ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-204-21.03.2022-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2041 -21.03.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2042 -21.03.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-204-21.03.2022-ՏՏԳՇ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2041 -21.03.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2042 -21.03.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)  մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

12.04.2022թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 2-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքը (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրացվում է նոր՝ 27.1-ին հոդվածով.

«Հոդված 27.1   Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը եւ բովանդակությունը.

1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝

1.1  համայնքի եկամուտների քաղաքականությունը շարադրող մաս.

1.2 համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

2. Եկամուտների քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝

2.1 առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտների մասին բովանդակային եւ հաշվարկային հիմնավորումներ.

2.2 եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի եւ նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների եւ/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն.

2.3 համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա եւ դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

2.4 համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, սոցիալ-տնտեսական եւ այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները, դրանց կարեւորության հիմնավորմամբ, հիմնական ռիսկերի վերաբերյալ:

3. Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝

3.1 այն արդյունքները որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.

3.2 ծախսային գործոնները, այդ թվում՝ ակնկալվող տնտեսական եւ սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա.

3.3 համայնքի գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա կտրվածքով ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

3.4 տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը եւ աղբյուրները:»:

Հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքն՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածում նախատեսված կարգավորումները վերանայել՝ դրանք հստակեցնելու նպատակով, մասնավորապես.

 Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետում առաջարկում ենք հստակ նշում կատարել համայնքի կանխատեսվող եկամուտների վերաբերյալ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համայնքի միջնաժամկետ ծախսերի երեք տարվա կտրվածքով ծրագիրը բովանդակային եւ հաշվարկային հիմնավորումներ կարող է պարունակել միայն համայնքի կանխատեսվող եկամուտների վերաբերյալ:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետում նշում է կատարվում, որ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ եկամուտների քաղաքականությանը վերաբերող մասը պետք է պարունակի եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի եւ նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ: Հարկ է նկատել, որ Օրենքի՝ համայնքի բյուջեի նախագծի կազմմանը վերաբերող 31-րդ հոդվածի 7-րդ մասի «գ» ենթակետի համաձայն համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը ներառում է համայնքի բյուջեի նախագծով նախատեսված եկամուտների եւ ծախսերի հիմնավորումը, ինչպես նաեւ այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը նախորդ տարվա բյուջեի փաստացի, ընթացիկ բյուջետային տարվա հաստատված եւ հաշվարկային ցուցանիշների հետ: Հիմք ընդունելով նշվածը՝ կարծում ենք, առավել նպատակահարմար է նախատեսել, որ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ եկամուտների քաղաքականությանը վերաբերող մասը պետք է պարունակի նախորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետում պահպանված չէ կարգավորման շարադասությունը, մասնավորապես՝ նշվում է, որ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ եկամուտների քաղաքականությանը վերաբերող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝ նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների եւ/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2.4-րդ կետում նշում է կատարվում, որ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ եկամուտների քաղաքականությանը վերաբերող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝ հիմնական ռիսկերի վերաբերյալ: Սակայն, նշված կետում չի հստակեցվում հիմնական ռիսկերի շրջանակը: Հարկ է նկատել, որ օրինակ՝ Օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համաձայն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք է պարունակի տեղեկություններ հիմնական հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 2-րդ մասի 2.4-րդ կետի կարգավորումը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 3-րդ մասի 3.3-րդ կետում նշում է կատարվում, որ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի՝ ծախսային քաղաքականությանը վերաբերող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝ համայնքի գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա կտրվածքով ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ: Կարգավորման վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք պարունակի տեղեկություններ միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա կտրվածքով ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ, սակայն, հնարավոր չէ հստակեցնել, թե ինչին են վերաբերում նույն դրույթում առկա գերակայությունները՝ հիմք ընդունելով նաեւ այն հանգամանքը, որ դրույթում պահպանված չէ շարադասությունը: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի մյուս կետերում եւս պահպանված չէ շարադասությունը:

2. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 1.1-1.6-րդ մասեր.

«(…)1.3 Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով եւ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված  ժամկետներում:

1.4 Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները:

1.5 Համայնքային կազմակերպությունները կազմում եւ համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետում:

1.6 Համայնքի ղեկավարն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում եւ մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Հաստատումից հետո եռօրյա ժամկետում այն հրապարակվում է համայնքի պաշտոնական համացանցային կայքէջում  եւ ներկայացվում է համապատասխան մարզպետին:»:

Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.4-1.6-րդ մասերի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.4-րդ մասում նշվում է, որ պետական լիազորված մարմինը տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները, սակայն, նույն մասի կարգավորմամբ նշում չի կատարվում մեթոդական ցուցումներով կարգավորման ենթակա հարցերի շրջանակի վերաբերյալ: Օրենքի՝ պետական բյուջեի կազմմանը վերաբերող 21-րդ հոդվածի 2.4-րդ մասում նշում է կատարվում, որ պետական լիազորված մարմինը մշակում եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաեւ տեղեկություններ` առաջիկա երեք տարում կառավարության հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ եւ միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների եւ ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ:

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք պետական կառավարման մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներով կարգավորվող հարցերի շրջանակի վերաբերյալ հստակ նշում կատարել Օրենքում:

2) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.5-րդ մասում նշում է կատարվում «համայնքային կազմակերպությունների» մասին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվում է, որ Օրենքի իմաստով բյուջետային հիմնարկներ են բյուջեներից ֆինանսավորվող պետական եւ համայնքային հիմնարկները: Պետական մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվն ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է դրա ղեկավարը` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Տեղական ինքնակառավարման մարմնի պահպանման ծախսերի նախահաշիվը համայնքի բյուջեով հաստատված ընդհանուր հատկացումների սահմաններում հաստատում է համայնքի ղեկավարը` օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.5-րդ մասում նախատեսել, որ «բյուջետային հիմնարկները կազմում եւ համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»:

Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.5-րդ մասում նշում է կատարվում առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին համայնքի ավագանու որոշման վերաբերյալ: Առաջարկում ենք հստակեցնել նշված մասում քննարկվող համայնքի ավագանու որոշման վերաբերյալ կարգավորումը:

3) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.6-րդ մասում նշում է կատարվում, որ համայնքի ղեկավարն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում եւ մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Հաստատումից հետո եռօրյա ժամկետում այն հրապարակվում է համայնքի պաշտոնական համացանցային կայքէջում  եւ ներկայացվում է համապատասխան մարզպետին: Հարկ է նկատել, որ նշված կարգավորմամբ նախատեսված չէ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման վերջնաժամկետը:

3. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի՝ անցումային դրույթներին վերաբերող 43-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 7-րդ մաս.

«7. Պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող 2023-2025թթ. համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները մինչեւ օգոստոսի 10-ը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...)2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս,(...)

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

(...)

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:(...)»:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 43-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասում ներառված կարգավորումը չի կարող նախատեսվել Օրենքի՝ դրա կարգավորումների անցումային կատարումն ապահոված անցումային դրույթներում, այն պետք է նախատեսվի որպես Նախագծի անցումային դրույթ: 

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծով նախատեսված կամ դրանով ուղղակիորեն պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները, ինչպես նաեւ Նախագծի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից անհրաժեշտ է նախատեսել Նախագծի անցումային դրույթներում:

4. Նախագծերի փաթեթի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) Նախագծի 2-րդ հոդվածում «27.1-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել «27.1-ին» թվով:

2) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների համարները տեքստից բաժանվում են միջակետերով:

3) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի վերնագրի վերջում դրված կետադրական նշանն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

4) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Այսպիսով՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կետերի համարակալումն չի կարող կատարվել լրացուցիչ համարների կիրառմամբ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները կամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 27.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կետերը համարակալել կա՛մ տեքստից փակագծերով բաժանված արաբական թվանշաններով, կա՛մ տեքստից փակագծերով բաժանված հայերենի այբուբենի փոքրատառերով՝ հիմք ընդունելով նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի հոդվածների մասերի կետերի համարակալման ձեւը:

5) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-1.6-րդ մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով:

6) Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասի  կետերը համարակալված են տեքստից միջակետերով բաժանված՝ հայերենի այբուբենի փոքրատառերով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով, կամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 31-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի կետերը համարակալել կա՛մ տեքստից փակագծերով բաժանված արաբական թվանշաններով, կա՛մ տեքստից փակագծերով բաժանված հայերենի այբուբենի փոքրատառերով՝ հիմք ընդունելով նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի հոդվածների մասերի կետերի համարակալման ձեւը:

7) Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք պահպանել կետի համարակալումը, այն է՝ կետի տեքստից առաջ նշել հայերենի այբուբենի փոքրատառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը եւ 34-րդ հոդվածի 3-րդ մասը:

8) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետում ավելացվում է նոր 4.1-ին ենթակետ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

Այսպիսով՝ լրացուցիչ համարներով լրացված մասերը եւ կետերը չեն կարող համարվել դրանց նախորդող մասի կետ կամ կետի ենթակետ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետի հիշատակմանը:

Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում լրացվող նոր կետը չի կարող համարակալվել «4.1» համարով, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի ՀՕ-53-Ն օրենքի 1-ին հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում 11-րդ հոդվածի 5-րդ մասում արդեն իսկ լրացվել է 4.1-ին կետ, քննարկվող օրենքը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից:

9) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մի շարք դրույթներ շարադրվում են նոր խմբագրությամբ, մինչդեռ նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այդ դրույթների մի մասում կատարվում է միայն բառերի լրացում (օրինակ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ, 3-րդ, 4-րդ հոդվածները): Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարել լրացումներ, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրը համապատասխանեցնել դրա բովանդակությանը՝ նշում կատարելով նաեւ կատարվող լրացումների վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

Նույն դիտարկումները վերաբերելի են նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

10) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84-րդ հոդվածի վերնագիրը եւ 2-րդ մասն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ հոդվածի առանձին մասերով:

Միաժամանակ՝ առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի անվանման կրճատ տարբերակի հիշատակումից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝  օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության իրավական սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

12.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

12.04.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել համայնքների միջնաժամկետ ծրագրի մշակման եւ հաստատման պահանջ՝ տեղական ֆինանսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Փաթեթի հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մակարդակով միջնաժամկետ բյուջետային պլանավորման ներդրումն է, ինչն, անշուշտ, ունի մեծ կարեւորություն բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման հարցում: Միեւնույն ժամանակ, Փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) տեղ են գտել ոչ հստակ կամ մեկնաբանելի որոշ ձեւակերպումներ, որոնք չեն կարող նպաստել Փաթեթով հետապնդվող խնդիրների լուծմանը: Մասնավորապես, դրանցից հարկ ենք համարում առանձնացնել հետեւյալները:

ա) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքը լրացնել 27.1 հոդվածով, որի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն՝ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի մաս է կազմում  համայնքի եկամուտների քաղաքականությունը շարադրող մասը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «համայնքի եկամուտների քաղաքականություն» ձեւակերպումը բավականաչափ անորոշ է, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանված չէ եւ այս տեսանկյունից բովանդակային պարզաբանման կարիք ունի: Նախագծում նման ձեւակերպման օգտագործման պարագայում հասկանալի չէ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում համայնքի եկամտային քաղաքականությունը, ո՞վ է այն մշակում, ի՞նչ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի եւ այլն: Բացի այն, որ տեղական ինքնակառավարման մակարդակով ՀՀ համայնքները եկամտային քաղաքականություն, որպես այդպիսին, չեն իրականացնում, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանված է, որ. «պետական եւ համայնքների բյուջեները հիմնվում են ֆինանսական, դրամավարկային եւ հարկային միասնական պետական քաղաքականության վրա»: Կարծում ենք, համայնքի միջնաժամկետ ծրագրի հստակության ապահովման նպատակով անհրաժեշտ է կամ փոխել «համայնքի եկամտային քաղաքականություն» ձեւակերպումը, կամ տալ դրա պարզաբանումը:

բ) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ 27.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի եկամուտների քաղաքականությունը շարադրող մասում պարունակվող տեղեկությունների ցանկը, որոնց մի մասը բավականաչափ անորոշ են: Մասնավորապես, համաձայն նշված մասի 2.1-րդ կետի, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք է պարունակի առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտների մասին բովանդակային եւ հաշվարկային հիմնավորումներ: Կարծում ենք, պարզաբանման կարիք ունի «եկամտի բովանդակային եւ հաշվարկային հիմնավորում» ձեւակերպումը, քանի որ այն խիստ մեկնաբանելի է: Այդ առումով, կարծում ենք, խոսքը պետք է գնա առաջիկա երեք տարիների կտրվածքով համայնքի բյուջեի եկամուտների կանխատեսումների (ըստ դրանց չափի, տեսակների եւ դինամիկայի) մասին, ինչն էլ սահմանված է նույն մասի 2.3րդ կետում: Մասնավորապես, համաձայն վերջինիս՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետք է պարունակի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա եւ դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումները: Այս առումով, կարծում ենք, 27.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1. եւ 2.3 կետերը որոշակիորեն կրկնում են միմյանց եւ անհրաժեշտ է դրանք հստակեցնել:

գ) 27.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում են համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի ծախսային քաղաքականությունը շարադրող մասում ներառվող  տեղեկությունները, որոնք հիմնականում կրկնում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 151.-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվող՝ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ծախսային քաղաքականության ռազմավարությունը շարադրող մասին ներկայացվող պահանջները: Միաժամանակ, Նախագծի նշված մասում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք զգալի անորոշություն են պարունակում: Մասնավորապես, 3-րդ մասի 3.3.-րդ կետի համաձայն, համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի ծախսային քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի. «համայնքի գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա կտրվածքով ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ»: Նման ձեւակերպումը բովանդակային տեսանկյունից անհասկանալի է եւ վերաշարադրման կարիք ունի, քանի որ, ըստ էության, սահմանվող պահանջը պետք է վերաբերի կանխատեսվող ժամանակաշրջանում՝ ըստ տարիների, համայնքի զարգացման առաջնահերթություններին եւ գերակայություններին:

2. Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Կարեւորելով համայնքների կողմից միջնաժամկետ բյուջետային պլանավորման անհրաժեշտությունը եւ դրա համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի սահմանումը, կարծում ենք, Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, դրված խնդիրների գործնական լուծման տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի՝ հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

30.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրեր (ՄԺԾԾ) մշակելու նպատակով եւ բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6 կետից, համայնքների զարգացման հնգամյա ծրագրերից:

Ըստ էության, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով, Նախագծերի փաթեթի հեղինակն ակնկալում է, որ ՀՀ համայնքի կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակմամբ հնարավություն կնձեռնվի առավել իրատեսական եւ առարկայական դարձնել համայնքի զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ թույլ կտա համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով եւ հիմնավորումներով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

28.03.2022թ.