ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-155-03.02.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-155-03.02.2022-ԳԿ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

23.02.2022թ. 



Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, գրականության, գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի եւ ժողովածուների, ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարումը.»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 

1)   Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետեւյալ գործարքներն ու գործառնությունները.

դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը.»: Կառավարության 2017 թվականի N1317-Ն որոշման 1-ին հավելվածում սահմանված է դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարման, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարման` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում դուրս է մնացել քննարկվող արտոնությունների շրջանակը Կառավարության կողմից սահմանելու վերաբերյալ կարգավորումը, ինչի արդյունքում գործնականում անհնար է դառնալու ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների շրջանակի որոշակիացումը: Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված «գրականության գրքեր», «խնդրագրքեր» հասկացությունների լայն լինելու արդյունքում առանց ենթաօրենսդրական իրավական ակտով մանրամասների հստակեցման խնդրահարույց իրավիճակ կստեղծվի օրենքի կանխատեսելիության պահանջի տեսանկյունից, միաժամանակ իրավակիրառողը կզրկվի իր վարքագիծը համապատասխան կանոնի հետ համադրելու հնարավորությունից: Արձանագրենք, որ օրենքի բավարար հստակությամբ ձեւակերպված լինելու պահանջն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է վերջինիս որոշակիության ապահովմանը: Այլ կերպ ասած, միայն տվյալ պահանջի պահպանման արդյունքում համապատասխան սուբյեկտը սահմանված նորմի հետ հնարավորություն կունենա համադրելու իր վարքագիծը: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելիս նշում կատարել համապատասխան շրջանակի առնչությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով դետալային կարգավորումներ սահմանելու վերաբերյալ: 

1)   Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարումը» բառերը փոխարինել «ակադեմիայի գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարումը» բառերով՝ անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով:

2.  Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 58-րդ կետով, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածք սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-րդ եւ 24-րդ կետերում նշված ապրանքների տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը:»:  Նշենք, որ «անհրաժեշտ հումքի ներմուծումը» ձեւակերպումը հստակ չէ եւ գնահատողական, անհարկի լայն մեկնաբանման տեղիք է տալիս, ինչը գործնականում տվյալ կարգավորման կենսագործման տեսանկյունից խնդիրներ է առաջ բերելու: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք բավարար հստակությամբ ձեւակերպել քննարկվող հատվածը՝ հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքի պահանջը: Բացի այդ, կարծում ենք, որ անհրաժեշտ է տվյալ կետում լիազորող նորմ նախատեսել՝ համապատասխան հումքի առնչությամբ կարգավորումները ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մակարդակում կարգավորելու հնարավորություն ընձեռելով՝ պրակտիկայում տարըմբռնումներից խուսափելու նպատակով:

Հարկ է նկատել, որ Օրենսքգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում առկա չէ 2.1-ին կետ, ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 58-րդ կետի բովանդակությունը՝ քննարկվող հատվածով:

3.  Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1)   Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2)   Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումից հետո առաջարկում ենք սահմանել կրճատ տարբերակը, այն է՝ «(այսուհետ՝ Օրենսգիրք)»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «2-ին մասը» գրելաձեւը փոխարինել «2-րդ մասը» գրելաձեւով:

3)    Նախագծի 3-րդ հոդվածում «թ» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.02.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.02.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել «դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, գրականության, գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի եւ ժողովածուների, ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարումը», ինչպես նաեւ նշված «ապրանքների տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը»:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1? Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվող «գրականության, գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի եւ ժողովածուների» բառերը, կարծում ենք, կրկնում են միմյանց, քանի որ դասագրքերը, ձեռնարկները, խնդրագրքերը եւ ժողովածուները, ինչպես նաեւ գրականությունը դրանք բոլորն էլ գրքեր են: Հետեւաբար, առաջարկում ենք նշված ձեւակերպումը հստակեցնել՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար:

2? Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածք նշված ապրանքների տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից: Այս առումով, կարծում ենք, հստակեցման կարիք ունի «տպագրության համար անհրաժեշտ հումք» ձեւակերպումը, քանի որ հումքի շատ տեսակներ կարող են որպես հումք ծառայել ինչպես գրքերի, այնպես էլ այլ ապրանքների տպագրության համար: Արդյունքում, Նախագծով առաջարկվող հարկային արտոնության հասցեականությունը չի ապահովվի՝ ստեղծելով հնարավորություններ չարաշահումների համար: Բացի այդ, Նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ այդ ապրանքների տպագրության համար հումքի (օրինակ՝ թղթի եւ այլ նյութերի) ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից, իսկ հանրապետությունում դրանց արտադրությունն ու իրացումը՝ ոչ: Կարծում ենք, նման խտրականությունն արդարացված մոտեցում չի կարող հանդիսանալ:

3? Նախագծի 2-րդ հոդվածում խոսք է գնում Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2?1? կետի մասին, մինչդեռ նման կետ գոյություն չունի:

Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, դրված խնդիրների գործնական լուծման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                 Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

14.02.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել «դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, գրականության, գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի եւ ժողովածուների, ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարումը», ինչպես նաեւ նշված «ապրանքների տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը»:

Նախագծի հետ կապված, հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածում նշվում է Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2?1 կետի մասին, մինչդեռ նման կետ գոյություն չունի:

Նախագիծը սոցիալ, կրթական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.02.2022թ.