ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության ու վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-182-03.03.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-182-03.03.2022-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

               ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.03.2022թ. 





Իրավական փորձաքնության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

16.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

16.03.2022թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր): Ծրագրի նպատակն է՝ ապահովել Երեւան քաղաքում գործող տրանսպորտային ցանցի բարելավման առաջնահերթությունը, Երեւան համայնքի քաղաքացիների անվտանգ ուղեւորափոխադրումները, ինչպես նաեւ բարելավել ուղեւորափոխադրումների սպասարկման որակը, վերահսկողության մակարդակը, ուղեւորափոխադրումների արդյունավետության ու մատչելիության բարձրացումը:

Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) եւ տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես՝ Համաձայնագրի 2.1 հոդվածում սահմանված է, որ Բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ 20 մլն եվրո գումարի չափով: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա Euribor + 1% մարժա (2022թ. մարտի 4-ի դրությամբ 6-ամսյա Euribor-ի տոկոսադրույքը կազմում է -0.482 %), ընդ որում` 6-ամսյա Euribor-ի բացասական դրույքաչափի պարագայում հաշվարկների համար ընդունվում է վերջինիս 0% մեծությունը: Վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականությունը կիսամյակային է, մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ իրականացվում են հավասարաչափ վճարումներով: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` տարեկան 0.5%-ի չափով, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 1 տոկոսի չափով (200,000 եվրո), որը ենթակա է վճարման վարկային միջոցների հաշվին՝ վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին կամ դրանից հետո 7 օրվա ընթացքում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

09.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայանագիր),  որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երեւանի քաղաքապետարանը դեեւս 2019թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ 20 մլն եվրո գումարի չափով: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի է, որի նպատակն է աջակցել Վարկառուին Քաղաքապետարանի համար մինչեւ 100 միավոր ժամանակակից, 12 մետրանոց, ցածր հատակով, ՍԲԳ աշխատող ավտոբուսների ձեռքբերումը ֆինանսավորելու հարցում՝ քաղաքի հասարակական տրանսպորտի ցանցը բարելավելու եւ օդի աղտոտումը նվազեցնելու նպատակով: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ 2025 թվականի օգոստոսի 31-ը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ կապահովվի Երեւան քաղաքում գործող տրանսպորտային ցանցի բարելավման առաջնահերթությունը, Երեւան համայնքի քաղաքացիների անվտանգ ուղեւորափոխադրումները:

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

10.03.2022թ.