ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-113-08.12.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-113-08.12.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

29.12.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսունետ նաեւ` Օրենք) 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ կետի համաձայն. «Յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո  հանձնաժողովի նախագահը ներկայացնում է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն»:

Նշված լրացումը հաշվի առնելով` առաջարկում ենք լրացում կատարել նաեւ Օրենքի 40-րդ հոդվածում` նախատեսելով, որ հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո` հանձնաժողովի նախագահի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Հարկ է նկատել, որ լրացվող կարգավորումից հասկանալի չէ, թե յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը ինչ ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվությունը: Միաժամանակ նշենք, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ կետի ենթակետերում առկա կարգավորումները այդ հաշվետվության մեջ պարտավորեցնում են ներառել նաեւ այնպիսի տեղեկատվություն, որը վերաբերելի է վերջին հերթական նիստին:

Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ կետում առկա կարգավորումը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ կետի 1.2-րդ ենթակետում առկա «դիմումների» բառն առաջարկում ենք փոխարինել «գրությունների» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, եւ հաշվի առնելով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված կարգավորումը, այն է` «1. Մշտական հանձնաժողովի նախագահը`

(…)

8) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.» :

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ կետի 1.3-րդ ենթակետում առկա «հանձնաժողով մուտքագրված» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հանձնաժողովում քննարկված» ձեւակերպումով, «օրենսդրական նախաձեռնությունների» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «օրենքի նախագծերի» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում կատարվում է լրացում, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«5. Մշտական հանձնաժողովի հրապարակային նիստում, հանձնաժողովի անդամներից, պատգամավորներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող այլ անձանցից բացի, կարող են ներկա լինել նաեւ՝

(…)

7) քննարկվող հարցի մասնագիտական փորձաքննություն իրականացրած՝ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ աշխատակիցները.»:

Առաջարկում ենք «աշխատակիցները» եզրույթը փոխարինել «աշխատողները» եզրույթով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում եւ Օրենքում կիրառվող հասկացությունները:

4. Նախագծի 5-րդ հոդվածով օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, այն է` «Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, պատգամավորը , խմբակցությունը եւ Կառավարությունը» : Մինչդեռ գործող նորմը պարունակում է հետեւյալ իրավակարգավորումը` «Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը եւ Կառավարությունը , ինչպես նաեւ հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ» :

Այսպիսով` Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում՝ հանելով այն սահմանափակումը, որ պատգամավորն առաջին ընթերցմամբ ընդունված շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ կարող է գրավոր առաջարկ ներկայացնել։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ պատգամավորի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի միայն փոփոխված դրույթների մասով առաջարկ ներկայացնելու սահմանափակումն ինքնանպատակ չէ, եւ որոշակի կարգավորիչ գործառույթ է իրականացնում, մասնավորապես՝ այն ուղղված է կանխելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ այնպիսի նոր առաջարկությունների ներկայացումը, որոնք կարող են հանգեցնել առաջին ընթերցմամբ արդեն իսկ քննարկված եւ ընդունված նախագծում համակարգային փոփոխությունների ։ Բացի այդ, հարկ է նկատել, որ պատգամավորը պետք է շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների առկայության դեպքում դրանք ներկայացնի նախքան առաջին ընթերցումը («Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ընդ որում, նշված իրավունքի լիարժեք իրացմանն ուղղված աշխատանքները նախօրոք իրականացնելու պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունված եւ հետագայում չփոփոխված դրույթների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու անհրաժեշտություն, կարծում ենք, այլեւս չի առաջանա:

5. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր՝ 3-րդ եւ 4-րդ կետերով, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասությունների շրջանակում՝

(…)

3) յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը ներկայացնում են եզրակացություններ կառավարության կողմից նախորդող տարվա ընթացքում կառավարության ծրագրի մշտական հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բնագավառների կատարողականի վերաբերյալ.

4) յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը կազմում են ամփոփաթերթ՝ գույքագրելով նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի օրակարգերում ընդգրկված նախագծերը: Ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ բնագավառների հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին ընդունված նորմատիվ իրավական ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել՝ ամփոփաթերթի, հաշվետվության եւ այլ փաստաթղթերի հիման վրա յուրաքանչյուր տարի հանձնաժողովի գործունեության ռազմավարություն ընդունելու վերաբերյալ:»:

Հարկ է նկատել, որ «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3-րդ կետի կարգավորմամբ՝ հանձնաժողովների համար համապատասխան եզրակացություն ներկայացնելու վերջնաժամկետ նախատեսելիս հաշվի առնել նաեւ Օրենքի 127-րդ հոդվածով նախատեսված վերջնաժամկետը:

Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 4-րդ կետով նախատեսվում է, որ ընդունված նորմատիվ իրավական ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ իրեն հաշվետվություն ներկայացնելու նպատակով յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ բնագավառների հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին: Օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը՝ խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին եւ պատասխանել հարցերին: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել նախատեսվող կարգավորման անհրաժեշտությունը:

Բացի այդ, Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 4-րդ կետով նախատեսվում է, որ Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել՝ ամփոփաթերթի, հաշվետվության եւ այլ փաստաթղթերի հիման վրա յուրաքանչյուր տարի հանձնաժողովի գործունեության ռազմավարություն ընդունելու վերաբերյալ: Հարկ է նկատել, որ Օրենքում նշում չի կատարվում հանձնաժողովների գործունեության ռազմավարության մասին, ինչպես նաեւ քննարկվող լրացման կարգավորմամբ չի հստակեցվում ռազմավարության բնույթը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի կարգավորումը:

6. Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

6.1. Նախագծի 1-ին հոդվածում «13-րդ հոդվածի» թվից եւ բառից հետո առաջարկում ենք լրացնել «1-ին մասում» բառերը, միաժամանակ առաջարկում ենք նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «1-ին մասի» եւ «1-ին մասը»  բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջները: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետի համարը առաջարկում ենք եւս ներառել չակարտների մեջ:

6.2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «1-ին մասը լրացնել նոր՝ 12-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ

12) «Յուրաքանչյուր» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Լրացնել նոր՝ 12-րդ կետով.

«12) Յուրաքանչյուր» ձեւակերպումով:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 12-րդ կետի ենթակետերը համարակալել հայերենի այբուբենի փոքրատառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի  7-րդ մասը՝ հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով, ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

6.3.  Նախագծի 2-րդ հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի 3-րդ հոդվածի ««առնվազն կեսից ավելին բառերով»» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել ««առնվազն կեսից ավելին» բառերով» ձեւակերպումով:

6.4. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ. «Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1-ին մասով.

«1.1. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած` հանձնաժողովի անդամներիներկայացուցիչ չի կարող նշանակվել օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշված պատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում, ինչպես նաեւ տվյալ խմբակցության ներկայացուցիչը՝  այդ խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության դեպքում :»: »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝  հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով:

6.5. Նախագծի 5-րդ հոդվածով օրենքի 81-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի տեքստից առաջ առաջարկում ենք նշել մասի համարը, այն է` «1.» ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

6.6. Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 3-րդ կետի «կատարողական» բառն առաջարկում ենք փոխարինել «կատարման» բառով:

Միաժամանակ, կարծում ենք հստակեցման կարիք ունի Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 4-րդ կետում առկա հետեւյալ ձեւակերպումը. «կազմում են ամփոփաթերթ` գույքագրելով (…) նախագծերը » : Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչպես պետք է գույքագրվեն նախագծերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքագրել եզրույթը մեկնաբանվում է որպես գույքացուցակ կազմել կամ գրանցել որպես գույք:

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 4-րդ կետի «հաշվետվություն տալու նպատակով» բառերից առաջ լրացնել «իրեն» բառը` կետի կարգավորումը հստակեցնելու նպատակով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

29.12.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

29.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ  կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք): Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը՝ ելնելով թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներից, առաջարկվում է մշտական հանձնաժողովի նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, առաջարկվում է նաեւ պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի վերաբերյալ կատարել առաջարկություն եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝  կրտսեր մասնագետ Ա. Գյոզալյան 

13.12.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմամբ, խորհրդարանական վերահսկողության գործիքների հստակեցմամբ, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմամբ:

Ըստ ներկայացվող փոփոխությունների, մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջում պետք է ամփոփ հաշվետվություն ներկայացնի Ազգային ժողովին եւ հանրությանը՝ ինչն, ըստ հեղինակի, նպաստելու է հանձնաժողովի աշխատանքային արդյունավետության բարձրացմանը, իսկ հանձնաժողովի նիստերին ոլորտի մասնագետներ հրավիրելուց առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնելու գաղափարը միտված է քննարկման արդյունավետության բարձրացմանը:

Առաջարկվող փոփոխություններն, ըստ հեղինակի, կնպաստեն խորհրդարանական վերահսկողության առավել նպատակային, թիրախային կիրառելուն:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

15.12.2021թ.