ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-170-22.02.2022-ՊԻ-011/0) 

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-170-22.02.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքին (այսուհետ նաեւ` Օրենք) այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում են լրացումներ, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա`

(...)

6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եւ որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը չի կարող լինել պակաս 20 միլիոն դրամից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

(...)

9) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում՝ ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:»:

Նախագծով կատարվող լրացումների անհրաժեշտության վերաբերյալ Նախագծին կից ներակայացված հիմնավորմամբ նշվում են հետեւյալ դիտարկումները.

«(...)Նախագծով հատուկ կարգավորում է սահմանվել այն անձանց համար, ովքեր իրենց խնամքի տակ ունեն երկուսից ավելի երեխաներ: Այս դեպքերում, երբ բնակարանը կհանդիսանա պարտապանի միակ մշտական բնակության վայրը, ապա այն ենթակա չի լինի բռնագանձման:

Այս կարգավորման նպատակը, inter alia, բազմավակ ընտանիքների համար սոցիալական կայունության յուրահատուկ երաշխիքի ապահովումն է, որի պարագայում կբացառվի նրանց անօթեւան մնալը:

Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են:»

Սահմանադրության  86-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են՝ ծնելիության եւ բազմազավակության խթանումը:

Այս կարգավորումը փաստացի անուղղակիորեն նպաստելու է սահմանադրական այս սկզբունքների իրագործմանը: (...)»:

Օրենքի 51-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա`

(...)

6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եւ որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

(...)

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ՝

1) գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար.

2) բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները.

3) հայցի ապահովման, վճռի կատարման ապահովման կամ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշման կատարման փուլում պարտապանին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, եւ պարտապանը հետագայում օտարել է դրանք՝ պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:»:

Այսպիսով՝ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում նոր՝ 9-րդ կետի լրացման արդյունքում նախատեսվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող այն գույքի վրա, որը միակ այն բնակարանն է (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասը եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցները) կամ դրա բաժինն է, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում՝ ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ քաղաքացի-պարտապանին պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու արգելքի այս դեպքից, ի տարբերություն Օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքի (Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մաս), բացառություններ չեն նախատեսվում, ինչպես նաեւ այս դեպքում, անկախ միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարի չափից, դրա վրա չի կարող տարածվել բռնագանձում: Հաշվի առնելով՝ Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նախատեսված՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի վերաբերյալ կարգավորումը՝ կարծում ենք, առանց գումարային այլ համաչափ եւ հիմնավորված սահմանաչափի նախատեսման, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում նոր՝ 9-րդ կետի լրացումը կարող է խնդրահարույց լինել համաչափության իրավական սկզբունքի եւ այլ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել պարտապանին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի վրա, որը ենթակա է վերադարձման պարտապանին: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կատարվող լրացման արդյունքում, արդեն իսկ, նախատեսվում է կարգավորում, որի արդյունքում պարտապանին վերադարձման ենթակա կլինի նվազագույնը 20 միլիոն դրամ, այդ թվում իր խնամքի տակ երկուսից ավելի երեխաներ ունեցող պարտապանին: Ուստի, կարծում ենք, լրացուցիչ երաշխիքի տրամադրումը միայն այն պարտապանին, ով իր խնամքի տակ ունի երկուսից ավելի երեխա, բայց ոչ, օրինակ, այն պարտապաններին, ովքեր իրենց խնամքի տակ ունեն առավելագույնը երկու երեխա կամ հաշմանադամություն ունեցող երեխա, ունի լրացուցիչ հիմնավորման կարիք:

3. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«9. Պարտապանի այլ գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, որը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, ենթակա չէ բռնագանձման, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իր որոշմամբ հանձնարարում է պարտապանին իրականացնելու դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար որոշմամբ սահմանելով գրանցումը (հաշվառումը) ապահովելու եւ գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու ժամկետ:»:

Հաշվի առնելով նշված կարգավորումն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում նոր՝ 9-րդ կետ լրացնելիս համապատասխան լրացում կատարել նաեւ Օրենքի 43-րդ հոդվածում:

4. Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 9-րդ կետն առաջարկում ենք երկու կողմից ներառել չակերտներում:
 
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է, համաչափության սկզբունքի պահպանման նպատակով, վերանայել Նախագծի 1-ին հոդվածով՝ Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 9-րդ կետի կարգավորումը:

Միաժամանակ` անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

15.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

15.03.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված  Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում, մասնավորապես՝ առաջարկվում է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը սահմանել 20 միլիոն դրամ, ինչպես նաեւ բռնագանձում չտարածել միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում` ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտարկումներն ու առաջարկությունները: 

ՀՀ կառավարության 13 հուլիսի 2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված պարտապանի միակ բնակարանի իրացման նվազագույն գումարը վերանայելու անհրաժեշտություն իսկապես առկա է: Մեր կողմից ուսումնասիրվել եւ վերլուծվել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած անշարժ գույքի շուկայի տարեկան վերլուծությունները: Համաձայն հրապարկված տվյալների` 2017թ.-ին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների շուկայական միջինացված գինը կազմել է Երեւանում 265,300 ՀՀ դրամ/1 քմ, մարզերում`  84,528 ՀՀ դրամ/1քմ,  իսկ 2021թ.-ին  Երեւանում 338,555 ՀՀ դրամ/1 քմ, մարզերում`  98,866 ՀՀ դրամ/1քմ: Տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ անշարժ գույքի գները աճել են Երեւան քաղաքում 27,6%-ով, իսկ մարզերում? 17%-ով, հետեւաբար? 2017թ.-ին սահմանված 4,900,000 ՀՀ դրամ նվազագույն գումարը վերանայելու եւ շուկայական գներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն կա: Նաեւ դիտարկելով Երեւան քաղաքում եւ մարզերում գույքի գների տարբերությունը, ակնհայտ է դառնում, որ ընդհանրացված մոտեցումը ոչ արդյունավետ է, քանի որ կարող է առաջացնել գույքի իրացման հետ կապված բարդություններ: 

Այս կապակցությամբ առաջարկում ենք՝

ա) դիտարկել Երեւան քաղաքում եւ մարզերում իրացման նվազագույն գնի տարբերակված մոտեցման կիրառման հնարավորություն,

բ) շուկայական գների հաճախակի տատանումների հետ կապված՝ դիտարկել նշված նվազագույն գումարի փոփոխությունները ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ սահմանելու հնարավորությունը, այդ թվում՝ ֆիքսված գումարի փոխարեն գնի որոշման կոնկրետ բանաձեւ սահմանելու  միջոցով: 

Կարծում ենք, որ պարտապանի միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն գումարը 20 միլիոն դրամ սահմանելու դեպքում կարող են առաջանալ մի շարք ռիսկեր, մասնավորապես`

  •  մինչեւ 20 միլիոն դրամ արժողությամբ միակ բնակարանի սեփականատերը կարող է այն որպես պարտավորության ապահովման միջոց ներկայացնել, ստանձնել ֆինանասական պարտավորություն եւ հրաժարվել պարտավորության կատարումից, վստահ լինելով, որ իր միակ բնակարանը չի իրացվի, քանի որ օրենքով կամ  կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գինը ավելի բարձր է, քան իր բնակարանի արժեքն է,
  •  մինչեւ 20 միլիոն դրամ արժողությամբ միակ բնակարանի սեփականատերը գործող պարտավորություններ ունենալու դեպքում եւս կարող է նման վարքագիծ դրսեւորել,
  •  մինչեւ 20 միլիոն դրամ արժողությամբ միակ բնակարանի սեփականատերը կարող է նաեւ հարկային պարտավորթյունների կատարումից խուսափել?  վստահ լինելով, որ իր միակ բնակարանը չի իրացվի,
  •  ֆինանսական կազմակերպությունները կարող են դժվարանալ 20 միլիոն դրամից ցածր արժեքով անշարժ գույքը որպես պարտավորության ապահովման միջոց ընդունել, ինչը կարող է սահմանափակել մատուցվող ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, իսկ ընդունելու դեպքում էլ՝ կարող են կտրուկ նվազեցնել վարկավորման ծավալները եւ այլն:

Ուստի, կարծում ենք, նշված նվազագույն գումարի չափի որոշման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նշված եւ առկա այլ ռիսկերի ազդեցությունը, ինչն էլ լրացուցիչ հիմնավորում է հանդիսանում այդ գումարի հաշվարկման ճկուն եւ հնարավորինս օպտիմալ մակարդակ ամրագրելու մեխանիզմների ձեւավորման համար:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

04.03.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Ներկայացված Նախագծի  նպատակն է արգելել երկուսից ավելի երեխաներ իրենց խնամքի տակ ունեցող անձանց միակ բնակարանի բռնագանձումը,  ինչպես նաեւ սահմանել միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափ՝ 20 միլիոն դրամ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, ներկայիս կարգավորման համաձայն, միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափը Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 808-Ն որոշմամբ սահմանվել է 4 900 000 դրամ, ինչն, ըստ հեղինակների գնահատման, չափազանց նվազ է անհրաժեշտ չափից: 

2.   Նախագծով առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացումներ, որոնց համաձայն՝ 

- Կառավարության սահմանած միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը չի կարող պակաս լինել 20 միլիոն դրամից,

- բռնագանձում չի կարող տարածվել միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում՝ ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:

3. Նախագծով  բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում ներառվում է միակ այն բնակարանը (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասը եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցները) կամ դրա բաժինը, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում՝ ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ: 

Ընդհանուր առմամբ, նման դրույթի ամրագրումը, սոցիալական առումով կունենա դրական նշանակություն եւ Նախագծով առաջարկվող լրացմամբ երկուսից ավելի երեխաներ իրենց խնամքի տակ ունեցող անձինք չեն զրկվի վերջին կացարան ունենալու հնարավորությունից եւ կապահովվի քաղաքացի-պարտապանի ու նրա ընտանիքի անդամների բնակապահովման իրավունքը: 

Իսկ ինչ վերաբերում է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափին, ապա, ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, Երեւանում եւ մարզերում բնակարանների շուկայական գները աճել են: Մասնավորապես, Երեւանի կենտրոնում, եթե 2020 թվականի դեկտեմբերին բազմաբնակարան շենքի բնակարանի 1 քմ-ի շուկայական միջինացված արժեքը կազմել է 613, 050 դրամ, ապա 2021 թվականի դեկտեմբերին այն կազմել է 680,600 դրամ։ Ընդ որում, ըստ գոտիների արժեքը փոխվում է: Նոր-Նորքում 2020 թվականի դեկտեմբերին կազմել է 292, 200 դրամ, 2021 թվականի դեկտեմբերին՝ 310 հազար դրամ, Ավանում՝ 2020 թվականի դեկտեմբերին՝ 289 հազար դրամ, 2021-ի դեկտեմբերին՝ 315, 050 դրամ, Էրեբունիում՝ 2020 թվականի դեկտեմբերին՝ 282 հազար դրամ,  2021-ի դեկտեմբերին՝  310 հազար դրամ եւ այլն։

Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, որ Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափը իրապես վերանայման կարիք ունի: 

Եզրահանգում

Նախագծի ընդունման դեպքում, կարծում ենք, կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարեւորվող (երկուսից ավելի երեխաներ իրենց խնամքի տակ ունեցող անձանց) միակ բնակարանը պահպանելու  հնարավորությունը եւ նրանց զերծ կպահի անօթեւանության մեջ հայտնվելուց:

Միաժամանակ, կարծում ենք, որ բանկերն ու ֆինանսական կազմակերպություններն ավելի զգուշորեն կգնահատեն իրենց ռիսկերը, ինչը կհանգեցնի նրան, որ շատերն այլեւս չեն կարողանա վարկեր ձեռք բերել:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

11.03.2022թ.