ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-161-10.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-161-10.02.2022-ՊԻ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

03.03.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 130-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս, որի համաձայն՝  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 124.7, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ, 170.3 հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական մարմինների կողմից կայացված վարչական ակտերի վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վարչական մարմինները վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունեն:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 130-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասով նախատեսված է վարչական մարմինների համար՝ որոշակի իրավախախտումների պարագայում վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ ատյանում բողոքարկելու հնարավորությունը բացառել՝ վերաքննիչ ատյանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով: Ընդգծենք, որ քննարկվող լրացումը կատարելու անհրաժեշտությունը պատճառաբանվել է ընդամենը Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ մի քանի դատական գործերի մեջբերմամբ: Սակայն, կարծում ենք, որ վարչական իրավախախտումների որոշակի շրջանակի առանձնացումը առնվազն պետք է կատարվի դատական պրակտիկայում հստակ վիճակագրության ներկայացման, քննարկվող իրավախախտումների պարագայում վարչական մարմինների կողմից վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ ատյանում բողոքարկելու դեպքերի տոկոսային ցուցանիշների վերհանման, արդյունքում այդ ամենի ազդեցությունը դատարանների ծանրաբեռնվածության վրա արտացոլելու հիման վրա: Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշակի իրավախախտումների վերաբերյալ դատական գործերով դատական ակտը վարչական մարմնի կողմից վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունը բացառելը պետք է լինի որոշակի չափորոշիչների հիման վրա, որպեսզի ապահովվի իրավախախտումների համապատասխան շրջանակը կանխորոշելու եւ սահմանելու օբյեկտիվ հիմքը: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դատական սխալի առկայության պարագայում վարչական մարմնի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկումը բացառելը, կարծում ենք, խնդրահարույց է այնքանով, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման կամ սխալ կիրառման պարագայում վարչական մարմինը պարզապես համապատասխան իրավասություն չունենալու պարագայում զրկված է լինում դատական ակտը բողոքարկելու գործիքից: Կան դեպքեր, որոնց պարագայում դատական գործում էականը ոչ թե համապատասխան իրավախախտման տեսակն է, այլ՝ այնպիսի դատական սխալը, որը կանխորոշող է գործի ելքի հարցում: Միաժամանակ՝ այդ դեպքերում վարչական մարմնի կողմից վերաքննության հնարավորության բացառումը կարող է հանգեցնել դատական սխալով կայացված դատական ակտերի չվերանայման արդյունքում առավել շոշափելի խնդրի, քան քննարկվող լրացման հիմքում դրված դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման տեսլականն է: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վարչական մարմինների համար վերաքննության հնարավորությունը բացառելիս հաշվի առնել դատական սխալի առնչությամբ վերը ներկայացված դիտարկումը: 

2.   Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 154-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս, որի համաձայն՝ «Վարչական մարմինների՝ վճռաբեկ բողոք բերելու դեպքերի վրա տարածվում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները»:

 Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 154-րդ հոդվածում 5-րդ մասի լրացման անհրաժեշտության վերաբերյալ նշենք հետեւյալը՝ Օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը չի կարող բողոքարկվել վճռաբեկ դատարան, եթե այն նույն հիմքերով չի բողոքարկվել վերաքննիչ դատարանում, բացառությամբ սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի»։ Կարգավորումից բխում է, որ վարչական մարմինը վերաքննիչ դատարան դիմելու հնարավորության բացակայության պայմաններում զրկված է նաեւ վճռաբեկ դատարան դիմելու իրավունքից: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ ոչ վարչական մարմնի նախաձեռնությամբ վերաքննիչ դատարանում դատական ակտը բողոքարկվելու դեպքում հետագայում դրա վերաբերյալ վերոնշյալ սուբյեկտի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորության բացառումը կարող է խնդրահարույց դիտվել վճռաբեկ դատարանի գործառույթի կենսագործման տեսանկյունից, մասնավորապես՝ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունում է քննության, եթե`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար,

2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում: 

Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 130-րդ հոդվածում լրացվող նոր 3-րդ մասում նշված իրավախախտումներով գործերի քննության շրջանակում կարող է ծագել իրավունքի միատեսակ կիրառության խնդիր:

3.   Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի վերնագրում Օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումը՝ ներառելով Օրենսգրքի վերնագրի մաս կազմող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածում կիրառված Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:

2) Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս «ՀՀ» հապավման փոխարեն կիրառել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»:

3) Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 130-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում «124.7» գրելաձեւը փոխարինել «124.7-րդ» գրելաձեւով: Նույն դիտարկման տրամաբանությամբ առաջարկում ենք վերանայել նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 130-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի այլ հոդվածներին կատարվող հղումները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  հարկ է վերանայել վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններում որոշակի դեպքերում գործն ըստ էության լուծող դատական ակտը վարչական մարմնի կողմից բողոքարկելու հնարավորությունը բացառելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

02.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

02.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված արարք ենթադրաբար կատարելու դեպքում կայացված վարչական ակտերի վերաբերյալ գործերով սահմանափակել վարչական մարմինների՝ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով համապատասխան իրավախախտումների առանձնահատկությունները: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծի նպատակն է բեռնաթափել Վերաքննիչ վարչական եւ Վճռաբեկ դատարանները, ապահովել ողջամիտ ժամկետում արդարադատության իրականացումը, ինչպես նաեւ կանխել որոշ վարչական ակտերի վերաբերյալ գործերով պետության կողմից պետական միջոցների անհարկի վատնումը:

2. Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներով սահմանված արարք ենթադրաբար կատարելու  դեպքում կայացված վարչական ակտերի վերաբերյալ գործերով սահմանափակել վարչական մարմինների Վերաքննիչ վարչական եւ Վճռաբեկ դատարաններ բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով որոշ վարչական իրավախախտումների առանձնահատկությունները, դրանց դրամական արժեքը, հանրային վտանգավորրությունը եւ այլն:

3. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

23.02.2022թ.