ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-132-13.01.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-132-13.01.2022-ՊԱ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ  ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

31.01.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Փրկարար ծառայության մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Փրկարար ծառայության մասին» օրենքում (այսուհետ նաեւ՝ Օրենք) նշված մի շարք օրենքների անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2.   Նախագծի մի շարք հոդվածներում առկա են իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ. այսպես՝ 

Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 1-ին հոդվածով տվյալ օրենքի կարգավորման առարկան սահմանելիս նշված է, որ այն կարգավորում է նաեւ փրկարար ծառայության հիմնական հարաբերությունները: Հստակ չէ՝ փրկարար ծառայությանն առնչվող հարաբերությունների որ շրջանակն է կարգավորվում տվյալ օրենքով: Ուստի առաջարկում ենք վերանայել «հիմնական հարաբերություններ» ձեւակերպումը՝ օրենքի կարգավորման առարկայի որոշակիությունն ապահովելու նպատակով:

Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Փրկարարական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կոչում ստանալուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:»: Տվյալ կարգավորումից պարզ չէ՝ ում կողմից, ինչ եղանակով իրականացված խոչընդոտումն է հանգեցնում կարգապահական պատասխանատվության կամ որ գործողությունները կարող են համարվել խոչընդոտել: Ուստի առաջարկում ենք քննարկվող հատվածը ձեւակերպել բավարար հստակությամբ:

Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գործուղման անհրաժեշտությունը վերանալուց հետո փրկարարական ծառայողներն ուղարկվում են գործուղող մարմին՝ նրանց հետագա ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Փրկարարական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած փրկարարական ծառայողն ազատվում է փրկարարական ծառայությունից՝ առանց փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելու»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունից պարզ չէ՝ փրկարար ծառայողի հետագա գործունեության վերաբերյալ ո՞վ, ի՞նչ հիմքերի առկայության պարագայում եւ ի՞նչ որոշում է ընդունելու: Մինչդեռ առանց տվյալ հարցերի վերաբերյալ կարգավորումների նախատեսման քննարկվող նորմը խնդրահարույց է օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության պահանջների տեսանկյունից: Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ փրկարարական ծառայության ծառայող է համարվում փրկարարական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Հետեւաբար՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությամբ ամրագրված կարգավորումից հասկանալի չէ՝ ինչպես կարող է փրկարարական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն չզբաղեցնող անձը ազատվել փրկարարական ծառայությունից:

Օրինակ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում փոփոխությունները եւ լրացումները, ինչպես նաեւ այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համատեքստում նշենք, որ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում փոփոխությունները եւ լրացումներ կատարելու ժամկետի վերաբերյալ նշումը անցումային դրույթի կարգավորման ենթակա հարցերի շրջանակից դուրս է: Բացի այդ, ընդհանուր կերպով նշում կատարելը, որ այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարիք կա, խնդրահարույց է կանխատեսելիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ անհասկանալի է՝ ինչ հետագա օրենսդրական փոփոխությունների մասին է խոսքը: Հետեւապես առաջարկում ենք վերանայել քննարկվող կարգավորումը, միաժամանակ՝ այլ օրենքներում փոփոխություն կատարելու անհրաժեշտության առկայության պարագայում դրանք ներկայացնել Նախագծերի փաթեթի տեսքով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը):

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Վերը ներկայացվածի լույսի ներքո արձանագրենք, որ օրենքի բավարար հստակությամբ ձեւակերպված լինելու պահանջն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է վերջինիս որոշակիության եւ կանխատեսելիության ապահովմանը: Այլ կերպ ասած, միայն տվյալ պահանջների պահպանման արդյունքում համապատասխան սուբյեկտը սահմանված նորմի հետ հնարավորություն կունենա համադրելու իր վարքագիծը:

Հարկ ենք համարում նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում սահմանված մի շարք այլ կարգավորումներ եւս խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի կարգավորումները՝ հիմք ընդունելով վերը մեջբերված կարգավորումների առնչությամբ կատարված դիտարկումների տրամաբանությունը:

3.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում  կիրառված են «Կառավարություն», «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «կառավարություն» ձեւակերպումները: Առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում կիրառել Սահմանադրությամբ սահմանված «Կառավարություն» տերմինը՝ հիմք ընդունելով «Նորմանտիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 

4.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում կիրառվում է «ռազմական դրության (պատերազմի) ժամանակ» ձեւակերպումը: Մինչդեռ, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակումների եւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում:»: Այսպես՝ ռազմական դրությունն ինչպես պատերազմ հայտարարվելու, այնպես էլ զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության դեպքերում իրականացվող ժամանակավոր միջոցառում է: Հետեւաբար, առաջարկում ենք ռազմական դրությունը չսահամանափակել ռազմական դրության իրավական ռեժիմի հայտարարման մեկ հիմքով՝ պատերազմով:

5.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածում սահմանված են փրկարար ծառայության լիազորությունները: Միաժամանակ բացակայում է «փրկարար ծառայության» հասկացության սահմանումը, ինչի արդյունքում հասկանալի կլիներ լիազորությունների նախատեսումը: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածում ըստ էության շարադրված են փրկարար ծառայության խնդիրները, գործունեության շրջանակը:  Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի «Փրկարար ծառայության համակարգը, նրա խնդիրները, գործունեության հիմնական սկզբունքները» վերտառությամբ 2-րդ գլխում բացակայում է փրկարար ծառայության խնդիրների սահմանումը, մասնավորապես՝ փրկարար ծառայության խնդիրները ձեւակերպված են որպես փրկարար ծառայության լիազորություններ, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածում հղում է կատարվում փրկարար ծառայության խնդիրներին՝ նկատի ունենալով փրկարար ծառայութան սահմանված լիազորությունները: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերախմբագրել քննարկվող հոդվածը՝ վերնագրում եւ 1-ին մասում բացառել «լիազորություններ» հասկացության կիրառությունը: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում մի շարք լիազորությունների ներառմամբ: Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ եւ 11-րդ կետերում սահմանված լիազորությունները, «Փրկարար ուժերի եւ  փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի 10-րդ եւ 19-րդ հոդվածների համաձայն, վերապահված են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով փրկարար ծառայության լիազորությունների շարքում նշվում է նաեւ փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարումը, մինչդեռ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը դրանք ընդգրկելու նպատակով փրկարարական կազմավորումների գրանցամատյանը վարում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: 

6.   Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «Փրկարար ծառայության տնօրեն» հասկացությունը: Միաժամանակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում կիրառվում է «Փրկարար ծառայության ղեկավար» հասկացությունը: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի ամբողջ տեքստում առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջից:

7.   Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածում 2-րդ մասին հաջորդում է 4-րդ մասը: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

8.    Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Փրկարար ծառայության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման:»:

Անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգավորումը հանել՝ հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմնի, ենթակա պետական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:», եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

9.    Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «փրկարար ծառայությունում ծառայությունը» արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «(այսուհետ՝ փրկարարական ծառայություն)»: Մինչդեռ, հարկ է նկատել, որ նշված հասկացությունը առաջին անգամ կիրառված է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում: Ուստի, առաջարկում ենք «փրկարար ծառայությունում ծառայությունը» հասկացության համար կրճատ տարբերակը սահմանել առաջին իսկ կիրառումից հետո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

Բացի այդ, հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում «փրկարար ծառայությունում ծառայությունը» հասկացության կրճատ տարբերակի սահմանումից հետո շարունակվում է գործածվել «փրկարարական ծառայությունում ծառայություն» հասկացությունը: Առաջարկում ենք կրճատ տարբերակի սահմանումից հետո կիրառել միայն կրճատ տարբերակը, այն է՝ «փրկարարական ծառայություն»: Միաժամանակ՝  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր եզրույթներ՝ «Փրկարար ծառայությունում ծառայությունը» եւ «Փրկարարական ծառայությունում ծառայությունը»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք բացառել միեւնույն միտքն արտահայտելիս տարբեր եզրույթների կիրառությունը:

10.   Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Փրկարար ծառայության խաղաղ եւ պատերազմական ժամանակաշրջանի հաստիքների առավելագույն թվաքանակը սահմանում է վարչապետը»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը»: Մեջբերված նորմի տրամաբանությունից բխում է, որ բոլոր դեպքերում՝ անկախ խաղաղ կամ պատերազմական ժամանակաշրջան լինելու հանգամանքից, պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը: Հետեւապես ժամանակաշրջանի տարանջատմամբ կարգավորում սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

11.   Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում կիրառված են «եւ(կամ)», «եւ/կամ» ձեւակերպումները: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կարող է կիրառվել կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ(կամ)», «եւ/կամ» գրելաձեւերը կիրառելի չեն: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի ամբողջ տեքստում վերանայել քննարկվող ձեւակերպումների կիրառությունը:

12.   Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ գլուխը վերնագրված է «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ»: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ գլխում ներառված 19-րդ հոդվածը վերնագրված է «Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու եւ դրանից զրկելու կարգը», որում սահմանված են փրկարարական ծառայության կոչումն իջեցնելու, ինչպես նաեւ կոչումից զրկելու վերաբերյալ իրավակարգավորումներ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «(...)Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել դրանում ներառված հոդվածների բովանդակությանը:

13.    Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 28-րդ հոդվածում սահմանված է ծառայողին պաշտոնի նշանակելու կանոները, որի 3-րդ մասի համաձայն՝ «Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում անձնական գործն ուղարկվում է զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ հետագա հաշվառման համար:»:

Վերոնշյալ իրավակարգավորմամբ նախատեսված է փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների անձնական գործի վարման կանոն, ըստ այդմ՝ անձնական գործը վարվում է զինվորական գործի հիման վրա: Այս առումով հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ «Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ՝ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով սահմանված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) եւ դիմելու պահին չի լրացել վերջինիս 35 տարին (բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասով եւ սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:»: Այսպես՝ փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջներից է պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը: Սակայն նշված պահանջը չի տարածվում իգական սեռի եւ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք օրենքով սահմանված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հասկանալի չէ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված անձնական գործի վարումը զինվորական գործի հետ կապակցելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ նման կարգավորման պարագայում իգական սեռի կամ օրենքով սահմանված կարգով եւ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների՝ փրկարարական ծառայությունում պաշտոնի անցնելու դեպքում նրանց անձնական գործի վարման վերաբերյալ կարգավորումները բացակայում են Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում:

14.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված են փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարարական ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները, որի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ « 1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է այն ծառայողը կամ քաղաքացին, որը ունի առնվազն «գնդապետ» կոչում:

2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը կամ քաղաքացին, որը ունի առնվազն «գնդապետ» կոչում:»:

Հարկ ենք համարում նշել, որ սույն փոփոխությամբ փրկարար ծառայության ղեկավարի կամ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի նշանակման մի շարք չափանիշներ, որոնք սահմանված են «Փրկարար ծառայության մասին» օրենքում չեն ներառվել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում: Նախագծին կից ներկայացված հիմնավորումը բավարար հստակությամբ չի արտացոլում նշված փոփոխության կատարման անհարժեշտությունը:

15.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 31-րդ հոդվածը վերաբերում է փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին, մինչդեռ նշենք, որ համապատասխան հոդվածով սահմանված կարգավորումներն ամբողջական եւ որոշակի չեն: Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված մրցույթի անցկացման կարգավորումների սահմանումը տարածել միայն ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում անցկացվող մրցույթի վրա:  Բացակայում են կարգավորումները մրցութային հանձնաժողովի ոչ իրավազոր լինելու դեպքում հնարավոր մրցույթի անցկացման մասին, կրկնակի մրցույթ անցկացնելու հնարավորության եւ դեպքերի մասին: Բացի այդ հասկանալի չէ նաեւ փրկարար ծառայությունում, ի տարբերություն այլ պետական ծառայությունների, մրցութային եւ արտամրցութային կարգով նշանակումների համար սահմանված տարբերակված մոտեցումը՝ մասնավորապես մինչեւ թափուր պաշտոնում մրցույթ հայտարարելը՝ 40-օրյա ժամկետում արտամրցութային կարգով նշանակելու հնարավորության նախատեսումը՝ առանց սահմանելու միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնելու կամ համապատասխան կոչում կամ դասային աստիճան ունենալ պահանջ:

16.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 56-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Փրկարար ծառայության ղեկավարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է համապատասխան նախարարը: Փրկարար ծառայության ղեկավարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք, որ հասկանալի չէ փրկարար ծառայության ղեկավարի նկատմամբ նախատեսված խրախուսանքներ կիրառելու սուբյեկտի տարբերակման նպատակահարմարությունը:

17.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում գործածված է «կարգապահական զանցանք» ձեւակերպումը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Նախագծի մի շարք այլ հոդվածներում կիրառված է «կարգապահական խախտում» ձեւակերպումը: Հաշվի առնելով վերը մեջբերված նորմերի տրամաբանությունը՝ առաջարկում ենք վերանայել քննարկվող եզրույթը՝ միեւնույն միտքն արտահայտելիս տարբեր հասկացությունների կիրառումը բացառելու եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանրածանոթ հասկացությունն օգտագործելու նպատակներով:

18.   Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝  «1. Փրկարարական ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են՝ 

(…) 

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.

3) մինչեւ պայմանագրի գործողության ժամկետը լրանալը փրկարարական ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացնելիս. 

(…)»:

Փրկարար ծառայողներին փրկարար ծառայությունից ազատելու վերոնշյալ հիմքերի վերաբերյալ, նշենք, որ  անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա փրկարարական ծառայությունից ազատվելն իր մեջ արդեն իսկ կլանում է մինչեւ պայմանագրի գործողության ժամկետը լրանալը փրկարարական ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքը  Ուստի, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված փրկարար ծառայությունից ազատվելու հիմքի սահմանման անհրաժեշտությունը, կարծում ենք՝ բացակայում է:

19.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « (…) 4) սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում՝ մեկ աստիճանով ցածր պաշտոնի նշանակվելիս.»:

Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ փրկարար ծառայողների համար ծառայությունից ազատման հիմք է հանդիսանում համապատասխան օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում՝ մեկ աստիճանով ցածր պաշտոնի նշանակվելիս: Նախ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել մեկ կարգապահական տույժ:»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում, իբրեւ կարգապահական տույժի տեսակ, սահմանված է պաշտոնի իջեցումը մեկ աստիճանով, իսկ՝ «դ» ենթակետում՝ փրկարարական ծառայությունից ազատումը: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի տրամաբանությունից բխում է, որ կարգապահական մեկ խախտման համար կարող է միեւնույն ժամանակ կիրառվել կարգապահական տույժի 2 միջոց (պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով, փրկարարական ծառայությունից ազատում) եւ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում նախատեսված կարգապահական տույժի կիրառումը բոլոր դեպքերում կարող է հանգեցնել զբաղեցրած պաշտոնից ազատմանը: Այսպես, քննարկվող կարգավորումը նախեւառաջ հակասում է յուրաքանչյուր խախտման համար մեկ կարգապահական տույժ կիրառելու սկզբունքին եւ անհարկի լայն կարգավորում է նախատեսում՝ հնարավորություն ընձեռելով դեպքերի ոչ որոշակի շրջանակի մատնանշման պարագայում պաշտոնի իջեցում կարգապահական տույժը կիրառելիս փրկարար ծառայողին ազատել զբաղեցրած պաշտոնից: 

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) կիրառվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:»:

Այսպես, մեկ աստիճանով ցածր պաշտոնի նշանակելու հնարավորության բացակայության մատնանշմամբ անձին պաշտոնից ազատելու արդյունքում ստացվում է, որ փրկարար ծառայողի նկատմամբ կիրառվում է պատասխանատվության այնպիսի միջոց, որը չի համապատասխանում իր կողմից կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին, այլ համապատասխան կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառման հնարավորության բացակայությունը հանգեցնում է ավելի խիստ պատասխանատվության միջոցի կիրառմանը: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում նախատեսված կարգապահական տույժ կիրառելու՝ մեկ աստիճանով ցածր պաշտոնի նշանակելու հնարավորության բացակայության դեպքում փրկարար ծառայողի նկատմամբ կարգապահական տույժի ավելի խիստ միջոցը՝ պաշտոնից ազատումը, կարծում ենք, որ հնարավոր է կիրառել միայն այն դեպքերում, երբ կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին համապատասխան այլ կարգապահական միջոցներ կիրառելու բոլոր հնարավոր տարբերակները բացառված են. այդկերպ պատժի համաչափության սահմանադրական սկզբունքը եւս պահպանված կլինի: 

Վերոթվարկյալ դիտարկումների հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել փրկարար ծառայողին պաշտոնից ազատելու քննարկված հիմքերը:

20.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 73-րդ հոդվածում սահմանված է փրկարարական ծառայողներին տրվող հավելումները, մասնավորապես՝ «Փրկարարական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ՝ Կառավարության կողմից սահմանված դեպքերում, չափերով եւ կարգով:»:

Անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 73-րդ հոդվածում սահմանված կարգավորումը հանել՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական եւ փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

21.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մի շարք հոդվածներում նախատեսված կարգավորումների նպատակի, դրանցով ակնկալվող արդյունքի վերաբերյալ պատճառաբանությունը Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ տրված չէ:

Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 45-րդ հոդվածում փրկարար ծառայողին հանգստյան եւ տոն օրերին աշխատանքի ներգրավելու պարագայում վերջինիս այլ հանգստյան օր տրամադրելու հնարավորությունը հանելը:

Օրինակ՝ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում փրկարար ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր՝ Փրկարար ծառայության այլ ստորաբաժանումում (այդ թվում՝ ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից ելնելով)՝ տվյալ պաշտոնում առնվազն վեց ամիս ծառայելուց հետո փոխադրելը՝ գործող օրենսդրությամբ սահմանված մեկ տարվա փոխարեն:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք լրացուցիչ հիմնավորել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքում նախատեսված կարգավորումների սահմանման անհրաժեշտությունը:

22.  Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, Սահմանադրությամբ երաշխավորված որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.01.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.01.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերաշարադրել «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում ակնկալվում է հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա Փրկարար ծառայության կարգավիճակը՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին, լրացնել Փրկարար ծառայության լիազորությունները, սահմանել Փրկարար ծառայությունում հաշմանդամություն ունեցող անձնաց աշխատանքով ապահովման հնարավորությունը, հստակեցնել Փրկարար ծառայությունում ծառայության անցնող անձանց նկատմամբ սահմանված չափանիշները, վերանայել ծառայության անցնելու մրցույթային կարգը եւ նախատեսել ծառայության անցման, պաշտոնի նշանակման (ծառայողական առաջխաղացման) ինչպես արտամրցույթային, այնպես էլ՝ մրցույթային կարգ, վերանայել նախարարության ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը, ամրագրել փրկարարական ծառայողների գործուղված հաստիքների ինստիտուտը, հստակեցնել եւ կարգավորել ծառայողների Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հնարավորությունը, փրկարար ծառայողների բուժսպասարկման գործառույթները վերապահել Փրկարար ծառայության կազմում գործող բժշկական ստորաբաժանմանը, նախատեսել փրկարարական ծառայողներին պետական այլ մարմիններ, ուսումնական հաստատություններ գործուղելու, փրկարարական ծառայության թափուր կամ այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ իրավակարգավորումներ եւ այլն:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծի 79-րդ հոդվածով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության հետ կապված դրույթներ, որոնք, ըստ էության, գրեթե փոփոխության չեն ենթարկվել գործող օրենքի համեմատությամբ: Մասնավորապես, դրանով սահմանվում է, որ. 

«1. Փրկարարական ծառայողներն ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաեւ հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողների վրա՝ աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ՝ զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան՝ ընդհանուր գումարների նկատմամբ:

3. Ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

4. Պարտադիր պետական ապահովագրության եւ այլ գումարների հաշվարկումն ու վճարումը կատարում է համապատասխան նախարարության սոցիալական ապահովության ստորաբաժանումը՝ oրենքով սահմանված կարգով:»:

Հարկ է նշել, որ գործող օրենքի համապատասխան տեքստը պարունակում է որոշակի խնդիրներ, որոնք էլ մեխանիկորեն տեղափոխվել են տվյալ Նախագիծ, իսկ նշված խնդիրներն էլ պայմանավորված են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի հետ ունեցած հակասություններով եւ ոչ ճիշտ ձեւակերպումներով: Մասնավորապես.

1. Նախագծի 79-րդ հոդվածում խոսք է գնում «պարտադիր պետական ապահովագրության» մասին, որի հետ կապված հարաբերությունները նախատեսվում է կարգավորել բացառապես սույն հոդվածով, ապահովագրական գումարների չափերի, վճարման կարգի ու պայմանների սահմանումը դրվում է Կառավարության վրա, իսկ ապահովագրության գումարների հաշվարկման ու վճարման լիազորությունը վերապահվում է համապատասխան նախարարության սոցիալական ապահովության ստորաբաժանմանը, այն դեպքում, երբ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով:»: Այսինքն, կարելի է փաստել, որ Նախագծի տվյալ հոդվածով սահմանվում են միայն ապահովագրության դեպքերը (այն էլ՝ ոչ ճիշտ ձեւով), իսկ մնացած դրույթներն իջեցվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մակարդակ՝ դրանով իսկ, բացի բովանդակայինից, նաեւ իրավական առումով հակասություն առաջացնելով «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հետ (այս առումով պարտադիր ապահովագրություն սահմանելու նպատակով անհրաժեշտ է ընդունել առանձին օրենք, այնպես, ինչպես դա կատարվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության՝ ԱՊՊԱ-ի դեպքում):

2.  Տվյալ հոդվածում, ինչպես արդեն նշեցինք, խոսք է գնում «պարտադիր պետական ապահովագրության» մասին, սակայն այս արտահայտությունը խնդրահարույց է ոչ միայն «պարտադիր» բառի (կամ ապահովագրության պարտադիր լինելու բաղադրիչի), այլեւ այդ ապահովագրության «պետական» լինելու հետ կապված: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ-ում գործում է ապահովագրության մասնավոր շուկայական մոդելը եւ ոչ միայն պետական ապահովագրություն, այլեւ պետական ապահովագրական կազմակերպություններ մեր հանրապետությունում գոյություն չունեն: Այս շուկայում պետությունը կարող է հանդես գալ բացառապես ապահովագրական ծառայություններ ձեռք բերողի, բայց ոչ երբեք՝ նման ծառայություններ մատուցողի դերում, ուստի «պետական ապահովագրության» մասին (այն էլ՝ «պարտադիր») խոսք լինել չի կարող: 

Եթե խոսքը գնում է որոշակի անձանց համար սահմանվող սոցիալական երաշխիքների մասին, ապա պետությունն ընդամենը կարող է պետական բյուջեից գումարներ հատկացնել եւ փոխհատուցել այդ անձանց կողմից ապահովագրության հետ կապված ծախսերը (այնպես, ինչպես դա կատարվում է, օրինակ, պետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակներում): Հետեւաբար, տվյալ օրենքի իմաստով կարող է խոսք գնալ «պետության կողմից փրկարարական ծառայողների ապահովագրության հետ կապված ծախսերի փոխհատուցման» մասին, բայց ոչ երբեք՝ նրանց «պարտադիր պետական ապահովագրության» մասին: 

3. Նախագծի 79-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում են այն դեպքերը (ըստ Նախագծի՝ «զոհվելու (մահանալու) դեպքը» եւ  «հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողների աշխատունակության կորստի» դեպքը), որոնց վրա հասնելու դեպքում էլ նախատեսվում են ապահովագրական հատուցումներ տրամադրել փրկարարական ծառայողներին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում «ապահովագրական դեպք» հասկացություն չի օգտագործվում, օգտագործվում է «ապահովագրական պատահար» հասկացությունը, թեեւ նույնիսկ այս հասկացությունը Նախագծի 79-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի իմաստով կիրառելի չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ ապահովագրության ենթակա են ոչ թե  ապահովագրական պատահարները (որոնք արդեն իսկ փաստացի տեղի ունեցած երեւույթներն են), այլ այդ պատահարների ի հայտ գալու ռիսկերը, որոնք էլ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով խմբավորված են ըստ ապահովագրության տեսակների եւ դասերի: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունները կարող են ապահովագրել միայն այն ռիսկերը, որոնց համապատասխան դասերը սահմանված են տվյալ օրենքի նշված հոդվածով: Այս կապակցությամբ Նախագծով հետապնդվող նպատակի տեսանկյունից կարող է խոսք գնալ «կյանքի ապահովագրության» տեսակի եւ ոչ կյանքի ապահովագրության տեսակի «առողջության ապահովագրություն» դասի մասին (տես «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը), թեեւ այս ճշգրտումների կատարումն էլ չի վերացնում փրկարարական ծառայողների ապահովագրության հետ կապված գլոբալ խնդիրը:

4. Սույն Նախագծի իմաստով փրկարարական ծառայողների ապահովագրության հետ կապված գլոբալ խնդիրը  կայանում է նրանում, որ բովանդակային ու մասնագիտական մի շարք թերություններով ձեւակերպված 79-րդ հոդվածը, նույնիսկ համապատասխան լրամշակումից հետո, դառնում կամ մնում է ավելորդ եւ պետական ֆինանսական կառավարման տեսանկյունից՝ բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսման «օրինական» մեխանիզմ: Խնդիրը կայանում է նրանում, որ փրկարարական ծառայողները հանդիսանում են պետական ծառայողներ եւ նրանց վրա տարածվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 26-րդ հոդվածներով եւ դրանց հիման վրա ընդունված ու ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ հաստատված սոցիալական փաթեթի հատկացման կարգը: Վերջինիս համաձայն փրկարարական ծառայողների (այնպես, ինչպես մյուս բոլոր պետական ծառայողների) համար, ի թիվս սոցիալական այլ երաշխիքների, նախատեսվում է նաեւ առողջության ապահովագրության հետ կապված ծախսերի կատարում, ուստի տվյալ Նախագծով (գործող օրենքով) նույն նպատակով երկրորդ հատկացման նախատեսումը հանգեցնում է բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման:

Հասկանալի է, որ փրկարարական ծառայողների աշխատանքն ունի առանձնահատկություններ եւ ենթակա է ավելի շատ ու մեծ ռիսկերի, հետեւաբար՝ կարելի է արդարացված համարել այն մոտեցումը, ըստ որի այս կատեգորիայի ծառայողների համար նպատակահարմար է նախատեսել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ: Սակայն տվյալ մոտեցումը կյանքի կոչելու համար կարելի է օգտվել օրենքով սահմանված այլ մեխանիզմներից ու հնարավորություններից, օրինակ՝ հավելավճարների, հավելումների, առանձին դեպքերի համար տարատեսակ փոխհատուցումների, հատուկ նպաստների կամ կենսաթոշակների սահմանումից (ընդ որում՝ տվյալ Նախագիծը հենց նման առանձնահատկությունների սահմանման նպատակ է հետապնդում), ինչն էլ թույլ կտա զերծ մնալ հակասական նորմերի սահմանումից եւ բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսման մեխանիզմների ամրագրումից:

Այս առումով, ինչպես նաեւ հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք Նախագծից հանել դրա 79-րդ հոդվածը, կամ այդ հոդվածը վերաիմաստավորել եւ վերաշարադրել բերված փաստարկների համատեքստում:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի, մասնավորապես՝ փրկարարական ծառայողների սոցիալական երաշխիքների մասով, կարծում ենք, վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

20.01.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծի նպատակն է հստակեցնել խնդրահարույց իրավակարգավորումները, վերացնել գործնականում առաջացած խնդիրները՝ հաշվի առնելով փրկարարական ծառայության առանձնահատկությունները:

Ներկայումս, փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերությունների մի շարք հարցեր կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ինչը ըստ հեղինակների հանգեցնում է բազմաթիվ խնդիրների: 

2. Նախագծով առաջարկվում է՝ 

-   հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարությանն ենթակա մարմին

հանդիսացող Փրկարար ծառայության կարգավիճակը,

-   Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված   կազմակերպությունների լուծարումից հետո վերջիններիս կողմից կարգավորվող ոլորտների համար անհրաժշտ գործիքակազմի պահպանում,

-    նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը փրկարարական ծառայության շարքերում՝ առանձին գործառույթների իրականացման համար,

-    կարգավորել ռոտացիայի եւ օրենքով սահմանված այլ դեպքերում բնակության այլ վայր՝ մշտական բնակության վայրից առնվազն 50 կիլոմետր հեռավորությամբ այլ պաշտոնի փոխադրված ծառայողների սոցիալական երաշխիքների, այն է՝ ծառայության նոր վայրում ժամանակավոր բնակարանով ապահովելու կամ բնակարանի վարձակալության վճարի փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները եւ այլն: 

3.  Նախագծի  վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «Փրկարար ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «3. Պարտադիր զինվորական ծառայության, առողջական վիճակի, ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստվածության հետ անմիջականորեն չկապված առանձին գործառույթների իրականացման համար փրկարարական ծառայությունում կարող են ընդգրկվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր լրիվ կամ մասնակի կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կամ հնարավորությունը:»: Ներկայացված առաջարկությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ապահովման տեսանկյունից (զբաղվածությանը նրանց լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով) կարող է դրական նշանակություն ունենալ:

3.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «4. Սույն հոդվածի 3-րդ մասից բխող հարաբերություններին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:»: Վերոգրյալի հետ կապված, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը 2021թվականի սեպտեմբերի 1-ից ամբողջությամբ ուժը կորցրել է: Ուստի, անհրաժեշտ է ««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով» բառերով:

3.3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանվում է. «17. Փրկարարական ծառայողը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է երեք տարի ժամկետով:»:

Օրենքի նույն հոդվածի 18-րդ մասով սահմանվում է. «18. Պաշտոնի նշանակվելու դեպքում փրկարարական ծառայողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հանվում է ծառայողական առաջխաղացման ցուցակից:»:

Օրենքի վերը նշված մասերի վերլուծությունից հետեւում է, որ փրկարարական ծառայողը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է երեք տարի ժամկետով եւ այդ ժամանակահատվածում պաշտոնի նշանակվելու դեպքում փրկարարական ծառայողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հանվում է ծառայողական առաջխաղացման ցուցակից, սակայն հետագայում որեւէ կերպ չի հստակեցվում, թե ինչպե՞ս է լուծվում երեք տարի ժամկետով ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված եւ այդ ժամանակահատվածում պաշտոնի չնշանակված փրկարարական ծառայողի ավելի բարձր պաշտոնի նշանակման (առաջխաղացման) հարցը, քանի որ, ըստ էության, գործնականում կարող են լինել նաեւ այդպիսի դեպքեր: Կարծում ենք, տվյալ հոդվածում անհրաժեշտ է հստակ սահմանել, թե նման դեպքերում ինչպե՞ս եւ ի՞նչ կարգով է այդ հարցը լուծվելու:

3.4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ կերպ. «Հոդված 45. Հանգստյան եւ տոն օրերին ծառայողին ծառայության ներգրավելը

1. Փրկարարական ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան եւ տոն օրերին:»:

Չբացառելով այն հանգամանքը, որ գործնականում հնարավոր է փրկարարական ծառայողները ներգրավվեն ծառայության նաեւ հիշատակի օրերին, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 45-րդ հոդվածում կիրառված «հանգստյան եւ տոն օրերին» ձեւակերպումը վերախմբագրել՝ ապահովելով համապատասխանությունը Աշխատանքային օրենսգրքով նախատեսված ձեւակերպումներին, այն է՝ «հանգստյան եւ ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին»: 

3.5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 47-րդ հոդվածով սահմանվում է. «1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում փրկարարական ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար՝ որոշակի վայրում ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պարտականություններ կատարելու համար:

2. Հերթապահության ժամանակի տեւողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:»: 

Առաջարկում ենք հստակեցնել, թե ու՞մ կողմից է սահմանվելու հերթապահության ժամանակացույցը եւ հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը:

3.6. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդ է տրվում. «2) ընտանեկան հանգամանքների բերմամբ եւ այլ հարգելի պատճառներով՝ 10 օր տեւողությամբ, որը կարող է տրվել մաս-մաս՝ 5 օրից ոչ պակաս տեւողությամբ:»:  Ընդհանուր առմամբ,  նման դրույթի ամրագրումը, սոցիալական առումով ունի դրական նշանակություն, սակայն տարընթերցումներից զերծ մնալու նպատակով, կարծում ենք, հստակեցման կարիք ունի «ընտանեկան հանգամանքների բերմամբ եւ այլ հարգելի պատճառներով՝»  ձեւակերպումը: 

3.7. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «3. Ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում փրկարարական ծառայողի արձակուրդն ընդհատվում է մինչեւ ռազմական դրությունը դադարեցվելը կամ արտակարգ իրավիճակի գործողության դադարումը, բացառությամբ հիվանդության, կին փրկարարական ծառայողի հղիության, ծննդաբերության եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ինչպես նաեւ բացառությամբ այն փրկարարական ծառայողների, որոնք համապատասխան նախարարի սահմանած կարգով բացակայում են Հայաստանի Հանրապետության տարածքից:»: 

Վերոգրյալից հետեւում է, որ եթե ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում փրկարարական ծառայողն գտնվում է արձակուրդում, ապա նրա արձակուրդն ընդհատվում է մինչեւ ռազմական դրությունը դադարեցվելը կամ արտակարգ իրավիճակի գործողության դադարումը, բացառությամբ որոշ դեպքերի:

Աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածի  համաձայն. «...2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային կազմակերպությունների ու հիմնարկների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում։

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:»:

 Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն. «... 2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետեւանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչեւ ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել եւ միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:»: 

Հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգիրքը, առաջարկում ենք Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ «Սույն մասով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:» կամ Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը քննարկել Աշխատանքային օրենսգրքի՝ մասնավորապես 166-րդ եւ 167-րդ հոդվածների համատեքստում: 

3.8. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «կարգապահական ներքին կանոնները» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ներքին կարգապահական կանոնները» բառերով:

3.9. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 8-րդ գլխում առկա է միեւնույն միտքն արտահայտող տարբեր ձեւակերպումների միաժամանակյա կիրառություն՝ «հերթական (ամենամյա) արձակուրդ» եւ «հերթական արձակուրդ»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխատանքային օրենսգրքում կիրառվում է  «ամենամյա արձակուրդ» եզրույթը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 8-րդ գլխի հերթական (ամենամյա) արձակուրդ» եւ «հերթական արձակուրդ» ձեւակերպումները վերախմբագրել եւ միեւնույն միտքն արտահայտել միեւնույն բառերով, այն է՝ «ամենամյա արձակուրդ»: 

Եզրահանգում

Ընդհանուր առմամբ, փրկարարական ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տեսանկյունից, Նախագծի ընդունումը, ըստ էության, կունենա դրական նշանակություն: 

Միաժամանակ, հաշվի առնելով վերը նշված նկատառումները, կարծում ենք, Նախագիծը լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

25.01.2022թ.