ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-194-09.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-194-09.03.2022-ՊԻ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

30.03.2022թ. 




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծով նախատեսվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ՝ Կանոնակարգ) խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող 5-րդ բաժնում լրացնել նոր 127.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ՝ «Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում՝ արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչեւ դեկտեմբեր 1-ը եւ հունիսի 1-ը Ազգային ժողով զեկույց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմվող հիմնարար դրույթների վերաբերյալ: (...)»:

Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Կանոնակարգում նախատեսվում է լրացնել Ազգային ժողովի կողմից իրականացվող խորհրդարանական վերահսկողության նոր լիազորություն, այն է՝ քննարկել արտաքին գործերի նախարարի կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, իսկ վարչապետի կողմից՝ տարվա ընթաքում երկու անգամ պետության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերին առնչվող զեկույցները:

Հարկ է նկատել, որ Ազգային ժողովի՝ գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու գործառույթն ուղղակիորեն բխում է Սահմանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից, այն է՝ «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:» Նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված է՝ «4. Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: 5. Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան:»: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների շրջանակը եւ գործիքակազմը հստակ պետք է սահմանված լինեն Սահմանադրությամբ, իսկ դրանց իրականացման մանրամասները, իրականացման կարգը՝ Կանոնակարգով: Հակառակ պարագայում Ազգային ժողովը, որպես օրենսդիր մարմին, կարող է Կանոնակարգով անընդհատ ընդլայնել իր՝ գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության շրջանակը:

Այսինքն՝ Ազգային ժողովի լիազորությունները, այդ թվում Ազգային ժողովի՝ գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու գործառույթն, ուղղակիորեն պետք է սահմանված լինեն Սահմանադրությամբ: Հետեւաբար խորհրդարանական վերահսկողության լիազորությունները Սահմանադրությամբ հստակ չսահմանելը, կարծում ենք, կարող է հանգեցնել իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի խախտման:

Միաժամանակ նշենք, որ Ազգային ժողովին վերապահված է խորհրդարանական վերահսկողական մի շարք գործիքներ, որոնց միջոցով կարող է ձեռք բերվել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը, օրինակ՝ Կառավարության անդամներին գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու կամ գրավոր հարցապնդումներով դիմելու եղանակը: Բացի այդ նշենք, որ Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ սահմանադրորեն ամրագրված է Կառավարության, որպես կոլեգիալ մարմնի, Ազգային ժողովին հաշվետվողականության շրջանակը՝ հստակ նախատեսելով Սահմանադրությամբ սահմանված ոլորտներում առկա խնդիրների, նպատակների եւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ վերլուծության եւ տեղեկատվության տրամադրման պարտականություն (Սահմանադրության 86-րդ եւ 87-րդ հոդվածներ): 

Հիմք ընդունոլով վերոգրյալը, կարծում ենք, խորհրդարանական վերահսկողությունը սահմանափակված է սահմանադրաիրավական պահանջներով, եւ Ազգային ժողովի համար նոր լիազորություն, այն է ստանալ զեկույց արտաքին գործերի նախարարից կամ վարչապետից, կարող է սահմանվել բացառապես Սահմանադրությամբ, իսկ Կանոնակարգով կարող են սահմանվել համապատասխան լիազորության իրականացման շրջանակը եւ մանրամասները:

2.  Նախագծի 1-ին հոդվածով Կանոնակարգում լրացվող նոր 127.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված է՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցը Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի պահանջով մեկամսյա ժամկետում՝ Խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում՝ Կանոնակարգի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:» 

Նախ նշենք, որ նշված ձեւակերպումից պարզ չէ մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը, մասնավորապես՝ ո՞ր օրվանից կամ ո՞ր պահից է հաշվվելու զեկույցն Ազգային ժողովում քննարկելու մեկամսյա ժամկետը՝ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից, թե իրավասու մշտական հանձնաժողովում քննարկվելու օրվանից: Նորմատիվ իրավական ակտի որոշակիությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք կարգավորումները սահմանել հստակ եւ որոշակի:

Նշենք նաեւ, որ  լրացվող 127.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Նախագծով սահմանված զեկույցն Ազգային ժողովի հերթական նիստերում քննարկել Կանոնակարգի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Մինչդեռ Կանոնակարգի 126-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է ոչ թե զեկույցը քննարկելու կարգին, այլ հարցը (զեկույցը) Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում իրավասու մշտական հանձնաժողովում քննարկելուն եւ երկամսյա ժամկետում՝ Ազգային ժողովի հերթական նիստերում քննարկելուն, այլ կերպ ասած՝ հարցի քննարկման ժամկետին: 

       Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասն է վերաբերում հարցի քննարկման ընթացակարգին, իսկ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր 127.1-ին հոդվածի 4-րդ մասում հղում է կատարվում ոչ վերաբերելի դրույթի՝ առաջարկում ենք  Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր 127.1-ին հոդվածի 4-րդ մասում կատարված հղումը հստակեցնել:

3.  Նախագծի 1-ին հոդվածով Կանոնակարգում լրացվող նոր 127.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված է՝ «Սույն հոդվածով նախատեսված խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ իրավասու մշտական հանձնաժողովի կամ Ազգային ժողովի որոշմամբ կարող են հրավիրվել իրավասու պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի կամ Ազգային ժողովի նիստին եւ պատասխանել հարցերին:»:

Նախ նշենք, որ նշված դրույթն իր բովանդակությամբ չի համապատասխանում նոր լրացվող 127.1-ին հոդվածի վերնագրին: Մասնավորապես՝ Կանոնակարգում լրացվող նոր 127.1-ին հոդվածը վերաբերում է պետության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ զեկույցին, հետեւաբար համապատասխան հոդվածի կարգավորումները պետք է վերաբերեն բացառապես համապատասխան զեկույցին, մինչդեռ 127.1-ին հոդվածի 5-րդ մասը վերաբերում է իրավասու պաշտոնատար անձանց հրավիրելու եւ ներկայանալու հարցերին: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 127.1-ին հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել նույն հոդվածի բովանդակությանը: 

Բացի այդ նշենք, որ Կանոնակարգը մշտական հանձնաժողովների համար արդեն իսկ նախատեսում է պաշտոնատար անձանց հրավիրելու եւ լսելու իրավասություն: Այսպես՝ Կանոնակարգի 122-րդ հոդվածի 4-րդ մասը հնարավորություն է տալիս մշտական հանձնաժողովներին խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պարզաբանման առնչությամբ իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին եւ պատասխանել հարցերին: Հետեւաբար առաջարկում ենք խուսափել անհիմն կրկնությունից:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 4-րդ եւ 88-րդ հոդվածների տեսանկյունից: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների որոշակիությունը, համապատասխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

30.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

30.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս անգամ, իսկ հանրապետության վարչապետը՝ երկու անգամ Ազգային ժողով են ներկայացնում զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ: 

Միաժամանակ, հաշվի առնելով փոխանցվող տեղեկատվության բնույթը (տեղեկատվությունը կարող է ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ) նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսում են նման տեղեկատվության փոխանցում միայն պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանությունն երաշխավորող օրենսդրությամբ սահմանված կառուցակարգերով, իսկ նշված հարցերի քննարկումը Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի փակ նիստի շրջանակներում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

18.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.    Ներկայացված Նախագծով նախատեսվում է  լրացում կատարել  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, համաձայն որի՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ Ազգային ժողով են ներկայացնում զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմվող հիմնարար դրույթների վերաբերյալ:

Ըստ Նախագծի հեղինակի, նախատեսվող լրացումը հնարավորություն կտան Ազգային ժողովի պատգամավորներին մշտական հանձնաժողովների աշխատանքների միջոցով իրականացնել խորհրդարանական վերահսկողություն եւ տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի եւ ոլորտային այլ կարեւորագույն հարցերի վերաբերյալ՝ վարչապետի եւ  արտաքին գործերի նախարարի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա:

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

23.03.2022թ.