ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-111-07.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-111-07.12.2021-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                    ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

28.12.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում լրացնել 2-րդ մաս, այն է՝ 

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով արտակարգ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որն առաջացել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու արդյունքում, իսկ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որոնք պատվիրատուների՝ տվյալ տարվա պետական (համայնքային) բյուջեի ծախսային ծրագրերով նախատեսված չեն:»:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը, արտակարգ իրավիճակները»:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները եւ ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները (...) պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին եւ բխեն ռազմական դրության պայմաններում (արտակարգ իրավիճակներում) պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:»:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում «արտակարգ իրավիճակի» հասկացությունը սահմանված է հետեւյալ կերպ՝ «որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում արձանագրել հետեւյալը.

1)   «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից հետեւում է, որ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերից մեկը արտակարգ իրավիճակներն են, սակայն առկա են նաեւ այլ հիմքեր, որոնց պարագայում եւս հնարավոր է մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտություն առաջանա: Նման իրավիճակ կարող է ստեղծվել նաեւ ռազմական դրության պայմաններում, քանզի «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 14-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ «ռազմական դրությունը» դիտարկվում է իբրեւ արտակարգ իրավիճակ: 

Հաշվի առնելով վերգրյալը՝ կարծում ենք, որ Օրենքի 23-րդ հոդվածում կիրառված «արտակարգ իրավիճակներ» հասկացությունը մեկնաբանելիս չպետք է սահմանափակվել միայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածով բացահայտված հասկացությամբ, քանի որ օրինակ՝ արտակարգ դրություն հայտարարելու այլ հիմքերի առկայության պարագայում, ռազմական դրություն հայտարարելու հիմքերի առկայության դեպքում եւս կարող է գնման անհետաձգելի պահանջ առաջանալ եւ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով կարող է լինել անհնար:

2)   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի տրամաբանությունից արդեն իսկ բխում է, որ գնման առարկան գնվող ապրանքն է, աշխատանքը կամ ծառայությունը. ինչպես նաեւ Օրենքում կիրառված է «գնման անհետաձգելի պահանջ» ձեւակերպումը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 2-րդ մասից հանել «ապրանքների (ծառայությունների, աշխատանքների)» բառերը, միաժամանակ ապահովել տվյալ մասում միեւնույն միտքն արտահայտելիս միեւնույն բառերի կիրառման պահանջը: 

2.  Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 

2) Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է վերանայել արտակարգ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ դիտարկելու դեպքերի շրջանակը, ինչպես նաեւ ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

27.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

27.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» օրենքի (այսւոհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում հստակեցնել «արտակարգ իրավիճակ» եւ «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությունները՝ տալով դրանց սահմանումները: Մասնավորապես, առաջարկվում է որպես «արտակարգ իրավիճակ» ամրագրել այն իրավիճակները, որոնք սահմանված են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (համաձայն այդ օրենքի՝ «արտակարգ իրավիճակը» որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակն է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման): Ինչ վերաբերում է «չնախատեսված այլ իրավիճակ» հասկացությանը, ապա որպես այդպիսին առաջարկվում է սահմանել այն իրավիճակները, որոնց հետ կապված գնումներն ի սկզբանե չէին կարող կանխատեսվել եւ ծրագրավորվել պատվիրատուների համար՝ պետական (համայնքային) բյուջեները կազմելիս եւ հաստատելիս (քանի որ կանխատեսելի բոլոր իրավիճակների համար պետական անհրաժեշտ գնումները նախատեսվում են համապատասխան մարմինների կամ այլ պատվիրատուների բյուջետային ծրագրերով): 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.12.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), լրացնելով Օրենքի 23-րդ հոդվածը նոր՝ 2-րդ մասով,  հետեւյալ բովանդակությամբ. 

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով արտակարգ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որն առաջացել է ,Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու արդյունքում, իսկ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որոնք պատվիրատուների՝ տվյալ տարվա պետական (համայնքային) բյուջեի ծախսային ծրագրերով նախատեսված չեն:»:

Օրենքի 23-րդ հոդվածն, ըստ հեղինակի, բավականին խնդրահարույց է: Այն թույլ է տալիս պետական (համայնքային) բյուջեների միջոցների հաշվին մեկ անձից գնում կատարել՝ ցանկացած նպատակով եւ ցանկացած գումարի շրջանակներում, շրջանցելով պետական գնումների մրցութային մեխանիզմը, այն դեպքում՝ երբ մեկ անձից պետական գնումների մեխանիզմը նախատեսված է չնախատեսված դեպքերի կամ անկանխատեսելի հանգամանքների ի հայտ գալու պարագայում գնման հրատապ պահանջները բավարարելու համար:

Առաջարկվող լրացման նպատակն, ըստ հեղինակի, կայանում է պետական գնումների համակարգում ստվերային եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ կարգավորող համակարգի ստեղծմանը: Դրանով կերաշխավորվի պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցության արհեստական խոչընդոտների վերացումը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

13.12.2021թ.