ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-074-26.10.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-074-26.10.2021-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

16.11.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը` հանելով Օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը`  հանելով Օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «Հանրապետությունում:»» բառից եւ կետադրական նշաններից հետո լրացնել «կետադրական նշաններով եւ բառերով» բառերը, Նախագծի 2-րդ հոդվածում «Հանրապետությունում:»» բառից եւ կետադրական նշաններից հետո լրացնել «կետադրական նշաններով, թվերով եւ բառերով» բառերը: 

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը` «մասին» բառից հետո լրացվում է նոր կետադրական նշաններով եւ բառերով, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ Ազգային օպերատորին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է Ազգային օպերատորի միջոցով) եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվության համաձայն՝ կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը) սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առաջին պարբերությունը` «դեպքում» բառից հետո լրացվում է նոր կետադրական նշաններով, թվերով եւ բառերով, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`

(…)

3) սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ կամ Ազգային օպերատորին չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից չհաստատվելու) դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվության համաձայն՝ կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը) 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: (…)»:

Նախագծով կատարվող լրացումների վերաբերյալ դրան կից ներկայացված հիմնավորմամբ նշվում են հետեւյալ դիտարկումները.

«(…) «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում գտնվելու մասին: Հայտարարությունը չստորագրելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է:

Վերը նշված դրույթի նպատակը հստակ է. ճշտել կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքը: Սակայն այդ դրույթի կիրառումը խնդիրներ է առաջացնում կենսաթոշակառուների համար՝ նրանց ծանրաբեռնելով որոշակի պարտականություններով:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրված է Սահմանային Էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ համակարգ), որտեղ ներառված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս պարզել անձի կողմից սահմանահատում իրականացնելու փաստը:

Ավելին, համաձայն գործող օրենսդրության՝ ՍԷԿՏ համակարգի տեղեկատվությունը հասանելի են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը (այսինքն՝ արդեն իսկ այդ տեղեկատվությունը կիրառվում է անձին կենսաթոշակ նշանակելիս եւ վճարելիս):

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացված նախագծերը:

(…)

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում Կենսաթոշակառուն կձերբազատվի որոշակի պարտականություններ կատարելու պարտականությունից, իսկ պետությունը իր խնդիրը կլուծի համապատասխան տեղեկատվության կիրառության միջոցով:(…)»:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ եւ 41-րդ հոդվածներում կատարվող լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորման տրամաբանությունից բխում է, որ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորման նպատակը կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի)  Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելն է, եւ այդ նպատակի իրագործման համար ընտրված է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) համար պարտականություն սահմանաող հստակ եղանակ, այն է՝ ներկայանալ համապատասխան մարմին եւ ստորագրել հայտարարություն: Նշված կանոնից բացառություն նախատեսելը կարող է ենթադրել միայն որոշակի դեպքերի շրջանակ՝ պայմանավորված սուբյեկտով կամ օբյեկտի հանգամանքներով, որոնց պարագայում միայն կարող է չգործել ընդհանուր կանոնը: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը` «մասին» բառից հետո նոր կետադրական նշաններով եւ բառերով լրացնելու արդյունքում նախատեսվող կարգավորումը ոչ թե ընդհանուր կանոնից բացառություն նախատեսող առանձին դեպք է, այլ ընդհանուր կանոնի գործողությունը բացառող պայման: Մասնավորապես՝ դեպքերը, երբ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվության համաձայն՝ կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը) նշված ժամկետը լրանալու օրվա դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, բոլոր այն դեպքերն են, երբ նշված անձինք հնարավորություն ունեն ներկայանալու համապատասխան մարմին եւ ստորագրելու հայտարարություն: Միաժամանակ հարկ է նկատել, որ քննարկվող կարգավորման շրջանակում անհրաժեշտ է հստակեցնել այն դեպքերը, որոնք չեն հանդիսանում բացառությամբ նախատեսված դեպք, եւ դրանց պարագայում կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը) կարող է ներկայանալ համապատասխան մարմին եւ ստորագրել հայտարարություն:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունում կատարվող լրացման արդյունքում նախատեսվող կարգավորումը՝ ընդհանուր կանոնը եւ դրանից նախատեսվող բացառությունը որոշակիացնելու նպատակով: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753):

4.2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ եւ 41-րդ հոդվածներում կատարվող լրացումների տեքստում կիրառվում է «(անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը)» ձեւակերպումը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ եւ 41-րդ հոդվածներում կատարվող լրացումների տեքստում կիրառվող «(անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը)» ձեւակերպումը փոխարինել «(անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը)» ձեւակերպումով:

4.3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: (…)»:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ եւ 41-րդ հոդվածներում կատարվող լրացումների տեքստում կիրառվում է «սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ» ձեւակերպումը: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 17-րդ մասի 1-ին կետում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ» ձեւակերպումը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ եւ 41-րդ հոդվածներում կատարվող լրացումների տեքստում հստակեցնել կիրառվող հասկացությունը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության իրավական սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

16.11.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

16.11.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունը չներկայացնելու դեպքում կենսաթոշակ վճարելը չի դադարեցվում, եթե, համաձայն ՍԷԿՏ համակարգի, հայտարարությունը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվա դրությամբ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

03.11.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագիծով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ եւ 41-րդ հոդվածներում: Առաջարկվող լրացումների ընդունումը պայմանավորված է կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակի շարունակական բարելավման, ինչպես նաեւ ավելորդ վարչարարության նվազեցման անհրաժեշտությամբ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում գտնվելու մասին: Հայտարարությունը չստորագրելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցվում է: Այս դրույթի կիրառումը խնդիրներ է առաջացնում կենսաթոշակառուների համար՝ նրանց ծանրաբեռնելով որոշակի պարտականություններով:

Նախագծով առաջարկվող լրացումներով հնարավոր կլինի ճշտել կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքը՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրված Սահմանային Էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով, որում ներառված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս պարզել անձի կողմից սահմանահատում իրականացնելու փաստը: 

Նախագծով առաջարկվող լրացումները սոցիալական առումով ընդունելի են հետեւյալ նկատառումներով՝ 

- կնվազեցվի քաղաքացիների նկատմամբ վարչարարությունը, 

- սահմանված հայտարարությունը չներկայացնելու դեպքում կենսաթոշակի վճարումը չի դադարեցվի, եթե՝ համաձայն ՍԷԿՏ համակարգի, հայտարարությունը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվա դրությամբ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Լ. Սարգսյան (հեռ. 011-513-270), (12-70)

01.11.2021թ.