ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-100-26.11.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ
 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-100-26.11.2021-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

13.12.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Հանրակրթության մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, այն է՝ «6) հանրակրթական ծրագիր (հիմնական եւ լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի եւ ուսուցման կազմակերպման ձեւերի ամբողջություն.»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր 6.3-րդ կետ՝ «6.3) այլընտրանքային կրթական ծրագիր՝

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող կրթական ծրագիր.

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան եւ սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը տվյալ կրթական աստիճանի տեւողությամբ ներդրված կրթական ծրագիր.

գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող կրթական ծրագիր:»:

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ փոփոխության եւ լրացման արդյունքում «այլընտրանքային կրթական ծրագիր» հասկացության սահմանումը բաց է թողնվում եւ սահմանվում են այլընտրանքային կրթական ծրագրի տեսակները: Առաջարկում ենք Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների շարքում ամրագրել նաեւ այլընտրանքային կրթական ծրագրի հասկացությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավկական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:»:

2.  Նախագծի 1-ին հոդվածում 6-րդ մասին հաջորդում է 1-ին եւ 2-րդ մասեր: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

3.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ, 11-րդ եւ 12-րդ հոդվածների վերնագրերի վերջում դրված միջակետերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: 

4.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով հղում է կատարվում Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին մասը բաղկացած չէ կետերից: Հետեւաբար, առաջարկում ենք հստակեցնել հղումը քննարկվող հատվածով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

5.  Նախագծի 4-րդ հոդվածով «Հանրակրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին եւ 9-րդ մասերի համաձայն՝ «Պետական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը եւ վարչատնտեսական մասի համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

(…)

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրը ստանալու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում, մասնակցել ուսումնական մասի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին»:

«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն) ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով»:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթով»:

Վերոգրյալի առնչությամբ ընդգծենք, որ գործող կարգավորումների պարագայում տնօրենի ընտրության կարգը հաստատվում է Կառավարության կողմից. այն մրցութային է: Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին մասում Կառավարության կողմից ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենի եւ վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի հաստատման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպումից պարզ չէ՝ այն իրականացվելու է մրցութային կարգով թե նաեւ տվյալ կարգից տարբերվող այլ կարգերով: Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 9-րդ մասի կարգավորումից բխում է, որ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մասնակցել ուսումնական մասի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին: Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ Կառավարության կողմից հաստատվելիք կարգերից մեկը լինելու է մրցութայինը: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածից էլ հետեւում է, որ տվյալ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի նշանակման կարգը մրցութայինն է:

Վերոգրյալի հաշվառմամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով «Հանրակրթության մասին» օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 1-ին մասը ձեւակերպել այնպես, որ պետական ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենի եւ վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման հնարավոր կարգերը արտացոլված լինեն տվյալ լիազորող նորմի բովանդակությունում՝ ապահովելով վերջինիս հստակությունը: 

Միաժամանակ հարկ է նկատել, որ ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենի պաշտոնում առաջադրվելու իրավունք չունեցող անձանց շրջանակը հստակ սահմանված է Օրենքում, իսկ վարչատնտեսական մասի համակարգողի վերաբերյալ համանման դրույթը բացակայում է:

6.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերին: Հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը բաղկացած չէ ենթակետերից: Բացի այդ, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետը սահմանում է կրթական ծրագրի իրականացման ձեւ: Հետեւաբար, առաջարկում ենք հստակեցնել հղումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

7.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` « Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Հաշվի առնելով մեջբերված դրույթը` առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում սահմանել Նախագծի այլ հոդվածներով (օրինակ` Նախագծի  4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 12-րդ հոդվածի 5-րդ մաս, Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 26-րդ հոդվածի 5-րդ մաս) սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Հաշվի առնելով Նախագծի ծավալը եւ Նախագիծն անհետաձգելի համարվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

10.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

10.12.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է բարեփոխել դպրոցական կառավարման համակարգը, հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում մինչեւ 2023 թվականը անցում կատարել համընդհանուր ներառական հանրակրթության, ինչպես նաեւ վերանայել հանրակրթության ոլորտում գործող չափորոշիչները, ուսումնական պլանը եւ առարկայական ծրագրերը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

30.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 65-Ա որոշմամբ հաստատված եւ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ: 

Ծրագրի նպատակներից են.

1. ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.

2. անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում մինչեւ 2023 թվականը.

3. նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ վերանայել չափորոշիչները, ուսումնական պլանը եւ առարկայական ծրագրերը:

Նախագծով առաջարկվող լրացումները եւ փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության եւ բովանդակության բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն եւ արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում, ինչպես նաեւ կիրառել նոր գործիքակազմեր:

Ներկայացվող փոփոխություններն ու լրացումներն առնչվում են.

- Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման եւ մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը,

- Հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն եւ արդյունավետ մոտեցումների ամրագրմանը,

- Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն եւ արդյունավետ մեխանիզմների հստակեցմանը,

- Հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրմանը:

2. Սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրնրի տեսանկյունից «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես.

2.1 Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ կետերը վերաշարադրել նոր բովանդակությամբ, մինչդեռ Նախագծով առաջարկվող «6)» կետի բովանդակությունը որեւէ փոփոխության կամ վերախմբագրման չի ենթարկվել, ըստ էության, «6)» կետի վերաշարադրումն ավելորդ է:

2.2 Նույն հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր «6.3)» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.3) այլընտրանքային կրթական ծրագիր՝

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող կրթական ծրագիր.

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան եւ սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը տվյալ կրթական աստիճանի տեւողությամբ ներդրված կրթական ծրագիր.

գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը եւ ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող կրթական ծրագիր:»:

Կարծում ենք, Օրենքի 3-րդ հոդվածի բովանդակային կառուցվածքը չխախտելու համար, առավել նպատակահարմար կլիներ ոչ թե լրացնել Օրենքի 3-րդ հոդվածը նոր «6.3)» կետով, այլ ներկայացնել անմիջապես 6-րդ կետից հետո:

2.3 Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին պարբերությունից հանել «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան» նախադասությունը: 

Առաջարկվող փոփոխությունը, մեր կարծիքով, չունի բավարար հիմնավորվածություն եւ կարող է անդրադառնալ կրթության որակի վրա:

2.4 Նախագծի 12-րդ հոդվածի 10-րդ մասում օգտագործվում է «ուսումնական հաստատության 3 տարվա զարգացման իր ծրագիր» հասկացությունը: Ցանկալի կլիներ, որ Նախագծով սահմանվեին այդ ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները՝ այդ թվում նաեւ դրա իրականացումից ակնկալվող արդյունքները:

2.5 Նախագծի 26-րդ հոդվածի 21-րդ մասով ամրագրվում է, որ «21. Ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն առաջանալու դեպքում տվյալ ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ անցնել գիտելիքների գնահատում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում:»: 

Օգտագործվող ձեւակերպումից անորոշ է մնում, թե ուսուցչի գիտելիքների գնահատման անհրաժեշտություն ու՞մ համար է առաջանում՝ ուսուցչի՞, թե՞ մեկ ուրիշի: Նախագծից ստացվում է, որ ուսուցչի մոտ կարող են առաջանալ իր գիտելիքների պակասի վերաբերյալ «հիմնավոր կասկածներ», որոնք «փարատելու» համար ուսուցիչն իր նախաձեռնությամբ պետք է անցնի գիտելիքների գնահատում:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը, մեր կարծիքով, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, սույն եզրակացության մեջ կատարված դիտողությունները հաշվի առնելու պարագայում: Ուստի, սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից այն լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

01.12.2021թ.