ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-114-09.12.2021-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1141 -09.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-114-09.12.2021-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1141 -09.12.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

29.12.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք Օրենքի 2-րդ հոդվածում նոր լրացվող պարբերության հղումը հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը: Մասնավորապես, անհրաժեշտ է նշել, թե լրացումը Օրենքի 2-րդ հոդվածի որ մասում է կատարվում: 

2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում նախատեսվում է լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝ «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստր՝ լիցքավորման աշտարակի կարգաբերման ռեժիմ մուտք գործելու ամսաթիվը, ժամը, ռեժիմում կատարված փոփոխությունները, ռեժիմ մուտք գործողի նույնականացման տվյալները եւ այլ տեղեկություններ գրանցող, հիշողության մեջ առնվազն մեկ տարի պահող եւ ժամանակի իրական ռեժիմում իրավասու մարմիններին հաղորդող սարք կամ լիցքավորման աշտարակների ծրագրային ապահովման բաղադրիչ կամ աշտարակի ծրագրային ապահովմանը կից աշխատող առանձին ծրագիր» նոր պարբերությամբ սահմանվում է թե ինչ է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրը»: Նախ նշենք, որ որեւէ օրենսդրական ակտով  եւ ենթաօրենսդրական ակտով սահմանված չէ թե ինչ է «Կարգաբերման ռեժիմ»-ը: Բացի այդ «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի հասկացության սահմանման մեջ ժամանակի իրական ռեժիմում իրավասու մարմիններին հաղորդող սարք եզրույթը, կարծում ենք, բավարար չափով որոշակի չէ, մասնավորապես հասկանալի չէ, թե ովքեր են իրավասու մարմինները, ինչ է համապատասխան իրավասու մարմիններին հաղորդվելու տվյալ սարքով: Իրավական շփոթից խուսափելու նպատակով ՝ առաջարկում ենք հասկացությունը վերաձեւակերպել:

3.   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության մեջ «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստր» բառերը նշել մգեցված:

4.  Նախագծի 2-րդ հոդվածում նոր լրացվող 9-րդ մասով սահմանված է՝ «Արգելվում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի ցանկացած միջամտություն:»:

Հարկ է նկատել, որ հիշյալ նախադասությունն ամփոփ միտք չի արտահայտում, հետեւաբար այն անհրաժեշտ է վերաձեւակերպել: Մասնավորապես առաջարկում ենք քննարկվող նախադասության մեջ օգտագործված «աշտարակները» բառը փոխարինել «աշտարակների՝» բառով եւ կետադրական նշանով, ինչը բխում է սույն հոդվածի տրամաբանությունից:

5.  Նախագծով «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրին վերաբերող կարգավորումները տարածվում են միայն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների վրա: Սակայն, հարկ է նկատել, որ ածխաջրածնային գազերի վաճառքի համար համապատասխան ռեգիստրի առկայության կամ բացակայության վերաբերյալ որեւէ կարգավորում կամ հիմնավորում նախատեսված չէ: Մինչդեռ նշենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերը եւս նախատեսված են որպես լցավորման մշտական կայաններ, իսկ, քանի որ Նախագծով «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի սահմանման նպատակը լցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունների եւ թերլցումների բացառումն է, հասկանալի չէ ածխաջրածնային գազերի մանրածախ առեւտրի կետերում «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի սահմանման պահանջ չնախատեսելու նպատակահարմարությունը:

6.  Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

7.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով Օրենսգրքում կատարվում են լրացումներ եւ փոփոխություններ, մինչդեռ Նախագծի վերնագրում նշված է «ԼՐԱՑՈՒՄ» բառը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը», հետեւաբար առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով:

8.  Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «մասերով» բառը փոխարինել « 45-րդ, 46-րդ եւ 47-րդ պարբերություններով»՝ ապահովելով հղումների հստակությունը: 

9.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածով, որպես համապատասխան նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ, սահմանված է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման եւ կիրառման կարգը հաստատվելուց եւ ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո: Հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված ուժի մեջ մտնելու ժամկետը կապել համապատասխան ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսյա ժամկետի հետ, հատկապես, որ պատասխանատվություն սահմանող օրենքի կատարումն, տվյալ պարագայում, ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, հետեւաբար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթները կարող են գործել միայն համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտը՝ ենթաօրենսդրական ակտը, ուժի մեջ մտնելու պահից (հիմք «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մաս): Բացի այդ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ,(...)»: Հետեւաբար, տվյալ պարագայում, անհրաժեշտ է հստակ սահմանել նշված նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ եւ, որպես անցումային դրույթ, սահմանել ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվող պայմանները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

29.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248)

29.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթն ուղղված է գազալցակայաններում եւ բենզալցակայաններում իրականացված ստուգաչափումներից հետո անթույլատրելի միջամտությունների, ինչպես նաեւ սպառողներին տվյալ արտադրանքի վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ թերլցումների վերացմանը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

17.12.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»: 

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է  վառելիքաբաշխիչ աշտարակներ օգտագործող ընկերությունների կողմից վառելիքաբաշխիչ աշտարակի ծրագրային ապահովման էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» մուտք գործելու եւ վառելիքի բաց թողման թույլատրելի սխալանքը փոփոխելու հնարավորության, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստրի աշխատանքի այնպիսի միջամտության բացառմամբ, որի արդյունքում տվյալ միջամտությունը կարող է հանգեցնել չափման միջոցի հաստատված տեսակի չափագիտական կանոնների եւ նորմերի անհամապատասխանության բացառմամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայում տնտեսվարող սուբյեկտները կարող են մուտք գործել «Կարգաբերման ռեժիմ» կառավարման վահանակի միջոցով, առանց աշտարակի դռնակը բացելու, առանց գործարանային կամ այլ կապարակնիք վնասելու: 

Նմանատիպ անթույլատրելի միջամտությունների եւ թերլցումների բացառման նպատակով վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակները էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ» ունենալու հնարավորության դեպքում պետք է կահավորված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմի» ռեգիստրով:

2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է լրացնել Օրենքի 2-րդ հոդվածը նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների էլեկտրոնային «Կարգաբերման ռեժիմ»-ի ռեգիստր՝ լիցքավորման աշտարակի կարգաբերման ռեժիմ մուտք գործելու ամսաթիվը, ժամը, ռեժիմում կատարված փոփոխությունները, ռեժիմ մուտք գործողի նույնականացման տվյալները եւ այլ տեղեկություններ գրանցող, հիշողության մեջ առնվազն մեկ տարի պահող եւ ժամանակի իրական ռեժիմում իրավասու մարմիններին հաղորդող սարք կամ լիցքավորման աշտարակների ծրագրային ապահովման բաղադրիչ կամ աշտարակի ծրագրային ապահովմանը կից աշխատող առանձին ծրագիր:»:

Կարծում ենք, լրացվող նոր պարբերության մեջ անհրաժեշտ է տալ «Կարգաբերման ռեժիմ» հասկացության սահմանումը՝ այն ներառելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածում (Հիմնական հասկացություններ):

3. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.12.2021թ.