ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-102-29.11.2021-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1021 -29.11.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-102-29.11.2021-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1021 -29.11.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

17.12.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:

2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 289-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում կատարվող լրացման մեջ «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք հանել «ՀՀ» հապավումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ հանելով «Հայաստանի Հանրապետության» բառերը, ինչպես նաեւ Օրենքի հերթական համարի նորմատիվ բնույթի վերաբերյալ նշումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթն ուղղված է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը՝ պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նկատմամբ պատշաճ վերահսկողություն ապահովելու միջոցով: Այդ նպատակով առաջարկվում է ելակետային տվյալների եւ գործակիցների ճշտության ստուգման տեսակը փոխարինել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտության ստուգմամբ, որի շրջանակներում հարկային մարմինն իրավունք կունենա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնել պետական տուրքի հաշվարկման ճշտության նկատմամբ պատշաճ հսկողություն՝ վերջիններիս մոտ ստուգման ենթարկելով բացառապես պետական տուրքի հարցը:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

07.12.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում՝ նպատակ ունենալով բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունն՝ ապահովելով պատշաճ վերահսկողություն պետական տուրքի հաշվարկման եւ գանձման նկատմամբ:

Համաձայն գործող իրավակարգավորման («Պետական տուրքի մասին» օրենքի 37-րդ հոդված), պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները: ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» թիվ 547 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով որպես պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին սահմանվել է հարկային մարմինը:

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու համալիր եւ թեմատիկ հարկային ստուգումներ: 

Օրենսգրքի 336-րդ հոդվածով սահմանվում են համալիր հարկային ստուգումների իրականացման հիմքերը: Ըստ այդմ, հարկ վճարողների մոտ համալիր հարկային ստուգումներ կարող են իրականացվել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվելու դեպքում: Օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով համալիր հարկային ստուգման հարցերը ներառում են հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաեւ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ճշտության ստուգման հարցերը: Փաստորեն, համալիր հարկային ստուգման շրջանակներում հարկ վճարողների մոտ ստուգման ենթակա են բոլոր հարցերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով, նախատեսվում է ելակետային տվյալների եւ գործակիցների ճշտության ստուգման տեսակը փոխարինել պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտության ստուգմամբ, ինչն, ըստ կառավարության, կբերի պետական տուրքի հաշվարկման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը:

 Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

03.12.2021թ.