ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-106-30.11.2021-ՊԻ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1061 -30.11.2021-ՊԻ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1062 -30.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ  Արթուր Դավթյանի եւ Վլադիմիր Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-106-30.11.2021-ՊԻ-011/0), «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1061 -30.11.2021-ՊԻ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1062 -30.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

21.12.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1.   «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք)  կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը: 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը:

2.  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելիս կարգավորման տեքստում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին:

3.  Նախագծի 2-րդ հոդվածով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է լրացնել նոր` 2-րդ մաս: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հիմք ընդունելով նշվածը` առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2-րդ հոդվածում առկա ձեւակերպումը:

4.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր` 5.1-ին հոդված.

«Հոդված 5.1. Դատավորի կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը

1. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է.

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար հաշվարկված զուտ աշխատավարձի 70 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով.

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար հաշվարկված զուտ աշխատավարձի 70 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու դրա նկատմամբ հաշվարկվող հավելավճարի հանրագումարի եւ այդ հանրագումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը եւ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը:

3. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է.

1) դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) չափը ավելանալու դեպքում.

2) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում.

3) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում, եթե կուտակային կենսաթոշակը նշանակվում է դատավորի կենսաթոշակը նշանակելուց հետո:

4. Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հիման վրա դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով:

5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի հաշվարկման (վերահաշվարկման) կարգի վրա:»:

Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի 1-ին մասում դատավորի կենսաթոշակի հաշվարկի կարգ` բանաձեւ, չի նախատեսվում, այլ սահմանվում է միայն կոնկրետ չափը, որում հաշվի են առնված որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը: Մինչդեռ` հարկ է նկատել, որ առնվազն 10 տարի պաշտոնավարած դատավորները, ովքեր կարող են ձեռք բերել կենսաթոշակի իրավունք կարող են պաշտոնավարած լինել էականորեն ավելի, քան 10 տարին է, ինչպես նաեւ հենց 10 տարի: Հաշվարկում հաշվի առնված չէ մասնագիտական ստաժը: Կարծում ենք, որ մասնագիտական ստաժի գործոնը դատավորի կենսաթոշակի չափը սահմանելիս հաշվի չառնելը կարող է խնդրահարույց լինել` հաշվի առնելով այն հագամանքը, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով մյուս պետական պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` Սահմանարական դատարանի դատավորների համար կենսաթոշակի հաշվարկի կարգի մեջ հաշվի է առնվում մասնագիտական ստաժը. «Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=Հ*Գ+ՄՍ*ՄՍԱ բանաձեւով, որտեղ`

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,

Հ-ն` սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակի չափը (այսուհետ՝ հիմնական կենսաթոշակ),

Գ-ն` «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը (այսուհետ՝ գործակից),

ՄՍ-ն` մասնագիտական ստաժը,

ՄՍԱ-ն` մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը:»:

Քննարկվող հարցի համատեքստում հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի 2-րդ մասում առկա հետեւյալ կարգավորմանը. «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը եւ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը:»:

Այսպիսով` Նախագծով լրացվող նոր` 5.1-ին հոդվածի շրջանակում քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի զուտ աշխատավարձի չափը հաշվարկելու հարցը, որի դեպքում նշում է կատարվում դատավորի պաշտոնում աշխանտանքային ստաժի տեւողության հիման վրա այն հաշվարկելու մասին, սակայն դատավորի կենսաթոշակի չափին վերաբրող հիմնական կարգավորմամբ բացակայում է աշխատանքային ստաժի տեւողության արտահայտումը հաշվարկում: Բացի այդ, կարծում ենք, հստակեցման կարիք ունի զուտ աշխատավարձի (հաշվարկվում է օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու դրա նկատմամբ հաշվարկվող հավելավճարի հանրագումարի եւ այդ հանրագումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով) հաշվարկման մեջ աշխատանքային ստաժի տեւողության արտահայտման կարգավորումը:

4.2. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում  է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված զուտ աշխատավարձի 70 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,

Քննարկվող կարգավորման շրջանակում անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակցի կողմից կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջին վերաբերող 56-րդ հոդվածին.

«1. Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները (անկախ դրանց չափից) ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը.

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր: (…)»:

Կարծում ենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորման դեպքում դատավորի կենսաթոշակի չափի սահմանման հաշվարկի կանոն նախատեսելիս պետք է հաշվի առնել նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածով նախատեսված առանձնահատուկ դեպքերը:

4.3. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի 4-րդ մասում նշում է կատարվում Կառավարության կողմից սահմանման ենթակա կարգի վերաբերյալ. «4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հիման վրա դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներին վերաբերող հոդվածում նախատեսել նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` 13-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով պահանջվող կարգավորումները:

4.4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն` հոդվածի դրույթները չեն տարածվում Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի հաշվարկման (վերահաշվարկման) կարգի վրա:

Այսպիսով` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում Սահմնադրական դատարանի դատավորի համար շարունակում է գործել կենսաթոշակի հաշվարկման կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում բացակայում է Սահմանադրական դատարանի դատավորների համար կենսաթոշակի հաշվարկի ընդհանուր կանոն նախատեսող եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի կենսաթոշակի հաշվարկման կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումից տարբերվող կարգավորում:

Մինչդեռ` հարկ է նկատել, որ դատավորների դեպքում մասնագիտական ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու իրավասությունը Կառավարությանը վերապահելու վերաբերյալ Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի կողմից որակվել է խնդրահարույց։ Բացի այդ, Սահմանադրական դատարանի պահանջը կատարելիս պետք է հաշվի առնել նաեւ այն սկզբունքը, որ դատավորի կենսաթոշակը, դրա չափը եւ կենսաթոշակի անցնելու տարիքը պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն օրենքով: 

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերության համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (2014 թվականի հուլիսի 1) սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Քննարկվող կարգը նախատեսված է եղել «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվում է կենսաթոշակ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձին սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքերում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է սահմանադրական դատարանի անդամի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Եթե սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:»:

«Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվել «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն սահմանադրական օրենքը, միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասում որպես անցումային դրույթ նախատեսվել է հետեւյալ կարգավորումը. ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով` սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ: Եթե նշված եղանակով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով»:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ որպես ոչ օբյեկտիվ գնահատված հիմքով տարբերակված մոտեցում առկա է նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների կենսաթոշակի հաշվարկման կարգի համար նախատեսված կարգավորումներում: 

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 57-րդ եւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածների կարգավորումները չեն կարող վերաբերել Սահամանադրական դատարանի դատավորներին: Մասնավորապես՝ Օրենսգրքի 1-ին հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ «Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի», իսկ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածի 5-րդ մասում հատուկ նշում է կատարվում հոդվածով նախատեսված կարգավորումների` Սահամանադրական դատարանի դատավորների նկատմամաբ կիրառելիության հարցի վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում` բացառելով Սահմանադրական դատարանի կողմից խնդրահարույց դիտարկված կարգավորումների առկայությունը նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների համար:

5.   Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«5. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում (անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք) եւ վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում եւ վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում եւ վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, կենսաթոշակից պահումները կատարվում են, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:»:

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 6-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասում դատավորի կենսաթոշակի նշանակման, վճարման, կենսաթոշակը վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու եւ կենսաթոշակին առնչվող այլ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումների դեպքում հղում է կատարվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգին:

Հարկ է նկատել, սակայն, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակների նշանակման, վճարման, կենսաթոշակը վճարելը դադարեցնելու եւ վերսկսելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու եւ մյուս դեպքերի համար բոլոր դեպքերում չէ, որ նախատեսված է առանձին կարգ: Հիմք ընդունելով նշվածն` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 6-րդ հոդվածի` նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասը:

6. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվում են նոր` 12-15-րդ մասեր.

«12. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը նշանակված կենսաթոշակը համարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակ եւ հաշվարկվում է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով կենսաթոշակառուի՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սույն օրենքի 5.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը: Ընդ որում, սույն մասում նշված զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով.

1) նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը.

2) նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի, տնտեսական դատարանի դատավորի համար՝ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը.

3) նախկին ժողովրդական դատավորի համար՝ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը:

13. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը սույն հոդվածի 12-րդ մասի համաձայն հաշվարկելիս կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

14. Եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ կենսաթոշակը չի նշանակվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետեւանքով, ապա սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝ հիմք ընդունելով այդ դիմումը: Այս դեպքում՝

1) կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը,

2) չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կունենար սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք, եթե կենսաթոշակը նշանակվեր սույն մասում նշված դիմումի հիման վրա:

15. Սույն հոդվածի 12-14-րդ մասերի դրույթները չեն տարածվում Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի հաշվարկման (վերահաշվարկման) կարգի վրա:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...) 4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

(...)

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: (...):»:

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները` առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր` 12-15-րդ մասերը նախատեսել որպես Նախագծի անցումային դրույթներ, այլ ոչ թե լրացում կատարել Օրենքի արդեն իսկ իրացված անցումային դրույթներին վերաբերող 9-րդ հոդվածում, ինչը հնարավորություն կտա նաեւ  քննարկվող կարգավորումները համապատասխանեցնելու Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված անցումային դրույթին:

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր` 12-րդ մասում նշում է կատարվում 2022 թվականի մարտի 1-ի վերաբերյալ: Հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում են քննարկվող ամսաթվի վերաբերյալ դիտարկումները:

Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող 12-15-րդ մասերում հղում է կատարվում Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածով նախատեսված կենսաթոշակի հաշվարկի կարգին` նշում կատարելով նաեւ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը հաշվարկում հիմք ընդունելու մասին, որի վերաբերյալ կառուցակարգերը Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 5.1-ին հոդվածից բացակայում են: 

7. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել  Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին: 

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

21.12.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

21.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարեցվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, սահմանել երաշխավորված կենսաթոշակի չափ՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի չափով: Նշված երաշխավորված չափում հաշվի է առնվել նաեւ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային համակարգից նշանակված կենսաթոշակը, որի կապակցությամբ առաջարկվում է դատավորի կենսաթոշակի չափը սահմանել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով, իսկ եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը, ապա անկախ կուտակային բաղադրիչի մասնակից լինելու հանգամանքից, նրա կենսաթոշակի չափը հաշվարկվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի չափով՝ այս անձանց համար եւս ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել նաեւ դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու, կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու, կենսաթոշակ վճարելը դադարեցվելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու պայմաններն ու կարգը, այն է՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով, ինչպես նաեւ այս դրույթների կիրարկումն ապահովող այլ նորմեր:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսնկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 6-րդ հոդվածի 3-րդ կոտով սահմանվում է, որ. «Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը նշանակված կենսաթոշակը համարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակ եւ հաշվարկվում է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով կենսաթոշակառուի՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սույն օրենքի 5.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը:…», իսկ այս Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սա նշանակում է, որ առաջիկա տարում, դատավորների կենսաթոշակների վերահաշվարկի հետ կապված, դատավորների կենսաթոշակների վճարման ծախսային ծրագրով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհարժեշտություն կառաջանա, իսկ համապատասխան գումարները 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չեն:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

07.12.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման պահանջների համաձայն դատավորների կենսաթոշակային ապահովության կապակցությամբ առկա խնդիրների, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

- դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարեցվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով (դատավորի 65 տարին լրանալու դեպքում) կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, սահմանել երաշխավորված կենսաթոշակի չափ՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի չափով,

- հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի պաշտոն զբաղեցնող անձը հանդիսանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճար կատարող, դատավորի կենսաթոշակի չափը սահմանել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով,

- սահմանել դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքերը՝ կախված պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի փոփոխությունից, դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային կենսաթոշակ նշանակելուց, դադարեցնելուց, կուտակային կենսաթոշակի չափը ավելանալուց կամ նվազելուց,

- կարգավորել աշխատանքային կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելիս այդ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակահատվածում վճարված աշխատանքային կենսաթոշակը հաշվանցելուն առնչվող հարաբերությունները,

- կարգավորել դատավորի պաշտոն զբաղեցրած անձին մինչեւ սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի՝ Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգով հաշվարկելու կարգը, ինչպես նաեւ 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո՝  մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը դիմած անձին եւ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետեւանքով չնշանակված կենսաթոշակը նշանակելու կարգը եւ այլն:

2. Նախագծերի փաթեթն ունի սոցիալական նշանակություն եւ առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում դատավորները ապոհովված կլինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով:

3. Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունումը, կարծում ենք, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կոնկրետ շրջանակի անձանց կենսաթոշակային ապահովության եւ սոցիալական վիճակի բարելավման  տեսանկյունից կունենա դրական նշանակություն: 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-270) 

13.12.2021թ.