ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-214-28.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-214-28.03.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.04.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանել մեկ տարի եւ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:» Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ` Օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին հղում այլեւս չի կատարվում:

Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովը կարող է պարզել այնպիսի փաստեր, որոնք  վերաբերում են նախեւառաջ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Մինչդեռ քննիչ հանձնաժողովի կողմից ընդհանուր հաշվարկով երկու տարի ձգվող քննության իրականացումը կարող է ոչ արդիական դարձնել հարցի նկատմամբ հանրային լայն հետաքրքրության հանգամանքը։ Հետեւաբար, կարծում ենք, որքան էլ լայն լինի քննիչ հանձնաժողովի քննության առարկայի շրջանակը, շուրջ երկու տարի քննություն իրականցնելու հանգամանքը չի բխում քննիչ հանձնաժողովի ստեղծման՝ հարցի հանրային հետաքրքրություն ներկայացնելու պայմանի արդիականությունից:

Բացի այդ, եթե «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետները բավարար չեն հանրային հետաքրքություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու համար, կարծում ենք, առավել նպատակահարմար է նախատեսել քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետի պարբերական երկարաձգում, (երկարաձգման համար սահմանված վեց ամիսը լրանալուց հետո եւս մեկ անգամ՝ մինչեւ վեց ամիս ժամկետով) ինչը կբարձրացնի քննիչ հանձնաժողովի հաշվետվողականությունը:

2.   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ` Օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին հղում այլեւս չի կատարվում:

3.   Առաջարկում ենք Նախագիծը շարադրել 1-ին հոդվածի շրջանակում՝ առանց մասի բաժանման:

4.   Առաջարկում ենք Նախագծով նախատեսել անցումային դրույթ՝ գործող քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետի վերաբերյալ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

15.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

15.04.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, որը սահմանված է մինչեւ վեց ամիս ժամկետով, փոփոխել՝ դարձնելով մեկ տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ մեկ տարով, ինչը, Նախագծի հեղինակի կարծիքով, կնպաստի քննիչ հանձնաժողովի առաքելության լիարժեք իրականացմանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

05.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ազգային Ժողովի պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ազգային Ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Նախագծով հեղինակն առաջարկում է ԱԺ կանոնակարգի 20-րդ հոդվածի 7-րդ մասում քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը փոփոխել՝ դարձնելով մեկ տարի, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ եւ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մեկ անգամ՝ մինչեւ մեկ տարով:

Ներկայիս իրավակարգավորումներով քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սահմանված է մինչեւ վեց ամիս, որը կարող է մեկ անգամ, հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեց ամսով: 

Ըստ հեղինակի, տվյալ դրույթը խնդրահարույց է եւ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում նշված ժամկետների ոչ բավարար լինելու արդյունքում քննիչ հանձնաժողովների լիազորությունները երկարաձգվել են 6 ամսով, ինչն, ըստ հեղինակի, բավարար ժամկետ չէ քննիչ հանձնաժողովի բուն նպատակի հիմնավորման համար:

Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է փոփոխել քննիչ հանձնաժողովի լիազորությունների վեց ամսյա ժամկետը մեկ տարի ժամկետով, ինչը կնպաստի քննիչ հանձնաժողովի լիարժեք գործարկմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

06.04.2022թ.