ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-186-04.03.2022-ՊԻ-011/0)  եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1861 -04.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-186-04.03.2022-ՊԻ-011/0)  եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1861 -04.03.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

28.03.2022թ.




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) որպես Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների նպատակներից մեկը նշված է ազատությունից զրկված անձանց առանձին պահելու վերաբերյալ կարգավորումների (հիմքերը, ռեժիմները եւ այլն) հստակեցված լինելու անհրաժեշտությունը: Մինչդեռ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների արդյունքում այդ նպատակը չի իրագործվում: 

1.1.Այսպես՝ ազատությունից զրկված անձանց առանձին պահելու հիմքերի տեսանկյունից հարկ է անդրադառնալ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) սահմանված չեն որպես կարգապահական տույժ անձին առանձին պահելու հիմքերը: Օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ 

«1. Պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետեւյալ միջոցները.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պատժախուց տեղափոխելը (…) 

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում եւ կարգով»: 

Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչ օրինաչափությամբ են Օրենսգրքով սահմանվում կանխարգելիչ եւ պաշտպանական նպատակներով անձանց առանձին պահելու հիմքերը, երբ ազատությունից զրկված անձին կարգապահական տույժի ձեւով պատժախցում պահելու հիմքերը եւ դեպքերը սահմանված են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, այլ ոչ Օրեսնգրքով: Հիմք ընդունելով այն հանգամքը, որ Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների նպատակը ազատությունից զրկված անձանց առանձին պահելու վերաբերյալ կարգավորումները հստակեցնելն է, կարծում ենք, առավել նպատակահարմար է որպես տույժի միջոց պատժախուց տեղափոխելու դեպքերը եւս նախատեսել Օրենսգքրով, ինչը հնարավորություն կտա անձանց առանձին պահելու տարատեսակներն ավելի հստակ տարանջատել (որպես տույժի միջոց, պաշտպանական եւ կանխարգելիչ նպատակներով), ինչպես նաեւ կապահովվի կարգապահական տույժ կիրառելիս չարաշահումների բացառումը, կարգապահական տույժի օրինական եւ համաչափ լինելը:

1.2.    Ազատությունից զրկված անձանց առանձին պահելու ռեժիմների տեսանկյունից հարկ է անդրադառնալ այն փաստին, որ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 6-րդ հոդվածով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատապարտյալը, բացառիկ դեպքերում, իր դիմումի հիման վրա կամ քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանը սպառնացող վտանգի դեպքում: 

2. Կանխարգելիչ նպատակով դատապարտյալը պահվում է առանձին, եթե առկա են այնպիսի տվյալներ կամ փաստեր, որոնք ողջամտորեն հիմք են տալիս ենթադրելու, որ դատապարտյալը կարող է՝

1) վտանգ ներկայացնել հիմնարկում աշխատող, այնտեղ պահվող կամ այցելող անձանց համար.

2) իր միջոցներով կամ արտաքին օժանդակությամբ դիմել փախուստի՝ ազատության մեջ գտնվելիս հասարակության համար վտանգ ներկայացնելու, նշանակված պատիժը կրելուց խուսափելու կամ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու եղանակով:»: Նշված կարգավորմամբ  այլ անձանց համար վտանգ ներկայացնող անձը եւ այն անձը, որին վտանգ է սպառնում, պահվում են նույն պայմաններում՝ պատժախցում: Այս առումով հասկանալի չէ նման կարգավորման նպատակը եւ պատճառաբանվածությունը: Բացի այդ՝ կարգապահական տույժի կիրառման հիմքով ազատությունից զրկված անձանց առանձին պահելու համար սահմանված է ընթացակարգ, որն իր մեջ ներառում է նրանց որոշ իրավունքներ սահմանափակելու հնարավորություն, ինչպես օրինակ՝ դրամական փոխանցումներ ստանալու եւ կատարելու, հեռախոսակապից օգտվելու եւ այլ իրավունքներ: Մինչդեռ կանխարգելիչ նպատակով առանձնացված անձանց համար ոչ միայն այդ իրավունքների սահմանափակման հնարավորություն չի նախատեսվում, այլեւ նախատեսվում են հավելյալ իրավունքներ, ինչպես օրինակ՝ գրականությունից օգտվելու, մարդկային արդյունավետ շփման իրավունքները: Անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում առ այն՝ ինչ հիմքով են կանխարգելիչ նպատակով անձին առանձին պահելու համար նախատեսվում ավելի բարենպաստ պայմաններ, քան կարգապահական տույժի ենթարկված անձանց համար, եթե երկու դեպքում էլ անձանց առանձնացնում են ոչ օրինաչափ վարքագծի պատճառով: Ռեժիմների տեսանկյունից հարկ է անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ պաշտպանական նպատակով անձին առանձին պահելու դեպքում անհրաժեշտ է սահմանել ավելի բարենպաս պայմաններ, քան կանխարգելիչ կամ կարգապահական տույժի կիրառման նպատակով առանձնացված անձանց համար՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջիններս առանձնացվել են իրենց՝ ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում:

1.3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածով ազատությունից զրկված անձին իրեն սպառնացող վտանգից պաշտպանելու նպատակով առանձնացնելու վերաբերյալ սահմանված կարգավորումների կապակցությամբ հարկ է անդրադառնալ նաեւ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, համաձայն որի՝ ուղղիչ հիմնարկում առանձին են պահվում «դատապարտյալը, որի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս դատապարտյալներից՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմի որոշմամբ»: Հասկանալի չէ, արդյոք Օրենսգրքի նշված դրույթը եւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածի վերաբերելի դրույթները կարգավորում են նույն հարցը, թե ոչ, հետեւաբար առաջարկում ենք համապատասխան հստակեցումներ կատարել:

1.4. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Դատապարտյալը, բացառիկ դեպքերում, իր դիմումի հիման վրա կամ քրեակատարողական հիմնարկի պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձի նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին (…)»: Նախ՝ հասկանալի չէ մեջբերված հատվածում «բացառիկ դեպքերում» ձեւակերպման կիրառության նպատակը այն պարագայում, երբ նույն հոդվածով սահմանվում են անձին առանձին պահելու հնարավոր երկու դեպքերը: Երկրորդ՝ մեջբերված հատվածից բխում է, որ կանխարգելիչ նպատակով անձին առանձնացնելը կատարվում է իր դիմումի հիման վրա կամ քրեակատարողական հիմնարկի պետի նախաձեռնությամբ, մինչդեռ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից եւ տրամաբանությունից բխում է, որ կանխարգելիչ նպատակով առանձնացված անձն իր դիմումի հիման վրա չի կարող առանձնացվել:

1.5. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Կանխարգելիչ նպատակով դատապարտյալը պահվում է առանձին, եթե առկա են այնպիսի տվյալներ կամ փաստեր, որոնք ողջամտորեն հիմք են տալիս ենթադրելու, որ դատապարտյալը կարող է (…) իր միջոցներով կամ արտաքին օժանդակությամբ դիմել փախուստի՝ ազատության մեջ գտնվելիս հասարակության համար վտանգ ներկայացնելու, նշանակված պատիժը կրելուց խուսափելու կամ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու եղանակով»: Նախ՝ նշված ձեւակերպումի շարադրանքից հստակ հասկանալի չէ դրա իմաստը: Մասնավորապես՝ ձեւակերպումից հասկանալի չէ՝ արդյո՞ք նշանակված պատիժ կրելուց խուսափելու եւ այլ ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորելու դեպքում փախուստի դիմելու վտանգը պարտադիր պայման է, թե ոչ կանխարգելիչ նպատակով անձին առանձնացնելու համար: Եթե այո, ապա ինչպես է դրսեւորվում օրինակ նշանակված պատիժ կրելուց խուսափելու եղանակով փախուստի դիմելը: Եթե ոչ, ապա ինչպես է տարբերակվելու կանխարգելիչ նպատակով դատապարտյալին առանձին պահելու համար հիմք հանդիսացող ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումը որպես կարգապահական տույժ պատժախցում պահելու հիմք հանդիսացող ոչ իրավաչափ վարքագծից: 

Միաժամանակ նշենք նաեւ, որ կարծում ենք՝ նպատակահարմար է կանխարգելիչ եւ պաշտպանական նպատակներով անձանց առանձնացնելու հնարավորությունը սահմանել նաեւ Օրենսգրքի 11-րդ գլխով սահմանված կարգապահական գումարտակներում:

2.   Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում է լրացում, որի արդյունքում այն ունենում է հետեւյալ տեսքը. «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ հաշվի առնելով սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջները, դատապարտյալների դասակարգման եւ գնահատման արդյունքները:»: Այսպես՝ Օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է. «1. Ուղղիչ հիմնարկում անջատ են պահվում՝

1) տղամարդիկ՝ կանանցից.

2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի.

3) առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, բացի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանցից՝ նախկինում ազատազրկման ձեւով պատիժ կրած դատապարտյալներից.

4) (...):»: Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասն իր հերթին սահմանում է. «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվում է հետեւյալ առանձնահատկություններով.(...)

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ տեղաբաշխման հանձնաժողովը ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելիս հաշվի է առնում ոչ միայն Օրենսգրքի՝ վերը մեջբերված դրույթները, այլեւ դատապարտյալների դասակարգման ու գնահատման արդյունքները: Սա նկատի առնելով՝ նշենք, որ Հիմնավորումից, Օրենսգրքին եւ Նախագծերի փաթեթի վերլուծությունից հասկանալի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «դատապարտյալների դասակարգում եւ գնահատում» եզրույթը, ինչպես է այն դրսեւորվում եւ ինչ միասնական չափանիշ է դրվում դասակարգման ու գնահատման հիմքում, որը նախատեսված չէ Օրենսգրքի 68-րդ եւ 100-րդ հոդվածներով: Հետեւաբար իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք Օրենսգրքով սահմանել «դատապարտյալների դասակարգում եւ գնահատում» եզրույթը, ինչպես նաեւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղաբաշխման հանձնաժողովի որոշման համար հիմք հանդիսացող մյուս բոլոր պահանջները սահմանված են Օրենսգրքի 68-րդ եւ 100-րդ հոդվածներով, առաջարկում ենք Օրենսգրքով սահմանել նվազագույնը այն սկզբունքները, որոնք հիմք ընդունելով, որոշվելու են դատապարտյալների դասակարգման եւ գնահատման չափանիշները: 

Այս հարցի շրջանակներում հարկ է անդրադառնալ նաեւ Օրենսգրքի 101-րդ հոդվածի, որի համաձայն՝ «Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը եւ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջները»: Կարծում ենք՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելիս պետք է հաշվի առնել նաեւ դատապարտյալների դասակարգման եւ գնահատման արդյունքները: 

3.   Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 95-րդ հոդվածում լրացնել «քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանումում» բառերը: Այս առումով հարկ է նկատել, որ Օրենսգրքում «հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում» եզրույթը չի կիրառվում: Հետեւաբար հասկանալի չէ՝ արդյոք Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ուղղիչ հիմնարկների բուժական ստորաբաժանում» եզրույթը նույնական է «հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում» եզրույթի հետ, թե ոչ: Եթե այո՝ ապա անհրաժեշտ է ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքում նոր խմբագրությամբ շարադրվող 108-րդ հոդվածում կիրառվող «բժշկական ստորաբաժանում» բառերին:

4.   Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրեսնգրքի 97-րդ հոդվածի հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետը «Ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում» շարադրել նոր խմբագրությամբ. «Անչափահասները, կերակրող մայրերը, հղիները, ինչպես նաեւ իրենց մոտ երեխաներ ունեցող ծնողները պատժախուց չեն տեղափոխվում»:  Հարկ է նկատել, որ նոր խմբագրությամբ «հետծննդյան ժամանակահատվածում գտնվող» բառերը հանելու արդյունքում բաց է մնում այն կանանց վերաբերող կարգավորումները, ում երեխան ծննդաբերելուց անմիջապես հետո մահացել է( գտնվում է հետծննդյան ժամանակահատվածում): Միաժամանակ նշենք նաեւ, որ կարծում ենք՝ «իրենց մոտ երեխա ունեցող» եզրույթն իր մեջ արդեն իսկ ներառում է «կերակրող մայրեր» եզրույթը:

Նույնը վերաբերելի է նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով սահմանվող կարգավորմանը:

5.   Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենսգրքի 100-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «Դատապարտյալների դասակարգման եւ գնահատման կարգն ու չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածով սահմանել Նախագծի 4-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ:

6.   Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն(…)»:

7.   Առաջարկում ենք «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծ 1-ին հոդվածում օրենքի հերթական համարից հետո նշված «-Ն» նշումը հանել՝ հիմք ընդունելով այն հանագամանքը, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի հերթական  համարից հետո համապատասխան օրենքի՝ նորմատիվ բնույթի մասին նշումը բացակայում է:

8.   «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծ 1-ին հոդվածով նախատեսվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի (...) 4) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգետթրապեւտիկ աջակցություն (...)»:

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը»: Համապատասխան ցանկը բովանդակող Կառավարության՝ 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 74-րդ կետով հոգեթերապեւտիկ օգնությունը սահմանված է որպես բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծ 1-ին հոդվածում կիրառված «հոգեթերապեւտիկ աջակցություն» հասկացությունն իրավական շփոթ կարող է առաջացնել. մասնավորապես՝ օրենսդրությամբ սահմանված չէ «հոգեթերապեւտիկ աջակցություն» հասկացությունը, հասկանալի չէ հոգեբանական աջակցության եւ հոգեթերապեւտիկ աջակցության տարբերությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, թե «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված բժշկական օգնությունը կլանում է արդյո՞ք հոգեթերապեւտիկ աջակցությունը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված նույնական կարգավորմանը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

25.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

25.03.2022թ




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ աջակցություն ստանալու իրավունքը (ինչը միտված է նաեւ առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն), վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, նախատեսել իրավական արգելք՝ անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ, հստակեցնել ազատազրկման դատապարտված անձանց առանձին պահելու կարգավորումները (հիմքեր, ռեժիմներ եւ այլն), դատապարտյալների դասակարգման եւ գնահատման արդյունքները ներառել դատապարտյալներին ըստ ուղղիչ հիմնարկների տեղաբաշխելիս հաշվի առնվող հանգամանքների շրջանակում, հանել ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու համար առավելագույնը յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված լինելու պահանջը:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

14.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ազատությունից զրկված անձանց առանձին պահելու վերաբերյալ կարգավորումները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի համապատասխան դրույթները մարդու իրավունքների ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ դարձնելու անհրաժեշտությամբ՝ բացառելով սեփական առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի կիրառումը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

  •      հստակեցնել կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ աջակցություն ստանալու իրավունքը, 
  •      վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը,
  •      նախատեսել իրավական արգելք անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ,
  •      հստակեցնել ազատազրկման դատապարտված անձանց առանձին պահելու

կարգավորումները եւ այլն:

2. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի դատապարտյալն իրավունք ունի առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապեւտիկ աջակցություն ստանալու: 

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «,իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչեւ տասն օր» բառերը: Այսինքն, Նախագծով ամրագրվում է արգելել կարգապահական խախտում թույլ տված անչափահասի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձեւով տույժի միջոցի կիրառումը:

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին պարբերության 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապեւտիկ աջակցություն, ինչպես նաեւ զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին: 

3. Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների հետ կապված կցանկանային ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

Առողջության պահպանման իրավունքը մարդու բնական իրավունքն է եւ պատժի կատարումը, մեր կարծիքով, չի կարող սահմանափակել այն։

«Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական չափանիշները» ժողովածուի մեջ շեշտվում է, որ քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք պետք է ստանան մասնագիտական որակյալ հոգեբանական աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանն իր 2019 թվականի տարեկան զեկույցում ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) հատուկ ուշադրություն է դարձնում ազատությունից զրկված անչափահասների բժշկական առանձնահատուկ կարիքներին:

Անչափահասների համար նախատեսված ազատությունից զրկման վայրերում պետք է հատուկ ջանքեր գործադրվեն երկարաժամկետ սոցիալական մեկուսացման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Սա ենթադրում է բազմակողմանի մոտեցում՝ օգտագործելով մի շարք մասնագետների (այդ թվում՝ հոգեբաններ) հմտություններն անչափահասների անհատական կարիքներն անվտանգ կրթական եւ սոցիալ-թերապեւտիկ միջավայրում ապահովելու նպատակով:

Անդրադառնալով ազատությունից զրկված անձին առանձին պահելու՝ որպես տույժի միջոցի կիրառմանը, նշենք, որ 2019 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-1442 որոշմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ պատժախցում անձի միայնակ մնալը՝ սեփական ներաշխարհում, սեփական մտքերի ու վախերի հետ, հոգեճնշող իրավիճակ կարող է առաջացնել: 

Վերը նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «...կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելը պատժախցում բնորոշվում է նրա սոցիալական մեկուսացմամբ, շրջապատող միջավայրի ազդեցության նվազեցմամբ եւ առօրյա կյանքի գրեթե բոլոր ասպեկտների նկատմամբ վերահսկողության կորստով, ինչն անխուսափելիորեն բացասական է ազդում պատժախցում գտնվող անձի հոգեկան վիճակի վրա:»: 

Հաշվի առնելով վերոգրյալը, անչափահասների հոգեֆիզիոլոգիական  առանձնահատկությունները եւ այն, որ վերջիններիս տեղափոխումը պատժախուց կարող է իրենց մոտ առաջացնել հոգեճնշող վիճակ (վտանգել նրանց ֆիզիկական եւ/կամ մտավոր բարեկեցությունը), ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել տարբեր խնդրահարույց իրավիճակների, մեր կարծիքով, Նախագծերի փաթեթի ընդունումը առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից կունենա դրական նշանակություն:

Եզրահանգում

Առողջության պահպանման իրավունքը, հատկապես, կարեւորվում է հասարակությունից մեկուսացման պայմաններում եւ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները՝ առողջության պահպանման իրավունքի տեսանկյունից, կարծում ենք դրական ազդեցություն կունենա: 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

21.03.2022թ.