ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-063-11.10.2021-ՏՀ-011/0)  եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0631 -11.10.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-063-11.10.2021-ՏՀ-011/0)  եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0631 -11.10.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտությանը  եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանը  վերաբերող տեղեկանքը: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

01.11.2021թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը եւ նույն նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույնը վերաբերելի է նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերանգրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

2. Նախագծով «Պետական տուրքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվում են փոփոխություններ, մինչդեռ Նախագծի վերնագրից բխում է, որ Օրենքում պետք է կատարվի միայն մեկ փոփոխություն: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը», հետեւաբար առաջարկում ենք Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով:

3. Նախագծով առաջարկվում է Օրենքի 19-րդ հոդվածում «ներքաղաքային» բառը փոխարինել «ներհամայնքային» բառով՝ հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում «ներհամայնքային» եզրույթի կիրառումը: Առաջարկում ենք նույն փոփոխությունը կատարել նաեւ Օրենքի 19.7-րդ հոդվածում կիրառվող «ներքաղաքային» բառերի նկատմամբ:

4.  Նախագծով առաջարկվում է Օրենքի 19-րդ հոդվածում «տարեկան սպասարկման» բառերը փոխարինել «սպասարկման իրավունքի տրման» բառերով: Օրենքում «իրավունքի տրման համար» ձեւակերպում չի կիրառվում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «սպասարկման իրավունքի տրման» ձեւակերպման մեջ «իրավունքի տրման» բառերը փոխարինել Օրենքում կիրառվող «իրավունք ձեռք բերելու» բառերով:

Հարկ է նկատել նաեւ, որ Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրք գանձվում է միայն Օրենքի 7-րդ հոդվածում նշված դեպքերում: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ կարծում ենք՝ նպատակահարմար է Օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» կետում «15.4-րդ ենթակետով» բառերը փոխարինել «15.4-րդ եւ 15.4.1-ին ենթակետերով» բառերով,  քանի որ Օրենքի գործող կարգավորմամբ Օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-ին ենթակետով սահմանված գործունեությունը պետական տուրքով գանձման ենթակա չէ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

01.11.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ «Տրանսպորտի մասին» օրենքում: 

Նախագծով առաջարկվում է Օրենքում «ներքաղաքային» բառը փոխարինել «ներհամայնքային» բառով՝ հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում «ներհամայնքային» եզրույթի կիրառումը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Տրանսպորտի մասին» օրենքում նույնպես կիրառվում է «ներքաղաքային» բառը՝ առաջարկում ենք «Տրանսպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասում «ներքաղաքային» բառը փոխարինել «ներհամայնքային» բառով:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

01.11.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է օրենսդրական կարգավորումներում առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվող կանոնավոր երթուղիների անվանումները նախատեսվում է համապատասխանեցնել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հանրապետության տարածքում գործող կանոնավոր երթուղիների անվանմանը, համաձայն որի՝ ներքաղաքային երթուղիները փոխարինվել են ներհամայնքային երթուղիներով: Փոփոխություն է կատարվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-րդ ենթակետում՝ կանոնավոր ուղեւորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար պետական տուրքով:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարվում է համապատասխան փոփոխություն, համաձայն որի՝ երթուղու սպասարկման տարեկան պետական տուրքը չվճարելը այլեւս երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք հանդիսանալ չի կարող:

Ըստ Փաթեթի հիմնավորման, հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված որոշակի կարգավորումները, կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար պետական տուրքը պետք է սահմանվի մեկանգամյա, այլ ոչ թե տարեկան, ինչպես անժամկետ լիցենզիայի տրման պայմաններում կամ մեկանգամյա տուրք՝ տրամադրվող իրավունքի կամ լիցենզիայի համար ամբողջ ժամանակահատվածի համար: Բացի այդ՝ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի, նախկին միկրոավտոբուսների 15 տարվա եւ ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն: Հետեւաբար, փոխադրողների կողմից անհրաժեշտ կլինեն մեծ ծավալի ներդրումներ տրանսպորտային պարկը թարմացնելու համար: Այս պարագայում էականորեն կբարձրանան տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով նրանց ծախսերը:

Ընդհանուր առմամբ Փաթեթի ընդունումը կլուծի դրանով հետապնդվող խնդիրները եւ դրական ազդեցություն կունենա ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, եւ այս առումով Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Սակայն, տվյալ հարցի օրենսդրական հիմքերի ամբողջականության ապահովման եւ տարընթերցումների բացառման նպատակով առաջարկում ենք լրամշակել տվյալ Փաթեթը՝ դրանում ավելացնելով օրենքի նոր նախագիծ: 

Խնդիրը կայանում է նրանում, որ ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպումը՝

ա) որպես պետական տուրքի օբյեկտ, ընդգրկված է «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածում, որը կոչվում է «Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը»,

բ) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներն իրականացվում են լիցենզիայի հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Այսինքն, վերը նշվածից ակնհայտ է, որ ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումների իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, սակայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում գործունեության այս տեսակն ուղղակի բացակայում է (??? «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը):

Նման իրավիճակը կարող է տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք տալ՝ կապված այն հարցի հետ, թե ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումների իրականացումը լիցենզավորվո՞ղ գործունեության տեսակ է, թե՞ ոչ: 

Այս կապակցությամբ առաջարկում ենք Փաթեթը լրացնել նոր նախագծով, որով էլ պետք է լրացում նախատեսվի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում՝ ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումների իրականացումը սահմանելով որպես լիցենզավորվող գործունեության տեսակ:

Եզրահանգում

Ընդհանուր առմամբ Փաթեթը կարող է լուծել Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում տիրող իրավիճակը կարգավորելու, օրենսդրական կարգավորումները ներդաշնակեցնելու, տնտեսվարողների ֆինանսական բեռը թեթեւացնելու, ինչպես նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպումը խթանելու հետ կապված խնդիրները, սակայն, այս խնդիրների լուծման օրենսդրական հիմքերի ամբողջացման, ինչպես նաեւ հնարավոր տարընթերցումներից եւ մեկնաբանություններից խուսափելու նպատակով Փաթեթը որոշ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-248) 

27.10.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է օրենսդրական կարգավորումներում առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ Նախագծերի փաթեթի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում հեղինակն առաջարկվում է փոփոխություն կատարել 19-րդ հոդվածի 15-րդ՝ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-րդ կետում «ներքաղաքային» բառը փոխարինել «ներհամայնքային» բառով, իսկ «տարեկան սպասարկման» բառերը՝ «սպասարկման իրավունքի տրման» բառերով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են օրենսդրական կարգավորումներում առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հստակ ժամկետներով տարբեր տեսակի գործունեություն իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է մեկանգամյա տուրք՝ տրամադրվող իրավունքի կամ լիցենզիայի համար ամբողջ ժամանակահատվածի համար: Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ ՀՀ կառավարության 03.12.2020թ. թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով՝ առավելագույնը 10 տարի: Ըստ այդմ, գործող կարգավորումը վերանայելն, ըստ հեղինակի, համահունչ է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներում:

Կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի, նախկին միկրոավտոբուսների 15 տարվա եւ ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն: 

Ավելին՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում յուրաքանչյուր երթուղին մի փոխադրողի կողմից սպասարկելու փոխարեն առաջարկվում է ներդնել մեկ միասնական օպերատորի ինստիտուտը, որի արդյունքում յուրաքանչյուր մարզի համար կընտրվի փոխադրող մեկ օպերատոր: 

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվող կանոնավոր երթուղիների անվանումները պետք է համապատասխանեցվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրապետության տարածքում գործող կանոնավոր երթուղիների անվանմանը, համաձայն որի՝ ներքաղաքային երթուղիները փոխարինվել են ներհամայնքային երթուղիներով:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

15.10.2021թ.