ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-034-17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-0341 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0342 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0343 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-0344 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-034-17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ Կ-0341 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0342 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0343 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0), «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-0344 -17.09.2021-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆ
 
 
 

28.09.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում համապատասխան օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝  հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2.  Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 3-րդ մասում կիրառվում են մի շարք եզրույթներ, որոնք հանրածանոթ չեն եւ առանց սահմանման միանշանակ չեն ընկալվում, օրինակ՝ «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-գործընկեր, նախագծերի ցուցասրահ: Նորմատիվ ակտի հստակությունն ապահովելու նպատակով` առաջարկում ենք կիրառել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ:

3.  Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերում ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով, Նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում ավագանու անդամը իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման բացակայության պարագայում, այսինքն` վարչական ակտի բացակայության պարագայում, զրկվում է որեւէ վարչական ակտ բողոքարկելու հնարավորությունից: Օրինակ՝ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համայնքի բնակիչ լինելուց դադարելու հիմքը, նաեւ պարզ չէ, թե որ պահից է օրենքի ուժով դադարում համայնքի ավագանու անդամի լիազորությունը եւ ինչու նշված հիմքով լիազորությունների դադարեցումը չի կարող բողոքարկվել:

4.  Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լրացման արդյունքում համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ ավագանու նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Մինչդեռ նշենք, որ Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համայնքի ավագանու նիստը հրավիրում եւ վարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ համայնքի ավագանու նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունը դրված է բացառապես համայնքի ղեկավարի կամ նրա պաշտոնակատարի վրա, եւ նշված դրույթը հակասական կարգավորում է առաջացնում Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված լրացման հետ, որով նախատեսվում է աշխատակազմի քարտուղարին վերապահել՝ համայնքի ավագանու նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունը: Միաժամանակ նշենք,  որ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխությամբ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Տվյալ պարագայում՝ ավագանու նիստ հրավիրելու պարտականությունը դրված է պաշտոնակատարի վրա, իսկ պաշտոնակատար նշանակելու իրավասությունը վերապահված է մարզպետին: Բացի այդ, հասկանալի չէ աշխատակազմի ղեկավարին համայնքի ավագանու նիստ հրավիրելու պարտականություն վերապահելն այն պարագայում, երբ Օրենքով Աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններում նրանց մասնակցությունը: Հետեւաբար՝ Աշխատակազմին կարող է վերապահվել նիստերի նախապատրաստմանը վերաբերող կազմակերպչական գործառույթներ, այլ ոչ նիստի հրավիրումը եւ վարումը: 

5.  Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «վերահաստատում» դրույթի լրացումը բավարար չափով որոշակի չէ, մասնավորապես` պարզ չէ՝ ո՞ր դեպքերում կարող են աշխատակազմի եւ հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը ավագանու կողմից վերահաստատվել:

6.  Նախագծի 12-րդ հոդվածով Օրենքի 30-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում` քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար լինելուն վերաբերող  Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը, դուրս է մնում կարգավորումից: Մինչդեռ, «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ եւ պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երեւան քաղաքի վարչական շրջաններում` վարչական շրջանի ղեկավարի տեղակալը»: Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք օրենքներով նախատեսել միմյանց համապատասխանող կարգավորումներ: 

7.  Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Օրենքի 31-րդ հոդվածում լրացնել նոր` 9-րդ մաս, որով համայնքի ղեկավարի որոշմամբ կարող է նշանակվել համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող՝ վերջինիս բացակայության ընթացքում: Նշված դրույթից հասկանալի չէ՝ ինչ է հանդիսանում բնակավայրի վարչական ղեկավարի բացակայությունը, արդյո՞ք տվյալ բացակայությունը հիմք չէ պաշտոնակատար նշանակելու համար, բացի այդ նշված ձեւակերպումից հասկանալի չէ նաեւ, թե ո՞վ, ին՞չ չափանիշներին համապատասխանող անձը կարող է նշանակվել համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող: Ուստի, առաջարկում ենք կարգավորումները հստակեցնել:

8.  Նախագծի 22-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր` 82.1-ին հոդված, որով լրացվում է համայնքի տարեկան աշխատանքային պլանի հասկացությունը, մշակման կարգը, բովանդակության շրջանակը: Նույն հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին իրավունք է վերապահվում համայնքի տարեկան աշխատանքային պլանը կազմելու նպատակով՝ մշակել եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրել համայնքի տարեկան աշխատանքայի պլանի մշակման  մեթոդաբանությունը: Հարկ է նկատել, որ նշված ձեւակերպումից հասկանալի չէ՝ ինչ է բովանդակելու նշված մեթոդաբանությունը, որը նախատեսված չէ լրացվող 82.1-ին հոդվածում: Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` տեղական ինքնակառավարման սկզբունքներից է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողության համաչափությունը: Օրենքի 95-րդ հոդվածով հստակ սահմանված է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության շրջանակը: Հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման սկզբունքները եւ Օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության շրջանակը` կարծում ենք` Օրենքով տարեկան աշխատանքային պլանը կազմելու կառուցակարգերը տեղական ինքնակառավարման մարմինը կարող է ինքնուրույն իրականացնել:

9. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը լրացվում են «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 4-րդ հոդվածում, որը վերաբերում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչմանը: Աշխարհագրական օբյեկտների անվանափոխմանը վերաբերող կարգավորումները նախատեսված են նույն օրենքի 5-րդ հոդվածում, որի 2-րդ մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների անվանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջներին: Հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նախատեսել միայն անվանակոչմանը վերաբերող կարգավորումներ՝ «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում կատարելով համապատասխան հղումներ:

10. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումն իմաստային առումով չի համապատասխանում նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին: Մասնավորապես` «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին: Տվյալ դրույթը վերաբերում է անվանափոխման կամ անվանակոչման առաջարկություններ ներկայացնելուն, մինչդեռ լրացվող դրույթը վերաբերում է անվանակոչման կամ անվանափոխման կարգին, այլ ոչ թե առաջարկություններ ներկայացնելու ընթացակարգին: Հետեւաբար` նորմի միանշանակ ընկալումն ապահովելու նպատակով առաջարկում ենք առանձին սահմանել, որ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման առաջարկություներ ներկայացնելու կարգն է սահմանում Կառավարությունը կամ լրացումը կատարել առանձին նախադասության տեսքով:

11. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում կատարվում է լրացում, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Վարչական, բացառությամբ՝ 1000-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:»: Նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ 1000-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոն զբաղեցնողի համար բարձրագույն կրթություն չի պահանջվում:

Հարկ է նկատել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական պաշտոնը հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը եւ պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների իրականացման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է բարձրագույն կրթության առկայություն: Միաժամանակ, հարկ է նկատել, որ բնակավայրի բնակիչների թվով չի կարող պայմանավորվել վարչական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի պաշտոնից բխող նպատակների եւ խնդիրների բարդության աստիճանը եւ բնույթը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող 8-րդ մասին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ սահմանադրականության  տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքին եւ «Պաշտպանության մասին » օրենքի պահանջներին:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

(հեռ.` 011-513-248)

27.09.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                      ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

 (հեռ.` 011-513-248)

27.09.2021թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծումներ տալ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում առաջացած բազմաթիվ իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրներին: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ, կհամապատասխանեցվեն տարբեր օրենսդրական ակտերի միջեւ եղած իրավական հակասությունները եւ կլրացվեն օրենսդրական բացերը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում առավել կկարգավորվի տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը, որը կարող է էականորեն ազդել տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման եւ առհասարակ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վրա:

Միաժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետության ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաեւ համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման եւ անվանափոխման համալիր իրավահարաբերությունները: Նշված օրենսդրական նախաձեռնությունում առկա բացառիկ դեպքերի վերաբերյալ լրացումները թույլ կտան համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց գործունեությունը այդ մասով կազմակերպելու եւ իրականացնելու բացառապես օրենքի շրջանակներում: Առաջարկվող օրենսդրական կարգավորումների ընդունման պարագայում կվերացվի նաեւ համայնքային մակարդակում աշխարհագրական օբյեկտների եւ կազմակերպությունների անվանակոչումների եւ անվանափոխումների վերաբերյալ գործող օրենսդրական սահմանափակումները, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին կտրվեն լրացուցիչ գործիքակազմեր եւ հնարավորություններ, սակայն բացառապես համայնքի բնակչության կարծիքի հաշվի առնման պայմաններում:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

23.09.2021թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված եւ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (նոր խմբագրությամբ) կիրարկման ընթացքում առաջացած բազմաթիվ իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաեւ համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման եւ անվանափոխման համալիր իրավահարաբերությունները:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լուծել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝  Օրենք)  կիրարկումից առաջացած վերը նշված խնդիրները, հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները, համապատասխանեցնել տարբեր օրենսդրական ակտերի միջեւ եղած իրավական հակասությունները եւ լրացնել օրենսդրական բացերը: 

2. Նախագծերի փաթեթի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալը: 

2.1. Նկատի ունենալով COVID-19 համավարակով պայմանավորված 2020 թվականի սահմանափակումները, քաղաքացիների միջեւ շփումների նվազեցման անհրաժեշտությունը` Նախագծերի փաթեթում ներառված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով. «2.1. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր»: Նախագծով, ըստ էության, նախատեսվում է նիստերի անցկացման առկա ձեւից զատ նախատեսել նաեւ նիստերի անցկացման հեռավար տարբերակ: 

Ներկայացված առաջարկությունը, համավարակի հետ կապված իրավիճակում, առողջապահական տեսանկյունից կարող է դրական ազդեցություն ունենալ: Մասնավորապես` համավարակի հետեւանքով արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում օրենսդրորեն կապահովվի ավագանու նիստերի անցկացումը հեռավար եղանակով՝ նվազագույնի հասցնելով ավագանու անդամների շփումը միմյանց միջեւ՝  բացառելով  վարակի տարածումը: 

2.2.  Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն. «Հավելումը սույն օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի իրավական ակտով սահմանված դեպքերում եւ չափերով հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրացուցիչ վարձատրությունն է, որը վճարվում է ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու եւ (կամ) արտաժամյա եւ (կամ) գիշերային աշխատանքների եւ (կամ) հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար:»:

Նախագծի 15-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար» բառերը: Առաջարկվող փոփոխության արդյունքում հավելում կվճարվի ոչ միայն ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանք կատարելու, այլեւ արտաժամյա եւ (կամ) գիշերային աշխատանքների եւ (կամ) հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին կատարված աշխատանքների համար, ինչը, մեր կարծիքով, սոցիալական առումով միանշանակ  արդարացված է:

2.3. Նախագծի  2-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը  լրացնել նոր 19-րդ, 20-րդ եւ 21-րդ կետերով: Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի նոր 20-րդ կետի համաձայն՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է առկա լինի «համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարվող ընթացիկ ու ավարտված նախագծերի ցուցասրահը (պորտֆոլիոն)՝ դրանց կողմից ապահովվող սոցիալական, բնապահպանական, առողջապահական, տնտեսական ու այլ ազդեցությունների հիմնավորմամբ, ինովացիոն գործոնի նկարագրությամբ.»: 

Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի նոր 21-րդ կետի համաձայն՝ համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է առկա լինի նաեւ «համայնքի տուրիստական պրոֆիլը եւ ենթակառուցվածքների (տրանսպորտ, քարտեզներ, հանրային ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության առկա լուծումներ, եղանակային ռիսկեր, բնակարանային շուկա, զվարճության ոլորտի օբյեկտներ եւ այլն) մասին ամբողջական տեղեկությունները:»:

Վերոգրյալի հետ կապված կարծում ենք, որ «ընթացիկ ու ավարտված նախագծերի ցուցասրահը (պորտֆոլիոն)» եզրույթը հստակեցման կարիք ունի, եւ բացի այդ փակագծերի մեջ որպես կանոն նշվում է նախորդ բառի բացատրությունը, մինչդեռ «ցուցասրահ» եւ «պորտֆոլիոն» բառերն իմաստային առումով տարբեր են եւ միեւնույն միտքը չեն արտահայտում: Հստակեցման կարիք ունի նաեւ «համայնքի տուրիստական պրոֆիլը » եզրույթը:

2.4. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է ?րենքի 31-րդ հոդվածը լրացնել նոր` 8-րդ մասով, ըստ որի՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն: 

Նախագծերի փաթեթում ներառված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետությունում օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը ««Վարչական» բառից հետո լրացնել «,բացառությամբ՝ 1000-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի» բառերով»: Այսինքն` առաջարկվող լրացման արդյունքում ստացվում է. «Վարչական, բացառությամբ՝ 1000-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն:»: 

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման` «Հանրային ծառայության մասին» օրենքով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բացառություն սահմանել վարչական ղեկավարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջի մասով, այն է` նախատեսվում է, որ այդ պարտադիր պահանջը տարածվի 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի վրա` նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում բարձրագույն կրթություն ունեցող եւ նշված պաշտոնին համապատասխանող պայմաններով աշխատելու ցանկություն ունեցող անձանց շրջանակը բավարար է, ինչը 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների համար կարող է խոչընդոտ հանդիսանալ:»: 

Վերը նշված հիմնավորումը ընդունելի չէ եւ բացառություն նախատեսելը  լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունի: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակումների կարիք ունի: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

24.09.2021թ.