ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-062-11.10.2021-ՏՀ-011/0)  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0621 -11.10.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-062-11.10.2021-ՏՀ-011/0)  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0621 -11.10.2021-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտությանը  եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանը  վերաբերող տեղեկանքը: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

29.10.2021թ.
 







Իրավական փորձաքնության արդյունքները


Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը եւ Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվում են միայն լրացումներ, մինչդեռ Նախագծի վերնագրում առկա է նաեւ «փոփոխություն» բառը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը», հետեւաբար առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել «փոփոխություն եւ» բառերը:

3. Իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «(այսուհետ` օրենք)» ձեւակերպման մեջ «օրենք» բառը նշել մեծատառով՝ Նախագծի 5-րդ հոդվածում կիրառված «օրենք» բառերից տարբերակելու նպատակով:

4. Նախագծի 1-ին հոդվածում կատարվող  հղումն առաջարկում ենք հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը: Մասնավորապես՝ անհրաժեշտ է նշել, որ լրացումը կատարվում է ոչ թե «ճանապարհային թերթիկ» պարբերությունից, այլ «ճանապարհային թերթիկ» եզրույթը սահմանող պարբերությունից հետո:

5. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, համաձայն որի՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»:

7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության համաձայն՝ երթուղային թերթիկը տրամադրվում է ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից եւ կցվում է ավտոբուսի ճանապարհային թերթիկին: Օրենքի 16-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն՝ «(…) միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից եւ ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, դրանց վարորդների բուժզննումը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, եւ դրա վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային միջոցի ճանապարհային թերթիկում (…)»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքով սահմանված չէ «ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն» եզրույթը եւ այն հանգամանքը, որ, Օրենքի՝ վերը մեջբերված հոդվածի համաձայն, ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից եւ ավտոկայաններից՝ ճանապարհային թերթիկում համապատասխան նշումներ կատարելով, «երթուղային թերթիկ» եզրույթի սահմանումից որոշակի չէ, որ այն կիրառվում է միայն կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների դեպքում: Հետեւաբար առաջարկում ենք Օրենքում կատարել համապատասխան հստակեցում կամ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանվող կարգի 4-րդ կետում սահմանված «ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն» եզրույթը սահմանել Օրենքով:

8. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 4-րդ հոդվածում լրացնել «երթուղային թերթիկ» եզրույթի սահմանումը, որի համաձայն այն կցվում է ավտոբուսի ճանապարհային թերթիկին: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասով նախատեսվում է էլեկտրոնային երթուղային թերթիկի կիրառում: Այս դեպքում հասկանալի չէ՝ ինչպես է ապահովվելու էլեկտրոնային երթուղային թերթիկի կցումը ճանապարհային թերթիկին, եթե վերջինիս էլեկտրոնային տարբերակ նախատեսված չէ Նախագծով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

9. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության մեջ նշվում է, որ երթուղային թերթիկը տրամադրվում է ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից: «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ երթուղային թերթիկը տրամադրվում է ուղեւորափոխադրումները սպասարկող կազմակերպության կողմից: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «ուղեւորափոխադրումները սպասարկող կազմակերպություն» եւ «ուղեւորափոխադրումները սպասարկող» եզրույթների սահմանված չլինելու պատճառով հասկանալի չէ՝ արդյոք  ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպությունը եւ ուղեւորափոխադրումները սպասարկող կազմակերպությունը նույն կազմակերպությունն է, թե ոչ: Երկու դեպքն էլ խնդրահարույց են: Այսպես՝ եթե վերոնշյալ երկու կազմակերպությունները նույնն են, ապա անհրաժեշտ է իրավական շփոթից խուսափելու համար կիրառել միեւնույն եզրույթը: Եթե նշյալ կազմակերպությունները տարբեր են, ապա անհրաժեշտ է հիմնավորել՝ ինչու է երթուղային թերթիկ տրամադրելու իրավասությունը տարբեր օրենքներով վերապահված տարբեր կազմակերպություններին:

10.  Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետում կատարվող «ու երթուղային» բառերի լրացման արդյունքում, նշյալ կետն ունենում է հետեւյալ տեսքը. «փոխադրումներն իրականացնել ճանապարհային ու երթուղային թերթիկների եւ տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասով սահմանվում է. «Էլեկտրոնային երթուղային թերթիկների կիրառման եւ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Այսինքն՝ Նախագծով կատարվող լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում առնվազն երկու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածով սահմանված է ընդամենը մեկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով եւ Նախագծով սահմանել նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի «ե» կետում կատարվող լրացումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման ժամկետ, ինչպես նաեւ այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումամբ պայմանավորված Նախագծի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելուց այլ ժամկետ, ինչպես կատարվել է Նախագծի 2-րդ հոդվածի համար:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ անհրաժեշտ է վերացնել Նախագծերի փաթեթում առկա վրիպակները, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «վերաբերյալ» բառից հետո դրվող չակերտը անհրաժեշտ է հանել, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության մեջ «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» բառերը անհրաժեշտ է գրել մգեցված՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

Տ. Բադալյան  (հեռ.` 011-513-248)

29.10.2021թ.






ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին


Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, առաջանալու է օրենսդրական փոփոխություն կատարելու անհրաժեշտություն, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում: 

Նախագծով սահմանվում է «երթուղային թերթիկ» եզրույթը, որը տարբերվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 422-րդ եւ 424-րդ հոդվածներում կիրառված «երթուղային թերթիկ» եզրույթի իմաստից: Հետեւաբար, կարծում ենք, անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի վերոնշյալ հադվածներում «երթուղային թերթիկ» եզրույթի փոխարեն սահմանել այլ եզրույթ կամ հստակեցնել, որ նշյալ օրենքում «երթուղային թերթիկ» եզրույթը կիրառվում է Նախագծով սահմանված նույն եզրույթից տարբերվող իմաստով:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                     ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 
 

Կատարողներ` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

Տ. Բադալյան  (հեռ.` 011-513-248)

29.10.2021թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանելով «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:

Առաջաարկվում է սահմանել նաեւ «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը եւ իրականացնել վերահսկողությունը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

15.10.2021թ.
 






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային տրանսպորտ» բաժնի 1-ին ենթակետի եւ ՀՀ կառավարության 16.05.2019թ. « Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշման հավելվածի 267.5-րդ կետի կատարմամբ:

Կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներից ելնելով, հեղինակն առաջարկում է մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:

Սահմանվել է նաեւ էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը եւ իրականացնել վերահսկողությունը:

2.  Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը: Մասնավորապես, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք վերախմբագրել 1-ին հոդվածի առաջին պարբերությունը՝ «երթուղային թերթիկ` ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող եւ ավտոբուսի ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին եւ փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը.», նոր՝ հետեւյալ բովանդակությամբ. 

«Երթուղային թերթիկ՝ ավտոկայարանային կամ երթակարգավարական ծառայություն մատուցող կազմակերպության կողմից տրվող եւ ճանապարհային թերթիկին կցվող փաստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարորդի անուն-ազգանունը (անձնական տվյալները), ճանապարհային թերթիկի համարը, տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին եւ փաստացի կատարված երթերի` սկզբի ու ավարտի ժամերը.»:

3. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվող օրենսդրական կարգավորումներով կբարելավվի երթակարգավարական ծառայությունների կազմակերպման գործընթացը եւ կբարձրանա ուղեւորափոխադրումների վերահսկողության եւ սպասարկման որակի մակարդակը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-270), (12-70)

14.10.2021