ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-188-04.03.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-188-04.03.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

25.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում «առողջապահական ընկերությունների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նույն հավելվածի 7-րդ, 32-րդ, 39-րդ, 47-րդ կետերով նախատեսված ընկերությունների,» բառերը եւ կետադրական նշանները:

Օրենքի 8-րդ հոդվածում սահմանված են առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ պետական գույքի մասնավորեցման ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել՝

1)     այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը,

2)     որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւ մրցունակության ապահովման առումով):

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացման կատարման անհրաժեշտությունը պատճառաբանված է հետեւյալ կերպ. «Ընկերությունների մասով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջից բացառություն նախատեսելը հնարավություն կտա Ընկերություններին իրենց գործունեությունը զարգացնել այլ՝ առավել անհրաժեշտ ուղղություններով:»:

Մեջբերվածի կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Օրենքով առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջների սահմանումը ինքնանպատակ չէ. միտումը տվյալ ընկերության մասնավորեցումից հետո եւս գործունեության հիմնական ուղղության, հանրային օգտակարության, այդ թվում՝ շահառուների համար մատուցվող բժշկական ծառայությունների որակի պահպանումն է: 

Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Օրենքի՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակներին վերաբերող 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2017-2020 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) երկրի տնտեսության մրցունակության եւ արդյունավետության խթանումը.

2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը եւ մրցակցային միջավայրի բարելավումը.

3) մասնավորեցման ենթակա ընկերության (օբյեկտի) մասնավորեցման ժամանակ միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի եւ մասնավորեցման ձեւերի (մրցույթ, ուղղակի վաճառք եւ այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.

4) երկրի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը եւ մասնավորեցման քաղաքականության շարունակականության ապահովումը.

5) պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:»:

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հոդվածի 1-ին մասում նշված պահանջն ամրագրվում է տվյալ պետական մասնակցությամբ ընկերության մասնավորեցման պայմանագրում՝ որպես գործարքի շրջանակներում կառավարության եւ մասնավոր սեփականատիրոջ կամ ներդրողի իրավատնտեսական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման: Այն պահպանում է իր իրավական ուժն ընկերության գործունեության ամբողջ ընթացքում` անկախ սեփականատիրոջ փոփոխությունից:

Հարկ է նկատել, որ Նախագծի հիմնավորմամբ ներկայացված դիտարկումը հանգում է միայն պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման նպատակների իրականացման անհրաժեշտությանը: Սակայն Նախագծի 1-ին հոդվածով սահմանված լրացման արդյունքում առողջապահության ոլորտի պետական մասնակցությամբ ընկերությունների մասնավորեցմանը ներկայացվող պահանջների պահպանումը «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ի, «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի, «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի, «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի համար բացառելու անհրաժեշտության վերաբերյալ փաստարկված պատճառաբանությունը Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է: Միաժամանակ քննարկվող բացառության նախատեսումը, կարծում ենք, չի բխում Օրենքի 1-ին հոդվածով նախատեսված նպատակներից: 

Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Նշված փաստաթղթերից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանն իր` 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է՝ «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես? նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ:»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն? համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: Ըստ Եվրոպական դատարանի` ցանկացած տարբերակում կամ տարբերություն չէ, որ կարելի է խտրականություն համարել: Մասնավորապես՝ Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom, 28 May 1985 վճռում Եվրոպական դատարանը նշել է. «(…) Տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»:

Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Այսպիսով՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածում կատարվող լրացման արդյունքում նախատեսվող բացառությամբ վերը թվարկված կազմակերպությունների համար նախատեսվում է ընդհանուր կանոնից տարբերվող այլ կարգավորում, ինչի արդյունքում վերջիններիս նկատմամբ կիրառելի չեն դառնում Օրենքի 1-ին եւ 8-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքները, մինչդեռ կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում դրսեւորելը չունի օբյեկտիվ եւ Օրենքի նպատակների տեսանկյունից արդարացված հիմնավորում:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը»:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումներն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է Սահմանադրության 29-րդ հոդվածի տեսանկյունից:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

25.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

25.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որեւէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունների նկատմամբ: Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում նշված ընկերությունները մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող են իրենց գործունեությունը ծավալել այլ ուղղություններով: Բացի այդ, առաջարկվում է նաեւ «Նեւրոզների կլինիկա» ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

16.03.2022թ.
 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): 

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու, ինչպես նաեւ պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Նեւրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է՝

- մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որեւէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» եւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունների նկատմամբ: Նշվածից հետեւում է, որ ընկերությունները մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող են իրենց գործունեությունը ծավալել այլ ուղղություններով,

- «Նեւրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից՝ օրենքի հավելվածով հաստատված ցանկի 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծով առաջարկվող լրացմամբ եւ փոփոխությամբ ակնկալվում է «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից՝ այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովելով նշված ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը եւ շարունակական զարգացումը:

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

16.03.2022թ.