ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-073-26.10.2021-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-0731 -26.10.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-073-26.10.2021-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-0731 -26.10.2021-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

16.11.2021թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը` հանելով Օրենքի վերնագրից հետո գրված «Հայաստանի Հանրապետության» բառերը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Պետական նպաստների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակման մեջ «Հայաստանի Հանրապետության» բառերի կիրառմանը:

2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացվող նոր` 16.1-ին եւ 23.1-ին հոդվածների համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը` հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվող նոր` 32.2-րդ հոդվածի համարին:

3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացվող նոր` 16.1-ին եւ 23.1-ին հոդվածների վերնագրերի վերջում դրված միջակետերն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը` հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:

4. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքը լրացվում է նոր` 16.1-ին եւ 23.1-ին հոդվածներով.

«Հոդված 16.1 Աշխատանքային կենսաթոշակների ինդեքսավորումը.

1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ նվազագույն կենսաթոշակի չափը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:

2. Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը ինդեքսավորվում է յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ փոփոխության (աճի) չափով:

3. Սույն հոդվածի իմաստով բազային տարի է համարվում բյուջետային տարվան նախորդող օրացուցային տարին:

Հոդված 23.1 Զինվորական կենսաթոշակների ինդեքսավորումը.

1. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը ինդեքսավորվում է յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) 50 տոկոսի չափով:

2. Զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:

3. Սույն հոդվածի իմաստով բազային տարի է համարվում բյուջետային տարվան նախորդող օրացուցային տարին:»:

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվում է նոր` 32.2-րդ հոդված.

«Հոդված 32.2 Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստների ինդեքսավորումը

Ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:»:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող 16.1-ին եւ 23.1-ին հոդվածների, ինչպես նաեւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվող 32.2-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

4.1. Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ դրանց ընդունման անհրաժեշտության վերաբերյալ առկա են հետեւյալ դիտարկումները.

«(...) համաձայն գործող իրավակարգավորումների՝ կենսաթոշակի չափը (կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական ցուցանիշները, այդ թվում՝ նվազագույն կենսաթոշակի չափը) որոշում է կառավարությունը, սեփական հայեցողությամբ՝ չունենալով որեւէ ուղղակի պարտավորություն եւ հաշվի առնելով առկա ռեսուրսներն ու ծախսային առաջնահերթությունները։

Արդյունքում, ունենում ենք մի իրավիճակ, երբ առկա է կենսաթոշակառուների աղքատացման ռիսկ, երբ չնայած արձանագրված գնաճին՝ կենսաթոշակների չափերը չեն ավելանում, ինչը նշանակում է սպառման կրճատում կենսաթոշակառուի համար։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացված նախագծերը:

3. Առաջարկվող լուծումները

Ներկայացված նախագծերն ընդունելու արդյունքում կսահմանվի, որ աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր տարի։

Ընդ որում, կենսաթոշակների չափերի ինդեքսավորումը իրականացվելու է կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական ցուցանիշները, այդ թվում՝ նվազագույն կենսաթոշակի չափը ինդեքսավորելու միջոցով՝ հիմք ընդունելով սպառողական գների ինդեքսը եւ միջին անվանական աշխատավարձի աճի ցուցանիշը։

(...)

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապ կստեղծվի երկրի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների (ՍԳԻ եւ միջին ամսական աշխատավարձ) եւ կենսաթոշակի չափի միջեւ՝ էապես սահմանափակելով կառավարության հայեցողական լիազորությունների շրջանակը:(...)»:

4.2. Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով օրենքում լրացվող նոր կարգավորումների նախատեսման արդյունքում ակնկալվում է ապահովել կենսաթոշակի չափի պարբերական աճ, ինչպես նաեւ Կառավարության համապատասխան լիազորության հայեցողության աստիճանի սահմանափակում: Սակայն, Նախագծով կատարվող լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումներում բացակայում են ինդեքսավորման իրականացման կարգի, ինչպես նաեւ ինդեքսավորման արդյունքը համապատասխան իրավական ակտերում արտահայտելու վերաբերյալ դրույթները:

Նույնական դիտարկում վերաբերում է նաեւ  «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվող 32.2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորմանը:

4.3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող 16.1-ին եւ 23.1-ին հոդվածների կարգավորումից բխում է, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է իրականացվի կենսաթոշակների չափի, դրանց հաշվարկման համար նախատեսված ցուցանիշների եւ նվազագույն կենսաթոշակի չափի ինդեքսավորում:

Քննարկվող կարգավորումների վերաբերյալ նշենք հետեւյալը.

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի` կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս եւ իրականացնելիս, հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերը:

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ՝ մինչեւ հունիսի 30-ը՝ կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, եւ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաեւ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով։

2. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերը սահմանելիս կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվառուման վերաբերյալ 7-րդ հոդվածի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար։

2. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում։»:

Մեջբերված կարգավորումների վերլուծության արդյունքում կարող ենք եզրահանգել, որ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում պետք է արտացոլված լինի սպառողական գների աճի ազդեցությունը (կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջոցով) կենսաթոշակների եւ նպաստների չափի վրա` որոշակի համամասնությամբ, ինչը նաեւ ենթադրում է սամանաված կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի, կենսաթոշակի հաշվարկում կիրառվող ցուցանիշների եւ նպաստների չափերի փոփոխություն: Հիմք ընդունելով նշվածը, կարծում ենք, որ քննարկվող կարգավորումներին զուգահեռ նախատեսելը, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է իրականացվի կենսաթոշակների չափի, դրանց հաշվարկման համար նախատեսված ցուցանիշների եւ նվազագույն կենսաթոշակի չափի ինդեքսավորում, խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես` հստակեցման կարիք ունի բյուջետային տարվա ընթացքում կատարված ինդեքսավորման ազդցությունը տվյալ բյուջետային տարվան նախորդող եւ հաջորդող  տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վրա:

Նույնական դիտարկում վերաբերում է նաեւ  «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվող 32.2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորմանը:

4.4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենքում լրացվող 16.1-ին հոդվածի 1-ին մասում, 23.1-ին հոդվածների 1-ին եւ 2-րդ մասերում, ինչպես նաեւ Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվող նոր` 32.2-րդ հոդվածում կիրառվում է հետեւյալ ձեւակերպումը` «տոկոսային փոփոխության (աճի) չափ», սակայն, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 16.1-ին հոդվածի 2-րդ մասում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում է «փոփոխության (աճի) չափ» ձեւակերպումը: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 16.1-ին հոդվածի 2-րդ մասում եզրույթի կիրառումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

4.5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 23.1-ին հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «զինվորական ծառայության մեկ տարվա արժեք» ձեւակերպումը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 19-րդ հոդվածում կիրառվում է «զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեք» ձեւակերպումը: Հիմք ընդունելով վերոգրյալն` առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 23.1-ին հոդվածի 2-րդ մասում եզրույթի կիրառումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին:

5. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվում է նոր` 32.2-րդ հոդված, որի կարգավորման համաձայն` ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:

«Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական նպաստների չափերը, դրանց նշանակման եւ վճարման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ առկա են հետեւյալ դիտարկումները. 

«(...) «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարությունն է սահմանում նաեւ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը։

(...) առաջարկվում է?

1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, նվազագույն կենսաթոշկի չափը, ինչպես նաեւ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը ինդեքսավորել սպառողական գների ինդեքսի փոփոխության (աճի) չափով (քանի որ այս ցուցանիշներն ունեն սոցիալական գործառույթ եւ ըստ էության ապահովում են երաշխավորված մինիմում). (...):»:

«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում։

Հարկ է նկատել, որ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում նպաստների շարքից որեւէ տեսակի նպաստ չի առանձնացվել, որի չափի սահմանման դեպքում միայն պետք է հաշվի առնել կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների առանձնացման վերաբերյալ հստակ դիտարկումների բացակայությունն` առաջարկում ենք վերանայել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվող նոր` 32.2-րդ հոդվածի կարգավորումը` խտրականության արգելքի սկզբունքի պահպանման նպատակով:

6. «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «32.2» թիվն առաջարկում ենք փոխարինել «32.2-րդ» թվով` հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը:

7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն`

«1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

(...)

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը: (...)»:

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքում լրացվող 32.2-րդ հոդվածի կարգավորումից բացակայում է «բազային տարի» հասկացության սահմանումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներն խնդրահարույց են որոշակիության եւ խտրականության արգելքի իրավական սկզբունքների տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Պետական կենսաթոշակների մասին», «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

15.11.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

15.11.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել, որ աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերն ինդեքսավորվում են յուրաքանչյուր տարի, ընդ որում՝ կենսաթոշակների չափերի ինդեքսավորումը նախատեսվում է իրականացնել կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական ցուցանիշները, այդ թվում՝ նվազագույն կենսաթոշակի չափը ինդեքսավորելու միջոցով՝ հիմք ընդունելով սպառողական գների ինդեքսը եւ միջին անվանական աշխատավարձի աճի ցուցանիշը:

Ընդ որում, հաշվի առնելով կենսաթոշակների չափերը հաշվարկելու կանոնները, ինչպես նաեւ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական ցուցանիշներից յուրաքանչյուրի էությունը, առաջարկվում է?

- աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաեւ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերը ինդեքսավորել սպառողական գների ինդեքսի փոփոխության (աճի) չափով (քանի որ այս ցուցանիշներն ունեն սոցիալական գործառույթ եւ ըստ էության ապահովում են երաշխավորված մինիմում),

- զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը ինդեքսավորվել սպառողական գների ինդեքսի փոփոխության (աճի) 50 տոկոսի չափով (պայմանավորված է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգով),

- աշխատանքային ստաժի եւ զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերն ինդեքսավորել միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության (աճի) չափով (քանի որ այս ցուցանիշներն, ըստ էության, ապահովում են կորցրած եկամտի փոխհատուցում):

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները, ընդ որում՝ քանի որ Նախագծերի փաթեթի մեջ մտնող երկու նախագծերի հետ կապված խնդիրները եւ կատարվող դիտողություններն ու առաջարկությունները նույնն են, ուստի դրանք կներկայացվեն միայն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) օրինակով:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր 16.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ նվազագույն կենսաթոշակի չափը ինդեքսավորվում են յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:», սակայն միայն տվյալ իրավակարգավորման առկայությունը բավարար չի կարող լինել Նախագծով հետապնդվող խնդրի լուծման համար: Մասնավորապես՝ 

ա) բացի նշվածից, անհրաժեշտ է նաեւ սահմանել, թե ?՞ր ժամանակահատվածի (տարվա սկզբից, թե ինդեքսավորումից հետո ընկած ժամանակահատվածի) համար եւ ե՞րբ է սկսվում ինդեքսավորված կենսաթոշակի (նպաստի) վճարման գործընթացը՝ ինդեքսավորման տարվա հունվարի 1-ից, թե՞ ինդեքսավորման ամսվա հաջորդ ամսվա 1-ից (տվյալ դեպքում՝ ամենաշուտը մարտի 1-ից),

բ) որպես փոխհատուցման չափ նշվում է «բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափ» արտահայտությունը, իսկ բազային տարին, ըստ 16.1-րդ հոդվածի 3-րդ մասի. «…բյուջետային տարվան նախորդող օրացուցային տարին» է: Դա նշանակում է, որ, օրինակ, եթե 2021 թվականին պետք է կատարվի կենսաթոշակների հերթական ինդեքսավորումը, ապա դրա համար պետք է հիմք ընդունվի 2019 թվականի նկատմամբ 2020 թվականին գրանցված սպառողական գների աճը, ինչն էլ, ըստ էության, որոշ չափով խաթարում է ինդեքսավորման գաղափարը (վերջինիս բուն իմաստը կայանում է նրանում, որ տարեց-տարի փոխհատուցվի սպառողական գների ինդեքսի աճի արդյունքում նախորդ տարում թոշակառուների կրած կորուստները): Ընդ որում, տվյալ ձեւակերպման պայմաններում անհասկանալի է մնում, թե ինչու՞ է ինդեքսավորումը նախատեսվում հաշվարկել տվյալ բյուջետային տարվա փետրվար ամսից, եթե «բազային տարվան նախորդող տարվա» նկատմամբ բազային տարում սպառողական գների ինդեքսը վաղուց հայտնի է լինում, ուստի որեւէ դժվարություն չի առաջանում ինդեքսավորման տարվա հունվարի 1-ից ոչ միայն ինդեքսավորման չափի հաշվարկման եւ վճարման, այլեւ (որ շատ ավելի կարեւոր է) տվյալ ինդեքսավորման տարվա պետական բյուջեում համապատասխան գումարները ճշգրիտ հաշվարկելու եւ նախատեսելու առումով,

գ) ինչպես արդեն նշեցինք, որպես փոխհատուցման չափ նշվում է «բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափ» արտահայտությունը, ինչը, կարծում ենք, վիճահարույց է նաեւ ինդեքսավորման մաթեմատիկական տեսանկյունից: Իհարկե, «տոկոսային փոփոխության» բառակապակցության կողքին փակագծերում նշվում է «(աճի)» բառը (իսկ մյուս կողմից էլ՝ Օրենքն արգելում է սահմանել կենսաթոշակի ավելի փոքր չափ, քան արդեն իսկ սահմանված է), ինչը նշանակում է, որ դեֆլյացիայի դեպքում ինդեքսավորում (կամ բովանդակային առումով՝ հակառակ ինդեքսավորում) չի կարող կատարվել: Սակայն, մասնագիտական գրականության մեջ հաճախ օգտագործվում է նաեւ բացասական նշանով գների աճի գաղափարը, ինչն էլ կարող է տարընթերցման հնարավորություն ստեղծել (հետեւաբար՝ մասնագիտական առումով ավելի ճիշտ կլինի օգտագործել «տոկոսային դրական փոփոխություն» բառակապակցությունը): Բայց սա էլ վերջնականապես չի փակում տարընթերցման հնարավորությունը, քանի որ տոկոսային արտահայտությամբ սպաառողական գների ինդեքսը կարող է հավասար լինել նաեւ զրոյի (ինչը, բնականաբար, չի կարող օգտագործվել ինդեքսավորման նպատակով), հետեւաբար՝ առաջարկում ենք 16.1-րդ հոդվածի 1-ին մասի «տոկոսային փոփոխության (աճի)» բառերի փոխարեն օգտագործել «զրոյից մեծ տոկոսային դրական փոփոխության» բառերը:

2.   Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր 16.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը ինդեքսավորվում է յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա միջին ամսական անվանական աշխատավարձի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ փոփոխության (աճի) չափով:»: Այս մասով ինդեքսավորումն առաջարկվում է կատարել դրամական արտահայտությամբ՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ փոփոխության (աճի) չափով, սակայն հարկ է նկատի ունենալ, որ՝

ա) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը եւ միջին ամսական անվանական աշխատավարձը միմյանց հետ ուղղակի կապված չեն, ուստի միջին ամսական անվանական աշխատավարձի աճը չի կարող մեխանիկորեն կամ համարժեք ձեւով ավելացվել  աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքին (այս առումով եւս, կարծում ենք, անհրաժեշտ է կիրառել զրոյից մեծ տոկոսային աճի գաղափարը՝ համամասնական ինդեքսավորման սկզբունքի պահպանման նպատակով),

բ) տվյալ մասի իմաստով անհրաժեշտ է հստակեցնել նաեւ, թե խոսքը տնտեսության ո՞ր հատվածի  միջին ամսական աշխատավարձի մասին է գնում՝ մասնավոր, թե՞ պետական, քանի որ դրանք սովորաբար տարբեր մեծություններ են լինում:

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակների ինդեքսավորման հետ կապված առկա են նաեւ մի շարք տեխնիկական հարցեր, կարծում ենք, կենսաթոշակների տարբեր տեսակների եւ նպաստների ինդեքսավորման նպատակով անհրաժեշտություն է առաջանում սահմանելու հատուկ կարգ, որի ընդունմ?ն լիազորությունն էլ առաջարկում ենք վերապահել ՀՀ կառավարությանը:

4. Նախագծերի փաթեթը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2022 թվականի հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ արդեն 2022 թվականին պետք է կատարվի կենսաթոշակների եւ նպաստների առաջին ինդեքսավորումը, սական 2022 թվականի պետական բյուջեի նախագծում համապատասխան ծախսային ծրագրեր եւ միջոցներ նախատեսված չեն: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի, ինչպես նաեւ դրանով հետապնդվող նպատակի իրականացման տեսանկյունից, կարծում ենք, լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

04.11.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում՝ նպատակ հետապնդելով բարելավել կենսաթոշակառուների եւ տարեց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակը: 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է յուրաքանչյուր տարի ինդեքսավորել աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերը: Ըստ հեղինակների, կենսաթոշակների չափերի ինդեքսավորումն իրականացնելու համար, հիմք կնդունվի սպառողական գների ինդեքսը եւ միջին անվանական աշխատավարձի աճի ցուցանիշը: Ընդ որում, հաշվի առնելով կենսաթոշակների չափերը հաշվարկելու կանոնները, ինչպես նաեւ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական ցուցանիշներից յուրաքանչյուրի էությունը, առաջարկվում է? 

-   շխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, նվազագույն կենսաթոշ?կի չափը, ինչպես նաեւ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափերն ինդեքսավորել սպառողական գների ինդեքսի փոփոխության (աճի) չափով (քանի որ այս ցուցանիշներն ունեն սոցիալական գործառույթ եւ ըստ էության ապահովում են երաշխավորված մինիմում), 

-   ինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափն ինդեքսավորվել սպառողական գների ինդեքսի փոփոխության (աճի) 50 տոկոսի չափով (պայմանավորված է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգով), 

-   շխատանքային ստաժի եւ զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերն ինդեքսավորել միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխության (աճի) չափով (քանի որ այս ցուցանիշներն ըստ էության ապահովում են կորցրած եկամտի փոխհատուցում):

2. Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերը կինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի? հիմք ընդունելով սպառողական գների ինդեքսը եւ միջին անվանական աշխատավարձի աճի ցուցանիշը, ինչն անշուշտ կգեներացնի սոցիալական առումով դրական էֆեկտ: 

Այս առումով Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում եւ դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություներ չկան, սակայն կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում՝ կապված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի հետ: 

Մասնավորապես, այս նախագծի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) 16.1-ին հոդվածով.» նախադասության մեջ առաջարկում ենք «օրենքը (այսուհետ՝ Օրենք)» բառերից հետո ավելացնել «լրացնել» բառը: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

29.10.2021