ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-064-12.10.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-064-12.10.2021-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

01.11.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում լրացնել 2-րդ մաս, այն է՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում գնման գինը չի կարող գերազանցել գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, բացառությամբ` պետական անվտանգության եւ առողջության պատշպանության նպատակով իրականացվող գնումների»:

Հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ՝ համապատասխան սահմանափակումը նախատեսելիս ինչով է պայմանավորված գնումների բազային միավորի քսանհինգապատիկի ընտրությունը: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021թ հունվարի 1-ից»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես»: 

Վերը մեջբերված նորմի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետը:

Միաժամանակ՝ եթե Նախագծի 2-րդ հոդվածում 2021 թվականի հունվարի 1-ի մասին նշում կատարելը  նորմատիվ իրավական ակտին հետադարձ ուժ տալու միտում ունի, ընդգծենք, որ այն չի կարող կատարվել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»: 

3. Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասն առաջարկում ենք ներառել չակերտներում:

2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 

3) Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում «թ» տառը փոխարինել «թվականի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

01.11.2021թ.
 





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

01.11.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծով առաջարկվում է լրացում կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքում, որով մեկ անձից գնումներ կատարելու դեպքում առավելագույն թույլատրելի սահմանաչափը կլինի 25 մլն դրամը` բացառությամբ առողջության եւ պաշտպանության նպատակով իրականացվող գնումների: Առաջարկվող սահմանափակման նպատակը, ըստ Նախագծի հեղինակի, կայանում է գնումների համակարգում ստվերային, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ իրավական-կարգավորող այնպիսի համակարգի ստեղծմանը նպաստելը, որի դեպքում կերաշխավորվի պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը եւ հավասար մրցակցությունը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ ինչպես «Գնումների մասին», այնպես էլ տնտեսական հարաբերությունները կանոնակարգող ցանկացած օրենք ժամանակի ընթացքում լրամշակման կարիք է զգում՝ հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման տեսանկյունից, սակայն բուն Նախագծով առաջարկվող կարգավորումների առումով հարկ ենք համարում նշել հետեւյալը:

ա) «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածը, որում նախատեսվում է կատարել լրացումը, սահմանում է մեկ անձից գնումներ կատարելու այնպիսի պայմաններ, որոնք ուղղակիորեն չեն կարող պայմանավորվել գնման գնով, իսկ նման կարգավորում սահմանելու դեպքում կարող են առաջանալ ներքին կամ բովանդակային հակասություններ: Մասնավորապես, եթե օրինակ, մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտությունը ծագել է Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով (այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետեւանքով), ապա անկախ գնման գնի մեծությունից այդ գնումը չի կարող հետաձգվել եւ կատարվել պետական գնումների սովորական ռեժիմով, քանի որ գնի մեծությունը չի կարող վերացնել այդ գործընթացի հրատապությունը: 

Կամ, եթե օրինակ, մեկ անձից գնում կատարելու անհրաժեշտությունը ծագել է  Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (ըստ որի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե պատվիրատուն, որեւէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել), ապա նորից անկախ գնման գնի մեծությունից, այդ գնումն օբյեկտիվորեն ճիշտ կլինի կատարել նույն անձից, առավել եւս, որ տվյալ դեպքի համար արդեն իսկ նախատեսվում են որոշակի սահմանափակումներ (առաջին՝ լրացուցիչ ապրանքների պայմանագիրը չպետք է հնարավոր լինի տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, եւ երկրորդ՝ դրա գինը չպետք է գերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով:): Այսինքն, նշված սահմանափակումներն արդեն իսկ «ծածկում են» այն հնարավոր դեպքերը, երբ մեկ անձից գնում կատարելու մեխանիզմը կարող է օգտագործվել կոռուպցիոն նպատակներով: Այլ հարց է, որ բերված դրույթները գործնականում կարող են անտեսվել կամ որեւէ կերպ շրջանցվել, ինչն էլ, սակայն, խնդրի լուծումը տեղափոխում է պետական վերահսկողության դաշտ: 

բ) Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում գնման գինը չի կարող գերազանցել գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, բացառությամբ` պետական անվտանգության եւ առողջության պատշպանության նպատակով իրականացվող գնումների: Հարկ է նկատի ունենալ, որ «պետական անվտանգության եւ առողջության պատշպանության» ոլորտները շատ անորոշ ձեւակերպումներ են եւ կոնկրետացման կարիք ունեն: Մասնավորապես, նշվածից հայտնի չէ, թե օրինակ՝ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ բնակչության առողջության պաշտպանության հարց չկա դրված, այս սահմանափակումը կիրառվելու՞ է, թե՞ ոչ: 

Այսինքն, Նախագծով առաջարկվող իրավակարգավորման գործնական կիրառելիության տեսանկյունից անհրաժեշտ է հստակեցնել եւ կոնկրետացնել «պետական անվտանգության եւ առողջության պատշպանության նպատակով իրականացվող գնումների» շրջանակը: Բացի այդ, հստակեցման անհրաժեշտություն է զգում նաեւ մեկ անձից գնում կատարելու օրենսդրական հիմքերը, ինչն էլ հնարավորություն կտա էապես ուժեղացնել պետական գնումների այս հատվածի նկատմամբ պետական վերահսկողությունը:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի, ինչպես նաեւ դրանով հետապնդվող նպատակի իրականացման տեսանկյունից, կարծում ենք, վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

29.10.2021թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  23-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում գնման գինը չի կարող գերազանցել գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, բացառությամբ` պետական անվտանգության եւ առողջության պատշպանության նպատակով իրականացվող գնումների:»։

Այսինքն, Նախագծով նախատեսվում  է սահմանել առավելագույնը 25 մլն դրամի թույլատրելի շեմ մեկ անձից մեկանգամյա գնումներ իրականացնելու համար` բացառությամբ պետական անվտանգության եւ առողջության պաշտպանության նպատակով իրականացվող գնումների: 

Ըստ Նախագծի հեղինակի, բացառությունը նախատեսված է?հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարաշրջանային դիրքը, ինչպես նաեւ վերջինիս առջեւ ծառացած խնդիրները, քանի որ հնարավոր են իրավիճակներ, երբ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ առողջապահական կարիքների համար կատարվեն արտահերթ (լրացուցիչ) գնումներ, ինչի պարագայում ժամանակի արդյունավետ օգտագործումը խիստ կարեւոր նախապայման է:

Նշենք, որ Օրենքի 18-րդ հեդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախապատվությունը տրվում է մրցութային ընթացակարգին, եթե գնման առարկան ներառված չէ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակում, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակում:

2. Առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:

Եզրահանգում

Ընդհանուր առմամբ, Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, իսկ ներկայացված Նախագիծն կնպաստի գնումների համակարգում ստվերային, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-270) 

01.11.2021թ.