ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-066-15.10.2021-Առհ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-066-15.10.2021-Առհ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

05.11.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

2.  Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ուղղել վրիպակը՝ «2-րդ մասը» թիվը եւ բառը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասը» թվերով եւ բառերով:

3.  Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 64-րդ կետում սահմանվում է՝ «64) Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորում՝ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացման, արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծման, մարդու եւ հանրության առողջության պահպանման եւ տարածքային համաչափ զարգացման նպատակով, առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ավագ եւ միջին բուժաշխատողների թվաքանակի եւ մասնագիտությունների պահանջարկի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ գնահատման եւ պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների համալիր է»:

Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 64-րդ կետում սահմանված «Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորում» հասկացությունը գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով Օրենքի 2-րդ հոդվածում սահմանված հասկացությունների գրելաձեւը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:

Հարկ ենք համարում նշել, որ քննարկվող լրացմամբ սահմանված որոշ հասկացություններ, կարծում ենք՝ խնդրահարույց են իրավական որոշակիության տեսանկյունից, մասնավորապես՝ հասկանալի չէ «կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ»  հասկացությունները: Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում Օրենքում սահմանել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հասկացությունները՝ նշելով ժամկետների ստորին եւ վերին սահմանները, որոնց համապատասխանության դեպքում պահանջարկը կհամարվի կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ հասցեատեր սուբյեկտների կողմից համապատասխան վարքագիծ դրսեւորելու հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պահանջարկի բարելավմանն ուղղված ծրագրի, մշտադիտարկման եւ գնահատման չափանիշների Կառավարության կողմից հաստատման վերաբերյալ կարգավորում սահմանելու տեսանկյունից:

Բացի այդ, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված է «պահանջարկի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ» բառակապակցությունը, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պահանջարկի» բառակապակցությունը, ուստի առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

4. Նախագծի 2-րդ հոդվածի «նոր բովանդակությամբ հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ «1.Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

(…)

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

(…)»:

5.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված, Օրենքում կիրառված համապատասխան հասկացությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերում կիրառված «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպումներին:

6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կարգավորումից բխում է, որ առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորման հնգամյա միջոցառումների ծրագիրը հաստատվում է Կառավարության կողմից: Մինչդեռ, հարկ ենք համարում նշել, որ առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորման հնգամյա միջոցառումների ծրագիրն որեւէ այլ դրույթով սահմանված չէ, բացակայում են վերոնշյալ ծրագրի վերաբերյալ կարգավորումները:

7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված «առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը» բառերն առաջարկում ենք փոխարինել «լիազոր մարմինը» բառերով: Սույն առաջարկը հիմնավորվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին հասկացության կրճատ տարբերակի սահմանմամբ:

8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 5-րդ մասում կիրառված «կրթության բնագավառի պետական լիազոր մարմին» բառերն առաջարկում ենք փոխարինել «կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով՝ հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքում կիրառված հասկացությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

9. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրով ընդունված ուսանողն ավարտելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու լիազոր մարմնի նախատեսած վայրերում՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի հետ կնքելով առնվազն հինգ տարվա աշխատանքային պայմանագիր:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախ՝ կարծում ենք՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված կարգավորման տիրույթում գտնվող հարաբերությունները դուրս են Օրենքի կարգավորման առարկայի շրջանակից՝ հիմք ընդունելով Օրենքի 1-ին հոդվածում սահմանված Օրենքի կարգավորման առարկան՝ «Սույն օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, կանխարգելման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հարցերի, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների շրջանառության հետ կապված հարաբերությունները»:

Հարկ ենք համարում նշել, որ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ կրթության համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը կարգավորվում են «Կրթության մասին» օրենքով: 

Նպատակային ուսուցման վերաբերյալ կարգավորումները սահմանված են «Կրթության մասին» օրենքում, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ «Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողն ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: 

Այսպես՝ կարծում ենք՝ Նախագծի քննարկվող իրավադրույթում խնդրահարույց է միեւնույն հասարակական հարաբերությաունների կարգավորման վերաբերյալ ոլորտին վերաբերելի օրենսդրությունից տարբերվող նորմի սահմանումը, մասնավորապես՝ նպատակային ուսուցմամբ ուսանողի ավարտելուց հետո գործուղման ընթացքում աշխատանքային պայմանագրի կնքման այլ ժամկետի նախատեսումը: Հասկանալի չէ առողջապահության ոլորտի բժշկական կամ ոչ բժշկական մասնագիտությունների  նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսումնառությունն ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով լիազոր մարմնի նախատեսած վայրերում՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականցնողի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, այն դեպքում, երբ բոլոր մյուս մասնագիտությունների նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողները ավարտելուց հետո կնքում են առնվազն 3 տարի ժամկետով աշխատանքային պայմանագրեր ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Հարկ է նկատել, որ քննարկվող դրույթով ուսանողների նկատմամբ նման տարբերակված մոտեցման դրսեւորման օբյեկտիվ հիմքի եւ իրավաչափ նպատակի բացակայությունը կարող է խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խտրականության արգելքը սկզբունքի տեսանկյունից:

Սահմանադրական դատարանը իր մի շարք որոշումներում խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է հանդիսանում այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից:

Նույն կերպ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ խտրականության արգելքի սկզբունքի վերաբերյալ արտահայտած, մասնավորապես, հետեւյալ իրավական դիրքորոշումները. 1) վարքագծում տարբերությունը խտրականություն է միայն այն դեպքում, երբ չունի օբյեկտիվ եւ պատճառաբանված հիմնավորում, այսինքն՝ եթե չի հետապնդում իրավաչափ նպատակ, կամ որեւէ ողջամիտ հարաբերակցություն առկա չէ օգտագործվող միջոցների եւ այն նպատակների միջեւ, որին պետք է հասնել (Inze v. Austria, գործով 1987թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, գանգատ թիվ 8695/79, « 41), 2) տարբերակումը կամ տարբերությունը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ արդարացում, այսինքն` եթե այդ տարբերակումը կամ տարբերությունը չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին (Andrejeva v. Latvia, գործով Մեծ պալատի 2009թ. փետրվարի 18-ի վճիռ, գանգատ թիվ 55707/00, « 81):

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգավորմամբ նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների կողմից ավարտելուց հետո աշխատանքային պայմանագրի կնքման տարբերակված ժամկետի սահմանման օբյեկտիվ եւ պատճառաբանված հիմնավորումը բացակայում է Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները հաշվի առնելով՝ կարծում ենք՝ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 6-րդ մասը վերանայման կարիք ունի քննարկվող հատվածով:

10.                Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Առողջության բնագավառում նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտներն առնվազն տասը տարի անընդմեջ աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն յոթը նույն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի մոտ կարող են ստանալ սոցիալական երաշխիքներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Վերոնշյալ կարգավորումը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ քննարկվող կարգավորումը նախատեսում է նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտների համար սոցիալական երաշխիքներ ստանալու հնարավորություն: Սակայն Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսված է միայն սոցիալական երաշխիքների տրամադրման եղանակը, այն է՝ Կառավարության սահմանած կարգով: Հարկ ենք համարում նշել, որ նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտներին, որոնք ունեն առնվազն տասը տարի անընդմեջ աշխատանքային ստաժ, որից առնվազն յոթը նույն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի մոտ, տրվող սոցիալական երաշխիքների շրջանակը բացահայտված չէ օրենսդրությամբ, ինչպես նաեւ դրա բացահայտումը վերապահված չէ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախատեսմանը: Հետեւաբար անհասկանալի է ի՞նչ սոցիալական երաշխիքներ կարող են ստանալ վերոնշյալ համապատասխան պայմաններին բավարարող նպատակային ուսուցմամբ շրջանավարտները, որոնց տրամադրման համար Կառավարությունը պետք է սահմանի սոցիալական երաշխիքներ ստանալու կարգը: Առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կարգավորումն իրավական որոշակիության տեսանկյունից՝ հասցեատեր սուբյեկտներին հնարավորություն ընձեռելով դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

11.                Նախագծում բացակայում է Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածում նախատեսված Կառավարության կողմից սահմանվող կարգերի ընդունման ժամկետների վերաբերյալ անցումային դրույթները: Առաջարկում ենք Նախագծում սահմանել անցումային դրույթներ՝ նախատեսելով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Կրթության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

05.10.2021թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

05.10.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ներդնել մարդկային ներուժի պլանավորման եւ պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացման մեխանիզմ՝ ուղղված բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման անընդհատության, շարունակականության եւ հասանելիության ապահովմանը: Բացի այդ, առաջարկվում է նաեւ օրենսդրական հիմքեր սահմանել նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրով ընդունված եւ ուսումն ավարտած շրջանավարտների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու եւ լիազոր մարմնի նախատեսած վայրերեր գործուղելու համար:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացվում է սպասարկվող բնակչության թվաքանակի, առողջության, հիվանդացության եւ աշխարհագրական բաշխվածության ցուցանիշների հիման վրա…»: Խնդիրը կայանում է նրանում, որ հատկապես առողջության եւ հիվանդացության ցուցանիշները բավականին շատ են, ուստի տվյալ դրույթի կոնկրետության ապահովման առումով առաջարկում ենք այս մասի «պլանավորումն իրականացվում է» բառերից հետո ավելացնել «լիազոր մարմնի հաստատած՝» բառերը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր խմբագրությամբ 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորման՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պահանջարկի բավարարմանն ուղղված հինգամյա միջոցառումների ծրագիրը, մշտադիտարկման եւ գնահատման չափանիշները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:», սակայն չի նշվում, թե պետական ո՞ր մարմինն է իրականացնում նշված ծրագրի կատարման մշտադիտարկումը եւ գնահատումը, ինչն էլ առաջարկում ենք լրացնել այս մասում:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր խմբագրությամբ 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ. «Նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրով ընդունված ուսանողն ավարտելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու լիազոր մարմնի նախատեսած վայրերում՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի հետ կնքելով առնվազն հինգ տարվա աշխատանքային պայմանագիր:»: Նպատակային ուսուցման տեսանկյունից առաջարկվողն, իհարկե, ընդունելի մոտեցում կարելի է համարել, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ոչ Օրենքը, ոչ էլ տվյալ Նախագիծը որեւէ մեխանիզմ չի պարունակում այս նորմի իրացվելիությունն ապահովելու համար: Մասնավորապես, Նախագծից անհայտ է մնում, թե՝

- արդյո՞ք ԲՈւՀ ընդունվելու ժամանակ ուսանողը պետք է գրավոր նախազգուշացվի այն մասին, որ ավարտելուց հետո նա պարտավորվում է որոշակի ժամանակահատված աշխատել լիազոր մարմնի նախատեսած վայրում, 

- պատասխանատվության ի՞նչ միջոցներ պետք է գործեն, եթե շրջանավարտը հրաժարվում է կատարել իր ստանձնած պարտավորությունները (չստորագրել աշխատանքային պայմանագիր, չմեկնել լիազոր մարմնի նախատեսած վայր աշխատելու եւ այլն),

- սույն հոդվածով սահմանված աշխատանքային պայմանագիրը չկնքելու դեպքում արդյո՞ք շրջանավարտը պետք է պետությանը վերադարձնի իր ուսման վրա կատարված ծախսերը, թե՞ ոչ,

- կարո՞ղ են արդյոք լինել օբյեկտիվ կամ այլ հիմքեր (բացառություններ) վերը նշված պատասխանատվությունից ազատվելու համար եւ այլն:

Այս կապակցությամբ առաջարկում ենք լրամշակել աշխատանքային պայմանագրի հետ կապված մեխանիզմը՝ նպատակ ունենալով ապահովել նշված դրույթների գործնական կիրառելիությունը, ինչպես նաեւ ապահովագրել պետությանը ֆինանսական անհարկի կորուստներից:

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր խմբագրությամբ 35-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ. «Առողջապահության բնագավառում նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտներն առնվազն տասը տարի անընդմեջ աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն յոթը նույն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի մոտ կարող են ստանալ սոցիալական երաշխիքներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել «նույն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող» արտահայտությունը (այլ կերպ ասած՝ գործատուի անունը): Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ եթե խոսքը գնում է պետական գործատուի մասին (այսինքն՝ եթե գործատուն լիազոր մարմինն է, պետական հիմնարկ է կամ կազմակերպություն), ապա աշխատանքային ստաժի հետ կապված արտոնությունների սահմանումն իմաստ կունենա, այլապես անհասկանալի եւ անմեկնաբանելի կլինի, թե ինչու՞ պետք է պետությունը սոցիալական երաշխիքներ (կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ արտոնություններ) տրամադրի մասնավոր կազմակերպությունում աշխատողին, այն դեպքում՝ երբ նրա ուսման ծախսերը հոգացել է պետությունը: 

Բացի այդ, այս մասի իմաստով, կարծում ենք, խոսքը պետք է գնա ոչ թե սոսկ աշխատանքային ստաժի, այլ մասնագիտական աշխատանքային ստաժի մասին, նորից՝ մասնագետի պատրաստման նպատակով պետական բյուջեից կատարված ծախսերի «արդարացման» նպատակով, իսկ նշված սոցիալական երաշխիքներն էլ առաջարկում ենք սահմանել ոչ թե կառավարության որոշմամբ, այլ օրենքով: Ընդ որում, առնվազն տաս տարի պետական առողջապահական կազմակերպություններում աշխատելու դեպքում, կարծում ենք, արդեն իսկ ավելորդ է դառնում միեւնույն գործատուի մոտ առնվազն յոթ տարի աշխատելու պայմանի սահմանումը, որը, մյուս կողմից, կարող է նաեւ բուժաշխատողների շրջանում անհարկի տարբերակման պատճառ դառնալ (օրինակ, եթե որեւէ բուժաշխատող միեւնույն գործատուի մոտ աշխատած լինի, օրինակ, յոթ տարի եւ մեկ ամիս՝ ստանալով նշված երաշխիքները, մեկ այլ բուժաշխատող, որն աշխատել է, օրինակ, վեց տարի եւ տասնմեկ ամիս, չի ստանա այդ երաշխիքները, թեեւ նախորդ բուժաշխատողից աշխատանքային գործունեության տեսանկյունից ըստ էության չի տարբերվի): 

Հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի նոր խմբագրությամբ 35-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Առողջապահության բնագավառում նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտներին, լիազոր մարմնի կողմից նախատեսված վայրում կամ պետական առողջապահական կազմակերպություններում (հիմնարկներում) առնվազն տասը տարի անընդմեջ մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, տրվում են օրենքով սահմանված լրացուցիչ սոցիալական երաշխիքներ:»: 

Տվյալ առաջարկությունն ընդունելի լինելու դեպքում, բնականաբար, հարկ կլինի Նախագծով սահմանել նաեւ հիշյալ սոցիալական երաշխիքները: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական, ինչպես նաեւ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների գործնական կիրառելիության ապահովման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

26.10.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայացված Նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի ոլորտում առկա անբարենպաստ իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու անհրաժեշտությամբ: 

Առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորման, կառավարման եւ զարգացման միասնական պետական քաղաքականության անհրաժեշտությունից ելնելով, հեղինակներն առաջարկում են լրացում եւ փոփոխություն կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում:

Նախագծով առաջարկվում է ներդնել մարդկային ներուժի պլանավորման եւ պահանջարկի բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացման գործող մեխանիզմ, որն ուղղված է բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման անընդհատության, շարունակականության ու հասանելիության ապահովմանը: 

2.  Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալը, մասնավորապես, սոցիալական առումով Նախագծի ընդունումը կունենա դրական ազդեցություն՝ կապված բուժաշխատողների աշխատանքով ապահովվածության հետ, դրական ազդեցություն կունենա նաեւ առողջապահական ոլորտի վրա՝ առողջապահության բնագավառում առկա անբարենպաստ իրավիճակի հետագա վատթարացումամբ պայմանավորված մարդկային ներուժի ավելացմամբ: 

Հարկ ենք համարում նշել, որ այս ծրագրի ֆինանսավորումը քանի որ նախատեսվում է կատարել յոււրաքանչյուր տարվա պետական բյուջեով, իսկ 2021 թվականի պետական բյուջեն հաստատված է, մեր կարծիքով պետք է վերանայել Նախագծի Հոդված 3-ում սահմանված ուժի մեջ մտնելու դրույթը: 

3.  Նախագիծը սոցիալ, կրթական, հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումները կնպաստեն բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության եւ որակի բարելավմանը:

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-270)

22.10.2021թ.