ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-251-29.04.2022-ՖՎ-012/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն» Ազգային ժողովի որոշման նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-251-29.04.2022-ՖՎ-012/0) (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Ստորեւ ներկայացվում են իրավական փորձաքննության արդյունքները եւ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ  տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.05.2022թ. 



Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Առաջարկում ենք Նախագծի վերնագրի լիարժեքությունն ապահովելու նպատակով «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 118-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Մտքերի փոխանակության ավարտից հետո մինչեւ 30 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես է գալիս վարչապետը (…), որից հետո քվեարկության է դրվում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:»:

2.    Նախագծի 1-ին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սահմանադրության» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը» բառերը՝ «Ազգային ժողովը» բառերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ կիրառված համապատասխան ձեւակերպումները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա շտկել Նախագծում առկա վրիպակները:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

13.05.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

13.05.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-251-29.04.2022-ՖՎ-012/0) 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացված է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

Համաձայն Հաշվետվության, ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1,683.8 մլրդ. դրամ, ծախսերը` 2,004.3 մլրդ. դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը` 320.5 մլրդ. դրամ:

Սույն Հաշվետվության առումով, կարծում ենք, հատկանշական կարելի է համարել հետեւյալ տեղեկություններն ու միտումները:

1. 2021 թվականին գրանցել է ՀՆԱ-ի 5.7% իրական աճ, ինչը կարելի է բավարար նախադրյալ դիտարկել տնտեսության վերականգնման համար: 2021 թվականին համաշխարհային տնտեսական աճը կազմել է 5.9%, ընդ որում՝ ԱՄՆ տնտեսությունը գրանցել է 5.6%, Եվրոգոտու տնտեսությունը՝ 5.2%, Չինաստանի տնտեսությունը՝ 8.1%, իսկ Ռուսաստանի տնտեսությունը՝ 4.5% տնտեսական աճ:

2? Հաշվետու ժամանակաշրջանում գրանցված տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով՝ (նպաստումը՝ 4.0 տոկոսային կետ): Արդյունաբերությունը եւ շինարարությունը եւս աճել են՝ նպաստելով տնտեսական աճին (նպաստումները՝ համապատասխանաբար 0.8 եւ 0.2 տոկոսային կետեր), իսկ գյուղատնտեսության նվազումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա:

3.   2021 թվականին սպառումն իրական արտահայտությամբ աճել է 3.7%-ով՝ հիմնականում պայմանավորված մասնավոր հատվածի սպառման աճով, որին նպաստել են 2020 թվականի ընթացքում կուտակված խնայողությունների բարձր մակարդակը եւ տնօրինվող եկամտի (այդ թվում՝ արտերկրից ներհոսող դրամական փոխանցումների) աճը: Պետական սպառումը եւս աճել է՝ նպաստելով ընդհանուր սպառման աճին: Սպառման վերականգման վրա բացասական ազդեցություն է ունեցել սպառողական վարկավորման նվազումը:

Հաշվետու տարում կապիտալ ներդրումներն իրական արտահայտությամբ աճել են 7.7%-ով՝ պայմանավորված ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ներդրումների աճով: Մասնավոր ներդրումների վրա դրական ազդեցություն է ունեցել հիփոթեքային վարկերի ծավալների աճը:

2021 թվականին ապրանքների եւ ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 16.5%-ով` պայմանավորված տնտեսական ակտիվության եւ արտաքին պահանջարկի վերականգնմամբ: Հաշվետու ժամանակահատվածում ապրանքների եւ ծառայությունների ներմուծման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 10.9%-ով` հիմնականում պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնմամբ:

4. 2021 թվականին 12-ամսյա գնաճը տարեվերջին կազմել է 7.7%, իսկ միջին գնաճը՝ 7.2%: Միջին գնաճին առավելապես նպաստել է «Սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ» ապրանքախմբում արձանագրված 11.2% գների աճը (նպաստումը գնաճին` 4.2 տոկոսային կետ)՝ հիմնականում պայմանավորված առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների (բանջարեղեն, հացաբուլկեղեն եւ ձավարեղեն, կաթնամթերք, պանիր եւ ձու, այլ սննդային յուղեր) գների աճերով: «Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ» խմբում արձանագրվել է 9.3% գնաճ (նպաստումը գնաճին` 0.4 տոկոսային կետ), իսկ «Ոչ պարենային ապրանքներ» խմբում արձանագրվել է 8.7% գնաճ (նպաստումը գնաճին` 1.9 տոկոսային կետ), ինչը հիմնականում պայմանավորված է վառելանյութերի (այդ թվում՝ բենզինի) եւ բժշկական ու դեղագործական ապրանքների գների աճով:

5. 2021 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը նախորդ տարվա համեմատությամբ բարելավվել է եւ կազմել ՀՆԱ-ի 3.7%-ը: Տնտեսություն ներհոսող դրամական զուտ փոխանցումները 2021 թվականին աճել են մոտ 24%-ով` հիմնականում պայմանավորված ԱՄՆ-ից, այլ երկրներից եւ ՌԴ մեկնելու սահմանափակումների վերացման արդյունքում՝ ՌԴ-ից ներհոսքի աճով: Նշված զարգացումների արդյունքում 2021 թվականին նախորդ տարվա համեմատ ընթացիկ հաշվի պակասուրդը բարելավվել է ՀՆԱ-ում 0.1 տոկոսային կետի չափով:

Արտաքին ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է 8379.2 մլն. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ նվազելով 17.7%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման ծավալների աճ. արտահանումն աճել է 19.1%-ով` կազմելով 3022.4 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 16.9%-ով եւ կազմել է 5356.8 մլն. ԱՄՆ դոլար:

Ներմուծման ծավալների աճին հիմնականում նպաստել են «Հանքահումքային արտադրանք» (4.2 տոկոսային կետով), «Վերգետնյա, օդային, ջրային տրանսպորտ» (2.4 տոկոսային կետով), «Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» (2.3 տոկոսային կետով) եւ «Մանածագործական իրեր» (1.2 տոկոսային կետով) ապրանքախմբերը: Արտահանման աճին հիմնականում նպաստել է «Հանքահումքային արտադրանք» ապրանքախումբը (6.6 տոկոսային կետով): Դրական նպաստում են ունեցել նաեւ «Ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» (5.3 տոկոսային կետով), «Պատրաստի սննդի արտադրանք» (2.4 տոկոսային կետով), «Բուսական ծագման արտադրանք» (2 տոկոսային կետով) եւ «Մանածագործական իրեր» (2 տոկոսային կետով) ապրանքախմբերը?

Ներմուծման ծածկման գործակիցը 2021 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ զգալի բարելավվել է. 2021 թվականի արտահանման հաշվին ֆինանսավորվել է ներմուծման շուրջ 81%-ը:

6. 2021 թվականին դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի, Եվրոյի եւ ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է համապատասխանաբար 2.9%, 6.4%-ով եւ 0.6%-ով? 2021 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը կազմել է 503.8: 

7. 2021 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 21.1%-ը` նախորդ տարվա 25.2%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները` ՀՆԱ-ի 22.7%-ը` նախորդ տարվա 22.4%-ի դիմաց:

Պետական բյուջեի ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2020 թվականի նկատմամբ նվազել է 1.9 տոկոսային կետով՝ կազմելով 28.7%, որում ընթացիկ ծախսերի կշիռը նվազել է 1.4 տոկոսային կետով՝ կազմելով 25.6%:

ՀՆԱ-ի նկատմամբ, պետական բյուջեի պակասուրդը կազմել է 4.6 տոոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.8 տոկոսային կետով: ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 3.2 տոկոսային կետով:

ՀՀ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

8. ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով ծրագրվել էր ստանալ 1,509.5 մլրդ. դրամ եկամուտներ, որից 1,485.2 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 24.3 մլրդ. դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2021 թվականի պետական բյուջեի ցուցանիշներում ներառվել են նաեւ դրոշմանիշային վճարների գումարները (27.9 մլրդ դրամ), ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները եւ դրանց արդյունքում ձեւավորված եկամուտները (1.1 մլդ դրամ): Կառավարությունն իր լիազորությունների շրջանակում 151.7 մլրդ դրամով վերանայել է պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը, որից 114.4 մլրդ դրամի չափով ծրագիրն ավելացվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով, 41.9 մլրդ դրամի չափով՝ այլ եկամուտների գծով, իսկ պաշտոնական դրամաշնորհների գծով ծրագիրը նվազեցվել է 4.6 մլրդ դրամով: Արդյունքում կառավարության լիազորությունների շրջանակներում ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ընդհանուր առմամբ ավելացվել է 180.7 մլրդ դրամով (12%-ով)՝ կազմելով 1,690.2 մլրդ դրամ: Նշված գումարից 1,670.6 մլրդ դրամը կազմել է ներքին աղբյուրներից ստացվող եկամուտների, 19.6 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհների ծրագիրը:

2021 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1,683.8 մլրդ դրամ` ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 99.6% կատարողական: Նշված գումարից 1,671.5 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 100.1%-ը, 12.4 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 36.9%-ով զիջել են ծրագրված ցուցանիշը: 2020 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.9%-ով կամ 123.2 մլրդ դրամով, որը պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճով: 

Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճի, ինչպես նաեւ պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների նվազման արդյունքում 2020 թվականի համեմատ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում 5.5 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տեսակարար կշիռը, իսկ պաշտոնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նվազել են համապատասխանաբար 2.7 եւ 2.8 տոկոսային կետով:

2021 թվականին պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 24.1%՝ կանխատեսված 23.6%-ի եւ նախորդ տարվա 25.2%-ի դիմաց:

9. Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են շուրջ 1,587.0 մլրդ. դրամ, որոնք 100.2%-ով ապահովել են ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշը: 2020 թվականի համեմատ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 14.6%-ով կամ 201.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ-ի, պետական տուրքի, դրոշմանիշային վճարների, սոցիալական վճարի, ինչպես նաեւ մաքսատուրքի գծով մուտքերի աճով: 2020 թվականի համեմատ գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ, բացառությամբ ակցիցային հարկի: Միաժամանակ, 2021 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշի վրա նվազեցնող ազդեցություն է ունեցել ԱԱՀ-ի, եկամտային հարկի եւ ակցիզային հարկի գծով վերադարձված գումարների աճը, որոնք կազմել են 180.2 մլրդ դրամ՝ 30.1%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: ԱԱՀ-ի գծով վերադարձված գումարները 2021 թվականին կազմել են 146.7 մլրդ դրամ՝ 22.2%-ով կամ 26.6 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը? Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021 թվականին կազմել են 32.6 մլրդ դրամ՝ 83.8%-ով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Ակցիզային հարկի գծով վերադարձված գումարները 2021 թվականին կազմել են 915.8 մլն դրամ՝ 35.1%-ով կամ 237.9 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7%, որը 0.2 տոկոսային կետով գերազանցել է կանխատեսված ցուցանիշը եւ 0.3 տոկոսային կետով՝ 2020 թվականի փաստացի ցուցանիշը:

10. 2021 թվականին հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 35%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 556.0 մլրդ. դրամ: Նշված գումարից 333.7 մլրդ. դրամը ստացվել է ներմուծման հարկումից, 219.2 մլրդ. դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: 2020 թվականի համեմատությամբ ԱԱՀ-ի գծով մուտքերն ավելացել են 84?4 մլրդ դրամով կամ 17?9 %-ով:

ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 113.1 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 56.2 մլրդ դրամ, իսկ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 56.9 մլրդ դրամ: 2020 թվականի համեմատ ակցիզային հարկի մուտքերը նվազել են 8.4%-ով կամ 10.4 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես հանրապետությունում արտադրվող, այնպես էլ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների գծով մուտքերի նվազմամբ:

2021 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 10%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 158.6 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի գծով մուտքերն աճել են 6.6%-ով կամ 9.8 մլրդ դրամի չափով? Նախորդ տարվա համեմատ մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով 2020 թվականի 2-րդ եռամսյակից հետո շահութահարկ վճարողներին տրվել է կանխավճարների կատարումը հետաձգելու արտոնություն, արդյունքում՝ նշված մուտքերի հիմնական մասը, որոնք պետք է վճարվեին 2020 թվականին, վճարվել են 2021 թվականին:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 426.3 մլրդ. դրամ եկամտային հարկ` ապահովելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 26.9%-ը: Նախորդ տարվա համեմատ եկամտային հարկի մուտքերն աճել են 3.6%-ով կամ 14.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է 2021 թվականին աշխատատեղերի եւ միջին աշխատավարձերի աճով: Մասնավորապես, 2021 թվականին գրանցված աշխատատեղերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 4.1%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.6%-ով: Միաժամանակ, եկամտային հարկի մուտքերի վրա բացասական ազդեցություն է ունեցել եկամտային հարկի գծով վերադարձված գումարների աճը: 2021 թվականին եկամտային հարկի գծով վերադարձված գումարները կազմել են 32.6 մլրդ դրամ՝ 83.8%-ով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

2021 թվականին պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքը կազմել է 84.8 մլրդ. դրամ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 5.3%-ը: Նախորդ տարվա համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային մուտքերն աճել են 24.3%-ով կամ շուրջ 16.6 մլրդ. դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսական ակտիվության աճով եւ, որպես հետեւանք, ԵԱՏՄ տարածք ներմուծումների ծավալների եւ գների աճով: Միաժամանակ, երրորդ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքներից գանձվող մաքսատուրքի գծով մուտքերը 178.3 մլն դրամով կամ 44.2%-ով զիջել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը հիմնականում բացատրվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների 40% նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 2%-ն ապահովվել է շրջանառության հարկի հաշվին՝ կազմելով 32.4 մլրդ դրամ եւ 21.9%-ով (5.8 մլրդ դրամով) գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ շրջանառության հարկի գծով մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է տնտեսական ակտիվության աճով, հատկապես այն ոլորտներում, որտեղ գործում են շրջանառության հարկով հարկվող գործունեություն ծավալող հարկ վճարողները: Մասնավորապես, առեւտրի ծավալներն աճել են 7.5%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 3.3%-ով, իսկ ծառայությունների ծավալները՝ 7.8%-ով: 

2021 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 3.9%-ն ապահովվել է բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի հաշվին:

Հաշվետու տարվա ընթացքում 43 մլրդ. դրամ են կազմել սոցիալական վճարները, 30.7 մլրդ դրամ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարները, 8 մլրդ դրամ՝ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները: Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային հարկի գծով փաստացի մուտքերը կազմել են շուրջ 3.8 մլրդ դրամ:

11. 2021 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 66.9 մլրդ. դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 96.3%-ը: Նախորդ տարվա համեմատ պետական տուրքի գծով մուտքերը նվազել են 27.1%-ով կամ շուրջ 12.4 մլրդ. դրամով: Նախորդ տարվա համեմատ պետական տուրքի գծով մուտքերի կրկնակի աճը հիմնականում պայմանավորված է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու ու օրենքով սահմանված այլ ծառայությունների եւ գործողությունների համար գանձվող տուրքերի աճով:

12. 2021 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 12.4 մլրդ. դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 63.1 %-ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել շուրջ 7.2 մլրդ. դրամ: Արձանագրված շեղումը գլխավորապես պայմանավորված է ոչ նպատակային ծրագրերի կատարման աստիճանով, մասնավորապես՝ ԵՄ բյուջետային աջակցության շրջանակներում նախատեսված դրամաշնորհների կատարողականով, որը կազմել է 1.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 19.2%-ը:

13. 2021 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 84.6 մլրդ. դրամի այլ եկամուտներ՝ 97.2%-ով ապահովելով տարեկան ծրագրային ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ այլ եկամուտների գծով արձանագրվել է 30.8% (37.7 մլրդ դրամով) նվազում, որը հիմնականում պայմանավորված է այլ կատեգորիաներում չդասակարգված տրանսֆերտների նվազմամբ:

ՀՀ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ

14. ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված ծախսերը կազմել են 1,850.9 մլրդ. դրամ, իսկ ճշտված ծրագիրը՝ շուրջ 2,049.3 մլրդ. դրամ:

Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 2,004.3 մլրդ. դրամ, իսկ տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 97.8%-ով: Ճշտված ծրագրից շեղման ընդհանուր գումարի (45 մլրդ դրամի) 58%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 42%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Ըստ ֆինանսավորման աղբյուրների` պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին կատարվել է պետական բյուջեի ծախսերի 96%-ը կամ 1,923.2 մլրդ. դրամը, որոնց գծով ծրագիրը կատարվել է 98?4%-ով: Բյուջեի ծախսերի 4%-ը կամ 81?1 մլրդ. դրամը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից, որը կազմել է ծրագրի 85.7%-ը:  Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 5.8%-ով կամ 109.7 մլրդ դրամով:

15. ՀՀ 2021 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է 1,788.0 մլրդ. դրամ: Հաշվետու տարում շուրջ 181.4 մլրդ. դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի վարձատրության ծախսերն աճել են 5?3 մլրդ դրամով, իսկ դրանց տեսակարար կշիռը 0.5 տոկոսային կետով նվազել է՝ կազմելով 10.1%:

16. 2021 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 216.3մլրդ. դրամ կամ տարեկան ճշտված ծրագրի 92.0%-ը: 2020 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 4.4%-ով կամ 9?9 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի կատարողականով:

ՀՀ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ

17. ՀՀ 2021 թվականի պետական բյուջեն կատարվել է 320.5 մլրդ. պակասուրդով՝ կազմելով ծրագրի 89.2%-ը եւ 4.0%-ով (13.5 մլրդ դրամով) զիջելով նախորդ տարվա ցուցանիշը: Ծրագրի համեմատ պակասուրդի ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է արտաքին աղբյուրներից վարկերի եւ փոխատվությունների ստացման ցածր ցուցանիշով? Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 4.6%՝ կանխատեսված 5.3%-ի եւ 2020 թվականի 5.4%-ի դիմաց:

2020 թվականի համեմատ զգալիորեն փոխվել է նաեւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե նախորդ տարի պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվել էր ներքին աղբյուրների հաշվին, ապա 2021 թվականին պակասուրդը զգալի չափով (68.4%-ով) ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից՝ պայմանավորված արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմամբ: Արտաքին վարկերի մարմանը հաշվետու տարում ուղղվել է շուրջ 116.0 մլրդ. դրամ:

19. 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 4,429.6 մլրդ. դրամ (9,225.6 մլն. ԱՄՆ դոլար): ՀՀ պետական պարտքում 3,192.2 մլրդ դրամը (6,648.4 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, իսկ 1,237.4 մլրդ դրամը (2,577.2 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 265.3 մլրդ դրամով (1,257.2 մլն ԱՄՆ դոլարով):

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 63.4 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.9 տոկոսային կետով: Ընդ որում կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 60.3 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 3.2 տոկոսային կետով:

2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 239.8 մլրդ դրամով (24%-ով), եւ դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 24%-ից հասնելով 27.9%-ի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ                                                                          

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                   

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (Հեռ.՝ 011 513-603) 

13.05.2022թ.