ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-098-22.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի եւ Նարեկ Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-098-22.11.2021-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

10.12.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1227-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4-րդ մաս, որի համաձայն՝ «4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վեց ամսվա ժամկետն անցնելուց հետո ժառանգությունը կարող է ընդունվել մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե ժառանգատուի անձի ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբեյալ հարկ ենք ենք համարում նշել հետեւյալ.

1)   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1227-րդ հոդվածում կատարվող լրացումը նախատեսում է մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում ժառանգատուի անձի ինքնությունը հաստատված չլինելու դեպքում մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգության ընդունման հնարավորություն: Հարկ ենք համարում նշել, որ ժառանգության գործընթացը սահմանափակված չէ միայն ժառանգության ընդունման իրավունքով: Օրենսգրքի 10-րդ բաժնում սահմանված ժառանգական իրավունքի վերաբերյալ իրավակարգավորումները հաշվի առնելով նշենք, որ ժառանգությունը բացվելուց հետո ժառանգը կարող է վեցամսյա ժամկետում ինչպես ընդունել, այնպես էլ հրաժարվել ժառանգությունից: Մասնավորապես՝ Օրենսգրքի 74-րդ գլխում սահմանված է ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ իրավակարգավորումները: Օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:»:  Օրենսգրքի 1231-րդ հոդվածում նախատեսված է հօգուտ այլ անձի ժառանգությունից հրաժարվելու ժառանգի իրավունքը՝ «Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

(…)»: 

Բացի այդ, Օրենսգրքի 1227-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ «2. Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:

3. Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:»: Այսպես՝ Օրենսգրքի 1227-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում սահմանված է ժառանգության իրավունքի ընդունման այն ժամկետները, որոնց ընթացքում ժառանգության ընդունման իրավունքը այլ անձանց համար ծագում է ժառանգի ժառանգությունից հրաժարվելու ուժով: 

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավադրույթները՝ նշենք, որ Օրենսգրքում սահմանված ժառանգությունից հրաժարվելու իրավունքի իրացումը հանգեցնում է անձանց ժառանգական իրավունքների ծագման կամ դադարման: Մինչդեռ՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1227-րդ հոդվածում կատարվող լրացման արդյունքում ժառանգների համար ծագում է միայն ժառանգությունը ընդունելու իրավունք: Կարծում ենք՝ մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում ժառանգատուի անձի ինքնությունը հաստատված չլինելու դեպքում մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգը պետք է հնարավորություն ունենա օգտվել ժառանգության ամբողջ գործընթացում Օրենսգրքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից:

2)   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1227-րդ հոդվածում կատարվող լրացման դեպքում նոտարը պետք է ստուգի մահացած անձի ինքնության հաստատման ժամանակը, ինչի արդյունքում ժառանգի համար կարող է ծագել ժառանգության ընդունման իրավունք: Նոտարի կողմից մահացած անձի ինքնության հաստատման ժամանակի ստուգման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 

«Նոտարիատի մասին» օրենքի 63-րդ հոդվածում սահմանված են ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու պայմանները, որի 1-ին մասի համաձայն՝ «Ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը եւ վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը:»:

Նոտարի կողմից ժառանգության բացման ժամանակը ստուգվում է ելնելով ժառանգի համար որոշակի իրավունքների ծագման հավաստման անհրաժեշտությունից:

Հիմք ընդունելով մահվան մասին պետական վկայականի բովանդակությունը՝ նշենք, որ ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար նոտարի կողմից ստուգման ենթակա ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը եւ վայրը ստուգվում են մահվան մասին պետական վկայականում ներառված տեղեկություններով: Մասնավորապես՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մահվան պետական վկայականը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.

1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, սեռը, քաղաքացիությունը, մահվան վայրը եւ ժամանակը, ազգությունը՝ մահվան ակտային գրանցմանը համապատասխան.

2) մահվան ակտային գրանցման ժամանակը եւ համարը.

3) մահվան պետական գրանցման վայրը.

4) մահվան պետական վկայական տալու ժամանակը եւ տրամադրող մարմնի անվանումը:

2. Մահվան պետական վկայականը թղթային կրիչի վրա դիմողին տրամադրում է սպասարկման կենտրոնը:»:

Մահվան մասին պետական վկայականի բովանդակությունը չի ներառում տեղեկություններ մահացած անձի ինքնության հաստատման փաստի, ժամանակի վերաբերյալ: Հետեւաբար, հիմք ընդունելով քննարկվող լրացման վերաբերյալ ոլորտային օրենսդրության կարգավորումները՝ կարող ենք նշել, որ հասկանալի չէ ժառանգության բացման ժամանակ նոտարի կողմից ինչպես պետք է ստուգվի մահացած անձի ինքնության հաստատման ժամանակը, ինչ փաստաթղթերի հիման վրա, որոնց ուժով ժառանգի համար հաշվարկվելու է ժառանգության ընդունման ժամկետը:

Իրավական որոշակիության ապահովման նպատակով կարծում ենք՝ անհարժեշտություն է առաջանում սահմանել նոտարի կողմից մահացած անձի ինքնության հաստատման ժամանակի ստուգման վերաբերյալ կարգավորումներ: Մասնավորապես՝ ի՞նչպես է ստուգվում մահացած անձի ինքնության հաստատման ժամանակը, ի՞նչ փաստաթղթերի հիման վրա: 

Ինչպես նաեւ հարկ է նկատել, որ  Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1227-րդ հոդվածում կատարվող լրացման կապակցությամբ որեւէ լրացում չի կատարվում «Նոտարիատի մասին» օրենքում ժառանգատուի անձի ինքնության հաստատման փաստի ստուգման անհրաժեշտության վերաբերյալ: 

3)   Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1227-րդ հոդվածում լրացվող 4-րդ մասում նշված «մահվան մասին պետական գրանցման» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «մահվան պետական գրանցման» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում կիրառված ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

3.   Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

4.   Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:»:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:»:

Նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վերոնշյալ կանոնները հաշվի առնելով՝ առաջարկում ենք սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու ողջամիտ ժամկետ, որը կնպաստի ժառանգական հարաբերությունների ծագմամբ ժառանգության ընդունման կամ ժառանգությունից հրաժարվելու Օրենսգրքով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը հաշվարկել հասցեատեր սուբյեկտների հնարավորինս տեղեկացվածությունից հետո:

5.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ այն ժառանգատուների ժառանգության ընդունման հարաբերությունների նկատմամբ, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված անցումային դրույթով հետադարձ ուժ է տրվում միայն ժառանգության ընդունման հարաբերությունների նկատմամբ: Հիմք ընդունելով ժառանգական իրավունքի վերաբերյալ Օրենսգրքում սահմանված իրավադրույթները՝ առաջարկում ենք Նախագծի գործողությունը տարածել ոչ միայն ժառանգության ընդունման հարաբերությունների վրա, այլեւ ժառանգության ամբողջ գործընթացի վրա: Նշված առաջարկը հիմնավորվում է սույն եզրակացության 1-ին կետի 1-ին ենթակետում կատարված վերլուծությամբ, մասնավորապես՝  ժառանգությունը բացվելուց հետո ժառանգը կարող է ինչպես ընդունել, այնպես էլ հրաժարվել ժառանգությունից: Հետեւաբար, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած անձանց ժառանգների համար կծագի ժառանգական իրավահարաբերություններում Օրենսգրքով եւ ոլորտային օրենսդրությամբ ժառանգներին  տրվող բոլոր իրավունքները:

Բացի այդ, Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ բացակայում է վերոնշյալ անցումային դրույթի սահմանման նպատակը: Այդ իսկ պատճառով հասկանալի չէ անձանց ո՞ր շրջանակի նկատմամբ է սահմանվել քննարկվող անցումային դրույթը: Եթե անցումային դրույթի նախատեսման նպատակն է Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 1227-րդ հոդվածում կատարվող լրացման գործողությունը տարածել նաեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած  այն անձանց նկատմամբ, որոնց անձի ինքնությունը հաստատվել է մինչեւ Նախագծի ուժի մեջ մտնելը եւ ժառանգության ընդունման ժամկետը բաց է թողնվել, ապա առաջարկում ենք անցումային դրույթը հստակեցման նպատակով սահմանել հետեւյալ կերպ՝ «2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ այն անձանց ժառանգական հարաբերությունների նկատմամբ, ովքեր մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո եւ նրանց անձի ինքնությունը հաստատվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:»: 

6.   Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «3.Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում ժառանգությունը կարող է ընդունվել սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք, որ ժառանգությունը բացվելուց հետո վեց ամսվա ընթացքում ժառանգության բացման վայրի նոտարին բացի ժառանգությունը ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմումնների կարող է ներկայացված լինել ժառանգությունից հրաժարվելու դիմումներ: Հետեւաբար, կարծում ենք՝ անհարժեշտ է անցումային դրույթում բացառությունների շարքում նշում կատարել նաեւ ժառանգությունից հրաժարվելու դիմումների առկայության դեպքերի մասին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

09.12.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ անհարժեշտություն է առաջանում լրացում կատարել «Նոտարիատի մասին» օրենքում:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

09.12.2021թ.
 





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածում ավելացնել նոր մաս, ըստ որի՝ ժառանգության ընդունման համար այս օրենսգրքով սահմանված վեց ամսյա ժամկետն անցնելուց հետո ժառանգությունը կարող է ընդունվել մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե ժառանգատու անձի ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում: Խնդիրը կայանում է նրանում, որ այն դեպքերում, երբ ժառանգատու անձի մահը վրա է հասել հայտնի հանգամանքներում (օրինակ՝ ռազմական գործողությունների, տարերային աղետների եւ այլ հանգամանքներում), սակայն մինչեւ մահացածի ինքնությունը հաստատելն անցել է ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը, ապա ժառանգության փաստացի ստացման հետ կապված որոշակի բարդություններ են առաջանում: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

25.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.     Ներկայացված Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ժառանգներին ընդունել ժառանգություն ոչ թե անձի մահվան պահից վեց ամսվա ընթացքում, այլ մահվան մասին պետական գրացման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե ժառանգատուի անձի ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում:

Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացման նպատակն է կանոնակարգել ժառանգության ընդունման գործընթացն այն դեպքերի համար, երբ ժառանգատու անձի մահը վրա է հասել հայտնի հանգամանքներում (օրինակ՝ ռազմական գործողությունների, տարերային աղետների ժամանակահատված), սակայն մինչեւ մահացածի ինքնությունը հաստատելն անցել է ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետը: Այդպիսի իրավիճակ առաջացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետեւանքով:

2.     Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1227-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով, ըստ որի. «4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վեց ամսվա ժամկետն անցնելուց հետո ժառանգությունը կարող է ընդունվել մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում, եթե ժառանգատուի անձի ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում:»:

Կարեւորելով Նախագծով հետապնդվող խնդրի լուծման անհրաժեշտությունը, կարծում ենք, «մահվան պահից հետո»  ձեւակերպումը հստակեցման կարիք ունի, քանի որ հասկանալի չէ, թե ինչպե՞ս է որոշվելու ժառանգատուի մահվան պահը, ինչն էլ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Բացի այդ, առաջարկվող խմբագրությամբ, Նախագծի տեքստը կարծում ենք չի համապատասխանում Նախագծի հիմնավորման մեջ նշված գաղափարի իրացմանը:

Ուստի, առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը:

Եզրահանգում

Նախագծով հետապնդվող խնդրի լուծման համար, կարծում ենք առաջարկվող  լրացումը հստակեցման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-270) 

02.12.2021թ.