ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-226-04.04.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-226-04.04.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

26.04.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման քրեակատարողական ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է ոլորտը համակարգող նախարարը»: Այսպես՝ վերոգրյալ ձեւակերպումից բխում է, որ վերապատրաստումն իրականացվում է միայն ծառայողի կատարողական գնահատականի արդյունքների հիման վրա, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությունից ելնելով: Մինչդեռ վերապատրաստման պարբերականության՝ ոչ ուշ քան երեք տարին մեկ անգամ, ժամկետի սահմանման դեպքում ստացվում է, որ վերապատրաստումն իրականացվելու է վերոնշյալ երկու հիմքերը հաշվի առնելուց անկախ: Եթե Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխության նպատակն է սահմանել, որ քրեակատարողական ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ, սակայն, ծառայողի կատարողական գնահատականի արդյունքներից ելնելով, վերապատրաստումը կարող է իրականացվել ավելի վաղ, քան երեք տարին լրանալը, ապա առաջարկում ենք վերաձեւակերպել Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ սահմանելով, որ ծառայողի կատարողական գնահատականի արդյունքներն, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտությունը ոչ թե վերապատրաստում իրականցնելու, այլ վերապատրաստումը սահմանված ժամկետից ավելի վաղ իրականացնելու հիմքերն են:

2. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի (…)»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման քրեակատարողական ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ, իսկ քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է ոլորտը համակարգող նախարարը:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ քրեակատարողական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, միջազգային մի շարք փաստաթղթերում ամրագրված է քրեակատարողական ծառայողների պարտադիր ու շարունակական վերապատրաստումների պահանջը, մինչդեռ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) բովանդակային վերլուծությունը վկայում է այն մասին, որ Օրենքով սահմանված վերապատրաստման ինստիտուտի ներկա կարգավորումները պատշաճ եւ ամբողջական չեն ապահովում քրեակատարողական ծառայողների պարտադիր վերապատրաստման միջազգային սկզբունքների կատարման երաշխիքները:

Հաշվի առնելով քրեակատարողական ծառայության առանձնահատկությունները, Նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայողների համար սահմանել  վերապատրաստման հաճախականության միջինացված ժամկետ, այն է՝ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ ենթակա են վերապատրաստման՝ քրեակատարողական ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա (կատարողականի գնահատականի արդյունքներով), ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

14.04.2022թ.