ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-124-23.12.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-124-23.12.2021-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

07.07.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը, իսկ Նախագծի 1-ին հոդվածից՝ «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը։

2. Նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68000 դրամի փոխարեն սահմանել 100000 դրամի չափով, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ չկա որեւէ հիմնավորում առ այն՝ ինչ հիմքով է բարձրացվում միայն նվազագույն ամսական աշխատավարձը, սակայն ոչ մի փոփոխություն չի կատարվում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 2-րդ հոդվածում, որով սահմանված են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը։ Հարկ է նկատել, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը Նախագծով սահմանվող նվազագույն ամսական աշխատավարձի չափին հավասարեցնելու նպատակով, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 2-րդ հոդվածում։

3.  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2.3-րդ մասի համաձայն՝ «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից»: Վերոնշյալ դրույթը հիմք ընդունելով՝ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ «2022 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66 140 դրամ»։ Մինչդեռ Նախագծով սահմանվող 100000 դրամ նվազագույն  ամսական աշխատավարձի 70 տոկոսը կազմում է 70000 դրամ։ Այսինքն՝ 2022 թվականի պետական բյուջեն կազմվել է, որպես պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափ, հիմք ընդունելով ոչ թե Նախագծով առաջարկվող 70000 դրամը, այլ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նշված 66140 դրամը: Բացի այդ, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեն, նպաստները, բազային աշխատավարձն արդեն իսկ կազմվել եւ հաստատվել են՝ հաշվի առնելով տվյալ պահին սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.01.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248)

05.01.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 100000 դրամ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1.   <<Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, <<Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:>>: Նույն հոդվածի 2?3 մասով սահմանվում է, որ <<Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:>>: Նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն <<Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:>>: <<Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով 2022 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվել է 66 140 դրամ:Հետեւաբար, Նախագծի ընդունվելու դեպքում հակասություն կառաջանա դրա եւ <<Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> եւ <<Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին>>  ՀՀ օրենքներ միջեւ, որը վերացնելու համար անհրաժեշտ կլինի հանել կամ փոխել <<Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող սահմանափակումը, կամ բարձրացնել <<Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը:

2.   Նախագծով նվազագույն ամսական աշխատավարձը նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից 68000 դրամից դարձնել 100000 դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի պետական բյուջեն մշակվել եւ հաստատվել է, հիմք ընդունելով նվազագույն ամսական աշխատավարձի գործող մակարդակը, ապա Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ծախսային ծանրաբեռնվածություն կառաջանա:Նույն վերաբերում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներին:

3.   Նախագծով հետապնդվող խնդիրների համապարփակ լուծումը, մեր կարծիքով, կարող է տեղի ունենալ 2004 թվականին ընդունված եւ ներկայումս գործող  <<Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին>> ՀՀ օրենքի համատեքստում, համաձայն որի 7-րդ հոդվածի 1-ին մասի <<Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար:>>:

Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, դրված խնդիրների գործնական լուծման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                 Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

07.01.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք):

Նախագծով առաջարկվում է Օրենքի 1-ին հոդվածում «68.000»-ը փոխարինել «100.000»-ով: Նախագծի առաջարկի հիմքում հեղինակները դիտարկել են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ: Մասնավորապես, ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված՝ Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի եւ էներգետիկայի հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին եւ աղքատության մակարդակին վերաբերող տվյալներ: Ըստ բերվող տվյալների, 2021թ. 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմել է 37.861 դրամ, սպառողական զամբյուղի արժեքը՝ 70.044 դրամ: 2021թ. փաստացի գնաճը կազմել է 8.4%, սպառողական գների ինդեքսը՝ 7.3%: Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ 2022թ. հունվարի 1-ից կթանկանան խմելու ջրի, էլեկտրաէներգիայի սակագները, իսկ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման բացակայությունն ավելի կբարդացնի առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակչության մի ստվար հատվածի վիճակը:

2. Ներկայացվող Նախագիծը, ինչ խոսք, սոցիալական առումով դրական ազդակներ կգեներացնի եւ աղքատության տեմպերը փոքր-ինչ մեղմելու հնարավորություն կընձեռնի: Միաժամանակ, Նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի չափը՝ 100.000 դրամ, մեր կարծիքով, հակասում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2.3 կետին՝ «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:»:  Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա բարձրացնել նաեւ բազային աշխատավարձի չափը, քանի որ ներկայումս սահմանված 66.140 դրամ բազային աշխատավարձը զգալիորեն ավելի ցածր է ստացվում Նախագծով առաջարկվող հաշվարկային նվազագույն աշխատավարձից:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կարող է նպաստել սոցիալական որոշակի խնդիրների լուծմանը՝ վերը նշված նկատառումները հաշվի առնելու դեպքում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

07.01.2022թ.