ինչի արդյունքում կնվազի ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ /վարձակալի/ կողմից սեփականության իրավունքով պատկանող /ֆինանսական վարձակալության /լիզինգի/ պայմանագրով իրեն տրամադրված/ յուրաքանչյուր տրանպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու դեպքում վերջինիս կողմից յուրաքանչյուր տարվա համար վճարվելիք տուգանքի չափը.

2.   1292 հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով, ինչի արդյունքում վարչական իրավախախտում կատարած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերվելու պահից 48 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից: 

Կարծում ենք, Նախագծով առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա՝ վերջիններիս սոցիալական բեռը թեթեւացնելու տեսանկյունից: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմամբ անձը ցածր արժեքի չափով տուգանք վճարելով եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքելով՝ հետագայում ձեռնպահ կմնա ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումից: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ
 

(հեռ. 011-513-618), (16-18)

24.05.2022թ.