ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-130-07.01.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Արուսյակ Մանավազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-130-07.01.2022-ԳԿ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

26.01.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում «10» թիվը փոխարինել «25» թվով: 

Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված է Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «տասը» բառը փոխարինել «քսանհինգ» բառով:

Նախագծի 3-րդ հոդվածով վերոնշյալ դրույթների գործողության ժամկետ սահմանված է մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով սահմանված փոփոխությունների նպատակը առաջիկա երկու տարիների համար Օրենսգրքով սահմանված բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսի շեմը մինչեւ 25 տոկոս դարձնելն է՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս համարելով բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից, ինչպես նաեւ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ դիտարկելով բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները: Սակայն, ընդգծենք, որ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի եւ 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի գործողության ժամկետը մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու արդյունքում քննարկվող դրույթները ուժը կորցրած կհամարվեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ից: Հետեւաբար այլեւս համապատասխանաբար ծախս եւ նվազեցվող եկամուտներ չեն համարվի  բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը եւ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողների ուսման վարձի փոխհատուցման գումարները  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, այն է՝ «Ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրանալու, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ նորմատիվ իրավական ակտը համարվում է ուժը կորցրած (…)»:

Հաշվի առնելով վերը ներկայացվածը՝ առաջարկում ենք Օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխությունները կատարել այնպես, որ հասկանալի լինի՝ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 25 տոկոսի առնչությամբ կարգավորումները գործելու են մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո գործելու են բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսի վերաբերյալ Օրենսգրքով նախատեսված կարգավորումները, մասնավորապես՝ կարծում ենք, որ տվյալ կարգավորումները հստակորեն անհրաժեշտ է արտացոլել Օրենսգրքի 121-րդ եւ 147-րդ հոդվածներում կամ Օրենսգրքի անցումային դրույթներում:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում նախատեսել միայն համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 3-րդ հոդվածում «թ.» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «թվականի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է Օրենսգրքի համապատասխան հոդվածներում կամ Օրենսգրքի անցումային դրույթներում հստակորեն նախատեսել, որ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի 25 տոկոսի առնչությամբ կարգավորումները գործելու են մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո գործելու են բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսի վերաբերյալ Օրենսգրքով նախատեսված կարգավորումները, ինչպես նաեւ ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

12.01.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

12.01.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմին ծառայության մատուցման հետ կապված ծախսերի եւ համախառն եկամտից կատարվող նվազեցումների չափերը՝  բուհերի կողմից ուսման վարձերի փոխհատուցման ենթակա շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում «բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից»: Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանվում է, որ եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում. «բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները»։ 

Նախագծով առաջարկվում է փոխել նշված սահմանաչափերը՝ 10 տոկոսի փոխարեն սահմանելով 25 տոկոս։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի եւ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին» իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, ինչը, մեր կարծիքով, համահունչ չէ Նախագծով առաջարկվող փոփոխությանը եւ անհրաժեշտություն կա նույն սահմանաչափը սահմանել նաեւ նշված օրենքներում։ Բացի այդ, Նախագծով առաջարկվող այս մոտեցման կիրառումը ԲՈՒՀ-երի համար կարող է չունենալ պարտադիր բնույթ, քանի որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» օրենքներով է սահմանված տվյալ արտոնությունը, որոնցում խոսքը գնում է առնվազն 10 տոկոսի մասին, ինչն ավելի փոքր է, քան առաջարկվող չափը։ 

Միաժամանակ, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում վերանայման կարիք կունենա նաեւ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի այն տոկոսաչափը (գործող օրենքով այն կազմում է առնվազն յոթ տոկոս), որը պետք է հատկացվի նշված արտոնության տրամադրումը «ծածկելու» համար: Խնդիրը կայանում է նրանում, որ շահառուների թվաքանակի ավելացմանը զուգահեռ այդ տոկոսաչափի պահպանումը կհանգեցնի նրան, որ նույն գումարն արդեն պետք է օգտագործվի ավելի մեծ շրջանակի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար, ինչն էլ կնշանակի, որ շահառուների թվաքանակի ավելացման արդյունքում կնվազեն նրանց հատկացվող փոխհատուցման չափերը:

Հնարավոր հակասություններից խուսափելու եւ Նախագծի ընդունման դեպքում դրա կիրառման հետ կապված խոչընդոտները վերացնելու նպատակով առաջարկում ենք ուսանողական համակազմի չափի հետ կապված համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասում եւ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում, ինչպես նաեւ առաջարկվող փոփոխությանը համամասնորեն ավելացնել ուսանողների վարձավճարներից գոյացած՝ բյուջեից փոխհատուցման ենթակա տոկոսաչափը։ 

2? Համաձայն Նախագծի 3-րդ հոդվածի? «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ գործում է մինչեւ 2024թ. դեկտեմբերի 31-ը:»: Կարծում ենք, այս առումով կարող են ծագել որոշակի խնդիրներ, հաշվի առնելով ԲՈՒՀ-երում ուսուցման գործընթացի կիսամյակային բնույթը, առաջարկվող արտոնության լիարժեք կիրառման նպատակով առաջարկում ենք այն կիրարկել ուսումնական, այլ ոչ թե օրացուցային տարվա կտրվածքով:

Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  եւ «Կրթության մասին» օրենքների հետ համապատասխանեցման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ                                                                          

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                   

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

21.01.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Ըստ այդմ, առաջարկվում է Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում եւ 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «տաս» բառը փոխարինել «քսանհինգ» բառով: 

Գործող իրավակարգավորմամբ, ԲՈՒՀ-երը տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ ՀՀ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի: Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի՝ ԲՈՒՀ-ը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: 

Ըստ էության, ԲՈՒՀ-երը էականորեն ավելի շատ ուսանողների համար են ուսման վճար փոխհատուցում, ուստի գերազանցող տոկոսների մասով առաջանում են շահութահարկի եւ եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Փաստացի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԲՈՒՀ-երը պետք է որոշում կայացնեն 10 տոկոսը գերազանցող շահառուներին արդյո՞ք տրամադրել ուսման վարձի սահմանված չափով  փոխհատուցում եւ կուտակել հարկային պարտավորություններ, թե՞ փոխհատուցումները իրականացնել մասնակի կամ առհասարակ չիրականացնել այդ 10 տոկոսը գերազանցածների մասով: 

Նախագծով առաջարկվում է մինչեւ 2024թ դեկտեմբերի 31-ը, Հարկային օրենսգրքով սահմանված՝ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոս շեմը դարձնել մինչեւ 25 տոկոս: 

Օրենքի գործողության ժամկետի սահմանափակման տրամաբանությունն էլ կայանում է նրանում, որ մինչեւ 2024թ. ավարտը  փոխհատուցման շահառուները արդեն կավարտեն  ԲՈՒՀ-ը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը, միանշանակ, սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա՝ 2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած  եւ ուսանող համարվող քաղաքացիներին ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու առումով:

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

13.01.2022թ.