ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-089-12.11.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-089-12.11.2021-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

26.11.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1.  Առաջարկում ենք Նախագծի 2-րդ, 3-րդ հոդվածների եւ 4-րդ հոդվածի 1-ին մասի համարները տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով (…)»:

2.   Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի(…)»:

Միաժամանակ նշենք, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի նվազագույն չափը՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից ոչ ցածր լինելու հանգամանքը, որպես ժամանակավոր դրույթ, պարբերաբար երկարացվելու արդյունքում ժամանակավոր դրույթի սահմանափակ ժամկետով գործողությունը, ինչպես նաեւ ժամանակավոր դրույթի նշանակությունն իմաստազուրկ են դառնում, ուստի, ժամանակավոր դրույթի էությունն ապահովելու նպատակով, կարծում ենք, առավել նպատակահարմար է նշված դրույթի համար սահմանել այլ՝ առավել երկար գործողության ժամկետ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ չի պարունակում:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                    ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616),

Տ. Բադալյան (հեռ.՝ 011-513-248)

26.11.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                              ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616),

Տ. Բադալյան (հեռ.՝ 011-513-248)

26.11.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է նորից երկարաձգել այն իրավակարգավորման գործողության ժամկետը, որը մեկ անգամ արդեն դրվել է գործողության մեջ: Խնդիրը կայանում է նրանում, որ 2019 թվականի նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-223-Ն օրենքով 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվեց 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը (հարկերը եւ նպատակային սոցիալական վճարը ներառյալ), կազմում է 91275 դրամ, որի 80 տոկոսը 73020 դրամ է:  Մինչդեռ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 եւ 2021 թվականների համար նախատեսված էր 66140 դրամ:

2022 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ օրենքով սահմանված չափը (66140 դրամ)՝ չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: Մյուս կողմից՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը (66140 դրամ) չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

Վերը նշված խնդրի կարգավորման նպատակով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-224-Ն, համապատասխանաբար՝ նաեւ 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-506-Ն օրենքներով լրացում կատարվեց Օրենքի 5-րդ հոդվածում եւ նախատեսվեց, որ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի, համապատասխանաբար՝ նաեւ 2021 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից (հիշյալ օրենքներն ընդունվեցին որպես ժամանակավոր նորմատիվ ակտ): 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-506-Ն օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, ուստի տվյալ Նախագծով առաջարկվում է մեկ տարով երկարացնել այդ դրույթի գործողության ժամկետը:

Նախագծով առաջարկվում է նաեւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավման ժամանակահատվածները հաշվի առնել կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգեւատրման իրավունք տվող աշխատաժամանակում, ինչպես նաեւ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավված պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատվելու դեպքում չկիրառել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված՝ հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ հիմնական աշխատավարձի իջեցման դրույթները:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668) 

15.11.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝ նորից երկարաձգելով այն իրավակարգավորման գործողության ժամկետը, որը մեկ անգամ արդեն դրվել է գործողության մեջ:

Նախագիծը ներկայացվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ 2022 թվականի համար պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխություն չի նախատեսվում, իսկ սահմանված չափը 66140 դրամ՝ չի ապահովում նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսը: 

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 68000 դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձի անվանական արժեքը՝ 91275 դրամ է, որի 80 տոկոսը 73020 դրամ:  Մինչդեռ, պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 եւ 2021 թվականների համար նախատեսված էր 66140 դրամ:

Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2020 թվականի, համապատասխանաբար նաեւ 2021 թվականի համար չի կարող ցածր լինել սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից: 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-506-Ն օրենքի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին:

Նախագծով առաջարկվում է մեկ տարով երկարացնել այդ դրույթի գործողության ժամկետը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

15.11.2021